Շարունակելով ավանդույթները

Բարև բոլորին: Մոտ մեկ ամիս է, ինչ հարգելի պատճառներով չէի կարողանում գրել այստեղ: Հիմա այդպիսի հնարավորություն կա, իսկ առիթն էլ այնպիսին է, որ դրա մասին ինչ-որ բան գրելու գայթակղությանը դիմանալն այնքան էլ հեշտ չէ: Այսօր կայացավ Չեմպիոնների Լիգայի քառորդ-եզրափակիչի վիճակահանությունը, ուստի ավանդույթի համաձայն կփորձենք խորհել դիմակայությունների ելքերի մասին: Ասում են՝ կանխագուշակություններ անելն անշնորհակալ գործ է, բայց թե ինչպիսի արդյունք էր գրանցվել նախորդ փորձերի ժամանակ, կարող եք տեսնել այստեղ և այստեղ:  8-ից 7: Կարծում եմ՝ այնքան էլ վատ արդյունք չէ: Ուստի գնացինք առաջ:

 

“Ռեալ Մադրիդ”- “Տոտենհեմ”

Մադրիդցիները վերջապես կարողացան հաղթահարել փլէյ-օֆֆի առաջին փուլի արգելքը ՝ այն էլ հաղթելով իրենց մշտական ու անդուր մրցակիցներից “Լիոնին”: “Տոտենհեմը” իր հերթին իր նորագույն պատմության մեջ առաջին անգամ է այսպիսի հնարավորություն ստացել: Որքան էլ որ այս մրցաշրջանում “Տոտենհեմի” ցուցադրած ֆուտբոլը հաճույք է պատճառում շատերին, որքան էլ որ թիմն արդեն ապացուցել է, որ կարող է պատվով դուրս գալ համաշխարհային մակարդակի ակումբների հետ մրցակցությունից, այդուհանդերձ, կարծում եմ, որ այս զույգում ֆավորիտն, անկասկած Մադրիդի “Ռեալն” է: Մադրիդցիները վաղուց լուրջ հաջողության չեն հասել եվրոպական մրցասպարեզում և ուղղակի ծարավի են հաղթանակների, իսկ նախորդ փուլում տարած հաղթանակն էլ միմիայն վստահություն է ներշնչել սեփական ուժերի նկատմամբ: Այդ ամենը, ինչպես նաև Չեմպիոնների Լիգայում երկու անգամ հաղթած Ժոզե Մոուրինյոյի գործոնը, թերևս, վճռական կդառնա այս թիմերի դիմակայության մեջ: Եվ այսպես, եթե գնահատելու լինենք տոկոսային հարաբերությամբ, ապա կստանանք 60-ը 40-ի հօգուտ “Ռեալի”:

 

“Չելսի”-“Մանչեսթեր Յունայթեդ”

 

Չափազանց հետաքրքիր կլինի անգլիական ֆուտբոլի 2 գրանդների մրցակցությանը հետևել այս անգամ եվրոպական ամենահեղինակավոր ակումբային մրցաշարի շրջանակներում: Սա կլինի 2007-2008 թթ. մրցաշրջանի եզրափակիչի յուրօրինակ կրկնությունը: Այն ժամանակ “Մանչեսթեր Յունայթեդը” հաղթանակ տարավ հետխաղային 11 մետրանոց հարվածաշարում: Շատ բան է փոխվել այն ժամանակներից, սակայն մի բան անփոփոխ է: 2 թիմերն էլ ցանկացած մրցաշարի մասնակցում են միմիայն վերջնական հաղթանակի հասնելու մտայնությամբ: Այս մրցաշրջանում “Չելսին” առանձնակի չի փայլում ոչ խաղով, ոչ էլ արդյունքներով, իսկ “Մանչեսթեր Յունայթեդը”, չնայած չի ցուցադրում այն վառ ու կրակոտ խաղը, որը սովոր են տեսնել թիմի երկրպագուները, բայց, միևնույն է, կարողանում է ապահովել անհրաժեշտ արդյունք: Կարծում եմ՝ բոլոր 4 դիմակայություններից սա ամենաանկանխատեսելին է: Այդուհանդերձ, կհամարձակվեմ կանխագուշակել “Մանչեսթեր Յունայթեդի” վերջնական հաղթանակը 55-ը 45-ի հարաբերությամբ:

 

“Բարսելոնա”-“Շախտյոր”

 

Սա, թերևս, ամենահետաքրքիր և սպասված դիմակայությունը կլինի հայ ֆուտբոլասերների համար: Նախ, մեր հանրապետությունում “Բարսելոնան” հիմա երևի ամենաշատ երկրպագուներն ունի և երկրորդ՝ “Շախտյորի” կազմում հանդես է գալիս մեր հավաքականի առանցքային խաղացողներից Հենրիխ Մխիթարյանը: Համողված եմ, որ շատ-շատերը ափսոսում են, որ այս երկու թիմերը հանդիպելու են միմյանց այսքան վաղ, և նրանցից մեկն ստիպված է լինելու լքել ասպարեզը: “Բարսան” այս մրցաշրջանում շարունակում է ցուցադրել “այլմոլորակային” ֆուտբոլ: Եթե թիմի խաղն ստացվում է, ապա նրան դիմակայելն ուղղակի անհնար է: “Շախտյորն” արդեն ապացուցել է, որ կարող է հավասար հավասարի պայքարել ցանկացած ակումբի դեմ, բայց կարծում եմ թիմը դեռ չի հասունացել այն աստիճանի , որպեսզի կարողանա հաղթահարել ներկայիս “Բարսելոնայի” արգելքը:  Եթե ոչ մի արտասովոր բան չլինի, ապա “Բարսային” կտեսնենք կիսաեզրափակիչում: Իսկ հնարավորությունները տոկոսային հարաբերությամբ գնահատում եմ 70-ը 30-ի:

 

“Ինտեր”-“Շալկե-04”

 

1997 թ. ՈՒԵՖԱ-ի գավաթի եզրափակիչի մասնակիցները 14 տարի անց կհանդիպեն արդեն Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչում: “Ինտերի” վրա դրականորեն ազդեց մարզչի փոփոխությունը: Լեոնարդոյի գալուց հետո միլանցիները կրկին սկսեցին ցուցադրել խանդավառ և գրագետ ֆուտբոլ: Թիմի խաղն այնքան էլ անխոցելի չէ, որքան Մոուրինյոյի օրոք, բայց թիմի առաջատարներն իրենց խաղային դիրքերում աշխարհում լավագույններից են: Վերջիններիս մոտ անհրաժեշտ տրամադրվածության դեպքում նրանց դիմակայելը չափազանց դժվար է լինում, ինչն էլ իրենց մաշկի վրա զգացին “Բավարիայի” ֆուտբոլիստները: “Շալկե-04”-ը դեռ նոր պետք է հարմարվի նոր մարզչի պահանջներին և հայտնի չէ, թե ինչ վիճակում կներկայանա թիմն արդեն Ռալֆ Ռանգնիկի օրոք: Սակայն ինչ էլ որ լինի, գերմանական ակումբին չափազանց դժվար կլինի դիմագրավել “Ինտերին”: Կարծում եմ՝ ոչ այնքան հաջող դասավորվող մրցաշրջանում 1/4 եզրափակիչ դուրս գալն արդեն իսկ գերազանց արդյունք էր “Շալկե-04”-ի համար, ուստի այս դիմակայության մեջ նախապատվությունը տալիս եմ “Ինտերին” 60-ը 40-ի տոկոսային հարաբերությամբ:

Չեմպիոնների Լիգա (թիմերի հնարավորությունները, մաս II)

Բարև բոլորին: Երեկ արդեն քննարկել ենք Չեմպիոնների լիգայի 1|8 եզրափակչի առաջին 4 զույգերում միմյանց հետ մրցող  թիմերի հնարավորությունները: Ուստի այսօր կխոսենք մյուս 4 հանդիպումների մասին:

“Լիոն” – “Ռեալ”

Այս երկու թիմերը վերջին տարիներին այնքան հաճախ են մրցել, որ թվում է՝ իրար մասին գիտեն ամեն ինչ: “Ռեալն” արդեն 7 տարի է, ինչ չի կարողանում հաղթահարել Չեմպիոնների լիգայի 1|8 եզրափակչի արգելքը, ընդ որում, այդ իրողության մեջ իրենց գործուն մասնակցությունն ունեն նաև ֆրանսիական ակումբի ֆուտբոլիստները, որոնք մի քանի անգամ անձամբ են խաչ քաշել “սերուցքայինների”՝ հեռու գնացող ծրագրերի վրա: Ներկայիս դիմակայության մեջ, ինչպես և միշտ, ֆավորիտ է համարվում արքայական ակումբը, ինչն օրինաչափ է, եթե հաշվի առնենք, որ “Ռեալն” այս մրցաշրջանում ձախողվել է միայն մեկ անգամ, այն էլ “Բարսելոնայի” հետ մրցավեճում: Դրան գումարած՝ “Լիոնն” այսօր ակնհայտորեն ավելի թույլ է քան մի քանի ամիս առաջ, ինչի վկայություննն է նաև անկայուն խաղը Ֆրանսիայի առաջնությունում: Եվ այսպես, անկախ վերջին տարիների վիճակագրությունից, կարծում եմ, որ այս անգամ “Ռեալը” վերջապես կհաղթահարի այս արգելքը և կանցնի հաջորդ փուլ:

“Արսենալ” – “Բարսելոնա”

Որքան էլ ցավալի լինի, բայց անչափ գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրող այս երկու թիմերը 2-րդ տարին անընդմեջ հանդիպելու են միմյանց, և նրանցից մեկն ստիպված է  լինելու լքել ասպարեզը: “Բարսելոնան”, հատկապես վերջին շրջանում, ուղղակի այլմոլորակային ֆուտբոլ է խաղում՝ իր ճանապարհից մաքրելով ցանկացած մրցակցի: Կոնկրետ այս պահի դրությամբ դժվար է պատկերացնել, որ կգտնվի մի թիմ, որը կկարողանա դիմակայել “կապտանռնագույններին”: Իրենց հերթին “զինագործները” զուգորդում են փայլուն հանդիպումները կամազուրկ խաղերի հետ: Բոլորն էլ գիտեն, որ միանման ֆուտբոլ խաղացող թիմերի մրցավեճում շատ հաճախ հաղթում է այն թիմը, որը պարզապես ավելի բարձր է կարգով: Հենց այս պատճառով “Բարսելոնայի” հաղթանակն այս դիմակայությունում գրեթե կասկած չի հարուցում:

“Մարսել” – “Մանչեսթեր Յունայթեդ”

“Մարսելը”, որոշակի ընդմիջումից հետո վերադառնալով Չեմպիոնների լիգա, կարողացավ մեծ հեշտությամբ դուրս գալ խմբից և այժմ պետք է մրցի մրցաշարի մշտական և ամենակայուն մասնակից թիմերից “Մանչեսթեր Յունայթեդի” հետ: “Մանկունիացիները” ավանդաբար այնքան էլ հեշտ չեն խաղում ֆրանսիական թիմերի հետ: Բավական է հիշել ժամանակին “Լիլլից” կամ “Բորդոյից” կրած պարտությունները, սակայն ներկայումս թիմի ներուժը թույլ է տալիս խուսափել տհաճ անակնկալներից: Որքան էլ որ խմբային փուլում Դիդիե Դեշանի սաները ամուր և հասուն թիմի տպավորություն թողեցին, դժվար է ենթադրել, որ նրանք կկարողանան հաղթահարել “Մանչեսթեր Յունայթեդի” արգելքը:

“Կոպենհագեն” – “Չելսի”

Վերջին զույգը կազմել են խմբային մրցաշարի գլխավոր անակնկալ դանիական ակումբը և մրցաշարային հսկայական փորձ ունեցող “Չելսին”: Շտապեմ նախօրոք հիասթափեցնել անակնկալների սիրահարներին: Այս զույգը միակն է, որտեղ կա ավելի քան ակնհայտ ֆավորիտ: Ոչ խաղային ճգնաժամը, ոչ առաջատար ֆուտբոլիստների վնասվածքները, և ոչ էլ Կառլո Անչելոտիի հնարավոր հրաժարականի մասին լուրերը չեն կարող խանգարել “ազնվականներին” հաղթահարել դանիական թիմի արգելքը: “Կոպենհագենը” մոբիլ և ամուր թիմ է, բայց նրան չափազանց դժվար կլինի ևս մեկ անգամ անել անհնարինը ու դուրս գալ հաջորդ փուլ: Եվ այսպես, 1|4 եզրափակչի վերջին մասնակիցը կլինի “Չելսին”:

Չեմպիոնների լիգա (վիճակահանություն)

Այսօր տեղի ունեցավ Չեմպիոնների լիգայի 1|8 եզրափակիչի վիճակահանությունը: Կազմվել են անչափ հետաքրքիր զույգեր:  Զբաղվածության պատճառով թիմերի հնարավորությունների մասին ավելի մանրամասն վերլուծությունը կլինի մի փոքր ավելի ուշ, իսկ առայժմ պարզապես ծանոթացեք կազմված զույգերին:

Ռոմա – Շախտյոր

Միլան – Տոտենհեմ

Վալենսիա – Շալկե-04

Ինտեր – Բավարիա

Լիոն – Ռեալ Մադրիդ

Արսենալ – Բարսելոնա

Օլիմպիկ – Մանչեսթեր Յունայթեդ

Կոպենհագեն – Չելսի

Չեմպիոնների Լիգա . Խմբային մրցաշարի ամփոփում

Ավարտվեց Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարը: Արդեն հայտնի են բոլոր 16 թիմերը, որոնք կշարունակեն պայքարը փլէյ-օֆֆ փուլում: Եթե այնպիսի թիմերի համար, ինչպիսիք են “Ռեալը”, “Բարսելոնան”, “Միլանը” կամ “Մանչեսթեր Յունայթեդը”, սա սովորական իրադարձություն է, ապա  3 ակումբներ, հաղթահարելով խմբային փուլի արգելքը, հասան իրենց պատմության ընթացքում մեծագույն հաջողության : Եվ այսպես, այսօր կխոսենք մրցաշարի իսկական հայտնություն դարձած “Շախտյորի”, “Տոտենհեմի” և “Կոպենհագենի” մասին:

“Շախտյոր”

“Շախտյորը” Չեմպիոնների Լիգայում իր նորամուտը նշել է դեռևս 2000/2001 մրցաշրջանում: Այն ժամանակ դա անփորձ և հիմնականում տեղացի ֆուտբոլիստներով համալրված թիմ էր, որը հայտնվել էր բավականին բարդ խմբում “Լացիոյի” և “Արսենալի” հետ: Թիմի համար մեծագույն նվաճումը այդ խմբային մրցաշարում “Արսենալի”  նկատմամբ տարած հաղթանակն էր 3:0 հաշվով, չնայած վերջիններիս համար մարզական տեսանկյունից խաղը հետաքրքրություն չէր ներկայացնում: Վերջին տարիներին “Շախտյորը” խմբային մրցաշարերի մշտական մասնակիցն է: Տարեցտարի թիմը միայն աճել է և մշտապես անչափ մոտ է եղել խմբային փուլի արգելքը հաղթահարելուն, սակայն վերջին պահին ինչ-որ բան խանգարել է: Եվ ուրախալի է, որ “Շախտյորը” կարողացավ հաջողության հասնել հենց այս տարի, երբ թիմում սկսեց հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականի առաջատար խաղացող Հենրիխ Մխիթարյանը: Սեպտեմբերի սկզբներին տեղափոխվելով թիմ՝ Մխիթարյանը նաև այսպիսի գոլերի և փոխանցումների շնորհիվ կարողացավ ամրապնդվել թիմի հիմնական կազմում:

 

 

Մխիթարյանն իր նորամուտը Չեմպիոների Լիգայում նշեց “Բրագայի” դեմ արտագնա մրցավեճում, որտեղ աչքի ընկավ մի քանի նուրբ և գեղեցիկ փոխանցումներով և հեռահար հարվածով, իսկ հաջորդ՝ “Արսենալի” հետ խաղում, չնայած թիմի 1-5 հաշվով պարտությանը, Մխիթարյանն ամենաակտիվներից էր և վազել էր 12 կմ-ից էլ ավելի շատ (այդ խաղային օրվա 3-րդ ցուցանիշը բոլոր մասնակից թիմերի ֆուտբոլիստների մեջ): Դրանից հետո, ցավոք, Մխիթարյանը վնասվածք ստացավ և ստիպված եղավ բաց թողել ավելի քան մեկ ամիս ՝ միայն փոխարինման դուրս գալով վերջին տուրի “Բրագայի” հետ հանդիպման ընթացքում: Թվում էր, թե “Արսենալից” ստացած ապտակից հետո “Շախտյորը” դժվար թե վերականգնվի, սակայն այդ ցավալի պարտությանը հաջորդեցին հաղթանակները նույն “Արսենալի”, “Պարտիզանի” և “Բրագայի նկատմամբ, և “Շախտյորը” դուրս եկավ փլէյ-օֆֆ խմբի հաղթողի կարգավիճակով:

 

“Շախտյորի” այս հաջողության հիմքերն անկասկած դրվել են վաղուց: Ակումբի ենթակառուցվածքները լավագույնն են Արևելյան Եվրոպայում, իսկ “Դոնբաս Արենան” , ընդհանրապես Եվրոպայի գեղեցկագույն մարզադաշտերից մեկն է: Բացի այդ, 2003 թվականից թիմը մարզում է Միրչա Լուչեսկուն, որը ժամանակին դարձել է ՈՒԵՖԱ-ի գավաթակիր՝ գլխավորելով թուրքական “Գալաթասարայը”, և հաջողությամբ աշխատել Իտալիայում: Իսկ թիմի սեփականատեր Ռինատ Ախմետովը չի խնայում միջոցներ տաղանդավոր արտասահմանցի խաղացողներ ձեռք բերելու համար: Բայց “Շախտյորի” գլխավոր հաղթաթուղթը այս Չեմպիոնների լիգայում, անկասկած վստահությունն էր սեփական ուժերի նկատմամբ, խաղացողների լայն ընտրությունը և գծերի միջև հստակ համագործակցությունը: Այո, թիմն ունի նաև ընդգծված առաջատարներ՝ դարպասապահ Պյատովը, թիմի ավագ Դարիո Սռնան, կամ հարձակվող Լուիս Ադրիանոն, բայց կարևորը մարզչի ընտրած մարտավարությանը մշտապես հավատարիմ մնալն է և փոխօգնությամբ խաղալը:

 

Խոսելով առավելությունների մասին՝ անկասկած պետք է նշել նաև թերությունները, որոնք առկա են թիմի խաղում: Մասնավորապես, “Շախտյորը”, որը ներքին առաջնությունում պարզապես մրցակցությունից դուրս է, սովոր է խաղի թելը իր ձեռքում պահելուն: Իհարկե լավ է, երբ թիմը խաղում է՝ ելնելով իր, այլ ոչ թե մրցակցի հնարավորություններից, բայց միևնույն ժամանակ այն պետք է պատրաստ լինի  մրցակցի մատուցած անակնկալներին և փորձի լուծել նրա առաջադրած բարդ խնդիրները: Մասնավորապես, “Արսենալի” հետ լոնդոնյան խաղը ցույց տվեց, որ արագ տեմպի և մշտական ճնշման պայմաններում պաշտպանական գիծը կարող է և չդիմանալ լարվածությանը, ինչի հետևանքն էլ եղավ միշտ հուսալի Պյատովի կողմից թույլ տրված սխալը: Իսկ երբ խաղն սկսեց չընթանալ նախանշված սցենարով, պարզվեց, որ առջևի գծի խաղացողները անկարող են ինչ-որ բան փոխել: Այստեղից սահուն կերպով անցնում ենք մյուս խնդրին, որն առկա է ակումբում: Դա բրազիլացիների մեծաքանակ ներկայացուցչությունն է “հանքափորների” կազմում: Երբ թիմը հաղթում է և գոլեր է խփում, կարծես թե ամեն ինչ կարգին է, բայց երբ գործերն այնքան էլ հաջող չեն ընթանում, բրազիլացիներն ուղղակի մոռանում են խաղային կարգապահության մասին: Նույն “Արսենալի” հետ խաղի ընթացքում կային բազմաթիվ օրինակներ, երբ Դուգլաս Կոստան, Վիլիանը կամ Ժադսոնը անհարկի տարվում էին անհատական խաղով, կորցնում գնդակը և հնարավորություն տալիս մրցակցին սուր հակագրոհելու: Բացի այդ, նրանք շատ հաճախ ուղղակի չեն նկատում ավելի նպաստավոր դիրքում հայտնված խաղընկերներին՝ նախընտրելով խաղալ իրար հետ: Սրանք այն խնդիրներն են, որոնց վրա անկասկած պետք է աշխատել, եթե թիմը ցանկանում է հասնել նոր հաջողության: Այն, ինչ անցնում է “Բրագայի” կամ “Պարտիզանի” կարգի թիմերի դեմ խաղալիս, հաստատ չի ներվի “Միլանի” կամ “Ինտերի” մակարդակի ակուկբների կողմից:

 

“Տոտտենհեմ”

“Տոտտենհեմը” Անգլիայի հնագույն ակումբներից է և հիմնադրվել է 1882 թ, երբ աշխարհի տարբեր անկյուններում դեռ պատկերացում էլ չունեին, թե ինչ բան է ֆուտբոլը: Թիմը 2 անգամ հռչակվել է Անգլիայի չեմպիոն, բայց դա հեռավոր 1950-1951 և 1960-1961 մրցաշրջաններում էր, իսկ նորագույն պատմության մեջ “Տոտենհեմը” առաջին անգամ է մասնակցում Չեմպիոնների լիգային և միանգամից կարողացավ առաջին տեղը զբաղեցնել բավականին բարդ խմբում:

Մինչև ներկայիս խաղամակարդակին հասնելը  “Տոտտենհեմը” ստիպված եղավ փոխել մի քանի մարզիչների՝ Ժակ Սանտինի, Մարտին Յոլ, Խուանդե Ռամոս: Հարի Ռեդնապը գլխավորեց ակումբը 2008 թվականին, երբ թիմը գտնվում էր մրցաշարային աղյուսակի 19-րդ հորիզոնականում, և հենց այդ ժամանակից սկսեց թիմի աստիճանական աճը: “Տոտտենհեմը խաղում է իսկական բրիտանական ֆուտբոլ՝ դասական 4-4-2 կամ մոդիֆիկացված 4-4-1-1 սխեմայով: Սա այն ֆուտբոլն է, որ դավանում է Հարի Ռեդնապը, հավանաբար միակ անգլիացի մարզիչը, ով արժանի է գլխավորել նաև ազգային հավաքականը: Այդ ֆուտբոլի հիմնական բաղկացուցիչներն են պրեսինգը և ուժային պայքարը դաշտի ցանկացած հատվածում, գերակտիվ եզրերը,  և անչափ մոբիլ ու “մտածող” կենտրոնը:

Մայքլ Դոուսոնի և Լեդլի Քինքի վնասվածքների պայմաններում, թվում էր, “Տոտտենհեմը” մեծ խնդիրներ կունենա պաշտպանության կենտրոնում, սակայն ակումբը աչքի ընկավ նաև տրանսֆերային ճկուն քաղաքականությամբ՝ ձեռք բերելով Ուիլիամ Գալասին, որի կողքին խաղալով՝ մի նոր մակարդարկի բարձրացավ նաև Յունես Քաբուլը, իսկ “Սանդերլենդից” տեղափոխված Ալան Հաթթոնը և թիմի հնաբնակներից Բենուա Ասու-Էկոտոն լրացրեցին առանց այդ էլ ուժեղ պաշտպանական գիծը: Կենտրոնում գլխավոր դեմքը, անկասկած, Լուկա Մոդրիչն է, որը տիրապետում է ինչպես նրբանկատ փոխանցումների, այնպես էլ հուժկու հարվածների: Նա թիմի իսկական դիրիժորն է, խաղի ռիթմը կարգավորողը: Անկասկած, թիմին նոր որակներ հաղորդեց Ռաֆայել Վան դեր Վարտի տեղափոխությունը “Ռեալից”: Խաղացողը, որի վրա հասցրել էին խաչ քաշել Իսպանիայում, նոր որակներով փայլեց Անգլիայում: Նրա գալով՝ Ռեդնապը հնարավորություն ստացավ նոր տարբերակներ մշակել առջևի գծում: Այսուհետ մարզիչն ստիպված չէ խաղացնել 2 մաքուր հարձակվող՝ մի փոքր թուլացնելով խաղը կենտրոնում: Վան դեր Վարտի ունիվերսալիզմը թույլ է տալիս մարզչին օգտագործել նրան թե որպես ետ քաշված հարձակվող, թե որպես փլեյմեյքեր, բացի այդ պետք եղած ժամանակ հոլանդացին մասնակցում է նաև պաշտպանական գործողություններին: Բայց թիմի գլխավոր աստղը և չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի գլխավոր հայտնությունն անկասկած ուելսցի 21-ամյա ֆուտբոլիստ Գարետ Բեյլն է: Իր խաղաոճով նա ինչ-որ տեղ հիշեցնում է իր լեգենդար հայրենակից Ռայան Գիգգզին: Գիգգզի նման Բեյլն էլ տիրապետում է փայլուն խաբկերի և անցումների, բայց ավելի դիմացկուն է և նույնիսկ ավելի արագ, անհավատալի արագ: Միայն տեսեք, թե ինչպես է մի քանի րոպեի ընթացքում Բեյլը նույն ձևով “ստորացնում” բազմափորձ Խավիեր Ձանետիին “Ինտերի” հետ մրցավեճում:

 

 

Բեյլը կրկնեց գրեթե նույնը նաև “Ինտերի հետ պատասխան խաղում: Այս անգամ զոհի դերում  շատերի կարծիքով աշխարհի լավագույն աջ պաշտպան Մայկոնն է, իսկ Բեյլն էլ աչքի է  ընկնում երկու ֆանտաստիկ փոխանցումներով:

 

 

Դրականը “Տոտտենհեմի” խաղում անկասկած ավելի շատ է, բայց կան խնդիրներ, որոնց լուծման վրա կարելի է և պետք է աշխատել: “Տոտտենհեմը” զուգորդում է փայլուն խաղերը անատամ և կամազուրկ հանդիպումների հետ: Թիմի ցուցադրած “ուրախ” ֆուտբոլը, (“Տոտտենհեմի համար լրիվ սովորական են 4:4 կամ 5:4 հաշիվները) իհարկե դուր է գալիս շատ երկրպագուների, բայց նրանք նաև պահանջում են արդյունք, մանավանդ, որ թիմը վերջապես վերադարձել է Անգլիայի ուժեղագույն ակումբների շարքը և առավել քան երբևէ մոտ է նաև եվրոպական ֆուտբոլում ճանաչման հասնելուն: Կայունությունն ու սեփական ուժերի նկատմամբ վստահությունը հենց այն հատկանիշներն են, որոնք պակասում են “խթաններին” և թույլ չեն տալիս նրանց դասել եվրոպական ֆուտբոլի գրանդների շարքին: Բայց թիմը ճիշտ ճանապարհին է, նրա ցուցադրած ֆուտբոլը գրավիչ է նույնիսկ անտարբեր ֆուտբոլասերի համար, թիմի կազմում են ինչպես երիտասարդ տաղանդավոր խաղացողներ, այնպես էլ փորձառու ու ճանաչված աստղեր, իսկ այդ համաձուլվածքը անկասկած այն հիմքն է, որը կարող է նպաստել “Տոտտենհեմի” հաջողություններին նաև Չեմպիոնների լիգայում:

 

“Կոպենհագեն”

Դանիական ակումբը Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երրորդ և ամենամեծ  հայտնությունն է: Այսպիսի նվաճում թիմից ոչ ոք չէր սպասում: Ամենալավատեսները “առյուծների” համար կանխագուշակում էին պայքար 3-րդ տեղի համար “Ռուբինի” կամ “Պանատինաիկոսի” հետ, բայց թիմը ոչ միայն վստահորեն առաջ անցավ վերը նշված թիմերից, այլև հավասար հավասարի պայքարեց “Բարսելոնայի” դեմ: Դանիական ակումբը, որն իր ֆինանսական հնարավորություններով զգալիորեն զիջում էի իր բոլոր մրցակիցներին, աչքի ընկավ թիմային այնպիսի հստակ խաղով և վստահությամբ, ինչպիսին բնորոշ է մրցաշարային փորձ ունեցող թիմերին: Սա այն դեպքում, երբ թիմի կազմում միակ քիչ թե շատ հայտնի ֆուտբոլիստը դանիական ֆուտբոլի վետերան Յեսպեր Գրոնկյաերն է, որը ժամանակին հանդես է եկել “Այաքսում” և “Չելսիում”: Բայց միայն Գրոնկյաերը անկասկած չէր կարող ապահովել այսպիսի հաջողություն: Իրենց փայլուն դրսևորեցին դարպասապահ Յոհան Վիլանդը, պաշտպան Զդենեկ Պոսպեխը, թիմի ավագ Ուիլիամ Քվիստը, սևամորթ հարձակվող Դամե Ն՝դոյեի հետևից արդեն հիմա իսկական որս են սկսել եվրոպական մի շարք ակումբներ, իսկ բրազիլացի Կլաուդեմիրը ընդհանրապես մտավ պատմության մեջ: Ամեն մեկը չէ, որ կարող է հպարտանալ “Բարսելոնայի” դարպասը խփած այսպիսի գոլով:

 

 

Նորվեգացի Ստոլե Սոլբակենին հաջողվել է ստեղծել մի թիմ, որը ոչ միայն գերակայող դիրքեր կզբաղեցնի Դանիայի առաջնությունում, այլև հավասարը հավասարի պես կպայքարի եվրոպական ֆուտբոլի գրանդների դեմ: Սոլբակենը կարողացել է իր խաղացողների մեջ սերմանել հենց այն հատկանիշները, որոնցով օժտված էր ինքը ֆուտբոլիստ եղած ժամանակ՝ աշխատասիրություն, համառություն, խաղային ցանկացած դրվագում մինչև վերջ պայքարելու ձգտում: “Կոպենհագենի” հաջողությունը արժևորվում է նաև նրանով, որ սա առաջին նմանատիպ նվաճումն է ընդհանրապես դանիական ակումբային ֆուտբոլի պատմության մեջ:
Անկասկած, “Կոպենհագենը” արդեն իսկ գերակատարել է իր խնդիրը և հաստատ չի հաղթելու Չեմպիոնների լիգայում, բայց նրա առավելությունը մյուս թիմերի նկատմամբ կարող է լինել հենց դրանում: Առանց այդ էլ մատուցելով մրցաշարի գլխավոր անակնկալներից մեկը՝ “Կոպենհագենը” այլևս կորցնելու ոչինչ չունի և կարող է խաղալ իր հաճույքի համար՝ փորձելով վայելել պահը: Այսպիսի հնարավորություն կարող է այլևս չլինել և քանի դեռ չի կայացել վիճակահանությունը և չի սկսել առաջիկա հանդիպումը, ոչ ոք չի կարող արգելել Անդերսենի հայրենիքը ներկայացնող ակումբին հավատալ բարի հեքիաթի շարունակությանը: