Սուպերկլասիկոյին ընդառաջ

Դեկտեմբերի 10-ին՝ ուշ երեկոյան, տեղի կունենա տարվա ամենասպասված հանդիպումներից մեկը: “Սանտիագո Բեռնաբեու” մարզադաշտում ուժերը կչափեն Մադրիդի “Ռեալը” և “Բարսելոնան”: Այդ կարևորագույն իրադարձությունից առաջ ներկայացնում եմ մտորումներ երկու թիմերում տիրող տրամադրությունների, ուժեղ և թույլ կողմերի և այս խաղում հաղթելու հնարավորությունների մասին: “Ռեալի” շահերը պաշտպանում եմ ես, իսկ “Բարսելոնայինը”՝ Անդրանիկ Գրիգորյանը:

Հ. Կ.- Այս հանդիպումը դժվար թե որոշի չեմպիոնության հարցը, սակայն կարող է տալ շատ կարևոր հարցի պատասխան. արդյոք Ռեալը աճե՞լ է վերջին տարիների համեմատ և հասունացել  Բարսային հաղթելու համար: Երկու թիմերը վաղուց այսքան մոտ չեն եղել իրենց խաղամակարդակներով, իսկ “Ռեալն” էլ վաղուց չի մոտեցել “սուպերկլասիկոյին”՝ միավորների առավելություն ունենալով մրցակցի նկատմամբ: Ի տարբերություն նախորդ մրցաշրջանի, երբ Մոուրինյոն մի քանի տուր առաջ սկսում էր նախապատրաստվել Բարսայի հետ խաղերին՝ ըստ այդմ հարմարեցնելով նաև թիմի մարտավարությունը և կազմը, այս անգամ թիմը մոտենում է այս խաղին շատ ավելի հանգիստ, ինչը վկայում է , որ “Ռեալը” վստահ է իր ուժերին և պատրաստ է հասնել իր նպատակին:

Ա. Գ.-  Ես նույնպես կարծում եմ, որ այս “սուպերկլասիկոն” երկու թիմերի համար էլ շատ կարևոր է: “Բարսելոնան” հնարավորություն ունի հաղթանակի դեպքում միանգամից մոտենալ առաջնությունում իր հիմնական մրցակցին, իսկ “Ռեալի” համար սա իրական ներուժը ցույց տալու հնարավորություն է: Սակայն կարծում եմ, որ “Բարսան” հաղթելու ավելի մեծ շանսեր ունի, քանի որ թիմի ֆուտբոլիստները այս մակարդակի խաղերում հանդես գալու ավելի  հարուստ փորձ ունեն: Բացի այդ վերջին տարիներին թիմը, Գուարդիոլայի գլխավորությամբ, շատ հաջող է խաղում “Ռեալի” դեմ:

Հ.Կ.- Քանի որ դու միանգամից  խոսեցիր կողմերի հնարավորությունների մասին, փորձեմ արտահայտել իմ կարծիքը, թե հատկապես ինչի հաշվին “Ռեալը” կարող է հաղթել “Բարսային”: Նախևառաջ, որքան էլ որ դա առաջին հայացքից տարօրինակ թվա, “Ռեալը” չպետք է փորձի հարմարվել մրցակցին, ինչպես որ դա անում էր նախորդ մրցաշրջանի հանդիպումների ընթացքում, այլ պետք է փորձի խաղալ իր խաղը: Ես ակնկալում եմ, որ Մոուրինյոն վերջապես կհրահանգի իր ֆուտբոլիստներին խաղալ բաց հարձակողական ֆուտբոլ՝ փորձելով “Բարսելոնային” հաղթել իր իսկ զենքով։ Բացի այդ, եթե “Ռեալը” անընդհատ պաշտպանվի, “Բարսան”, միևնույն է, կգտնի ճեղքերը և կօգտագործի իր հնարավորությունները: Այս մրցաշրջանում “Բարսայի” պաշտպանությունը անթերի չէ, ինչը երևաց հատկապես ուժեղ մրցակիցների՝ “Միլանի” և “Վալենսիայի” հետ հանդիպումներում: Եվ եթե Ռեալը հարձակման գծում խաղա այնպես, ինչպես նախորդ խաղերում, հավանաբար կլինեն նաև գոլ խփելու լավ հնարավորություններ:

Ա.Գ.- Այս մրցաշրջանի առանձին հանդիպումներում եղած ձախողումները “Բարսելոնայի” պաշտպանությունում հիմնականում կապված են մոտիվացիայի պակասի, դրա արդյունքում առաջացող թույլ կենտրոնացվածության, կադրային խնդիրների, ինչպես նաև Գուարդիոլայի կողմից խաղային նոր մոդելի ներմուծման հետ կապված դժվարությունների հետ: Սակայն այսօրվա խաղում բոլոր հիմնական ֆուտբոլիստները կազմ ու պատրաստ են, իսկ Գուարդիոլան էլ հավանաբար գոնե պաշտպանությունում կփորձի ապավինել ավանդական մոտեցմանը: Ինչ վերաբերում է մոտիվացվածությանը և կենտրոնացվածությանը, ապա “կլասիկոներում” դրանք միշտ էլ բարձր մակարդակի վրա են լինում:

Երկու թիմերի առաջատարներ Լիոնել Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդուն ինչպես միշտ կլինեն հակադիր ճամբարներում

Հ.Կ.- Անկասկած, այս հանդիպումներում երկու թիմերի մոտ էլ մոտիվացիայի պակասի մասին խոսք անգամ լինել չի կարող: Դա հատկապես վերաբերում է “Ռեալին”, որը, բնականաբար, կցանկանա ապացուցել, որ պատահականորեն չի գլխավորում մրցաշարային աղյուսակը, ինչպես նաև վրեժխնդիր լինել նախորդ մրցաշրջանի ցավալի պարտությունների դիմաց: Ի տարբերություն Գուարդյոլայի, Մոուրինյոն այս մրցաշրջանում չի դիմում ռոտացիայի և խաղացնում է հիմնականում նույն ֆուտբոլիստներին: Այս խաղում էլ հիմնական կազմը կարելի է գուշակել 90 տոկոսանոց հավանականությամբ: Միակ կասկածելի օղակը կարող է համարվել աջ պաշտպանի դիրքը, որտեղ Արբելոայի բացակայությամբ կարող են խաղալ և Լասը, և, ինչպես տեսանք վերջին հանդիպումներից մեկում՝ Կոենտրաոն: Իսկ մնացած դիրքերում ամեն ինչ սովորական է: Կասկածից վեր է, որ 4-2-3-1 մարտավարության պարագայում հարձակվողից ետ գործող ինսայդների դերում կլինեն Օզիլը, Դի Մարիան և Ռոնալդուն, իսկ Բենզեմա-Իգուային երկյակից Մոուրինյոն հավանաբար նախապատվությունը կտա ֆրանսիացուն՝ հաշվի առնելով թե վերջինիս ունիվերսալիզմը և թե ավելի լավ պաշտպանվելու կարողությունը:

Ա.Գ. Կարծում եմ՝ այսպիսի հանդիպումներում շատ կարևոր է նաև, թե մարզիչներից ով կարող է տակտիկապես գերազանցել իր մրցակցին: Քո կողմից նշած հանգամանքը՝ կապված “Ռեալի” կազմի հետ որոշակիորեն կանխատեսելի է դարձնում Մոուրինյոյի տակտիկական զինանոցը: Ինչ վերաբերում է “Բարսային”, ապա պետք է նշեմ, որ պահեստայինների նստարանին բազմակողմանի ֆուտբոլիստների առկայությունը թույլ է տալիս Գուարդիոլային մի քանի խաղային մոդելներ ունենալ` ավելի ճկուն և անկանխատեսելի դարձնելով թիմը մրցակցի համար: Օրինակ, “Բարսան” կարող է խաղալ երկու ընդգծված եզրային ֆուտբոլիստներով` Պեդրո և Վիլյա, կամ էլ նրանցից մեկի փոխարեն կարող է խաղալ Ֆաբրեգասը` ապահովելով թվային առավելություն խաղադաշտի կենտրոնում, իսկ ազատ մնացած աջ եզրը կփակի Դանի Ալվեշը:

 Հ.Կ. Չեմ կարծում, թե Գուարդիոլան ի վիճակի է ինչ-որ բանով զարմացնել Մոուրինյոյին, որը ինքը կարող է տակտիկական առումով գերազանցել ցանկացած մարզչի: Ընդհակառակը, հենց Գուարդիոլայի համար կարող է անակնկալ լինել, եթե “Ռեալը”  հենց սկզբից մեծ թափ հաղորդի խաղին: Միայն այդ պարագայում հնարավոր կլինի առավելություն ստանալ “Բարսայի” նկատմամբ: “Ռեալի” գրոհներում առկա իմպրովիզացիայի բարձր մակարդակը և արագ հարձակման գիծ ունեցող թիմերի դեմ խաղերում “Բարսայի” պաշտպանների ունեցած խնդիրները թույլ են տալիս ենթադրել, որ արագ գոլ խփելու դեպքում “Ռեալը” կարող է լուրջ առավելություն ստանալ մրցակցի նկատմամբ: “Բարսան” ստիպված կլինի բացվել, իսկ որ “Ռեալը” կարողանում է օգտագործել արագ հակագրոհները, կարծում եմ, ոչ ոք չի կասկածում: Ըստ այդմ, խաղի վերջնական հաշիվը կլինի 2-1 հօգուտ “Ռեալի”:

Ա.Գ. Ես նույնպես կարծում եմ, որ այսօր  շատ գոլեր կխփվեն, սակայն չեմ կիսում այն տեսակետը, թե արագ գոլը կերաշխավորի “Ռեալի” հաղթանակը: Կարծում եմ՝ խաղը կավարտվի 3:1 կամ 3:2 հաշվով հօգուտ կապտանռնագույնների:

Ի՞նչ կլինի Եվրոպայում

Եվրոպական առաջատար երկրների (TOP-5) ֆուտբոլի ազգային առաջնություններում արդեն կայացել է 5-6 տուր, և կարելի է թեկուզ նախնական, բայց որոշակի կանխատեսումներ անել նրանց հետագա ընթացքի վերաբերյալ:

Եվրոպայում լավագույնը համարվող Անգլիայի առաջնությունում երկար տարիներ շարունակ չեմպիոնության համար պայքարում էին, այսպես կոչված “մեծ քառյակի” թիմերը՝ “Մանչեսթեր Յունայթեդը”, “Չելսին”, “Արսենալը” և “Լիվերպուլը”: Միայն վերջին երկու տարիներին նրանց պայքարին միջամտեցին “Տոտենհեմը” և արաբական նավթադոլարներով հարստացած “Մանչեսթեր Սիթին”: Իսկ արդեն այս տարի առաջին տուրերի հանդիպումները ցույց տվեցին, որ հիմնական պայքարը, թերևս, ընթանալու է “Մանչեսթեր Յունայթեդի” և “Մանչեսթեր Սիթիի” միջև, որոնց լավագույն դեպքում կարող է խանգարել միայն “Չելսին”: Կազմը հիմնովին թարմացրած “Լիվերպուլին” և Ֆաբրեգասի ու Նասրիի հեռանալուց հետո “որբացած” “Արսենալին” չափազանց դժվար կլինի միջամտել չեմպիոնական պայքարին:

Իսպանիայում ամեն ինչ նման է վերջին մի քանի տարիներին: “Բետիսի”, “Լևանտեի” կամ “Սևիլյայի” հաջող մեկնարկը չի կարող մոլորության մեջ գցել երկրպագուներին: Բոլորի համար պարզ է՝ “Բարսելոնան” ու “Ռեալը” մի գլուխ բարձր են մյուս բոլոր թիմերից, և հերթական անգամ չեմպիոնության հարցը կվճռվի հենց նրանց անմիջական դիմակայության արդյունքում: Եթե, այդուհանդերձ, փորձենք ինչ-որ ինտրիգներ փնտրել Իսպանիայի առաջնության այլ թիմերի հետ կապված, ապա հարցերը, միևնույն է, այդքան էլ շատ չեն լինի. ինչպե՞ս կխաղա Բիլբաոյի “Ատլետիկը”  երկար տարիների ընթացքում ձևավորված իր խաղաոճի հետ անհամատեղելի Մարսելո Բիելսայի գլխավորությամբ, կկարողանա՞ անսպասելիորեն հարստացած և թիմի կազմը ուժեղացրած “Մալագան” միանգամից ձեռնոց նետել երկրի ուժեղագույն թիմերին, և  վերջապես ի՞նչ կկարողանա ցույց տալ վերջին տարիների իր առաջատարներին կորցրած, բայց լավ համալրում ստացած Մադրիդի “Ատլետիկոն”:

Գերմանիայում վերջին տարիներին ձևավորված ավանդույթը, երբ ոչ մի թիմի չի հաջողվում երկու տարի անընդմեջ դառնալ չեմպիոն, կարծես թե կրկնվելու է նաև այս անգամ: Դորտմունդի “Բորուսիան”, ֆանտաստիկ կերպով նվաճելով չեմպիոնի կոչումը նախորդ մրցաշրջանում, հիմա իր կաշվի վրա է զգում “երկրորդ սեզոնի” սինդրոմի ողջ ծանրությունը: Թիմի անհաջող մեկնարկը հերթական անգամ ապացուցում է այն պարզ ճշմարտությունը, որ չեմպիոնական բարձունքը նվաճելն ավելի հեշտ է, քան այն պահպանելը:: Դրան հակառակ, երկրի ամենատիտղոսակիր ակումբը՝ Մյունխենի “Բավարիան” անչափ վստահ է սկսել առաջնությունը՝ հենց սկզբից հասկացնելով, որ մտադիր է վերադարձնել չեմպիոնական տիտղոսը: Լավ մեկնարկած, բայց ֆինանսական հնարավորություններով չփայլող Մյունխենգլադբախի “Բորուսիան” դժվար թե կարողանա լուրջ մրցակցություն ցուցաբերել մյունխենցիներին: “Բավարիայի” հիմնական մրցակիցները հավանաբար կլինեն “Վերդերը”, “Բայերը” և “Շալկե-04-ը”:

Իտալիայի առաջնությունը, կարծես թե լիովին ապաքինվելով “Կալչիոպոլիի”  հետևանքներից, աստիճանաբար վերականգնում է իր անկանխատեսելիությունը: Համենայնդեպս, հաշվի առնելով նախորդ առաջնության ցուցանիշները, թիմերի համալրումները և արդեն այս մրցաշրջանում գրանցված արդյունքները, չափազանց դժվար է ենթադրություններ անել թիմերի վերջնական դասավորության վերաբերյալ: Այդուհանդերձ, կարելի է չկասկածել, որ չեմպիոնության հիմնական հավակնորդներից մեկը կլինի գործող չեմպիոն “Միլանը”: Չնայած այն հանգամանքին, որ “Յուվենթուսը” զգալիորեն թարմացրել է կազմը, “Ծեր սինյորան” նույնպես հավակնում է չեմպիոնական մեդալներին: Ինչպես միշտ հավակնոտ է “Ինտերը”, չնայած հայտնի չէ, թե ինչպես կընթանան թիմի գործերը՝ Ռանիերիի գլխավորությամբ: Վերջապես, չեմպիոնության չորրորդ հավանական թեկնածուն “Նապոլին” է, որն անցյալ տարի ցուցադրում էր, թերևս, ամենավառ ֆուտբոլը “Ուդինեզեի” հետ միասին: Հռոմեական 2 թիմերը՝ “Ռոման” և “Լացիոն”, ինչպես նաև “Ֆիորենտինան” նույնպես կպայքարեն բարձր տեղերի համար, բայց դժվար թե կարողանան միջամտել Սկուդետտոյի համար մղվող պայքարին:

Վերջապես Ֆրանսիայում, ինչպես միշտ, ամեն ինչ անկանխատեսելի է: Լիոնի “Օլիմպիկի” երկարամյա հեգեմոնիան մնացել է անցյալում, և վերջին 3 տարիներին անընդմեջ Ֆրանսիան ունենում է նոր չեմպիոն: Գործող չեմպիոն “Լիլլի” համար, թվում է, չափազանց դժվար կլինի պահպանել նվաճած բարձունքը՝ հաշվի առնելով, որ թիմը հանդես է գալու նաև Չեմպիոնների Լիգայի մրցաշարում, բայց “Մոնպելիեի”, “Ռեննի” և “Թուլուզի” հետ միասին “Լիլլը” կարող է միջամտել մրցանակային տեղերի համար մղվող պայքարին: Իսկ առաջնությունոմ հաղթելու ամենահավանական թեկնածուները, թերևս, կլինեն, չեմպիոնության քաղցրությանը կարոտած Լիոնի “Օլիմպիկը”, վատ մեկնարկած, բայց փորձառու և բալանսավորված կազմ ունեցող Մարսելի “Օլիմպիկը” և ամենալավ համալրումն ստացած ու հարստացած “ՊՍԺ”-ն:

“Ֆենոմենը” հեռանում է

Երեկ համաշխարհային ֆուտբոլի երբեմնի ամենավառ աստղերից մեկը՝ բրացիլացի Լուիս Նազարիո դե Լիման, որն աշխարհին ավելի հայտնի է որպես Ռոնալդո, հայտարարեց կարիերան ավարտելու մասին: Կարծում եմ՝ աններելի կլիներ ինչ-որ կերպ չանդրադառնալ այս իրադարձությանը: Ռոնալդոն խաղադաշտում կարողանում էր ամեն ինչ: Այս տեսաշարը ապացույցն է այն բանի, թե որքան բազմակողմանի օժտված խաղացող էր Ռոնալդոն:

 

 

Ռոնալդոն իր կարիերայի ընթացքում նվաճել է հնարավոր և անհնարին բոլոր մրցանակներն ու տիտղոսները: Բրազիլացին տարբեր թիմերի կազմում դարձել է Հոլանդիայի և Իսպանիայի գավաթակիր, երկուական անգամ նվաճել է Բրազիլիայի գավաթը և Իսպանիայի սուպերգավաթը,  ևս 2 անգամ դարձել Իսպանիայի չեմպիոն, մեկական անգամ դարձել ՈւԵՖԱ-ի գավաթի, Գավաթակիրների գավաթի և միջմայրցամաքային գավաթի հաղթող, մեկ անգամ հաղթել Կոնֆեդերացիաների գավաթի, 2 անգամ Ամերիկայի գավաթի խաղարկություններում: Վերջապես Ռոնալդոն աշխարհի կրկնակի չեմպիոն է: Նրա նվաճումներն անկասկած ավելի շատ կլինեին, եթե չլինեին նմանատիպ վնասվածքները, որոնք ամեն անգամ ստիպում էին Ռոնալդոյին ամեն ինչ սկսել նորից:

 

 

Պակաս տպավորիչ չեն նաև Ռոնալդոյի անհատական նվաճումները: Ռոնալդոն դարձել է Լիբերտադորեսի գավաթի, Հոլանդիայի, Իսպանիայի և Իտալիայի առաջնությունների գլխավոր ռմբարկու, մի քանի անգամ ճանաչվել է տարբեր առաջնությունների լավագույն ֆուտբոլիստ, 2 անգամ դարձել է “Ոսկե Գնդակի” դափնեկիր, ևս 3 անգամ ճանաչվել ՖԻՖԱ-ի վարկածով աշխարհի լավագույն ֆուտբոլիստ: Քչերը գիտեն, որ Ռոնալդոն միակ ֆուտբոլիստն է աշխարհում, ով խաղացել է իսպանական և իտալական 2 գրանդ ակումբներում՝ “Բարսելոնայում”, “Ռեալում”, “Ինտերում” և “Միլանում: Եվ ոչ միայն խաղացել, այլև գոլերի հեղինակ է դարձել ինչպես “սուպերկլասսիկոյի”, այնպես էլ միլանյան “դերբիի” ժամանակ՝ ընդ որում բոլոր 4 թիմերի կազմում:  Բայց Ռոնալդոյի մեծագույն նվաճումը անկասկած նրա խփած գոլերն են Աշխարհի առաջնությունների ժամանակ: Ռոնալդոն մինչև օրս էլ համարվում է Աշխարհի առաջնությունների  պատմության ընթացքում ամենաշատ գոլեր խփած ֆուտբոլիստը (15 գոլ): Ահա բոլոր այդ գոլերը :

 

 

Նրա հրաժեշտի մամուլի ասուլիսն ստացվեց նույնքան հուզումնառատ, որքան և ողջ կարիերան:

 

 

Ռոնալդոյի նմանները ծնվում են 100 տարին մեկ անգամ: Պատահական չէ, որ դեռ երիտասարդ տարիքից Ռոնալդոն ստացավ “ֆենոմեն” մականունը:Նրանք, ովքեր գոնե մեկ անգամ տեսել են Ռոնալդոյի խաղը, այն երբեք չեն մոռանա: Ռոնալդոն հեռացավ մեծ ֆուտբոլից, բայց նրա փայլուն խաղը դեռ երկար կմնա աշխարհի բոլոր ծայրերի ֆուտբոլասերների հիշողության մեջ:

Չեմպիոնների Լիգա (թիմերի հնարավորությունները, մաս II)

Բարև բոլորին: Երեկ արդեն քննարկել ենք Չեմպիոնների լիգայի 1|8 եզրափակչի առաջին 4 զույգերում միմյանց հետ մրցող  թիմերի հնարավորությունները: Ուստի այսօր կխոսենք մյուս 4 հանդիպումների մասին:

“Լիոն” – “Ռեալ”

Այս երկու թիմերը վերջին տարիներին այնքան հաճախ են մրցել, որ թվում է՝ իրար մասին գիտեն ամեն ինչ: “Ռեալն” արդեն 7 տարի է, ինչ չի կարողանում հաղթահարել Չեմպիոնների լիգայի 1|8 եզրափակչի արգելքը, ընդ որում, այդ իրողության մեջ իրենց գործուն մասնակցությունն ունեն նաև ֆրանսիական ակումբի ֆուտբոլիստները, որոնք մի քանի անգամ անձամբ են խաչ քաշել “սերուցքայինների”՝ հեռու գնացող ծրագրերի վրա: Ներկայիս դիմակայության մեջ, ինչպես և միշտ, ֆավորիտ է համարվում արքայական ակումբը, ինչն օրինաչափ է, եթե հաշվի առնենք, որ “Ռեալն” այս մրցաշրջանում ձախողվել է միայն մեկ անգամ, այն էլ “Բարսելոնայի” հետ մրցավեճում: Դրան գումարած՝ “Լիոնն” այսօր ակնհայտորեն ավելի թույլ է քան մի քանի ամիս առաջ, ինչի վկայություննն է նաև անկայուն խաղը Ֆրանսիայի առաջնությունում: Եվ այսպես, անկախ վերջին տարիների վիճակագրությունից, կարծում եմ, որ այս անգամ “Ռեալը” վերջապես կհաղթահարի այս արգելքը և կանցնի հաջորդ փուլ:

“Արսենալ” – “Բարսելոնա”

Որքան էլ ցավալի լինի, բայց անչափ գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրող այս երկու թիմերը 2-րդ տարին անընդմեջ հանդիպելու են միմյանց, և նրանցից մեկն ստիպված է  լինելու լքել ասպարեզը: “Բարսելոնան”, հատկապես վերջին շրջանում, ուղղակի այլմոլորակային ֆուտբոլ է խաղում՝ իր ճանապարհից մաքրելով ցանկացած մրցակցի: Կոնկրետ այս պահի դրությամբ դժվար է պատկերացնել, որ կգտնվի մի թիմ, որը կկարողանա դիմակայել “կապտանռնագույններին”: Իրենց հերթին “զինագործները” զուգորդում են փայլուն հանդիպումները կամազուրկ խաղերի հետ: Բոլորն էլ գիտեն, որ միանման ֆուտբոլ խաղացող թիմերի մրցավեճում շատ հաճախ հաղթում է այն թիմը, որը պարզապես ավելի բարձր է կարգով: Հենց այս պատճառով “Բարսելոնայի” հաղթանակն այս դիմակայությունում գրեթե կասկած չի հարուցում:

“Մարսել” – “Մանչեսթեր Յունայթեդ”

“Մարսելը”, որոշակի ընդմիջումից հետո վերադառնալով Չեմպիոնների լիգա, կարողացավ մեծ հեշտությամբ դուրս գալ խմբից և այժմ պետք է մրցի մրցաշարի մշտական և ամենակայուն մասնակից թիմերից “Մանչեսթեր Յունայթեդի” հետ: “Մանկունիացիները” ավանդաբար այնքան էլ հեշտ չեն խաղում ֆրանսիական թիմերի հետ: Բավական է հիշել ժամանակին “Լիլլից” կամ “Բորդոյից” կրած պարտությունները, սակայն ներկայումս թիմի ներուժը թույլ է տալիս խուսափել տհաճ անակնկալներից: Որքան էլ որ խմբային փուլում Դիդիե Դեշանի սաները ամուր և հասուն թիմի տպավորություն թողեցին, դժվար է ենթադրել, որ նրանք կկարողանան հաղթահարել “Մանչեսթեր Յունայթեդի” արգելքը:

“Կոպենհագեն” – “Չելսի”

Վերջին զույգը կազմել են խմբային մրցաշարի գլխավոր անակնկալ դանիական ակումբը և մրցաշարային հսկայական փորձ ունեցող “Չելսին”: Շտապեմ նախօրոք հիասթափեցնել անակնկալների սիրահարներին: Այս զույգը միակն է, որտեղ կա ավելի քան ակնհայտ ֆավորիտ: Ոչ խաղային ճգնաժամը, ոչ առաջատար ֆուտբոլիստների վնասվածքները, և ոչ էլ Կառլո Անչելոտիի հնարավոր հրաժարականի մասին լուրերը չեն կարող խանգարել “ազնվականներին” հաղթահարել դանիական թիմի արգելքը: “Կոպենհագենը” մոբիլ և ամուր թիմ է, բայց նրան չափազանց դժվար կլինի ևս մեկ անգամ անել անհնարինը ու դուրս գալ հաջորդ փուլ: Եվ այսպես, 1|4 եզրափակչի վերջին մասնակիցը կլինի “Չելսին”:

Չեմպիոնների Լիգա (թիմերի հնարավորությունները, մաս I)

Բարև բոլորին: Դեկտեմբերի 17-ին տեղի ունեցավ Չեմպիոնների լիգայի 1\8 եզրափակչի վիճակահանությունը: Ինչպես և խոստացել էի 2 օր առաջ, այսօր կխոսենք թիմերի հնարավորությունների մասին և կփորձենք կանխատեսել առաջին 4  դիմակայությունների արդյունքները:

“Ռոմա” Շախտյոր”

“Հանքափորների” գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն դեռևս վիճակահանությունից առաջ հայտարարել էր, որ մեծ է հավանականությունը, որ իր թիմը կհանդիպի իտալական 3 ակումբներից որևէ մեկի հետ: Այդպես էլ եղավ: Այս թիմերի դիմակայությունում առաջին հայացքից ավելի նախընտրելի կարող են թվալ եվրոպական մրցաշարերի ավելի հարուստ փորձ ունեցող իտալացիների հնարավորությունները, սակայն “Շախտյորը” այս մրցաշրջանում արդեն ապացուցել է, որ չի վախենում հեղինակություններից:  Ուկրաինացիների օգտին կարող է լինել նաև այն հանգամանքը, որ թիմն առաջին հանդիպումն անցկացնելու է դրսում, ինչը մշտապես դիտվում է որպես առավելություն: Որքան էլ որ կանխատեսումներ անելն անշնորհակալ գործ է, այդուհանդերձ ես կարծում եմ, որ հաջորդ փուլ դուրս կգա  “Շախտյորը”:

Միլան” – “Տոտենհեմ”

“Միլանը”՝ Չեմպիոնների լիգայի ամենափարձառու և տիտղոսակիր թիմերից մեկը, պետք է իր հարաբերությունները պարզի այս մրցաշարի նորեկ համարվող “Տոտենհեմի” հետ:  Հակառակ “Միլանի” երկրպագուների  կարծիքին, որոնք շտապեցին ուրախանալ վիճակահանության արդյունքներով, գտնում եմ, որ “Տոտենհեմը” բոլոր հնարավորներից մրցակիցներից ամենավտանգավորն է: Անգլիական ակումբը խաղում է արագ և ագրեսիվ ոճով, իսկ միլանցիները, անկախ թիմում տեղի ունեցած որոշակի փոփոխություններից, միևնույն է, համարվում են  “ամենածեր” և դանդաղաշարժ թիմերից մեկը: Բացի այդ  “Ւնտերի” հետ հանդիպումներում “Տոտենհեմը” արդեն ցույց է տվել, թե ինչպես կարող է խաղալ իտալական ակումբների դեմ: Եվ այսպես, այս դիմակայությունում նախապատվությունը տրվում է անգլիական ակումբին:

Վալենսիա” – “Շալկե-04″

Շատերի կարծիքով ամենաանհետաքրքիր դիմակայություններից մեկն իմ համար ամենաինտրիգայիններից է:  Եվ  “Վալենսիան”, և  “Շալկեն” չափազանց անկայուն են հանդես գալիս ներկայիս մրցրջանում: Գերմանական ակումբն ընդհանրապես միայն վերջին տուրում տարած հաղթանակի շնորհիվ վերադարձավ Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի առաջին տասնյակ, իսկ “չղջիկները”, ինչպես միշտ ունենալով հավակնոտ ծրագրեր, արդեն հիմա անհույս հետ են մնացել “Բարսելոնայից” և “Ռեալից” չեմպիոնական մրցավազքում, ուստի երկու թիմերի համար էլ առաջին պլան է մղվում եվրոպական մրցասպարեզում հաջող հանդես գալը: Իսպանական ակումբը հենց այս կազմով առաջին անգամ է մասնակցում Չեմպիոնների լիգայի մրցաշարին, խաղացողներից շատերը նորեկ են, իսկ այս կարգի մրցաշարերում հսկայական նշանակություն ունի փորձը: Գերմանացիները, որքան էլ որ նույնպես մշտապես չեն մասնակցում այս կարգի մրցաշարերի, բայց իրենց կազմում ունեն այնպիսի խաղացողներ, որոնք բազմիցս ճաշակել են մեծ հաղթանակների քաղցրությունը և ցանկացած մրցակցի հետ դիմակայությունում կարող են հաջողությունը թեքել իրենց կողմը: Եվ այսպես, այս դիմակայության մեջ, կոնկրետ այս պահի դրությամբ, աննշան առավելություն տալիս եմ գերմանական ակումբի ֆուտբոլիստներին, որոնց համար ամենակարևորը կլինի առաջին խաղում խոշոր հաշվով չպարտվելը:

“Ինտեր” – “Բավարիա”

Վերջին զույգը, որին կանդրադառնամ այսօր, կազմել են մրցաշարի գործող գավաթակիր “Ինտերը” և եզրափակիչում նրա մրցակից “Բավարիան”: “Ինտերն” ակնհայտորեն զիջել է դիրքերը նախորդ մրցաշրջանի համեմատ, իսկ գերմանական ակումբը, մեծ հաշվով ձախողելով իր ելույթները Գերմանիայի առաջնությունում, այդուհանդերձ կարողացավ Չեմպիոնների լիգայի իր խմբում վստահորեն գրավել առաջին տեղը, չնայած “Բազելին” կամ “Կլուժին” չես համեմատի “Ինտերի” մրցակիցների՝ “Վերդերի” կամ “Տվենտեի” հետ: Ինչևէ, գերմանացիները պարզապես այրվում են ռևանշի հասնելու ցանկությամբ: Բացի այդ, մինչև փետրվար պետք է որ շարք վերադարձած լինեն թիմի առանցքային խաղացողները: Իր հերթին “Ինտերը” հաղթեց աշխարհի ակումբային առաջնությունում՝ մի փոքր հետաձգելով Ռաֆայել Բենիտեսի հրաժարականը: Այդուհանդերձ, որքան էլ որ կանխատեսումս առաջին հայացքից դաժան թվա իտալական ֆուտբոլի երկրպագուների համար, կարծում եմ, որ իտալական վերջին ակումբն էլ չի կարողանա հաղթահարել այս փուլի արգելքը և աննշան առավելությունը տալիս եմ  “Բավարիային”:

 

Մոտակա օրերի ընթացքում կքննարկենք նաև մյուս 4 զույգերում թիմերի հնարավորությունները:  Հետևեք թարմացումներին և առողջ եղեք:

 

Մեսսի-150

Բարև բոլորին: Այս ուշ ժամին որոշեցի կիսվել բոլորի հետ այն նյութով, որին պատահաբար հանդիպեցի և  հետևում էի վերջին մոտ կես ժամվա ընթացքում: Այսօր չի լինի վերլուծական նյութ, ուղղակի առաջարկում եմ վայելել մեր ժամանակի մեծագույն խաղացողներից Լիոնել Մեսսիի՝ իր կարիերայի ընթացքում խփած 88 գոլերը:

 

 

Հավանեցի՞ք: Ուրեմն առաջարկում եմ դիտել ես 62 գոլ: Դրանց ընդհանուր թիվը 150-ն է:

Բարի դիտում բոլորին, վայելեք գոլերը և առողջ եղեք:

Մեսսի, Ինիեստա, Չավի….

ՖԻՖԱ-ն և ֆրանսիական “France Football” հանդեսը հրապարակեցին այն 3 ֆուտբոլիստների անունները, որոնք հավակնում են տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը: Առաջին անգամ նրանք երեքն էլ ներկայացնում են մեկ ակումբ՝ “Բարսելոնա”-ն : Երևի դժվար չէ կռահել, որ խոսքը գնում է Լիոնել Մեսսիի, Անդրես Ինիեստայի և Չավիի մասին: Որքանո՞վ է արդար հենց այս երեքի ընտրությունը  և արդյո՞ք իմաստ կա արդարություն փնտրել այնտեղ, որտեղ առկա է մարդկային գործոնը: Թեկնածուները որոշվել են տասնյակ մարդկանց՝ լրագրողների, ֆուտբոլիստների, մարզիչների քվեարկության արդյունքում: Նախկինում գործող երկու մրցույթները՝ “Ոսկե գնդակ”-ը և ՖԻՖԱ-ի վարկածով լավագույն ֆուտբոլիստի որոշման մրցույթը այսուհետ միավորվել են, իսկ դափնեկրի անունը պարզ կդառնա միայն հունվարի 10-ին:

Չեմ ուզում նշել այն ֆուտբոլիստների անունները, ում ես կբացառեի այս ցուցակից, այդ մասին դեռ կխոսենք:  Անձամբ ես գտնում եմ, որ այս եռյակում պետք է լինեին Դիեգո Ֆոռլանի և Ուեսլի Սնեյդերի անունները:

Ֆոռլանը արտակարգ մրցաշրջան անցկացրեց, անկասկած, լավագույնն իր կարիերայում: Ֆոռլանը իր ուսերի վրա հասցրեց Մադրիդի “Ատլետիկոյին” մինչև Եվրոպայի Լիգայի եզրափակիչ և այնտեղ ևս վճռորոշ դեր խաղաց իր թիմի վերջնական հաջողության մեջ, իսկ Աշխարհի առաջնության ժամանակ նրա ցուցադրած խաղն ուղղակի ֆանտաստիկ էր: Ֆոռլանը խաղում էր համարյա մոռացված, դասական 10 համարի դիրքում, անընդհատ հարվածում էր հեռվից, փոխանցում խաղընկերներին, պետք եղած ժամանակ իր վրա վերցնում խաղը: Նա թիմի իսկական առաջատարն էր,: Անկեղծ ասած, չէի հավատում, որ ներկայիս ֆուտբոլում հնարավոր է այսպիսի խաղացողի հայտնվելը: Այս ամպլուայի խաղացողները, թվում էր, այլևս անելիք չունեն ժամանակակից ֆուտբոլում, բայց Ֆոռլանը ապացուցեց հակառակը՝ ինչ-որ առումով հիշեցնելով Բաջջոյի՝ 1994 թվականի խաղը: Եվ այսպես, եթե ես ունենայի քվեարկելու իրավունք, Դիեգո Ֆոռլանը իմ ցուցակում առնվազն կլիներ 3-րդ տեղում:

Դժվար է հիշել մի ֆուտբոլիստի, որը նույն տարում մասնակցի և Չեմպիոնների Լիգայի, և Աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպումներին՝ ընդ որում երկու մրցաշարերում էլ համարվելով իր թիմի իսկական առաջատարը: Ուեսլի Սնեյդերը մաքուր “փլեյմեյքեր” չէ, և ոչ էլ քանդող հենակետային: Նա այդ երկուսի փայլուն համաձուլվածքն է: Սնեյդերը դաշտում ամենուրեք է՝ թե վերջին փոխանցում կատարելիս, թե տուգանային իրացնելիս, թե մրցակցի գրոհները խափանելիս: Այսպիսի ունիվերսալ խաղացողն իսկական ադամանդ է ցանկացած մարզչի համար: Բացի այդ նա իսկական մարտիկ է: Շատ-շատ ֆուտբոլիստներ “Ռեալից” հեռանալուց հետո չեն կարողանում վերականգնել իրենց նախկին մակարդակը, իսկ Սնեյդերը այն նույնիսկ գերազանցեց՝ “Ինտերում” ցուցադրելով իր լավագույն խաղը: Եվ այսպես, Սնեյդերը իմ ցուցակում հաստատ կլիներ 2-րդ հորիզոնականում:

Նոր կանոնների համաձայն տեղի ունեցած միավորված ընտրությունն անկասկած շատ-շատերին անակնկալի բերեց: 3 խաղացողներն էլ մեկ թիմից են: Սա ավելի շատ նման է այն իրավիճակին, երբ Հանրային Հեռուստատեսությունը, անկախ թե ինչպիսի խաղեր են ընթանում զուգահեռաբար, միևնույն է ցուցադրում է “Բարսելոնայի” և “Ռեալի”՝ երբեմն բավականին անհետաքրքիր խաղերը: Նույնն այստեղ է: Ինչքան էլ այլ թիմերի խաղացողները նույնպես քիչ նվաճումների չեն հասել այս մրցաշրջանում, բոլոր խաղացողներն ընտրված են “Բարսելոնայից”: Ինչի՞ մասին է խոսքը, երբ նույնսիկ Չեմպիոնների Լիգայի գլխավոր հերոս Դիեգո Միլիտոյի անունը չկար հավակնորդների ընդհանուր ցուցակում: Ինչևէ, ընտրությունը կատարված է, և մեզ մնում է միայն բացասման կարգով փորձել գտնել մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստին: Եվ այսպես, Մեսսի, Ինիեստա, Չավի…

Ոչ Մեսսին

Մեսսին ֆանտաստիկ խաղացող է, որ կարողանում է ամեն ինչ: Հնարավոր է տարիներ հետո նրա մասին խոսեն այնպիսի հիացմունքով, ինչպես հիմա խոսում են Մարադոնայի մասին: Մեսսին, շատերի կարծիքով, արդեն հիմա էլ արժանի է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստի կոչմանը: Ես չեմ հերքում, որ Մեսսին ներկայումս գործող ֆուտբոլիստներից, հնարավոր է, ուժեղագույնն է, բայց… Այստեղ կա մեկ կարևոր նրբություն, որը բոլորին էլ հայտնի է , բայց  դրանից պակաս կարևոր չի դառնում: Աշխարհի առաջնության տարում լավագույնն է դառնում այն խաղացողը, որը իրեն լավագույն կողմերով դրսևորել է հենց Աշխարհի առաջնության ժամանակ: Իսկ ի՞նչ արեց Մեսսին այս ամառ ՀԱՀ-ում: Ոչինչ: Մի քանի փոխանցում և ոչ մի գոլ : Լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնող խաղացողը, որն ամպլուայով հարձակվող է, ոչ մի գոլ չի խփել 5 խաղում: Համաձայնեք՝ այնքան էլ լավ ցուցանիշ չէ: Այո, Մեսսին ֆանտաստիկ մրցաշրջան անցկացրեց “Բարսայի” կազմում, բայց նույնպիսի մրցաշրջան անցկացրել էր նաև Ռոնալդինյոն 2006-ին, իսկ թե ում բաժին հասավ Ոսկե գնդակը 4 տարի առաջ, շատերը, կարծում եմ, հիշում են:

Ոչ Ինիեստան

Ինիեստան արտակարգ խաղացող է, տեխնիկապես ոչ պակաս օժտված քան նույնիսկ Մեսսին: Նա դեռ երիտասարդ տարիքից մշտապես եղել է Չավիի թիկունքում, նրան ընդունել են, որպես Չավիի փոխարինող, նա ինքն էլ սիրում էր խաղալ հենց այդ դիրքում և միայն Ռայկարդի գալուց հետո Ինիեստան սկսեց խաղալ, իսկ Գուարդյոլայի գալով վերջնականապես ամրապնդվեց այն դիրքում, որտեղ խաղում է: Հենց այս երկու ֆուտբոլիստների համատեղ օգտագործումը “Բարսային” հասցրեց ներկայիս մակարդակին, հենց Չավիի ստվերից ձերբազատումը Ինիեստային դարձրեց համաշխարհային մակարդակի գերաստղ: Ինիեստան պատկանում է այն ֆուտբոլիստների թվին, ովքեր կարող էն ամբողջ խաղի ժամանակ ոչնչով աչքի չընկնել, իսկ հետո մեկ հարվածով դառնալ գերկարևոր գոլի հեղինակ: Այդպես էր 2009-ի “Չելսիի” դեմ կիսաեզրափակչում, իսկ Աշխարհի առաջնության եզչափակիչում նրա խփած գնդակը հենց այն հիմքն է, որի շնորհիվ Ինիեստան այսօր այս ցուցակում է: Բայց արդյո՞ք դա բավական է տարվա լավագույն ֆուտբոլիստ դառնալու համար: Շարժվելով այդ տրամաբանությամբ՝ լավագույնների մեջ կարող էին լինել նաև Պույոլը կամ Պիկեն, եթե միայն դառնային հաղթական գոլի հեղինակ: Համաձայնեք, որ նրանք նույնպես անցկացրին փայլուն մրցաշրջան և պակաս արժանի չէին տիտղոսներ նվաճելուն: Բացի այդ, Ինիեստան չէր խաղում գրեթե մինչև մայիս, իսկ Աշխարհի առաջնության տարում լավագույն ֆուտբոլիստ դառնում է այն խաղացողը, ով կամ փայլատակել է Աշխարհի առաջնության ժամանակ, կամ աչքի է ընկել կայուն ելույթներով ամբողջ տարվա ընթացքում: Եվ ինչքան էլ շատ լրատվամիջոցներ նշեն, որ տարվա լավագույն ֆուտբոլիստի անունը Անդրես Ինիեստա է, ես դրա հետ համաձայն չեմ, մանավանդ, որ կա մեկը, ով համապատասխանում է վերը նշված չափանիշներին….

Չավին

Եվ այսպես, տարվա լավագույն ֆուտբոլիստը, անկասկած Չավին է: Չավին երկար ճանապարհ է անցել այսօրվան հանսելու համար:Չավին հայտնվել է “Բարսելոնայում” այն ժամանակ, երբ թիմի ներկայիս մոլի ֆաների մեծ մասը նույնիսկ չգիտեին այդ թիմի գոյության մասին: Չավին հենց ինքը “Բարսելոնան” է՝ ռոմանտիկ, կրակոտ, նրբագեղ: Նա խաղում է այնպիսի դիրքում, որտեղ աչքի ընկնելու համար առանձնահատուկ շնորհ է պետք: Չավին օժտված է դրանով: Հարցրեք ֆուտբոլից իրապես հասկացող ցանկացած մարդու, թե ով է ավելի կարևոր խաղացող “Բարսելոնայի” համար, Մեսսի՞ն, թե Չավի՞ն.:Պատասխանը միանշանակ կլինի  վերջինիս օգտին: Նա թիմի ամեն ինչն է, անվանեք դա ողնաշար, արյունատար խողովակ, կամ մեկ այլ բան, առանց որի չի կարող գոյատևել ոչ մի կենդանի օրգանիզմ:  Նրա փոխանցումները արվեստի իսկական գլուխգործոցներ են: Դրանք նման են սիրած աղջկա հետ հանդիպումներին, որոնց միշտ սպասում ես, բայց ամեն անգամ  նոր զգացողություններ  ստանում դրանցից, որոնցով  հիանում ես, բայց բառերով նկարագրել դժվարանում : Չավին իսկական դիրիժոր է, ֆուտբոլային մաեստրո, բոլոր խաղընկերներին հազարավոր թելերով միմյանց կապող-համակցող: Չավին  այդ ֆանտաստիկ հատկանիշներով աչքի ընկավ նաև Իսպանիայի հավաքականում՝ դառնալով Աշխարհի չեմպիոն: Եթե մի ֆուտբոլիստ ամբողջ տարվա ընթացքում աչքի է ընկել կայուն ելույթներով, եղել աշխարհի լավագույն թիմերից մեկի իսկական առաջատարը, իսկ այնուհետև նպաստել նաև իր երկրի ազգային հավաքականի՝ ֆուտբոլային օլիմպոսը նվաճելուն, ապա  այն խաղացողը,  ով պետք է դառնա տարվա լավագույն ֆուտբոլիստ, հենց ինքն է՝ Չավին:

«Բարսա» – «Ռեալ»` 5:0

Ի սկզբանե մտահղանալով ֆուտբոլի մասին սեփական բլոգ ունենալու գաղափարը` նպատակ ունեի խոսել առավելապես հայկական ֆուտբոլի մասին, անդրադառնալ մեր ֆուտբոլային կյանքում տեղի ունեցող իրադարձություններին: Ասեմ, որ նպատակները չեն փոխվել, պարզապես երեկ տեղի ունեցավ այնպիսի իրադարձություն, որի մասին չխոսել ուղղակի անհնար է:Ոչ ոք չի կարող անտարբեր անցնել համաշխարհային ֆուտբոլի թիվ 1 դիմակայության կողքով:
Չեմ կարծում, թե կարիք կա մոտենալ այս խաղին, որպես սովորական իրադարձություն և ուղղակի մեկ-մեկ թվարկել խաղային դրվագներն ըստ իրենց հերթականության: Սուպերկլասսիկոն ֆուտբոլային սովորական հակամարտություն չէ, այն ավելին է, քան ֆուտբոլ, դա տարբեր փիլիսոփայությունների, տարբեր գաղափարախոսությունների, պարզ ու հասարակ  գաղափարները կյանքի կոչելու տարբեր ձևերի հակամարտություն է: Ասել, որ “Բարսելոնան” ջախջախեց “Ռեալին”, կնշանակի ոչինչ չասել: Խաղի հաշիվն առանց այն էլ դրա անմիջական վկայությունն է: Ավելի լավ է փորձենք հասկանալ այդ ամենի պատճառները` դրանք արտահայտելով խորհրդանշական 5 կետերով:

5 թիվն ընդհանրապես գերակայող դերակատարություն ուներ երկու թիմերի ներկայիս հակամարտության մեջ: 5 անգամ անընդմեջ “Բարսան” հաղթեց “Ռեալին” “սուպերկլասսիկոյում”, նույնպիսի հաջողության հասավ նաև կապտանռնագույնների գլխավոր մարզիչ Խոսեպ Գուարդյոլան, վերջիվերջո չմոռանանք նաև երեկ գրանցված 5 գոլերի մասին: Եվ այսպես, ուղղամիտ մարդիկ կնշեն, որ “Ռեալի” պարտության 5 պատճառները “Բարսայի” խփած 5 գոլերն են, իսկ մենք, ի հեճուկս նրանց պարզամտության,  կփորձենք հասկանալ “Բարսայի” էյֆորիայի և “Ռեալի” կատարյալ ֆիասկոյի 5 պատճառները:

1.Անփորձ Մոուրինյոն

Առաջին հայացքից վերը նշված արտահայտությունը կարող է թյուրիմացության մեջ գցել շատերին: Մարդիկ կշտապեն հակադարձել ինձ` նշելով, որ երբ Մոուրինյոն սկսել էր իր մարզչական կարիերան, ընդ որում հենց “Բարսայում”, Պեպը դեռ շարունակում էր խաղացողի իր կարիերան: Բացի այդ Ժոզեն չեմպիոն է դարձել 3 տարբեր երկրներում, 2 անգամ տարբեր թիմերի հետ հաղթել Չեմպիոնների լիգայում, մինչդեռ Գուարդյոլային դա հաջողվել է ընդամենը մեկ անգամ: Այս ամենը, անկասկած անհերքելի ճշմարտություն է, սակայն այստեղ կա մեկ, բայց շատ ակնհայտ առարկում: “Սուպերկլասսիկոն” ինքն իրենով առանձին մրցախաղ է, այն կարծես չի տեղավորվում առաջնության շրջանակներում, այն խաղերի խաղն է, եզրափակիչների եզրափակիչը: Այն նման է թանկարժեք կոնյակի, մեկ անգամ համտեսողը ուզում է անել դա նաև 2-րդ անգամ և երբեք չի մոռանում նրա համը: Որքան շատ ես խմում, այնքան ավելի լավ ես հասկանում խմելու ճիշտ ձևը: Այս` առաջին հայացքից կենցաղային օրինակը առավելագույնս է արտացոլում այն, ինչ կարող է տալ ցանկացած մարզչի կամ ֆուտբոլիստի  մասնակցությունը “սուպերկլասսիկոյին” : Այո, Մոուրինյոն, բազմիցս հաղթել է “Բարսային” և “Չելսիի” , և “Ինտերի” հետ, բայց հենց “սուպերկլասսիկոյում” սա նրա առաջին փորձն էր: Ամբողջ խաղի ընթացքում ֆուտբոլասերները տեսան դրա հետևանքները խաղադաշտում, իսկ խաղավերջում` նաև լուսատախտակի վրա : “Յուրահատուկը” ուղղակի չգիտեր, թե ինչ էր պետք  անել, նա ինքն իրեն պարզապես նման չէր: Մշտապես վստահ, գաղափարներով լի, իր խանդավառությամբ իր թիմերին վարակող մարզչից հետք անգամ չէր մնացել: Եթե սկզբում և նույնիսկ 2-0-ի ժամանակ Մոուրինյոն, ինչպես միշտ գրառումներ էր անում, ապա 2-րդ խաղակեսում նա ուղղակի անշարժ հետևում էր, թե ինչպես է կապտանռնագույն հարիչը ծեփում “սերուցքայիններին” եռացող “Կամպ Նոու”-ի պատերին: Մոուրինյոն անընդունակ գտնվեց որևէ կերպ միջամտել իր սաների դաժան ջարդին: Նրա կատարած փոփոխություններն ավելի նման էին արագահոս ջրի մեջ խեղդվող մարդու` փրկվելու անհույս փորձերին, քան աշխարհի լավագույն մարզչի հմուտ միջամտության: Եվ այսպես, առաջին պատճառը “սուպերկլասսիկոներում” Մոուրինյոյի անփորձությունն էր: Եթե նախորդ բոլոր խաղերում, անկախ գեղագիտական որակից, պարզ էր, թե ինչ ֆուտբոլ են խաղում Մոուրինյոյի թիմերը, ապա երեկ դա ուղղակի անհասկանալի էր:
2. “Բարսան“` որպես անխափան մեխանիզմ:

Թվում է, թե առաջին կետի մեջ ամբողջովին ամփոփված են այն պատճառները, որոնք հիմք հանդիսացան երեկվա “եղեռնի” համար, բայց ես այդպես չեմ կարծում: Հիմնական պատճառներից մեկը կայանում էր նրանում, որ երեկ խաղադաշտ էր դուրս եկել մի կողմից թիմ, որը հստակ գիտեր իր անելիքը, որի կորիզը կազմող ֆուտբոլիստները առաջին տարին չէ, ինչ խաղում են միասին, և փակ աչքերով հասկանում են միմյանց մտահղացումները, մյուս կողմից՝ մի խումբ շատ տաղանդավոր խաղացողներ, որոնք, սակայն, պահեցին իրենց այնպես, ինչպես փոքր երեխան առաջին անգամ հրավառություն տեսնելիս. մի քիչ վախեցած, մի քիչ էլ զարմացած: Սակայն կա հստակ տարբերություն, երեկ սպիտակ մարզահագուստով հանդես եկած խաղացողներից և ոչ մեկը, ի տարբերություն երեխայի, երբեք չի ուզի կրկին ականատես լինել այդ հրավառությանը: Ինչևէ, “Ռեալը” իրոք նոր թիմ է, գտնվում է կայացման փուլում և ինչպես Մոուրինյոն է սիրում նշել, իր թիմերը հաջողության են հասնում իր մարզչական գործունեության միայն 2-րդ տարում, բայց “Ռեալը” այն կարգի թիմ է, որ երկրպագուները ցանկանում են արդյունք հիմա և այստեղ: Բարսելոնյան խաղը երեկ եթե կատարյալ էր չէր, ապա շատ մոտ էր դրան: Խաղի ընթացքում չզլացա և մի քանի անգամ հաշվեցի, թե քանի անգամ անընդմեջ էին “Բարսայի” խաղացողները գնդակը փոխանցում միմյանց: Հավատացնում եմ, որ այդ կարգի ցուցանիշ այս կարգի թիմերի մրցավեճում հաճախ չի հանդիպում: “Բարսան” խաղում էր կարծես առաց մրցակցին նկատելու, ինչպես հոլիվուդյան ֆիլմի հերոսներն են իրենց մեքենայով անցնում ցանկացած խոչընդոտի վրայով ու միջով, իսկ  “Ռեալի” խաղացողները նմանվում էին մարզման ժամանակ դաշտում տեղակայված “ֆիշկաների”, որոնց չդիպչելուց զատ “Բարսայի” խաղացողներն ունեին նաև “Ռեալի” դարպասը ժամանակ առ ժամանակ գրավելու խնդիր:

3. Համակարգային տարբերությունները

“Բարսան” չէր կարող գործել արտասահմանյան լավագույն մեքենայի անվտանգությամբ և արագությամբ, եթե չլիներ այն, ինչ հանդիսանում է երեկ տեղի ունեցած դեպքերի 3-րդ պատճառը: “Բարսելոնան”, որպես համակարգ ավելի կայուն է, ավելի կայացած, ավելի հզոր և հեռանկարային, քան “Ռեալը”: Միայն երեկ “Բարսայի” կազմում հանդես էր գալիս թիմի 8 սան(Վալդես, Պույոլ, Պիկե, Չավի, Ինյեստա, Բուսկետս, Մեսսի, Պեդրո ): Սա ժամանակակից ֆուտբոլում արտասովոր երևույթ է, եթե նկատի ունենանք մեծ ակումբները և նրանց ներկայիս ֆինանսական հնարավորությունները: Յուրաքանչյուր խաղացող, անցնելով պատանեկան թիմից 2-րդ իսկ այնտեղից էլ` հիմնական թիմ, հստակ գիտի, թե իրենից ինչ է պահանջվում, ինչպես պետք է խաղալ այս կամ այն դրվագում, խաղային փիլիսոփայությունը ֆուտբոլիստները յուրացնում են դեռևս դպրոցում և կատարելագործում` հանդես գալով գլխավոր թիմում: Ի հակադրություն դրան, “Ռեալում” ամեն տարի փոխվում է թիմի կազմը, հրավիրվում են արդեն կայացած աստղեր, որոնք “Ռեալում” չեն կարողանում հանդես գալ իրենց նախկին մակարդակի վրա: Նրանցից շատերը դրանից հետո տեղափոխվում են կարգով ավելի ցածր թիմեր և միայն բախտավորներն են դառնում այլ թիմերի առաջատարներ: Իսկ ով կարող է ասել, թե քանի՞ “կանտերանո” է խաղում “Ռեալի” հիմնական կազմում հիմա, կամ քանիսն են խաղացել վերջին տարիներին: Հաճելի բացառություն է միայն Իկեր Կասիլյասը, իսկ Ալվարո Արբելոան, համաձայնվեք, ներկայիս մակարդակին հասել է` խաղալով այլ թիմերում: Պավոն, Մինյամբրես, Խուանֆրան, Հայմե, Ռաուլ Բրավո, Մեխյա, Պորտիլյո….. Որտեղ են այս խաղացողները, գիտեն, թերևս, միայն նրանց հարազատները: Արդեն մեկ տասնամյակից ավելի է, ինչ “Ռեալում” չի հայտնվում տաղանդավոր սեփական խաղացող: Նույնսիկ թիմի լեգենդ Ռաուլը մինչև 15 տարեկան հանդես էր գալիս “Ատլետիկոյի” կազմում: Եվ այսպես, ակնհայտ է, որ “Բարսայի” ուժը նրա միասնականության, նույնաոճ խաղացողների պատրաստման և աճեցման, զարգացման ավանդական գիծը պահպանելու մեջ է, մինչդեռ “Ռեալի” ղեկավարության որդեգրած ներկայիս քաղաքականության պայմաններում թիմի լավագույն ցուցանիշը այդպես էլ կմնա “Լևանտեի” և “Սարագոսայի” կարգի թիմերի նկատմամբ տարած տպավորիչ հաղթանակները:

4.”Կամպ Նոուն՝ ավելին քան 12-րդ խաղացող

Թվում է՝ ժամանակակից ֆուտբոլում սեփական խաղադաշտի գործոնը պետք է մղվեր 2-րդական պլան: Շատ դեպքերում դա իրոք այդպես է, միայն ոչ “Բարսայի” պարագայում: Իսպանիայի շատ ու շատ մարզադաշտերում “Ռեալի” խաղացողներին սուլում են, անպատվում, բայց ոչ մի տեղ “Ռեալը” չի ընդունվում այնպիսի ատելությամբ ինչպես “Կամպ Նոու”-ում:Ամեն անգամ, խաղից առաջ և խաղի ընթացքում դիտելով, թե ինչպես են տրիբունաները աջակցում “Բարսային”, մտածում ես, որ այս թիմն ուղղակի այլընտրանք չունի, քան հաղթել, սրբել-անցնել մրցակցի վրայով: Երեկվա խաղն էլ բացառություն չէր: Այնպիսի խաղացողների համար, ինչպիսիք են Օզիլը, Խեդիրան, Դի Մարիան, որոնք դեռ մի քանի ամիս առաջ հանդես էին գալիս “Նյուրնբերգի”, “Քյոլնի” կամ “Նասիոնալի” կարգի թիմերի դեմ, խաղալ “Կամպ Նոու”-ում մի նոր փորձ է, դժվարին քննության նման մի բան: Հաջողվելու դեպքում քեզ կաստվածացնեն, կմեծարեն, բայց  տապալվելու վտանգն այնուամենայնիվ ավելի մեծ է, մանավանդ եթե քննություն ընդունողն էլ օժտված է անխիղճ մարդասպանի բնազդով և առանձնակի ջերմ զգացմունքներ չի տածում ուսանողի նկատմամբ: Այո, երեկ “Ռեալի” խաղացողները նման էին վախեցած ուսանողների, ամբողջ կիսամյակի ընթացքում նրանց թվում էր, թե կատարելությամբ գիտեն առարկան և խնդիրներ չեն ունենա, բայց փորձը ցույց տվեց, որ սեփական լսարանում տնային առաջադրանքներն անելը մի բան է, իսկ կենտրոնացված քննություն հանձնելը՝ մեկ այլ: “Ռեալի” խաղացողները, անկասկած դեռ փորձ կկուտակեն, այդ թվում “Կամպ Նոու”-ում խաղալու, իսկ առայժմ միակ դեղամիջոցը ստացած կապտուկներին սառը թրջոցներ դնելն ու առարկան ավելի եռանդուն սերտելու մեջ է: Չես բարձրանա, մինչև չընկնես:

5.Մեղավորներն ու դատավորները կամ մեղավորը դատավորն է

Վերջին կետում կուզեի անդրադառնալ “Ռեալի” խաղացողների պահվածքին և մրցավար Իտուրալդե Գոնսալեսին: Ֆուտբոլում, բացի խաղային որակներից, կարևորագույն բաղադրիրներից մեկն էլ դարձել է խաղադաշտում ֆուտբոլիստների պահվածքը: Իսկական արհեստավարժները սովոր են և ընկնել ու թավալվել և բարձրանալ ու վազել, կարծես ոչինչ չէր եղել, դա ֆուտբոլի անբաժանելի մասն է: Բայց վերը նշվածները պետք է կարողանան տիրապետել իրենց: Այն, ինչ երեկ անում էին “Ռեալի” խաղացողները, ուղղակի անընդունելի էր:
Եվ այսպես, պարտության պատճառներից վերջինն ըստ իս խաղային կարգապահության պակասն էր “Ռեալի” խաղացողների մոտ: Սկզբից Կարվալյոն արմունկով հարվածեց Մեսսիի դեմքին և անպատիժ մնաց, դա երևի ոգևորեց մյուսներին,դրդեց նմանատիպ քայլերի: Այլապես ինչպես՞ բացատրել Ռոնալդուի անշնորհք պահվածքը Գուարդիոլայի, կամ Ռամոսի անմարդկային վերաբերմունքը Պույոլի ու Չավիի հանդեպ: Ոչ մի ֆուտբոլիստ իրավունք չունի հրել որևէ մարզչի այնպես, ինչպես դա արեց Ռոնալդուն երեկ, դա անթույլատրելի է, եթե նույնիսկ այդ մարզիչը գլխավորում է  քո ոխերիմ մրցակից-թիմը, կամ խաղային դրվագում ուշացնում է գնդակի հանձնումը: Իսկ Ռամոսի մասին ուղղակի չեմ էլ ուզում խոսել: Նրա փոխարեն հավաքականի խաղերին ես կգայի խաղից միայն մի քանի րոպե առաջ և ինձ հատկացված աջ եզրից ուրիշ տեղ չէի գնա: Չմոռանանք, թե քանի կատալոնացի էին խաղում աշխարհի չեմպիոն Իսպանիայի հավաքականի կազմում և հուսանք, որ նրանք օժտված են ներողամտությամբ այնպես, ինչպես ֆուտբոլային տաղանդով:
Ինչ վերաբերում է մրցավարին, ապա ես, ի տարբերություն իսպանական կենտրոնամետ թերթերի, հակված չեմ կարծել, որ մրցավարը ձախողեց հանդիպումը:Ընդհակառակը, մրցավարը կարողացավ, անկախ իր որոշ թերացումների, ընդհանուր առմամբ խաղի թելը պահել իր ձեռքում: Չնշանակված 11 մետրանոցը, (եթե այն կար), կամ Վիլյայի առաջին գոլի ժամանակ խաղից դուրս վիճակի չարձանագրումը, համոզված եմ, էական ազդեցություն չունեցան խաղի ընթացքի վրա: Մրցավարներին մեղադրելը ընդհանրապես թույլերի  զբաղմունքն է, իսկ կողմնապահության որևէ դրսևորում անձամբ ես չտեսա:

Կյանքը կլասսիկոյից հետո շարունակվում է, հիմա դասեր քաղելու ժամանակն է: Եթե Բարսայից պահանջվում է չթուլացնել տեմպերը և շարունակել նույն ոճով, ապա Ռեալը խնդիր ունի աշխատելու նշված պատճառներից յուրաքանչյուրի վերացման վրա: Երբ Մոուրինյոն կզգա սուպերկլասսիկոյի և շարքային հանդիպման տարբերությոնը, երբ թիմը կներկայանա որպես անթերի համաձուլվածք, երբ ակումբում կլինեն այնպիսի խաղացողներ, որոնք փոքր տարիքից կհասկանան “Բարսելոնայի” հետ դիմակայության էությունը, երբ թիմը պատրաստ կլինի հոգեբանորեն և չի խախտի խաղային կարգապահությունը, այդ ժամանակ մենք կտեսնենք լրիվ ուրիշ սուպերկլասսիկո՝ հավասար հնարավորություններով և ֆուտբոլասերներին մինչև վերջ լարվածության մեջ պահող: