Մեսսի, Ինիեստա, Չավի….

ՖԻՖԱ-ն և ֆրանսիական “France Football” հանդեսը հրապարակեցին այն 3 ֆուտբոլիստների անունները, որոնք հավակնում են տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը: Առաջին անգամ նրանք երեքն էլ ներկայացնում են մեկ ակումբ՝ “Բարսելոնա”-ն : Երևի դժվար չէ կռահել, որ խոսքը գնում է Լիոնել Մեսսիի, Անդրես Ինիեստայի և Չավիի մասին: Որքանո՞վ է արդար հենց այս երեքի ընտրությունը  և արդյո՞ք իմաստ կա արդարություն փնտրել այնտեղ, որտեղ առկա է մարդկային գործոնը: Թեկնածուները որոշվել են տասնյակ մարդկանց՝ լրագրողների, ֆուտբոլիստների, մարզիչների քվեարկության արդյունքում: Նախկինում գործող երկու մրցույթները՝ “Ոսկե գնդակ”-ը և ՖԻՖԱ-ի վարկածով լավագույն ֆուտբոլիստի որոշման մրցույթը այսուհետ միավորվել են, իսկ դափնեկրի անունը պարզ կդառնա միայն հունվարի 10-ին:

Չեմ ուզում նշել այն ֆուտբոլիստների անունները, ում ես կբացառեի այս ցուցակից, այդ մասին դեռ կխոսենք:  Անձամբ ես գտնում եմ, որ այս եռյակում պետք է լինեին Դիեգո Ֆոռլանի և Ուեսլի Սնեյդերի անունները:

Ֆոռլանը արտակարգ մրցաշրջան անցկացրեց, անկասկած, լավագույնն իր կարիերայում: Ֆոռլանը իր ուսերի վրա հասցրեց Մադրիդի “Ատլետիկոյին” մինչև Եվրոպայի Լիգայի եզրափակիչ և այնտեղ ևս վճռորոշ դեր խաղաց իր թիմի վերջնական հաջողության մեջ, իսկ Աշխարհի առաջնության ժամանակ նրա ցուցադրած խաղն ուղղակի ֆանտաստիկ էր: Ֆոռլանը խաղում էր համարյա մոռացված, դասական 10 համարի դիրքում, անընդհատ հարվածում էր հեռվից, փոխանցում խաղընկերներին, պետք եղած ժամանակ իր վրա վերցնում խաղը: Նա թիմի իսկական առաջատարն էր,: Անկեղծ ասած, չէի հավատում, որ ներկայիս ֆուտբոլում հնարավոր է այսպիսի խաղացողի հայտնվելը: Այս ամպլուայի խաղացողները, թվում էր, այլևս անելիք չունեն ժամանակակից ֆուտբոլում, բայց Ֆոռլանը ապացուցեց հակառակը՝ ինչ-որ առումով հիշեցնելով Բաջջոյի՝ 1994 թվականի խաղը: Եվ այսպես, եթե ես ունենայի քվեարկելու իրավունք, Դիեգո Ֆոռլանը իմ ցուցակում առնվազն կլիներ 3-րդ տեղում:

Դժվար է հիշել մի ֆուտբոլիստի, որը նույն տարում մասնակցի և Չեմպիոնների Լիգայի, և Աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպումներին՝ ընդ որում երկու մրցաշարերում էլ համարվելով իր թիմի իսկական առաջատարը: Ուեսլի Սնեյդերը մաքուր “փլեյմեյքեր” չէ, և ոչ էլ քանդող հենակետային: Նա այդ երկուսի փայլուն համաձուլվածքն է: Սնեյդերը դաշտում ամենուրեք է՝ թե վերջին փոխանցում կատարելիս, թե տուգանային իրացնելիս, թե մրցակցի գրոհները խափանելիս: Այսպիսի ունիվերսալ խաղացողն իսկական ադամանդ է ցանկացած մարզչի համար: Բացի այդ նա իսկական մարտիկ է: Շատ-շատ ֆուտբոլիստներ “Ռեալից” հեռանալուց հետո չեն կարողանում վերականգնել իրենց նախկին մակարդակը, իսկ Սնեյդերը այն նույնիսկ գերազանցեց՝ “Ինտերում” ցուցադրելով իր լավագույն խաղը: Եվ այսպես, Սնեյդերը իմ ցուցակում հաստատ կլիներ 2-րդ հորիզոնականում:

Նոր կանոնների համաձայն տեղի ունեցած միավորված ընտրությունն անկասկած շատ-շատերին անակնկալի բերեց: 3 խաղացողներն էլ մեկ թիմից են: Սա ավելի շատ նման է այն իրավիճակին, երբ Հանրային Հեռուստատեսությունը, անկախ թե ինչպիսի խաղեր են ընթանում զուգահեռաբար, միևնույն է ցուցադրում է “Բարսելոնայի” և “Ռեալի”՝ երբեմն բավականին անհետաքրքիր խաղերը: Նույնն այստեղ է: Ինչքան էլ այլ թիմերի խաղացողները նույնպես քիչ նվաճումների չեն հասել այս մրցաշրջանում, բոլոր խաղացողներն ընտրված են “Բարսելոնայից”: Ինչի՞ մասին է խոսքը, երբ նույնսիկ Չեմպիոնների Լիգայի գլխավոր հերոս Դիեգո Միլիտոյի անունը չկար հավակնորդների ընդհանուր ցուցակում: Ինչևէ, ընտրությունը կատարված է, և մեզ մնում է միայն բացասման կարգով փորձել գտնել մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստին: Եվ այսպես, Մեսսի, Ինիեստա, Չավի…

Ոչ Մեսսին

Մեսսին ֆանտաստիկ խաղացող է, որ կարողանում է ամեն ինչ: Հնարավոր է տարիներ հետո նրա մասին խոսեն այնպիսի հիացմունքով, ինչպես հիմա խոսում են Մարադոնայի մասին: Մեսսին, շատերի կարծիքով, արդեն հիմա էլ արժանի է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստի կոչմանը: Ես չեմ հերքում, որ Մեսսին ներկայումս գործող ֆուտբոլիստներից, հնարավոր է, ուժեղագույնն է, բայց… Այստեղ կա մեկ կարևոր նրբություն, որը բոլորին էլ հայտնի է , բայց  դրանից պակաս կարևոր չի դառնում: Աշխարհի առաջնության տարում լավագույնն է դառնում այն խաղացողը, որը իրեն լավագույն կողմերով դրսևորել է հենց Աշխարհի առաջնության ժամանակ: Իսկ ի՞նչ արեց Մեսսին այս ամառ ՀԱՀ-ում: Ոչինչ: Մի քանի փոխանցում և ոչ մի գոլ : Լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնող խաղացողը, որն ամպլուայով հարձակվող է, ոչ մի գոլ չի խփել 5 խաղում: Համաձայնեք՝ այնքան էլ լավ ցուցանիշ չէ: Այո, Մեսսին ֆանտաստիկ մրցաշրջան անցկացրեց “Բարսայի” կազմում, բայց նույնպիսի մրցաշրջան անցկացրել էր նաև Ռոնալդինյոն 2006-ին, իսկ թե ում բաժին հասավ Ոսկե գնդակը 4 տարի առաջ, շատերը, կարծում եմ, հիշում են:

Ոչ Ինիեստան

Ինիեստան արտակարգ խաղացող է, տեխնիկապես ոչ պակաս օժտված քան նույնիսկ Մեսսին: Նա դեռ երիտասարդ տարիքից մշտապես եղել է Չավիի թիկունքում, նրան ընդունել են, որպես Չավիի փոխարինող, նա ինքն էլ սիրում էր խաղալ հենց այդ դիրքում և միայն Ռայկարդի գալուց հետո Ինիեստան սկսեց խաղալ, իսկ Գուարդյոլայի գալով վերջնականապես ամրապնդվեց այն դիրքում, որտեղ խաղում է: Հենց այս երկու ֆուտբոլիստների համատեղ օգտագործումը “Բարսային” հասցրեց ներկայիս մակարդակին, հենց Չավիի ստվերից ձերբազատումը Ինիեստային դարձրեց համաշխարհային մակարդակի գերաստղ: Ինիեստան պատկանում է այն ֆուտբոլիստների թվին, ովքեր կարող էն ամբողջ խաղի ժամանակ ոչնչով աչքի չընկնել, իսկ հետո մեկ հարվածով դառնալ գերկարևոր գոլի հեղինակ: Այդպես էր 2009-ի “Չելսիի” դեմ կիսաեզրափակչում, իսկ Աշխարհի առաջնության եզչափակիչում նրա խփած գնդակը հենց այն հիմքն է, որի շնորհիվ Ինիեստան այսօր այս ցուցակում է: Բայց արդյո՞ք դա բավական է տարվա լավագույն ֆուտբոլիստ դառնալու համար: Շարժվելով այդ տրամաբանությամբ՝ լավագույնների մեջ կարող էին լինել նաև Պույոլը կամ Պիկեն, եթե միայն դառնային հաղթական գոլի հեղինակ: Համաձայնեք, որ նրանք նույնպես անցկացրին փայլուն մրցաշրջան և պակաս արժանի չէին տիտղոսներ նվաճելուն: Բացի այդ, Ինիեստան չէր խաղում գրեթե մինչև մայիս, իսկ Աշխարհի առաջնության տարում լավագույն ֆուտբոլիստ դառնում է այն խաղացողը, ով կամ փայլատակել է Աշխարհի առաջնության ժամանակ, կամ աչքի է ընկել կայուն ելույթներով ամբողջ տարվա ընթացքում: Եվ ինչքան էլ շատ լրատվամիջոցներ նշեն, որ տարվա լավագույն ֆուտբոլիստի անունը Անդրես Ինիեստա է, ես դրա հետ համաձայն չեմ, մանավանդ, որ կա մեկը, ով համապատասխանում է վերը նշված չափանիշներին….

Չավին

Եվ այսպես, տարվա լավագույն ֆուտբոլիստը, անկասկած Չավին է: Չավին երկար ճանապարհ է անցել այսօրվան հանսելու համար:Չավին հայտնվել է “Բարսելոնայում” այն ժամանակ, երբ թիմի ներկայիս մոլի ֆաների մեծ մասը նույնիսկ չգիտեին այդ թիմի գոյության մասին: Չավին հենց ինքը “Բարսելոնան” է՝ ռոմանտիկ, կրակոտ, նրբագեղ: Նա խաղում է այնպիսի դիրքում, որտեղ աչքի ընկնելու համար առանձնահատուկ շնորհ է պետք: Չավին օժտված է դրանով: Հարցրեք ֆուտբոլից իրապես հասկացող ցանկացած մարդու, թե ով է ավելի կարևոր խաղացող “Բարսելոնայի” համար, Մեսսի՞ն, թե Չավի՞ն.:Պատասխանը միանշանակ կլինի  վերջինիս օգտին: Նա թիմի ամեն ինչն է, անվանեք դա ողնաշար, արյունատար խողովակ, կամ մեկ այլ բան, առանց որի չի կարող գոյատևել ոչ մի կենդանի օրգանիզմ:  Նրա փոխանցումները արվեստի իսկական գլուխգործոցներ են: Դրանք նման են սիրած աղջկա հետ հանդիպումներին, որոնց միշտ սպասում ես, բայց ամեն անգամ  նոր զգացողություններ  ստանում դրանցից, որոնցով  հիանում ես, բայց բառերով նկարագրել դժվարանում : Չավին իսկական դիրիժոր է, ֆուտբոլային մաեստրո, բոլոր խաղընկերներին հազարավոր թելերով միմյանց կապող-համակցող: Չավին  այդ ֆանտաստիկ հատկանիշներով աչքի ընկավ նաև Իսպանիայի հավաքականում՝ դառնալով Աշխարհի չեմպիոն: Եթե մի ֆուտբոլիստ ամբողջ տարվա ընթացքում աչքի է ընկել կայուն ելույթներով, եղել աշխարհի լավագույն թիմերից մեկի իսկական առաջատարը, իսկ այնուհետև նպաստել նաև իր երկրի ազգային հավաքականի՝ ֆուտբոլային օլիմպոսը նվաճելուն, ապա  այն խաղացողը,  ով պետք է դառնա տարվա լավագույն ֆուտբոլիստ, հենց ինքն է՝ Չավին: