Սարգիս Հովսեփյանի անցած ճանապարհը Հայաստանի հավաքականում (1992-2012)

Տեսահոլովակում ներկայացված են Սարգիս Հովսեփյանի խաղային կարիերայի լավագույն դրվագները: Եվս մեկ անգամ վերհիշենք մեր լեգենդար ավագի անցած ճանապարհը Հայաստանի հավաքականում:

Advertisements

Մանոյանը ձախից և հավաքականի մարզիչների ևս 9 հետաքրքիր որոշում

Իտալիայի հավաքականի հետ մրցավեճում Վարդան Մինասյանը Դավիթ Մանոյանին առաջին անգամ խաղացրեց իր համար անսովոր՝ ձախ կիսապաշտպանի դիրքում: Դա ստիպեց ինձ հիշել նաև այլ դեպքեր, երբ հավաքականի մարզիչներն անսպասելիորեն հայտավորել են այս կամ այն ֆուտբոլիստին հիմնական կազմում կամ խաղացրել են իրենց համար անսովոր դիրքերում: Փորձարկումները եղել են հաջող և ոչ այնքան, բայց դրանք բոլորն էլ եղել են հետաքրքիր և անսպասելի:

 Եղիշե Մելիքյանը՝ ձախ եզրայինի դիրքում

 2003 թ. Հայաստանի հավաքականը գլխավորեց Միխայ Ստոյկիցան: Ռումինացի մասնագետի գլխավորությամբ պաշտոնական առաջին հանդիպումը Հյուսիսային Իռլանդիայի հավաքականի դեմ երևանյան մրցավեճն էր: Շատերի համար անսպասելիրեն Հայաստանի հավաքականը խաղադաշտ դուրս եկավ 3-4-2-1 դասավորությամբ: Պետք էր մի ֆուտբոլիստ, ով կկարողանար “ծածկել” ամբողջ ձախ եզրը։ Արտավազդ Քարամյանն այնքան էլ հարմար տարբերակ չէր պաշտպանությունում աշխատելու համար, բացի այդ, ստիպելով նրան վազել ամբողջ եզրով, Ստոյկիցան կտրուկ կնվազեցներ Արտավազդի արդյունավետությունն առջևի գծում: Կար նաև Աղվան Մկրտչյանի տարբերակը, ով նախորդ շրջափուլում երիտասարդական հավաքականի առաջատարներից էր և մի քանի անգամ հրավիրվել էր ազգային հավաքական: Բայց ընտրությունը կանգնեց ընդհանուր առմամբ անփորձ Եղիշե Մելիքյանի վրա, որը մինչ այդ երբեք չէր խաղացել հավաքականի հիմնական կազմում: Մելիքյանը գերազանց անցկացրեց ինչպես այդ հանդիպումը, այնպես էլ Եվրո-2004-ի ամբողջ ընտրական մրցաշարը՝ դառնալով անփոխարինելի խաղացող հավաքականի համար: Հետագայում հավաքականը կրկին վերադարձավ 4 պաշտպանով խաղիւն, իսկ Մելիքյանն էլ մոտ 5 տարի հաջողությամբ կատարեց ձախ պաշտպանի պարտականությունները:

Ալբերտ Սարգսյանը՝ ձախ եզրային  

Նույն Եվրո-2004-ի ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի հավաքականը պետք է հանդիպեր Ուկրաինայի հավաքականի հետ: Եղիշե Մելիքյանը որակազրկված էր, իսկ ձախ եզրային խաղացողի դիրքը կրկին թափուր էր մնացել: Եվ կրկին հիմնական թեկնածուն Աղվան Մկրտչյանն էր, և կրկին Ստոյկիցան զարմացրեց բոլորին իր որոշմամբ: Ռոմիկ Խաչատրյանի հետ միասին հենակետային կիսապաշտպանների զույգը կազմեց Էդուարդ Պարցիկյանը, Արթուր Ոսկանյանը տեղափոխվեց աջ, իսկ Ալբերտ Սարգսյանը՝ ձախ: Հանդիպման ընթացքը ցույց տվեց, որ Ստոյկիցան կարողացել էր նաև այս անգամ ճիշտ որոշում կայացնել։ Ալբերտ Սարգսյանն իր եզրում ակտիվ էր ամբողջ առաջին կեսի ընթացքում, իսկ 2-րդ կեսում, հենց ձախ եզրից տեղափոխվելով կենտրոն, Սարգսյանը խփեց իր՝ առանց չափազանցության լեգենդար գոլը, որը, իմ կարծիքով մինչ օրս  էլ ամենագեղեցիկն է հավաքականի պատմության մեջ: Դրանից հետո Ալբերտ Սարգսյանն այլևս չխաղաց ձախ եզրայինի դիրքում, սակայն հենց Ուկրաինայի հավաքականի հետ մրցավեճը, որում նա խաղում էր իր համար անսովոր դիրքում, մնաց Ալբերտի համար լավագույնը հավաքականի կազմում:

 Ռոբերտ Արզումանյանը հիմնական կազմում

 Աշխարհի 2006 թ. առաջնության ընտրական փուլի Անդորրայի հավաքականի հետ հանդիպումից առաջ Հայաստանի հավաքականը հայտնվել էր աննախանձելի վիճակում: Հարություն Վարդանյանն այլևս չէր հրավիրվում հավաքական: Կարեն Դոխոյանը մնացել էր միակ փորձառու կենտրոնական պաշտպանը: Այդ դժվարին իրավիճակում Հայաստանի հավաքականի այն ժամանակվա գլխավոր մարզիչ Բեռնար Կազոնին կայացրեց որոշում, որը կարելի է իրավամբ համարել պատմական և համարել միակ դրական բանը, որ Կազոնին արեց հայկական ֆուտբոլի համար: Ֆրանսիացին հիմնական կազմում խաղադաշտ դուրս բերեց 19-ամյա Ռոբերտ Արզումանյանին, որը մինչ այդ մասնակցել էր միայն Քուվեյթի հավաքականի դեմ ընկերական հանդիպմանը: Ռոբերտը հիանալի անցկացրեց ինչպես այդ, այնպես էլ հաջորդ՝ Հոլանդիայի հավաքականի հետ հանդիպումը և կարճ ժամանակում դարձավ հավաքականի առաջատար խաղացողներից մեկը: Դժվար է ասել, թե ինչպես կզարգանար Ռոբերտ Արզումանյանի կարիերան, եթե այն ժամանակ Բեռնար Կազոնին չհավատար և չվստահեր նրան:

 Կարեն Ալեքսանյանը՝ աջ պաշտպան

 Անդորրայի հավաքականի դեմ արդեն հիշատակված մրցավեճում Հայաստանի հավաքականն ուներ ևս մեկ խնդիր պաշտպանությունում: Որակազրկման պատճառով խաղին չէր կարող մասնակցել նաև Սարգիս Հովսեփյանը: Եթե կենտրոնական պաշտպանի դիրքում Կազոնին կարողացավ գտնել թեկուզ և անփորձ, բայց գոնե հաստիքային կենտրոնական պաշտպան, ապա աջ եզրում ընտրություն ուղղակի չկար: Այդուհանդերձ, հիմնական կազմում տեսնելով Կարեն Ալեքսանյանին, ավելի հեշտ էր կարծել, որ հավաքականը կխաղա 3 պաշտպանով, քան այն, որ ձախլիկ Կարեն Ալեքսանյանը կխաղա աջ պաշտպանի դիրքում: Բայց, հակառակ կանխատեսումների, հավաքականը խաղաց 4 պաշտպանով, իսկ Ալեքսանյանն էլ՝ աջ պաշտպանի դիրքում: Ալեքսանյանը վատ չխաղաց, չնայած նույնիսկ Անդորրայի կարգի հավաքականի հետ մրցավեճում երևում էր, որ ֆուտբոլիստի համար դժվար է խաղալ աշխատանքային ոտքին անհարմար եզրում: Բարեբախտաբար, հետագայում հավաքականի հիմնական պաշտպանները վերադարձան շարք, Ալեքսանյանը տեղափոխվեց իր համար սովորական՝ կենտրոնական կիսապաշտպանի դիրք, իսկ նման կարգի փորձարկում, որին դեռ կանդրադառնամ, եղավ միայն 5 տարի հետո:

 Վահագն Մինասյանը՝ հիմնական կազմում

 Եվրոպայի 2008 թ. առաջնության ընտրական փուլի առաջին 5 խաղերում, Յան Պորտերֆիլդի գլխավորությամբ, Հայաստանի հավաքականը վաստակել էր ընդամենը 1 միավոր: Ղազախստանի հավաքականի հետ խաղից առաջ անհրաժեշտ էր ինչ-որ բան փոխել հավաքականի համարյա բոլոր օղակներում: Եվ ահա, հենց այդ խաղում Պորտերֆիլդը խաղադաշտ դուրս բերեց Երևանի “Արարատի” ֆուտբոլիստ Վահագն Մինասյանին, որն այնքան էլ հայտնի չէր ֆուտբոլային լայն շրջանակներում: Ընդ որում, Մինասյանը խաղաց իր համար անսովոր՝ աջ կիսապաշտպանի դիրքում, խաղաց այնքան լավ, որ հիմնական կազմում սկսեց նաև հաջորդ հանդիպումը՝ Լեհաստանի հավաքականի հետ: Հետագայում Վահագն Մինասյանը խաղաց տարբեր դիրքերում՝ կենտրոնական պաշտպանից մինչև հենակետային կիսապաշտպան, բայց հենց Պորտերֆիլդի օրոք աջ կիսապաշտպանի դիրքում խաղալու շնորհիվ դարձավ հայտնի և մի քանի տարի շարունակ հրավիրվեց ազգային հավաքական:

 Սամվել Մելքոնյանը՝ առաջ քաշված հարձակվող

 Պորտերֆիլդի գլխավորությամբ առաջին խաղերում խայտառակ վիճակում էր ոչ միայն պաշտպանությունը, այլ նաև հարձակման գիծը: Չկար մի խաղացող, որ կկարողանար սրություն ստեղծել կամ արագություն հաղորդել գրոհներին: Հենց այդ նկատառումներից ելնելով՝ շոտլանդացի մասնագետը առաջ քաշված հարձակվողի դիրքում սկսեց օգտագործել մինչ այդ միայն աջ եզրում հանդես եկած Սամվել Մելքոնյանին: Եվ դա անմիջապես տվեց իր պտուղները: Մի շարք հանդիպումներում Մելքոնյանը իր արագության և պաշտպաններին անընդհատ պրեսինգի ենթարկելու շնորհիվ կարողացավ օգտակար լինել հավաքականին: Չնայած Մելքոնյանն այդպես էլ գոլ չխփեց հավաքականի կազմում, բայց Պորտերֆիլդի որոշումը միանգամայն արդարացված էր: Հենց կենտրոնական հարձակվողի դիրքում Մելքոնյանն անցկացրեց իր լավագույն հանդիպումները հավաքականի կազմում:

 Կառլեն Մկրտչյանը՝ աջ պաշտպան

 2008 թ. Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ նշանակվեց դանիացի Յան Պոուլսենը: Նրա գլխավորությամբ առաջին ընկերական խաղերում աջ պաշտպանի դիրքում մի քանի հանդիպում անցկացրեց նոմինալ կենտրոնական կիսապաշտպան, այն ժամանակ չափազանց անփորձ Կառլեն Մկրտչյանը: Կառլենի մեջ Պոուլսենը տեսնում էր ֆուտբոլիստի, որ կարող էր ժամանակի ընթացքում փոխարինել Սարգիս Հովսեփյանին, սակայն ժամանակը ցույց տվեց, որ դանիացի մասնագետը, մեղմ ասած, սխալվում էր Կառլեն Մկրտչյանի խաղային դիրքի հարցում: Բայց փորձարկումները չավարտվեցին: Կադրային խնդիրները պաշտպանությունում ստիպեցին արդեն երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ֆլեմինգ Սերիցլևին 2009 թ. Թուրքիայի երիտասարդական հավաքականի հետ մրցավեճում Կառլեն Մկրտչյանին խաղացնել աջ պաշտպանի դիրքում: Եվ միայն այն բանից հետո, երբ Կառլեն Մկրտչյանն անցկացրեց իր կարիերայի, թերևս, վատագույն հանդիպումը, մարզիչները “հանգիստ թողեցին” նրան՝ վերջնական տեղափոխելով հենակետային կիսապաշտպանի գոտի:

 Արտակ Եդիգարյանը՝ ձախ պաշտպան

 Եվրոպայի 2012 թ. առաջնության ընտրական փուլից առաջ հավաքականի մարզիչները հանտնվել էին բարդ խնդրի առջև: Աղվան Մկրտչյանն այլևս չէր հրավիրվում հավաքական, իսկ Լևոն Հայրապետյանը, որին դիտարկում էին որպես պաշտպանության ձախ եզրում խաղալու հիմնական թեկնածու, վնասվածք ուներ: Հենց այդպիսի հանգամանքներում մինչ այդ հիմնականում հենակետային կիսապաշտպանի և աջ պաշտպանի դիրքում խաղացած Արտակ Եդիգարյանը զբաղեցրեց ձախ պաշտպանի դիրքը: Առաջին 4-5 հանդիպումները վատ չստացվեցին, և Արտակն սկսեց դիտարկվել միմիյան որպես ձախ պաշտպան: 2011-ին Արտակը գրեթե չխաղաց հիմնական կազմում, քանի որ այդ դիրքում ամրապնդվեց Լևոն Հայրապետյանը, իսկ 2012 թ., ցավոք, չափազանց անհաջող է դասավորվում Արտակ Եդիգարյանի համար, որն այս տարի մեկը մյուսից վատ հանդիպումներ է անցկացնում հավաքականի կազմուևմ: Ակնհայտ է, որ ֆուտբոլիստը, լինելով աջլիկ, դժվարանում է խաղալ ձախ պաշտպանի դիրքում: Բայց, ինչպես և 2010-ին, Լևոն Հայրապետյանի վնասվածքը և այդ դիրքում խաղացող ավելի բարձրակարգ ֆուտբոլիստների բացակայությունը հավաքականում ստիպում են մարզիչներին հենց Արտակ Եդիգարյանին դիտարկել որպես ձախ պաշտպանի դիրքի հիմնական թեկնածու:

 Հենրիխ Մխիթարյանը՝ աջ կիսապաշտպան  

 Այս փորձարկումը, անկասկած լավագույնն ու ամենահիշարժանն է հավաքականի պատմության մեջ: Սլովակիայի հավաքականի հետ հանդիպումից առաջ անխտիր բոլորը մեղադրում էին Վարդան Մինասյանին տակտիկական միօրինակության և կազմի ընտրության հարցում պահպանողականության մեջ: Վարդան Մինասյանն էլ վերցրեց ու աջ կիսապաշտպանի դիրքում հայտավորեց Հենրիխ Մխիթարյանին: Հանդիպման ընթացքը ցույց տվեց, որ դա կարևորագույն որոշումն էր, որը մեծապես նպաստեց մեր հաղթանակին: Առաջին խաղակեսում Մխիթարյանը հիանալի կերպով օգնեց Սարգիս Հովսեփյանին պաշտպանությունում, իսկ 2-րդ խաղակեսում, երբ սլովակների գրոհների թափը նվազեց, Մխիթարյանը, անընդհատ աջից տեղափոխվելով կենտրոն, ուղղակի բզկտեց սլովակների պաշտպանությունը: Մեր 4 գոլերից 3-ը խփվեց հենց Մխիթարյանի անմիջական մասնակցությամբ: Դրանից հետո Մխիթարյանն այլևս չի խաղացել աջ կիսապաշտպանի դիրքում, բայց հետաքրքիր է, որ նրան աջից խաղացնելու փորձարկումը համընկավ Հայաստանի հավաքականի պատմության մեջ առայժմ ամենահիշարժան հաղթանակի հետ:

5 հարց Հայաստան-Իտալիա հանդիպումից հետ

Հոկտեմբերի 12-ին “Հրազդան” մարզադաշտում տեղի ունեցավ երկար սպասված Հայաստան-Իտալիա հանդիպումը: Մեկ անգամ ևս մանրամասն դիտելով խաղը՝ առանձնացրել եմ 5 հարցեր Հայաստան-Իտալիա հանդիպման վերաբերյալ, որոնք այս անգամ կքննարկենք Անդրանիկ Գրիգորյանի հետ:

1. Խոսենք թիմերի մեկնարկային կազմերի մասին

 Ա.Գ.Երկու թիմերի մարզիչներն էլ այս խաղում կիրառեցին իրենց նախասիրած սխեմաները: Եթե իտալացիների ընտրած 4-3-1-2 դասավորության պայմաններում միակ նորությունն այն էր որ Պիռլոյից ձախ խաղում էր Մարկիզիոն, իսկ աջ՝ դե Ռոսսին (սովորաբար մենք հակառակ պատկերն ենք տեսնում), ապա մեր հավաքականի կազմում հարցականներն ավելի շատ էին: Նախ, Վարդան Մինասյանը պաշտպանության եզրերը վստահեց առավել փորձառու Վալերի Ալեքսանյանին և Արտակ Եդիգարյանին, իսկ 4-2-3-1 դասավորության պայմաններում ձախ կիսապաշտպանի դիրքում խաղադաշտ դուրս եկավ Դավիթ Մանոյանը: Մինասյանը, օգտագործելով կենտրոնական կիսապաշտպանին ձախ թևում, փորձեց հակազդել իտալացիների չափազանց ուժեղ կենտրոնին, բայց արդունքում, հաշվի առնելով նաև այն, որ ձախ պաշտպանի դիրքում ևս հանդես էր գալիս այդ դիրքի ոչ հաստիքային ֆուտբոլիստ, մեր հավաքականի ձախ թևը գրեթե իսպառ զրկվեց սրությունից:

 Հ.Կ.Համաձայն եմ, որ թիմերի ընտրած սխեմաների հարցում անակնկալներ չեղան: Պրանդելիի հրապարակած կազմից արդեն իսկ պարզ էր, որ իտալացիներն օգտագործելու են իրենց արագ եզրային պաշտպաններին, քանի որ Պրանդելին չէր կարող հաշվի առած չլիներ մեր հավաքականի ունեցած խնդիրները եզրերում: Արտակ Եդիգարյանը, որը, անկասկած, տաղանդավոր ֆուտբոլիստ է, հերթական անգամ շատ վատ հանդիպում անցկացրեց. անընդհատ սխալվում էր գրոհից դուրս գալիս, հաճախակի զիջում էր դիրքը: Հստակ զգացվում է, որ  Արտակի համար շատ դժվար է խաղալ ձախ եզրում: Ինչ վերաբերում է Մանոյանին, ապա վերջինս, նախորդ խաղերի համեմատ, առավել շատ էր ներգրավված խաղի մեջ, դերակատարություն ունեցավ մեր խփած գոլի մեջ, ունեցավ նաև գոլ խփելու հնարավորություն, սակայն ընդհանուր առմամբ ձախ եզրային կիսապաշտպանի դիրքում նրա ՕԳԳ-ն այնքան էլ բարձր չէր:

 2.Որո՞նք էին Հայաստանի հավաքականի խաղում հիմնական թերությունները

 Ա. Գ. Կարծում եմ՝ նախ և առաջ մեր թիմի մոտ չստացվեց համակարգված խաղը պաշտպանությունում: Մասնավորապես, իտալացիների խփած առաջին գոլի դրվագում մեր պաշտպանությունն ամբողջովին ձախողվեց: Նախ, մերոնք աջ եզրում չկարողացան խանգարել Մոնտոլիվոյին գրոհի շարունակության օպտիմալ տարբերակ ընտրելու հարցում, այնուհետև Կառլեն Մկրտչյանն ու Ռոբերտ Արզումանյանը չկարողացան հետևել Ջիովինկոյի հնարամիտ տեղաշարժին, իսկ Օզբիլիսն ու Ալեքսանյանն էլ թույլ տվեցին Կրիշիտոյին ճեղքել մեր պաշտպանությունն ու փոխանցում կատարել տուգանային հրապարակ ներխուժած Մոնտոլիվոյին: Ակնհայտ էր նաև, որ մեր պաշտպաններն այնքան էլ սովոր չեն բարձր գծերով պաշտպանության խաղին և այս պարագայում չեն կարողանում հետևել կենտրոնից տուգանային հրապարակ ներխուժող մրցակցի կիսապաշտպաններին: Այս երևույթը հստակ կերպով դրսևորվեց երկրորդ գոլի ժամանակ: Մեր տղաներն այս խաղում մեծ դժվարությունների էին հանդիպում նաև գրոհ սկսելիս, այն էլ այն պարագայում, որ իտալացիները աչքի չէին ընկնում ուժեղ պրեսինգով: Եղան բազմաթիվ դրվագներ, երբ մերոնք գրոհի մեկնարկային փուլում մի շարք ավելորդ փոխանցումներ կատարելուց հետո կորցնում էին գնդակը: Սրա հիմնական պատճառը, անշուշտ, կառուցողական ոճի կենտրոնական կիսապաշտպանի բացակայությունն է մեր թիմում:

 Հ.Կ. Իսկապես, եթե նախորդ մրցակիցների հետ խաղերում պաշտպանությունը համեմատաբար վատ հադես չեկավ, ապա Իտալիայի կարգի հավաքականի հետ խաղում հստակ երևացին այն թերությունները, որոնք առկա են մեր պաշտպանությունում: Բացի քո կողմից նշված թերություններից, ես կնշեի նաև պաշտպանության տարրերայնությունը: Այնպիսի դրվագներում, երբ պետք էր պարզապես հեռացնել գնդակը, մեր պաշտպանները փորձում էին ծածկել այն մարմնով, ինչպես օրինակ Արտակ Եդիգարյանն առաջին խաղակեսում, կամ ամեն գնով փոխանցումով դուրս գալ պաշտպանությունից, ինչը մեծամասամբ հանգեցնում էր գնդակի անտեղի կորստի: Կառուցողական ոճի կենտրոնական կիսապաշտպանի բացակայության պարագայում մեր թիմը շատ հաճախ փորձում էր գրոհները կազմակերպել եզրերով, սակայն թե Ալեքսանյանը, թե Արտակ Եդիգարյանը այնքան էլ մեծ հաջողությամբ չէին կարողանում աջակցել գրոհներին: Իրենց հերթին, Օզբիլիսն ու Մանոյանը շատ հաճախ ուշանում էին մրցակցի հակագրոհների ժամանակ, ինչը բազմաթիվ բաց տարածություններ էր տրամադրում իտալացիներին: Եվ վերջապես, ստանդարտները. հավաքականն այդպես էլ չսովորեց հմտորեն օգտագործել սեփական ստանդարտները և նորմալ կերպով պաշտպանվել մրցակցի ստանդարտների ժամանակ: Միակ վտանգավոր հարվածը ստանդարտից Օզբիլիսի փորձն էր առաջին խաղակեսում, իսկ անկյունայինները, ինչպես միշտ, իրենց մեջ ոչ մի վտանգ չէին պարունակում: Փոխարենը, իտալացիները հմտորեն օգտագործեցին ստանդարտները և կարողացան հասնել հաջողության: Նախորդ շրջափուլի համեմատ կաղում է նաև թիմային կարգապահությունը, մեր ֆուտբոլիստները շատ են գնում անտեղի խախտումների, ինչի պատճառով ևս 3 առանցքային խաղացողներ բաց կթողնեն հավաքականի հաջորդ հանդիպումը

 3.Որո՞նք էին դրական կողմերը Հայաստանի հավաքականի խաղում:

 Ա.Գ.Խաղալով այդքան բարձրակարգ պաշտպանների և կիսապաշտպանների դեմ՝ մեր տղաները կարողացան բավականաչափ պահեր ստեղծել մրցակցի դարպասի մոտ: Սա հիմնականում գրոհի ավարտական փուլում հայ ֆուտբոլիստների ցուցաբերած հնարամիտ ու արագ խաղի, ինչպես նաև  իտալացիների պաշտպանության և կիսապաշտպանության միջև հաճախակի  խզվածության հետևանք էր: Սակայն մեր տղաների մոտ, ինչպես միշտ, կաղում էր գոլային պահերի իրացումը: Այս խաղում հայ ֆուտբոլիստներն աչքի ընկան անհատական մենապայքարներում հաղթող դուրս գալու իրենց ունակությամբ, ինչը, բնականաբար, շատ կարևոր է նման մրցակցի դեմ խաղերում:

 Հ.Կ.Անկախ վերջնական հաշվից, գովելի է, որ մեր ֆուտբոլիստները կարողացան այդքան վտանգավոր պահեր ստեղծել մրցակցի դարպասի մոտ: Ընդհանրապես, առաջին խաղակեսի վերջին 15 և երկրորդ խաղակեսի առաջին 15 րոպեներին մեր հավաքականը նույնիսկ տիրում էր նախաձեռնությանը, և եթե մի փոքր ավելի հաջողակ լիներ մրցակցի դարպասի մոտ, կարող էր և առաջ անցնել հաշվի մեջ: Դրական էր նաև այն ցանկությունը, որ երեկ նկատվեց մեր ֆուտբոլիստների մոտ: Դրվագներով Հայաստանի հավաքականի խաղը նմանվում էր անցած շրջափուլում մեր ընտրանու ունեցած խաղին: Որպես հարաբերական նորամուծություն, կնշեի նաև բազմաթիվ դրվագներում արհեստական խաղից դուրս վիճակի հմուտ կիրառումը: Բնականաբար, այն կապված է մեծ ռիսկի հետ, սակայն, հաշվի առնելով այն, որ իտալացիները անընդհատ հեռվից գնդակը հասցեագրում էին տուգանային հրապարակ, այն հնարավորություն տվեց մի շարք դրվագներում խուսափել տհաճություններից

 4.Խաղի վրա ի՞նչ ազդեցություն ունեցան 2 թիմերի մարզիչների կատարած փոփոխությունները

 Հ.Կ.Ցավոք, Վարդան Մինասյանի կատարած փոփոխությունները չտվեցին սպասված արդյունքը: Միանշանական հիմնավորված էր Արթուր Եդիգարյանին փոխարինելը, քանի որ վերջինս արդեն մեկ զգուշացում ուներ, իսկ այդպիսի նյարդային խաղի պարագայում մեծ էր երկրորդը ստանալու վտանգը: Սակայն, ցավոք, Մանուչարյանը, երկար ժամանակ չունենալով կանոնավոր խաղային պրակտիկա, չկարողացավ օգտակար լինել հավաքականին: Ճիշտ էր նաև Սարկիսովին Մանոյանի փոխարեն խաղադաշտ դուրս բերելը, բայց այս անգամ Սարկիսովը ևս չկարողացավ սրել խաղը, իսկ կիսապաշտպանության կենտրոնի թուլացումը նպաստեց իտալացիների՝ էլ ավելի ազատ գործելուն: Ինչ վերաբերում է իտալացիներին, ապա Ջիովինկոյի փոխարեն խաղադաշտ մտած Էլ-Շաարավին այնքան էլ ակտիվ չէր, սակայն այդ փոփոխությունը հնարավորություն տվեց թարմություն մտցնել հարձակման մեջ: Պիռլոյին փոխարինելով Ջիակերինիով՝ Պրանդելին կարողացավ փոխել ինչպես խաղի տեմպը, այնպես էլ դասավորությունը խաղադաշտում: Մոնտոլիվոն նահանջեց ավելի հետ՝ Պիռլոյի դիրքը, Դե Ռոսսին սկսեց խաղալ մի փոքր ավելի առաջ, իսկ Ջիակերինին անսպասելիորեն զբաղեցրեց տրեկվարտիստայի դիքրը: Առաջին հայացքից անսպասելի այդ որոշման շնորհիվ, Ջիակերինին, որ այդ դիրքում խաղալու առանձնակի փորձ չունի, կարողացավ արագություն և անսպասելիության գործոն մտցնել  իտալացիների գրոհների մեջ: Ինչ վերաբերում է Կանդրևային, ապա նա չափազանց քիչ ժամանակ անցկացրեց, ուստի դժվար է միանշանակ գնահատական տալ նրա գործողութուններին

 Ա.Գ. Իմ կարծիքով ևս Մինասյանի կատարած փոփոխությունները չհասան իրենց նպատակին: Մյուս կողմից, կադրային այսպիսի լուրջ խնդիրների պարագայում դժվար էր գտնել խաղադաշտում եղած ֆուտբոլիստներին համարժեք փոխարինողներ: Դժվար է նաև ենթադրել, թե ինչպես կներգրավվեին խաղի մեջ մեր թիմի համեմատաբար երիտասարդ ֆուտբոլիստները: Իսկ կապված մարտավարության հետ նշեմ, որ Սարկիսովի դուրս գալով մեր հավաքականն անցավ ավելի հարձակվողական՝ 4-4-2-ի, սակայն, ցավոք, մեր թիմի մոտ չստացվեց հարձակման և կիսապաշտպանության միջև կապակցված խաղը, ինչի հետևանքով խաղավերջում մեր թիմն ուղղակի անցավ հախուռն գրոհների:

 5.Ովքե՞ր էին հանդիպման առանցքային ֆուտբոլիստները երկու թիմերի կազմում :

Ա.Գ. Իտալացիների կազմում խաղի առանցքային ֆուտբոլիստն իմ կարծիքով Ռիկարդո Մոնտոլիվոն էր: Անշուշտ երբ 4-3-1-2 դասավորությամբ խաղացող թիմը հանդիպում է 4-2-3-1 սխեմայով խաղացող թիմի հետ, տրեկվարտիստայի դիրքում հանդես եկող ֆուտբոլիստն ապրիորի ավելի շատ ազատություն է ստանում:  Ի պատիվ “Միլանի” ֆուտբոլիստի, նա կարողացավ փայլուն օգտագործել այս գործոնը՝ աչքի ընկնելով ինչպես մեծ ծավալի աշխատանքով, այնպես էլ բարձր ՕԳԳ-ով: Մեր տղաներից հատկապես փայլեցին Հենրիխ Մխիթարյանը և Կառլեն Մկրտչյանը, որի վրա կցանկանայի առանձնահատուկ կենտրոնանալ: Կառլենի ներկայությունը և էներգիան հերթական անգամ վճռորոշ էին մեր ընտրանու խաղում ինչպես պաշտպանվելիս, այնպես էլ հարձակվելիս: Պարզապես հիանալի է, թե ինչ բարձր մակարդակի ֆուտբոլ է  խաղում Կառլեն Մկրտչյանը հատկապես բարձրակարգ թիմերի դեմ խաղերում:

 Հ.Կ.Իրոք, Մոնտոլիվոն վճռական դերակատարում ունեցավ այս խաղում, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ Պիռլոն անընդհատ ենթարկվում էր լուրջ պրեսսինգի: Մոնտոլիվոն, հարձակման ամբողջ լայնությամբ շարժվելով, կարողանում էր ինչպես ազատ տարածություններ ստեղծել խաղընկերների համար, այնպես էլ անձամբ հայտնվել նպաստավոր դիրքերոմ: Հենց նա վաստակեց 11 մետրանոցն իր թիմի համար: Բնականաբառ դժվար է անտեսել Անդրեա Պիռլոյի դերը, որը հստակորեն իրացրեց 11 մետրանոցը, ինչպես նաև դարձավ գոլային փոխանցման հեղինակ: Իր հաշվին գոլ+գոլային փոխանցում գրանցեց նաև Դե ռոսսին, որը նույնպես հոյակապ խաղ անցկացրեց:

Մեր թիմի կազմում փայլուն հանդիպում անցկացրեց Կառլեն Մկրտչյանը, այն  եզակի խաղացողներից մեկը մեր հավաքականում, ով ոչ միայն կարողանում է հաջողությամբ խափանել մրցակցի գրոհները, այլև վաստակել տուգանայիններ: Կարծում եմ՝ հեռու չի այն օրը, երբ Կառլենին կտեսնենք նաև ավելի բարձրակարգ ակումբում: Ուղղակի ֆանտաստիկ հանդիպում անցկացրեց Հենրիխ Մխիթարյանը: Նա ամենուրեք էր, թե գրոհը սկսելիս, թե հարձակման սուր ծայրին, թե եզրերում՝ խաղընկերներին հարվածի դուրս բերելիս, իսկ նրա խփած գոլը բաձր վարպետության արդյունք էր: Իմ խորին համոզմամբ, չնայած մեր հավաքականի կրած պարտությանը, Մխիթարյանը, ընդհանրապես, հանդիպման լավագույն խաղացողն էր:

Հայաստան-Իտալիա. նախախաղային մտորումներ

Վաղը՝ հոկտեմբերի 12-ին, “Հրազդան” մարզադաշտում տեղի կունենա Հայաստան-Իտալիա երկար սպասված հանդիպումը: Հայկական և իտալական գրեթե բոլոր մարզական կայքերն արդեն ներկայացրել են թիմերի նախնական կազմերի իրենց տարբերակները՝ հիմնվելով տարբեր հանգամանքների վրա: Եթե իտալացիները ունեն մի քանի խաղային սխեմաներ, որոնք խաղի ընթացքում կարող են ենթարկվել բազմաթիվ փոփոխությունների, ապա մեր պարագայում միակ սխեման, որն ապացուցել է իր կենսունակությունը 4-2-3-1-ն է: Հետևաբար, փոխել այն կարևորագույն խաղից առաջ ոչ միայն անիմաստ է, այլև վտանգավոր:

Անկեղծ ասած, այս եզրակացությանը հանգել եմ միայն վերջին օրերին՝ խոսելով նաև ֆուտբոլային տարբեր փորձագետների հետ, իսկ դրանից առաջ կարծում էի, որ ավելի նպատակահարմար կլինի խաղալ 4-3-2-1 դասավորությամբ, այսինքն 2 հենակետայինների կողքին խաղացնել Դավիթ Մանոյանին, Արասն ու Մխիթարյանը՝ ինսայդների դիրքում, իսկ Յուրա Մովսիսյանը՝ որպես առաջ քաշված հարձակվող: Սա հնարավորություն կտար կենտրոնում ունենալ ևս մեկ խաղացող, ով, առաջինը ստանալով գնդակը պաշտպաններից կփորձեր արագություն հաղորդել մեր գրոհներին: Առաջին 2 խաղերը ցույց տվեցին, որ հավաքականը հատկապես թերանում է հենց պաշտպանությունից հարձակմանը արագ անցնելու մեջ: Սակայն սա իր մեջ պարունակում է մի քանի լուրջ վտանգներ:

Նախ, սրանով թուլանում են մեր՝ առանց այդ էլ թույլ եզրերը, քանի որ հստակ եզրային խաղացողների բացակայության պարագայում եզրային պաշտպաններին օգնելու ֆունկցիան իրենց վրա պետք է վերցնեն հենակետայինները: Իսկ դա նշանակում է լրացուցիչ տեղաշարժ և իտալացիների հզոր կենտրոնին ավելի շատ ազատություն տալու վտանգ: Երկրորդ, Պրանդելին, հրավիրելով Կրիշիտիոյին, կարծես ակնարկեց, որ այս անգամ նախապատվությունը տալու է 4 պաշտպաններով խաղին, որոնցից 2 եզրայինները՝ Կրիշիտոն ու Մաջիոն, չափազանց արագ են, անընդհատ միանում են գրոհներին և թեկուզ հենց նրանց ինչ-որ ձև կանգնեցնելու համար պետք է լինեն խաղացողներ, որոնք կզբաղվեն հենց եզրային խաղացողի ֆունկցիաներին իրականացնելով: Եվ երրորդ, “Յուվենթուս”-Շախտյոր” հանդիպման ժամանակ Հենրիխ Մխիթարյանը գերազանց կատարեց իր վրա դրված պարտականությունը՝ անընդհատ պրեսինգի ենթարկել Անդրեա Պիռլոյին և խանգարել նրան կատարել առաջին փոխանցումը, իսկ, խաղալով կենտրոնից աջ կամ ձախ, Հենոն նույնպես ստիպված է լինելու լրացուցիչ էներգիա վատնել Պիռլոյին իտալացիների գրոհների սկզբնակետում չեզոքացնելու համար: Ստացվում է, որ արդեն իսկ փորձված և համեմատաբար հաջող կիրառություն ստացած 4-2-3-1 տարբերակը գրեթե այլընտրանք չունի:

Բայց այս պարագայում էլ կան հարցեր, որոնք բաց են մնում։ Ովքե՞ր կզբաղեցնեն բացակայող ֆուտբոլիստների տեղը դաշտում: Միանգամից ասեմ, որ հաստատապես հիմնական կազմում չեն լինի Արթուր Յուսպաշյանը, Զավեն Բադոյանը, Տարոն Ոսկանյանը և Կարեն Մուրադյանը, ինչպես նաև դարպասապահներ Գևորգ Կասպարովն ու Արթուր Հարությունյանը: Առաջին երկուսից միանշանակ ավելի ուժեղ ֆուտբոլստներ կան իրենց դիրքերում, մյուս երկուսի համար հավաքականի հրավերն ավելի շատ ավանս է ապագայի համար, իսկ դարպասապահներն առողջ Բերեզովսկու առկայությամբ բնականաբար չեն կարող հիմնական կազմում խաղալու հույս ունենալ: Մնացած բոլոր խաղացողները կարող են հենց առաջին րոպեներից խաղադաշտ դուրս գալու շանս ստանալ: Չնայած, որ համակարգային տեսակետից շատ ավելի հարմար են Կամո Հովհաննիսյանի և Հովհաննես Համբարձումյանի թեկնածությունները, որոնք կարողանում են նաև հաջողությամբ միանալ գրոհներին, բայց այսպիսի պատասխանատու խաղում նրանց միանգամից մարտի նետելը կապված է մեծ ռիսկի հետ: Ուստի ամենայն հավանականությամբ, աջ պաշտպանի դիրքում կխաղա Վալերի Ալեքսանյանը, իսկ ձախ պաշտպանի՝ Արտակ Եդիգարյանը: Առաջինը, չնայած հավաքականում հիմնականում հանդես է եկել կենտրոնական պաշտպանի դիրքում, բայց իր ակումբում խաղում է հենց աջից, իսկ երկրորդն էլ, չնայած վերջին խաղերում ոչ այնքան հաջող ելույթներին, ամենափորձառուն է հավաքական հրավիրված բոլոր եզրային պաշտպաններից: Կենտրոնական պաշտպանների զույգը կկազմեն Ռոբերտ Արզումանյանն ու Հրայր Մկոյանը, իսկ հենակետաին կիսապաշտպաններինը՝ Կառլեն Մկրտչյանը և Արթուր Եդիգարյանը:

Եթե համարենք, որ Արաս Օզբիլիսը կխաղա աջից, Հենրիխ Մխիթարյանը՝ կենտրոնում իսկ Յուրա Մովսիսյանը՝ հարձակման սուր ծայրին, ապա միակ հարցականը մնում է ձախ կիսապաշտպանի դիրքը: Հավանաբար, Վարդան Մինասյանը ինքն էլ նկատի ուներ հենց այդ դիրքը՝ նշելով, որ չի կողմնորոշվել միայն մեկ դիրքի շուրջ: Իսկ թեկնածուները շատ են՝ Մալաքյան, Սարկիսով, Մանուչարյան: Կա նաև տարբերակ, երբ Մանոյանը կխաղա աջից, իսկ Արասը՝ ձախից, բայց Արասն արդեն ապացուցել է, որ շատ ավելի վտանգավոր է երբ խաղում է հենց աջից: Դրան հակառակ Մանոյանն իրեն շատ ավելի լավ է զգում՝ խաղալով կենտրոնում, այլ ոչ թե աջից: Մանուչարյանը շատ երկար ժամանակ ամբողջական հանդիպում չի անցկացրել, ուստի դժվար է քննարկել նրա ֆունկցիոնալ պատրաստվածության մակարդակը: Սարկիսովը շատ ավելի օգտակար է փոխարինման դուրս գալիս, երբ նա մրցակցի պաշտպանների հոգնածության ֆոնի վրա կարողանում է օգտագործել իր արագությունը: Մնում է միայն Մալաքյանի թեկնածությունը: Վերջինս նույնպես իր լավագույն մարզավիճակոմ չէ, քիչ է խաղում ակումբում, իսկ ազգային հավաքականում նրա վերջին պաշտոնական խաղի հետ կապված միայն տհաճ հիշողություններ են մնացել, բայց Մալաքյանը գոնե հաստիքով հենց ձախ կիսապաշտպան է և հնարավոր է՝ կկարողանա առաջին խաղակեսում մի փոքր սրություն մտցնել այդ եզրում: Այս տարբերակի առավելությունը կայանում է նաև նրանում, որ հնարավորություն է տալիս Մինասյանին փոփոխությունների, մասնավորապես, Սարկիսովի, Մանուչարյանի, Մանոյանի շնորհիվ փոխել դասավորությունը խաղադաշտում կապված խաղի հաջող կամ անհաջող ընթացքի հետ: Եվ այսպես Հայաստան-Իտալիա խաղում թիմերի մեկնարկային կազմերի իմ տարբերակը հետևյալն է.

 Հայաստան– Բերեզովսկի-Ալեքսանյան-Արզումանյան-Մկոյան-Արտակ Եդիգարյան-Կառլեն Մկրտչյան-Արթուր Եդիգարյան-Արաս Օզբիլիս-Հենրիխ Մխիթարյան-Էդգար Մալաքյան-Յուրա Մովսիսյան

 Իտալիա-Ջիանլուիջի Բուֆֆոն-Կրիստիան Մաջջիո-Անդրեա Բարցալի-Լեոնարդո Բոնուչչի-Դոմենիկո Կրիշիտո-Անդրեա Պիռլո-Դանիելե Դե Ռոսսի-Կլաուդիո Մարկիզիո-Ռիկարդո Մոնտոլիվո-Մարիո Բալոտելլի-Պաբլո Օսվալդո

Հայաստանի հավաքականը կարող է պատմություն կերտել

Վաղը «Հրազդան» մարզադաշտում տեղի կունենա Հայաստան-Իտալիա հանդիպումը: Մինչ այժմ Հայաստանի հավաքականը աշխարհի կամ Եվրոպայի առաջնությունների ընտրական փուլերում  16 անգամ է հանդիպել եվրոպական «էլիտար» (Իսպանիա, Իտալիա, Գերմանիա, Ֆրանսիա, Հոլանդիա, Պորտուգալիա) հավաքականների հետ: Միակ թիմը, որի հետ Հայաստանի հավաքականը դեռևս չի ընդգրկվել նույն խմբում, Անգլիայի հավաքականն է: Ահա Հայաստանի հավաքականի բոլոր հանդիպումների արդյունքները «գրանդ» հավաքականների հետ :

1995 թ.՝ Հայաստան-Իսպանիա 0:2

1995 թ.՝Իսպանիա-Հայաստան 1:0

1996 թ. ՝Հայաստան-Պորտուգալիա՝0:0

1997 թ. ՝Պորտուգալիա-Հայաստան՝3:1

1996 թ.՝Հայաստան-Գերմանիա՝1:5

1997 թ.՝Գերմանիա-Հայաստան՝4:0

1999 թ.՝Ֆրանսիա-Հայաստան 2:0

1999 թ.՝Հայաստան-Ֆրանսիա 2:3

2003 թ.՝Իսպանիա-Հայաստան 3:0

2003 թ.՝ Հայաստան-Իսպանիա 0:4

2005 թ.՝Հոլանդիա-Հայաստան 2:0

2005 թ.՝Հայաստան-Հոլանդիա 0:1

2007 թ.՝Հայաստան-Պորտուգալիա 1:1

2007 թ.՝ Պորտուգալիա-Հայաստան՝1:0

2008 թ. ՝Իսպանիա-Հայաստան՝4:0

2009 թ՝ Հայաստան-Իսպանիա՝1:2

Ինչպես տեսնում ենք, անցկացրած 16 հանդիպումներում մեր հավաքականը ընդամենը 2 ոչ-ոքի է խաղացել և կրել 14 պարտություն, խփել 6 գնդակ և բաց թողել 38-ը: Թե ինչպես Հայաստանի հավաքականը կարող է հաջող խաղալ Իտալիայի հավաքականի դեմ, կփորձեմ անդրադառնալ մեկ այլ հրապարակման մեջ, իսկ առայժմ փաստենք, որ մեր ներկայիս հավաքականը կարող է մտնել պատմության մեջ, եթե միայն կարողանա հաղթել հավաքականին: Քանի դեռ հանդիպումը չի սկսվել, շանսերը միշտ էլ հավասար են: Սպասում ենք պատմական իրադարձության:

Ոչինչ չի փոխվել, ոչինչ չի փոխվի

Մի քանի օր առաջ ընկերներիցս մեկը դիմեց ինձ՝ խնդրելով նյութ գրել և հորդորել հայ երկրպագուներին չգնալ և չդիմավորել Իտալիայի հավաքականին: Քանի որ ես սիրում եմ և ճիշտ եմ համարում ավելի շատ անդրադառնալ հենց բուն ֆուտբոլային իրադարձություններին, միանգամից չհամաձայնվեցի: Ես համոզված էի, որ մեր հավաքականի՝ վերջին շրջափուլում ունեցած որոշակի հաջողություններից հետո մարդկանց վերաբերմունքը և ֆուտբոլի ընկալումը փոխված կլինի: Բացի այդ, գրեթե վստահ էի, որ Իտալիայի հավաքականի պարագայում, որի կազմում հատուկենտ գերաստղեր են մնացել, չի կրկնվի Իսպանիայի հավաքականի՝ Երևան ժամանելու հետ կապված պատմությունը: Խոստովանեմ՝ այն նկարներն ու վիդեոները, որ տեսա երեկ, ստիպեցին ինձ հասկանալ, որ ընկերս իրավացի էր: Ինչ, ինչ, բայց այդպիսի զանգվածային “հիստերիա” ես չէի սպասում, և շատերը չէին սպասում: 100-200 հայ մարդիկ,  Իտալիայի հավաքականի, “Յուվենթուսի”, “Ռոմայի”, “Միլանի” և այլ ակումբների մարզահագուստներով, բաններներով, պաստառներով, պարզապես ողողել էին օդանավակայանը՝ իտալացի ֆուտբոլիստներին մոտիկից տեսնելու և քաջալերելու համար: “Յուվե, Յուվե”, “Բուֆֆոն, Բուֆֆոն” և նմանատիպ այլ վանկարկումներով “խելագարված” ամբոխն իտալացիներին առոք-փառոք ճանապարհեց մինչև ավտոբուս և ինքնաբավ ու էյֆորիկ զգացումներով հեռացավ օդանավակայանից: Ոչ ոք չի ասում, որ պետք չէ սիրել և գնահատել համաշխարհային ֆուտբոլի գերաստղերին կամ գերակումբներին: Վերջիվերջո, երկար ժամանակ չունենալով պատշաճ մակարդակի ֆուտբոլ, նաև հենց այդ խաղացողների և թիմերի շնորհիվ են շատ մարդիկ պահպանել իրենց սերը ֆուտբոլի նկատմամբ, բարձր պահել ֆուտբոլային ճաշակը: Բայց մրցակցին հենց սկզբից դիմավորել այնպես, ինչպես շատ հաճախ նույնիսկ Իտալիայում չեն անում, դա չափից դուրս է: Ի՞նչ է սա: Հայկական անտեղի հյուրընկալություն, թե՞ մի հատկանիշ, որ մշտապես եղել է մեր ազգ մի մեծ զանգվածի մեջ: Անընդհատ և ամեն կերպ հաճոյանալ օտարին, իսկ հետո բողոքել, թե “ոչխարներս տարան”:

Քչերը կհիշեն, բայց երբ 1996 և 1999 թվականներին Երևան էին ժամանում համապատասխանաբար Գերմանիայի և Ֆրանսիաի հավաքականները, որոնք, մեղմ ասած, պակաս գերաստղային չէին, ոչ օդանավակայանում և ոչ էլ որևէ այլ տեղ հայ մարդկանց կողմից չկար այսպիսի վերաբերմունք: Ի՞նչ է ստացվում: Մոտ 70 տարի Սովետական Միության կազմի մեջ եղած ազգի արժանապատվությունը և ազգային ինքնագիտակցությունն այն ժամանակ ավելի բարձր էր, քան անկախություն նվաճած ազգի, որի համար միակ և գերակայող արժեքը պետք է լինի սեփական հայրենիքը: Ցավալի է, բայց երբ Հայաստանի հավաքականը ծանրագույն պարտություն էր կրել Իռլանդիայում, օդանավակայանում թիմին քաջալերելու էին հավաքվել շատ ավելի նվազ թվով երկրպագուներ: Առավել ցավալի է, որ երեկ Իտալիայի հավաքականին սատարողների մեջ կային անդամներ նաև “ՖԱՖ”-ից, որի դիրքորոշումը մշտապես եղել է մրցակցի համար անտանելի պայմաններ ստեղծելը մարզադաշտում և նրա սահմաններից դուրս և որի անդամները գրեթե միշտ ապացուցել են իրենց հայրենասիրությունն ու նվիրվածությունը:

Երեկվանից թեման լայն արձագանք ստացավ նաև սոց.ցանցերում: Անկեղծ ասած, իմանալով ներկայիս հասարակության, հատկապես երիտասարդության դիրքորոշումը, կասկած անգամ չունեի, որ մարդկանց մեծ մասն արդարացնելու է երեկ օդանավակայանում հավաքվածներին: “Հա բայց ի՞նչ կա դրա մեջ”, “դուք էլ որ հնարավորություն ունենայիք, հաստատ կգնայիք”, “էտ մարդիկ հո ստադիոնում էլ չեն գոռալու “Իտալիա, Իտալիա”,- հիմնականում սա էր եղած մեկնաբանությունների   խտացված բովանդակությունը: Ուրեմն իմացեք, որ դրա մեջ վատ բան կա, հնարավորություն հաստատ ես և շատերն էլ ունեին, իսկ ստադիոնում էլ հաստատ գոռալու են “Իտալիա, Իտալիա”, ինչպես որ 2009-ին շատ-շատերն “Իսպանիա” էին գոռում և արտասվում Կասիլյասի բաց թողած գոլից հետո: Օդանավակայանում “Յուվե, Յուվե” կամ “Բուֆֆոն, Բուֆֆոն” գոռացողը ինչո՞ւ պետք է նույնը չանի նաև մարզադաշտում: Կան նաև մարդիկ, որ օրինակ են բերում Հայաստան ժամանող արտասահմանյան երգիչներին: Ասում են՝ “Իգլեսիասը որ գար, գնալու էին գոռալու էին, չէ՞, բա սրանք էլ էս ոլորտի գերաստղերն են”: Համաձայն եմ, բայց Իգլեսիասը կամ թեկուզ Ստաս Միխայլովը եթե գա, չի գալու, ասենք Հայկոյի կամ Արսեն Սաֆարյանի հետ մրցակցելու: Գալու է, իր համերգը տա և գնա: Իսկ Իտալիան մեր մրցակիցն է, մոտակա մրցակիցը, որի հետ խաղի արդյունքից շատ բան է կախված: Եվ հենց սկզբից, այսպիսի տնավարի մթնոլորտ ստեղծելով իտալացիների համար, ոչ մի լավ բան էլ չենք անում: Իսկ եթե այդպես է, վաղը Հայաստանի հավաքականի անհաջող խաղի դեպքում ոչինչ և ոչ մի բան չպահանջեք մեր տղերքից: Այսուհետ չպահանջեք նաև, որ տոմսերի գները հավաքականի խաղերին ավելի էժան լինեն: Չէ՞ որ ամեն օր չի, որ Իտալիան է գալիս, Բուֆոնը, Պիռլոն: Չէ, ոչինչ չի փոխվել, ոչինչ չի փոխվի:

Հենոն խփեց… Սաքոն գնաց

Երկար տարիներ հետևելով Չեմպիոնների լիգայի մրցաշարին՝ ես միշտ երազել եմ ինչ-որ մի օր այս մրցաշարում տեսնել հայ ֆուտբոլիստի: Ես հիշում եմ, թե ինչ անհամբերությամբ էի սպասում Չեմպիոնների լիգայի 2001-2002 թթ. մրցաշարին: Ալբերտ Սարգսյանը հայտավորված էր Մոսկվայի “Լոկոմոտիվի” կազմում “Ռոմայի” հետ հենց առաջին խաղում: Գորան Օբրադովիչը, ով խաղում էր նրա դիրքում, անցկացնում էր իր վատագույն հանդիպումներից մեկը՝ անընդհատ սխալվելով և կորցնելով դիրքը: Յուրի Սյոմինը, նկատելով դա, նախավարժանքի ուղարկեց Ալբերտ Սարգսյանին: Ուր որ է պետք է կայանար Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի նորամուտը Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում (1991-1992 թթ. Երվանդ Սուքիասյանը Կիևի “Դինամոյի” կազմում արդեն հանդես էր եկել խմբային մրցաշարում, բայց այն ժամանակ այդ մրցաշարը պաշտոնապես չէր վերանվանվել Չեմպիոնների լիգայի): Սակայն հենց այդ պահին Օբրադովիչը, գոլ խփելով, քավեց իր “մեղքերը”: Ալբերտ Սարգսյանն այդպես էլ դաշտ դուրս չեկավ ոչ այդ, ոչ էլ Չեմպիոնների լիգայի մեկ այլ խաղում:

Մի քանի տարի անց՝ 2005-2006 թթ. մրցաշարում վերջապես տեղի ունեցավ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի՝ երկար սպասված նորամուտը: Էդգար Մանուչարյանը դուրս եկավ փոխարինման “Արսենալի” հետ հանդիպման ժամանակ և կարողացավ աչքի ընկնել մի քանի հիշարժան գործողություններով:

2010-2011 թթ. մրցաշրջանից Հենրիխ Մխիթարյանն արդեն “Շախտյորի” հիմնական կազմի ֆուտբոլիստ էր: Այն, որ մենք ունենք Չեմպիոնների լիգայում մշտապես խաղացող ֆուտբոլիստ, մեզ համար սովորական էր դարձել: Ժամանակն էր, որպեսզի Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը նաև բացի իր գոլերի հաշիվը Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում: Առաջին 2 մրցաշարերը այդ առումով հաջողություն չբերեցին Մխիթարյանին: Իսկ երրորդի հենց առաջին տուրում  վերջապես տեղի ունեցավ պատմական իրադարձություն. Հենրիխ Մխիթարյանը դարձավ Հայաստանի հավաքականի առաջին ֆուտբոլիստը, ով Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում դարձավ գոլի հեղինակ, և ոչ թե մեկ, այլ երկու: Եվ ոչինչ, որ հայկական հեռուստաալիքներից և ոչ մեկը հնարավորություն չտվեց ուղիղ եթերում ականատես լինելու այդ պատմական իրադարձությանը: Կարևորը, որ այդքան սպասված իրադարձությունը վերջապես տեղի ունեցավ:

Արդեն այսօր Հայաստանի հավաքականի երկարամյա ավագ Սարգիս Հովսեփյանը հայտարարեց ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին: Սարգիս Հովսեփյանը ուղիղ 20 տարի շարունակ հանդես է եկել հավաքականում, իսկ Հարություն Վարդանյանի հեռանալուց հետո կրել է նաև ավագի թևկապը: ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանի գրեթե բոլոր լավագույն ֆուտբոլիստները հավաքվել էին Երևանի “Արարատում”: Սակայն մյուս թիմերում էլ կային խաղացողներ, որոնք ժամանակի ընթացքում դարձան Հայաստանի հավաքականի անփոխարինելի խաղացողներ: Դրանցից մեկն էլ “ՀՄԸՄ”-ում հանդես եկող Սարգիս Հովսեփյանն էր: Հիանալի անցկացնելով 1992 թ. մրցաշրջանը՝ 20-ամյա Սարգիս Հովսեփյանը ոչ միայն դարձավ Հայաստանի չեմպիոն “ՀՄԸՄ”-ի կազմում (միավորների հավասարության պատճառով “ՀՄԸՄ”-ն այդ կոչումը կիսեց “Շիրակի” հետ), այլև ճանաչվեց Հայաստանի անդրանիկ առաջնության լավագույն ֆուտբոլիստ: 1995 թ. Սարգիսը երկրորդ անգամ ճանաչվեց լավագույնը Հայաստանում: Հանդիսանալով նաև Հայաստանի հավաքականի առաջատար խաղացողներից մեկը՝ Սարգիս Հովսեփյանը 1998 թ. տեղափոխվեց Սանկտ-Պետերբուրգի “Զենիթ”: Սարգսի խաղում գլխավոր առավելությունն արագությունն էր: Այդ տարիներին Սարգիսը Եվրոպայում էլ արագությամբ չէր զիջում գրեթե ոչ մի հարձակվողի: Հավանաբար նաև այդ հանգամանքը հաշվի առնելով՝ “Զենիթի” մարզիչները առաջին մրցաշրջանում Հովսեփյանին խաղացնում էին աջ եզրային կիսապաշտպանի դիրքում: Միայն հաջորդ մրցաշրջանում Հովսեփյանը վերադարձավ պաշտպանության: “Զենիթի” կազմում Հովսեփյանը նվաճեց Ռուսաստանի գավաթը և Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալները, ինչպես նաև, որ ամենակարևորն է, սանկտ-պետերբուրգցի երկրպագուների սերն ու համակրանքը. “Самый лучшый из армян- это Саркис Овсепян“ վանկարկումը գրեթե բոլոր խաղերին լսելի էր “Պետրովսկի” մարզդաշտում:

Հեռանալով “Զենիթից”՝ Հովսեփյանը տեղափոխվեց “Տորպեդո-Մետալուրգ”, սակայն այստեղ նրա գործերն այնքան էլ հաջող չընթացան, և նա ստիպված եղավ վերադառնալ հարազատ “Փյունիկ”: Սկսած 2004 թվականից՝ երկրպագուներն ամեն տարի սպասում էին, որ Սարգիս Հովսեփյանը կավարտի իր կարիերան, սակայն Հովսեփյանը կարողանում էր արժանի պատասխան տալ բոլորին՝ իր խաղով ապացուցելով, որ դեռ պետք է մեր ֆուտբոլին: Հիանալի անցկացնելով 2008 թ. մրցաշրջանը՝ Հովսեփյանը 3-րդ անգամ իր կարիերայում դարձավ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ: 2009 թ. սեպտեմբերի 9-ին Հայաստանի հավաքականը երկարատև ընդմիջումից հետո վերջապես հաղթանակ տարավ պաշտոնական խաղում՝ 2-1 հաշվով հաղթելով Բելգիայի հավաքականին: Այդ խաղում Սարգիս Հովսեփյանը դարձավ փայլուն գոլի հեղինակ՝ ապացուցելով, որ իսկական ավագ է և առաջատար: 2010-ին, երբ կրկին հաճախացել էին խոսակցությունները, որ Սարգիս Հովսեփյանը այլևս չի համապատասխանում հավաքականի մակարդակին, վերջինս Անդորրայի հավաքականի հետ հանդիպման ժամանակ այնպիսի արագությամբ անցում իրականացրեց, որ շատ երիտասարդներ ուղղակի կնախանձեին: 2011 թ. սեպտեմբերի 6-ին Հայաստանի հավաքականը 1-0 հաշվով հաղթում էր Սլովակիայի հավաքականին մրցակցի հարկի տակ: Սլովակների արագ հակագրոհից հետո հենց Սարգիս Հովսեփյանը դատարկ դարպասից դուրս բերեց գնդակը: Համոզված եմ՝ չլիներ այդ դրվագը, չէր լինի նաև մեր պատմության մեջ ամենափառահեղ հաղթանակը: Մեկ ամիս անց Սարգիս Հովսեփյանը պարգևատրվեց ՖԻՖԱ-ի հատուկ մրցանակով՝ որպես հավաքականում 100-ից ավելի խաղ անցկացրած ֆուտբոլիստ: Շատերը կարծում են, որ Սարգսի կողմից ճիշտ կլիներ հեռանալ արդեն նախորդ մրցաշրջանից հետո, բայց այդպես չեղավ:

   2012 թ. Սարգիս Հովսեփյանն ամենաշատ քննադատության արժանացած ֆուտբոլիստն էր: Երկրպագուները համարում էին, որ Հովսեփյանն արդեն չի կարողանում նախկինի պես հաջողությամբ կատարել իր պարտականությունները ֆուտբոլային խաղադաշտում, հավաքականի գլխավոր մարզիչն առաջարկում էր չկենտրոնանալ միայն Սարգսի վրա, իսկ Սարգիսը շարունակում էր թարմացնել ռեկորդները: Եվ ահա 2012 թ. սեպտեմբերի 20-ին Սարգիս Հովսեփյանը հայտարարեց կարիերան ավարտելու մասին:  Ընդամենը 2 օրվա մեջ մեր ֆուտբոլում տեղի ունեցան իրադարձություններ, որոնք վաղ թե ուշ պետք է տեղի ունենային: Առաջին հայացքից այդ իրադարձությունները կապ չունեն իրար հետ, սակայն խորհրդանշական է, որ մեկին անմիջապես հաջորդեց մյուսը:: Բնականաբար, միամտություն կլինի մտածել, թե Սարգիս Հովսեփյանի որոշումը թելադրված է երեկվա խաղում Հենրիխ Մխիթարյանի հեղինակած դուբլով: Իհարկե ոչ: Այս որոշումը հասունացել էր շատ վաղուց: Հավանաբար կարիերան շարունակելու դրդապատճառներից մեկն էլ Իտալիայի հավաքականի դեմ խաղին մասնակցելն էր, բայց Բուլղարիայի հավաքականի հետ խաղում երկրորդ դեղին քարտը խաչ քաշեց Հովսեփյանի հույսերի վրա: Սպասել կես տարուց ավել՝ պաշտոնական հաջորդ խաղին մասնակցելու համար, դա Սարգսի համար չէ: Իսկ միգուցե Հովսեփյանն այսքան ժամանակ չէր հեռանում հավաքականից, որովհետև չէր տեսնում իրեն արժանի փոխարինող իր դիրքում, կամ, ընդհանրապես, մեկին, ով կկարողանար իր հետևից տանել խաղընկերներին, ով կլիներ իսկական առաջատար: Հիմա այդպիսի ֆուտբոլիստ կա: Ես չգիտեմ, թե ով կլինի Հայաստանի հավաքականի ավագը Սարգիս Հովսեփյանից հետո՝ Մխիթարյա՞նը, Արզումանյա՞նը, թե միգուցե Բերեզովսկին, բայց այն, որ Մխիթարյանը, ակումբային ֆուտբոլում բարձրանալով որակական նոր մակարդակի, պարտավոր է իր ամբողջ ուժերը ներդնել՝ նաև հավաքականում նման մակարդակի հասնելու համար, փաստ է: Հովսեփյանի բացակայությամբ հավաքականի խաղացողներից յուրաքանչյուրը կրկնակի է պատասխանատու հավաքականի ներսում լավ մթնոլորտի և խաղադաշտում՝ լավ խաղի համար:

Շնորհակալություն քեզ, հավաքականում ամենաշատ խաղեր անցկացրած ֆուտբոլիստ, շնորհակալություն, մեր հավերժ 4 համար, շնորհակալություն, լեգենդար ավագ, շնորհակալություն, Սաքո ջան, քո հաջող և անհաջող խաղերի, մեր ֆուտբոլում քո ներդրման և անմնացորդ նվիրվածության համար:

Հայաստանի առաջնության 22-րդ տուրի ամփոփում

Բարև բոլորին: Վերջին մի քանի ամիսների ընթացքում բլոգի հրապարակումները ամբողջությամբ վերաբերում էին հայկական ֆուտբոլին:  Դա պատահական չէ, եթե հաշվի առնենք մեր ԶԼՄ-ներում հայկական ֆուտբոլի վերաբերյալ հրապարակումների պակասը: Նույնը վերաբերում է նաև Հայաստանի առաջնությանը, որի լուսաբանումը շատ հաճախ սահմանափակվում է միայն թվերի և փաստերի արձանագրումով: Այդ բացը լրացնելու համար, հաշվի առնելով նաև ընթերցողներից շատերի պահանջը, սկսած այսօրվանից, կփորձեմ ամեն տուրից հետո ամփոփել այն՝ ձգտելով հնարավորինս խուսափել չոր վիճակագրական տվյալներից և աշխատելով ներկայացնել տուրի ամենահետաքրքիր իրադարձությունները դինամիկ ու հետաքրքիր ոճով: Հուսով եմ, որ ժամանակս թույլ կտա շարունակական դարձնել այս նյութերի շարքը և հնարավորինս նպաստել մեր առաջնության նկատմամբ հետաքրքրության բարձրացմանը:

Տուրի իրադարձությունը

 Այս տուրում միմյանց հետ մրցում էին մրցաշարային աղյուսակում առաջին և երկրորդ հորիզոնականները զբաղեցնող “Միկան” և “Շիրակը”: Հաղթելու դեպքում “Միկան” էլ ավելի կամրապնդվեր առաջին հորիզոնականում, իսկ եթե հաղթեր “Շիրակը”, ապա պայքարն առաջին տեղի համար խիստ կսրվեր: Արեգ Ազատյանի, Նարեկ Բեգլարյանի և Սեմյոն Մուրադյանի գոլերին “Շիրակը” կարողացավ պատասխանել միայն Արա Մկրտչյանի խփած գոլով, իսկ հանդիպումն ավարտվեց “Միկայի” հաղթանակով 3-1 հաշվով: Չնայած առաջնության սկզբից բոլորը սպասում են, որ “Միկան” չի կարողանա պահպանել այս տեմպը, թիմը շարունակում է հաղթել ու հաղթել: Այսօրվա խաղում իրենց կառուցողական գործողություններով հատկապես աչքի ընկան Արեգ Ազատյանը և Ռաֆայել Ղազարյանը: Հարձակման եզրերում խաղացող այս ֆուտբոլիստները երկուսն էլ համառ են, տեխնիկապես գրագետ և արագաշարժ: Առանձին պետք է նշել նաև Աղվան Մկրտչյանի խաղը, որը, ինչպես և նախորդ բոլոր խաղերում, դաշտում հասցնում էր ամենուրեք: “Միկան” խաղում էր 4-2-1-3 մարտավարությամբ, իսկ Աղվանը հաջողությամբ իրականացնում էր պաշտպանության և հարձակման գծերի միջև կապը: Անհրաժեշտության դեպքում Աղվանը հայտնվում էր նաև եզրերում և կատարում հիանալի փոխանցումներ, ինչպես որ 2-րդ գոլի ժամանակ էր: Շատերը կարող են չհամաձայնվել, բայց, հատկապես հաշվի առնելով Լևոն Հայրապետյանի՝ երկար ժամանակով շարքից դուրս մնալը, Աղվան Մկրտչյանը կարող է դառնալ այն ֆուտբոլիստը, ով թեկուզ կարճ ժամանակով, բայց կարող է օգտակար լինել հավաքականին: Հասկանալի է, որ Աղվանը արդեն երկար ժամանակ է, ինչ չի խաղում ձախ պաշտպանի դիրքում, բայց չեմ կարծում, թե կորցրել է այնտեղ խաղալու հմտությունները, իսկ այն, որ Աղվան Մկրտչյանը, թերևս, լավագույնն է մեր առաջնությունում եզրերից գրոհներին միանալու և ճշգրիտ փոխանցումներ կատարելու գործում, կասկածի ենթակա չէ:

Տուրի լավագույն ֆուտբոլիստը

Օրեցօր իր խաղը բարելավող “Արարատը” Աբովյանում հյուրընկալել էր “Գանձասարին” : Տիգրան Ոսկանյանը, որը ժամանակին համարվում էր մեր ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկը, շատ վաղուց չէր դարձել գոլի հեղինակ: Իսկ այս խաղում Տիգրանին հաջողվեց միանգամից 3 անգամ գրավել մրցակցի դարպասը: Այդ գոլերն ավելի արժևորվեցին նրանով, որ հնարավորություն տվեցին “Արարատին” կարևոր հաղթանակ տանել և ավելացնել վերջին տեղից խուսափելու հնարավորությունները:

Տուրի հայտնությունը:

Այն ֆուտբոլասերները, ովքեր ուշադրությամբ հետևում են Հայաստանի առաջնությանը և հատկապես “Միկայի” ելույթներին, տեղյակ են, որ թիմի կազմում աջ պաշտպանի պարտականությունները կատարում է Վարդան Մովսիսյանը: “Շիրակի” հետ մրցավեճում նրա բացակայությամբ աջ պաշտպանի դիրքում խաղում էր 19-ամյա Աշոտ Կարապետյանը, որը մինչ այդ հիմնականում դուրս էր գալիս փոխարինման: Առաջ անցնելով՝ ասեմ, որ Աշոտ Կարապետյանը լավագույններից մեկն էր այս խաղում: Հաջողությամբ կատարելով իր բուն պարտականությունները՝ նա հասցնում էր մասնակցել գրոհներին և կատարել սուր փոխանցումներ դեպի տուգանային հրապարակ: Ճիշտ է՝ խաղավերջում Կարապետյանը մի փոքր հոգնեց և փոխարինվեց, բայց իր կրակոտ և տարիքին ոչ բնորոշ վստահ խաղով ստիպեց մեզ հետագայում ավելի ուշադիր հետևել իր խաղին:

Տուրի վերադարձը

Մոտ 3 ամիս Վարազդատ Հարոյանը չէր մասնակցել Բարձրագույն խմբի հանդիպումներին:  “Ուլիսի” դեմ այսօր կայացած մրցավեճում Հարոյանը դուրս եկավ փոխարինման: Զգացվում էր, որ Հարոյանը այնքան էլ լավ ֆունկցիոնալ վիճակում չէ, ինչը բնական է, բայց միաժամանակ ուրախալի է, որ շնորհալի ֆուտբոլիստը շարունակում է իր ֆուտբոլային կարիերան, չնայած տարածված այն լուրերին, որ նա այլևս չի վերադառնալու ֆուտբոլային խաղադաշտ:

Տուրի առանձնահատկությունը

Տուրի բոլոր 4 հանդիպումներում գրանցվեց 3 և ավելի գնդակ, ինչը այնքան էլ հաճախակի չի պատահում մեր առաջնություններում: Ընդ որում, դաշտի տերերից միայն “Իմպուլսն” էր, որ չկարողացավ հաղթանակ տանել՝ “Բանանցի” հետ մրցավեճն ավարտելով 2-2 հաշվով: Փոխարենը “Միկան” 3-1 հաշվով հաղթեց “Շիրակին”, “Արարատը”՝ նույն հաշվով “Գանձասարին”, իսկ “Ուլիսի” և “Փյունիկի” մրցավեճում ավելի հաջողակ գտնվեցին գործող չեմպիոնները, որոնք էլ հաղթեցին 3-0 հաշվով:

Տուրի զավեշտը

“Հանրապետական մարզադաշտում” ընթացող “Ուլիս”-“Փյունիկ” հանդիպումը իր դիտարժանությամբ զիջում էր մի քանի ժամ առաջ տեղի ունեցած “Միկա”-“Շիրակ” հանդիպմանը: Փոխարենը կար մի բան, որը չես հանդիպի ոչ մի տեղ և ոչ մի պարագայում: Գրեթե ամբողջ հանդիպման ընթացքում ֆուտբոլիստների գործողություններն ուղեկցվում էին շրջակա ինչ-որ մի վայրից ուղեկցվող կենդանի երաժշտության բարձր ելևէջներով: “Մոտ արի կամաց-կամաց”, “Ֆայտոն”, “Իմ ախպերս”, “Доля воровская”- սրանք միայն մի մասն են այն երգերից, որոնք գրեթե ամբողջ խաղի ընթացքում ստիպում էին ֆուտբոլիստներին շեղվել իրենց բուն զբաղմունքից, իսկ ֆուտբոլասերներին՝ “հետաքրքրությամբ” սպասել խորհրդավոր երգչի հերթական համարին: Ես դեռ կհասկանայի, եթե հանդիպումը տեղի ունենար “Հրազդան” մարզադաշտում, որի հարևանությամբ գործում են անորակ երաժշտություն մատուցող մի շարք ռեստորաններ, բայց թե որտեղից էր գալիս այդ երաժշտության ձայնը, և ով էր որոշել հենց Հայաստանի առաջնության հանդիպման ժամանակ տոնել իր առիթը, մեզ այդպես էլ անհասկանալի մնաց: Մնում է միայն հուսալ, որ միջազգային հանդիպումների ժամանակ “Հանրապետական” մարզադաշտում մարզասերների թիվն ու նրանց բարձր վանկարկումները հնարավորություն կտան հետագայում խուսափել նման տհաճ անակնկալներից:

 Առողջ եղեք և հետևեք թարմացումներին:

Մտորումներ Բուլղարիա-Հայաստան հանդիպումից հետո

Հազվադեպ է լինում, որ ֆուտբոլից, այն էլ մեր հավաքականի մասնակցությամբ ֆուտբոլից հետո ոչինչ չուզեմ գրել: Չուզեմ ու չկարողանամ: Ոչ թե այն պատճառով, որ ոչինչ չկա ասելու կամ գրելու: Պարզապես դժվար է օրերով սպասել մի իրադարձության, ամբողջ էմոցիոնալ պաշարը վատնել ընդամենը 2 ժամում և հետո դատարկության զգացումը հաղթահարելով՝ ուժ գտնել առարկայական ու խորքային վերլուծություններ կատարելու: Ավելի շատ ցանկանում ես այդ ամենի մասին խոսել ժարգոնային լեզվով, ընկերոջդ հետ և մի գավաթ գարեջրի շուրջ, որովհետև այն, ինչ կատարվում էր երեկ, միմիայն էմոցիաներ էին, իսկ դրանք գրելով արտահայտելը, համաձայնվեք, մի քիչ դժվար է:

Ես չգիտեմ, թե որն է վերջին հանդիպումներում մեր հավաքականի անհաջող խաղի պատճառը: Միգուցե այն, որ մեր հավաքականի մարզիչները չեն կարողանում անցած շրջափուլում ձեռք բերածի վրա որակապես նոր բան ավելացնել, իսկ հին պաշարով այլևս չենք կարողանում խնդիրնել լուծել, կամ ինչպես ֆուտբոլասերներից շատերն են կարծում,  մեր ֆուտբոլիստներից շատերը, արդեն խաղալով համեմատաբար լավ ակումբներում, չեն նվիրվում խաղին այնպես, ինչպես անում էին Հայաստանում խաղալիս: Իսկ միգուցե մենք՝ երկրպագուներս ենք մեղավոր, որ չափից դուրս շատ ենք պահանջում մի հավաքականից, որը մեծ հաշվով դեռ ոչնչի էլ չի հասել, բացի պատմության ընթացքում իրենց բաժին հասած ամենաթույլ խմբում երրորդ տեղ գրավելուց: Ինչպես էլ որ լինի, մի բան պարզ է. հավաքականը չի խաղում այնպես, ինչպես խաղում էր նախորդ շրջափուլում: Շատերն ասում են, որ դրա պատճառը Ռայմոնդ Վերհեյենի “անմարդկային” ծանրաբեռնվածություններն են, կամ թիմի ներսում մթնոլորտի փոփոխությունը: Մեզ՝ մարդկանց, որ չենք գտնվում թիմի ներսում, դժվար է հասկանալ այս ամենի իրական պատճառը: Բայց մենք կարող ենք փորձել հասկանալ այն, ինչ ոչ թե թաքնված է, այլ գտնվում է մակերեսի վրա և տեսանելի է բոլորին:

Տեսանելի է այն, որ հավաքական հրավիրվող մի քանի ֆուտբոլիստներ դեռ կամ արդեն չեն համապատասխանում հավաքականի մակարդակին, այն, որ այդքան քննադատված կենտրոնական պաշտպանները վերջին 2 խաղերում իրականում լավագույնն էին դաշտում, իսկ այդքան գովաբանված հարձակման գիծը 180 րոպեի ընթացքում անցկացնում է լավագույն դեպքում 3-4 մտածված գրոհ, այն, որ ոչ առաջին շրջափուլն անցկացնող և մեծամասամբ նորմալ եվրոպական առաջնություններում խաղացող ֆուտբոլիստները մինչև հիմա սովոր չեն և հոգեբանորեն չեն կարողանում դիմանալ տարրական ճնշմանն ու բալկանյան բոլոր թիմերին բնորոշ սադրիչ գործողություններին: Տեսանելի է նաև այն, որ մարզչական շտաբը, փոխանակ նախորդ շրջափուլում ստեղծված ամուր հիմքի վրա ավելացներ ինչ-որ նոր բան և մեր հավաքականին բարձրացներ որակական նոր մակարդակի, բորոր ընկերական խաղերի ընթացքում զբաղված էր մեզ համար անհարմար ու անսովոր մարտավարության կիրառմամբ: Արդյունքում ոչ միայն կորցրինք այն, ինչ ունեինք, այլև այդպես էլ չունեցանք պլան Բ: Ինչպես չէինք կարողանում, այնպես էլ չենք կարողանում բեկել մեզ համար անհաջող դասավորվող խաղերի ընթացքը, չենք կարողանում վերականգնվել մրցավարական անարդար որոշումներից հետո:

Սարսափելի է ոչ թե այն, որ պարտվեցինք Բուլղարիայի հավաքականին, այլ այն, թե ինչպես պարտվեցինք: Շատերի նման հակված չեմ ամեն ինչ բարդել միայն Սարգիս Հովսեփյանի կամ հանդիպման մրցավարի վրա: Այո, Հովսեփյանն արդեն ակնհայտորեն չի կարողանում անել, այն ինչ կարողանում էր մի քանի տարի առաջ, այո, մրցավարը տեղի տվեց բուլղարացիների ստեղծած գրգռիչ մթնոլորտին ու հապճեպ և սխալ որոշումներ կայացրեց, բայց ո՞վ էր խանգարում մեր հավաքականի միջին գծի խաղացողներին 2-3 ճիշտ փոխանցում կատարել կամ հարձակվողներին ավելի սառնասիրտ գտնվել գոլային պահերի իրացման ժամանակ: Որքան էլ որ ցավալի հնչի, երեկ մեր հավաքականն արժանի չէր Բուլղարիայի հավաքականին հաղթելու, որովհետև չկարողացավ թելադրել իր խաղը, իսկ մարզչական շտաբն էլ զիջեց իր մրցակցին տակտիկապես: Փակեցին Մխիթարյանին, և պարզվեց, որ գրոհները զարգացնելու այլընտրանք ուղղակի չունենք, դիմավորեցին Ղազարյանին և Արասին դեռևս մեր կիսադաշտում, և պարզվեց, որ ի վիճակի չենք հաջողությամբ դուրս գալ ակտիվ պրեսինգից, խաղացին բոլորի նյարդերի հետ մանր խախտումներով և գնդակը եզրերից ուշ հանձնելով, և պարզվեց, որ Աշխարհի առաջնության ուղեգրի համար պայքարել պատրաստվող հավաքականը պատրաստ չէ նաև հոգեբանորեն:

Բայց ես, որպես մարդ, որ ամբողջ գիտակից կյանքում ու անկախ ամեն ինչից եղել եմ մեր հավաքականի կողքին, հիմա էլ չեմ պատրաստվում երես թեքել մեր տղաներից: Այո, պարտվեցինք, բայց ես ոչ մի դեպքում չէի ցանկանա, որ կրկնվեր 4-5 տարի առաջ տեղի ունեցածը երբ հավաքականը, նախորդ շրջափուլում փայլելով Պորտերֆիլդի գլխավորությամբ, պարզապես տապալեց հաջորդ շրջափուլը: Չէի ցանկանա նաև, որ Գևորգ Ղազարյանը, որ մեր հավաքականի ամենաօգտակար և հավասարակշռված խաղացողներից մեկն է, պատժվի խստորեն: Մենք չունենք Ղազարյանի կարգի այնքան շատ ֆուտբոլիստներ, որ թույլ տանք մեզ րոպեական բռնկման պատճառով այլևս հավաքական չհրավիրել նրան (հերթական անընդունելի պահանջը երկրպագուներից շատերի կողմից): Մենք չունենք իրենց հերթին սպասող ևս 22 ֆուտբոլիստ, որպեսզի մեզ թույլ տանք հրաժարվել հավաքականի ներկայիս խաղացողներից, այն խաղացողներից, որոնցից շատերին, միգուցե և անհիմն, աստվածացնում էինք դեռ անցյալ տարի: Վերջիվերջո, անկախ երեկվա խաղի մղձավանջային սցենարից, մրցաշարային տեսանկյունից դեռ ոչինչ կորած չէ: Մենք դեռ անցկացնելու ենք ևս 8 հանդիպում, որոնցից առաջինը հաջորդ հանդիպումն է Իտալիայի հավաքականի հետ: Իսկ դրա համար պետք է անկախ ամեն ինչից լինել հավաքականի կողքին, սատարել և աջակցել տղաներին հենց դժվար պահերին, այլ ոչ թե երես թեքել և մեղադրել բոլոր հնարավոր մեղքերի մեջ: Ով որ մնալու է, միևնույն է՝ կմնա հավաքականի կողքին, իսկ պատեհապաշտներին խորհուրդ կտայի մեկ այլ զբաղմունք գտնել՝ հնարավորինս կապ չունեցող երկրի և ազգի հետ:

7 եզրակացություն Մալթա-Հայաստան խաղի վերաբերյալ

Սեպտեմբերի 7-ին Հայաստանի հավաքականն անցկացրեց իր առաջին հանդիպումը Աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլում՝ մրցակցի հարկի տակ 1-0 հաշվով հաղթելով Մալթայի հավաքականին: Մեր հավաքականի խաղն այդքան էլ միանշանակ տպավորություն չթողեց, բայց միաժամանակ հնարավորություն տվեց կատարել որոշակի եզրակացություններ:

1.Դարպասապահի հարցում կարելի է հանգիստ լինել

 Ռոման Բերեզովսկու որակազրկման հետևանքով հաշվետու խաղում Հայաստանի հավաքականի դարպասը պաշտպանում էր Գևորգ Կասպարովը: Չնայած մեր դարպասապահը չունեցավ խաղի մեջ մտնելու բազմաթիվ առիթներ, սակայն այն դրվագներում, որտեղ անհրաժեշտ էր, Կասպարովը գործում էր սառնասրտորեն և հուսալի: Զգացվում է, որ, ի տարբերություն անցյալ շրջափուլում հավաքականի կազմում փորձարկված երիտասարդ դարպասապահների, Կասպարովը վստահ է իր ուժերին և կարող է ցանկացած պահի արժանիորեն փոխարինել Ռոման Բերեզովսկուն:

 2.Պաշտպանության աջ եզրը սպառնում է դառնալ ամենախոցելին

Սարգիս Հովսեփյանի մասին շատ է խոսվել ու գրվել: Շատերը գտնում են, որ մեր լեգենդար ավագը մինչ օրս էլ Հայաստանի լավագույն աջ պաշտպանն է, իսկ երկրպագուների ավելի մեծ մասն էլ համարում է, որ Սարգիս Հովսեփյանը պետք է իր տեղը զիջի ավելի երիտասարդ ֆուտբոլիստներին: Պարզ է մի բան. Սարգիս Հովսեփյանն ուղղակի իրավունք չունի խաղալ այնպես, ինչպես երեկ, անընդհատ հնարավորություններ ստեղծել մրցակցի հարձակվողների համար, դանդաղեցնել գրոհները կամ սխալ փոխանցումներ կատարել ամենակարևոր պահերին: Սարգսի այդպիսի գործողությունները նաև անհավասարակշռություն են մտցնում հավաքականի թիմային պաշտպանության մեջ, քանի որ, կորցնելով գնդակը, նա շատ հաճախ չի հասցնում նահանջել և բաց տարածություններ է թողնում թիկունքում: Այս պահի դրությամբ խնդիրն ունի 2 լուծում. 1. Հավաքականի մարզիչները հրահանգում են Հովսեփյանին խաղալ ավելի հուսալի 2.Շնորհակալություն հայտնելով Հովսեփյանին ամեն ինչի համար՝ հրաժեշտ ենք տալիս նրան: Այլապես այն, ինչ ներվեց Մալթայի կողմից, հաստատ չի ներվի ավելի բարձրակարգ հավաքականների կողմից:

 3. Պաշտպանության կենտրոնի խնդիրը կարող է լուծվել

Երեկվա խաղում մեր թիմի կազմում լավագույն խաղացողներից մեկը Ռոբերտ Արզումանյանն էր, ինչը կարող է զարմանալի թվալ,՝ հաշվի առնելով, թե որքան վաղուց Արզումանյանը չէր մասնակցել պաշտոնական հանդիպումների: Բայց Ռոբերտի խաղային որակներին քաջածանոթ մարդու համար նրա վստահ խաղն այնքան էլ զարմանալի չէ: Ռոբերտը մեկ անգամ չէ, որ նույնիսկ առանց կանոնավոր խաղային պրակտիկայի կարողացել է պատշաճ մակարդակով հանդիպումներ անցկացնել հավաքականում: Բացի այդ, Ռոբերտի շարք վերադառնալով՝ մրցակցություն է առաջանում պաշտպանության կենտրոնում, ինչը նույնպես շատ կարևոր է: Եթե Ալեքսին հավաքական հրավիրելն առայժմ ավելի շատ խորություն ստեղծելու համար է, ապա Վալերի Ալեքսանյանը վաղուց արդեն համարվում է հիմնական կազմի լիարժեք ֆուտբոլիստ: Ալեքսանյանի ու Արզումանյանի հիմնական տարբերությունը կայանում է գրոհները սկսելու ձևի մեջ: Եթե խաղում է Ալեքսանյանը, գրոհները հիմնականում զարգանում են կամ դեպի եզր փոխանցումով, կամ հենակետայինի միջոցով, մինչդեռ Արզումանյանը շատ հաճախ ինքն է փորձում սկսել գրոհը երկար փոխանցումով: Թե որքանով է դա ստացվում՝ հարցի այլ կողմն է, որը կքննարկենք արդեն մյուս կետում:

4.Պաշտպանության և հարձակման գծերի մեջ չկար հստակ կապ

Խաղի ընթացքում, հատկապես առաջին կեսում, երբեմն ստեղծվում էր այնպիսի տպավորություն, որ հավաքականը խաղում է ոչ թե 4-1-4-1 կամ 4-2-3-1, այլ 4-0-6: Հենրիխ Մՙիթարյանն ու Կառլեն Մկրտչյանը դիրքավորվում էին հարձակմանը շատ մոտ, արդյունքում կենտրոնում չէր լինում մեկը, ում միջոցով պաշտպանները կարող էին զարգացնել գրոհը: Հենց դրա հետևանքով էլ Ռոբերտ Արզումանյանը շատ հաճախ դիմում էր երկար փոխանցումների, որոնց մեծ մասը բաժին էր հասնում մրցակցին: Ակնհայտ է, որ, հաշվի առնելով մեր հավաքականի խաղաոճը, մեզ պետք է կենտրոնում խաղացող ֆուտբոլիստ, ով, ստանալով գնդակը, կկարողանա արագություն հաղորդել մեր գրոհներին: Նախորդ շրջափուլում այդ գործառույթը հիմնականում իրականացնում էր Հենրիխ Մխիթարյանը, որը 4-1-4-1-ի պարագայում, խաղալով ավելի առաջ քաշված, այլևս չի զբաղվում այդ գործով: Արդեն որերորդ խաղն է՝ Մինասյանը փորձում է այդ խնդիրը 2-րդ խաղակեսում կարգավորել Դավիթ Մանոյանի միջոցով, սակայն այդ քայլը նույնպես առանձնակի չի արդարացնում իրեն: Խնդրի լուծումը կամ 2 հենակետայինով խաղալն է, որոնցից մեկը պետք է զբաղվի հարձակման գծին գնդակներ մատակարարելով, կամ գրոհները եզրերով զարգացնելն է: Հենց այստեղից էլ սահուն կերպով անցնում ենք մյուս խնդրին:

5. Եզրերում չկա անհրաժեշտ ակտիվություն:

Անցած շրջափուլում հավաքականի ամենախնդրահարույց խաղային դիրքերից մեկը աջ կիսապաշտպանի դիրքն էր: Եթե Գևորգ Ղազարյանն իր եզրում կարողանում էր սրություն ստեղծել և նաև օգնել պաշտպաններին, ապա աջ եզրում խաղացած ֆուտբոլիստներից և ոչ մեկը չէր կարողանում լիարժեք կատարել իր պարտականությունները: Արաս Օզբիլիզի հավաքական գալով այդ խնդրի մի մասը պետք է լուծվեր, քանի որ Արասը, չնայած որոշակիորեն թերանում է պաշտպանվելիս, բայց պետք է որ սրություն հաղորդեր առջևի գծում: Սակայն թե նախորդ ընկերական խաղերը, թե երեկվա հանդիպումը ցույց տվեցին, որ եզրերի ակտիվության խնդիրը դեռ օրակարգում է: Արասը, ստանալով գնդակը կամ հետ է փոխանցում Սարգիս Հովսեփյանին, կամ տեղափոխվում է կենտրոն՝ փորձելով իր համար ստեղծել հարվածի հնարավորություն, և այդպիսով հայտնվում է մրցակցի պաշտպանների շրջափակման մեջ: Իսկ հակադարձ եզրը, Գևորգ Ղազարյանի բացակայությամբ, էլ ավելի պասիվ էր: Ինձ համար անհասկանալի էր նաև խաղի որոշակի հատվածում Լևոն Հայրապետյանի և Արաս Օզբիլիզի դիրքային փոխատեղումը: Եթե Արասը ձախ եզրում խաղալու որոշակի փորձ ունի, ապա Լևոն Հայրապետյանը այն խաղային որակների տեր ֆուտբոլիստը չէ, որ կարողանա հաջողությամբ գործել հարձակման աջ եզրում: Ակնհայտ է, որ նա շատ ավելի օգտակար է ձախ եզրում և այն էլ պաշտպանի դիրքում խաղալիս: Ինչ վերաբերում է աջ եզրին, ապա երեկվա խաղի ընթացքում այնտեղ խաղացին Օզբիլիզը, Հայրապետյանը, Մանոյանը, բայց նրանցից ոչ մեկին չհաջողվեց որոշակիորեն սրություն ստեղծել այդ եզրում: Բարեբախտաբար, կար մեկը, ով կարողացավ լրացնել այդ բացը:

6. Սարկիսովը պետք է մշտապես ավելի շատ խաղաժամանակ ստանա

Բոլորին է հայտնի, որ մեր հավաքականի հաղթաղթերից մեկր արագությունն է: Երեկվա խաղում հենց այդ գործոնի պակասն էր խոչընդոտում մեր հավաքականի հաջողությանը: Բացի արդեն հիշատակված իներտ եզրերից, դանդաղկոտ էր նաև մեր կենտրոնը: Մխիթարյանի խաղն ակնհայտորեն չստացվեց, Մարկոսը, բացի մեկ դիպուկ հարվածից, նույնպես տարրալուծվել էր դաշտում, պետք էր մեկը, ով կկարողանար փոխել իրավիճակը: Բարեբախտաբար, այս անգամ այդ ամենի անհրաժեշտությունը շուտ գիտակցեց նաև Վարդան Մինասյանը՝ ասպարեզ հանելով Արթուր Սարկիսովին: “Վոլգայի” հարձակվողը միանգամից սկսեց տեռորի ենթարկել մրցակցի պաշտպաններին և իր անընդհատ տեղափոխություններով պտտեցրենց նրանց գլուխները: Այդ ամենի հետևանքն էլ ճիշտ ժամանակին կենտրոնական հարձակվողի դիրքում հայտնվելն ու Յուրա Մովսիսյանի լավ փոխանցումը եզրափակելն էր: Դրանից հետո էլ Սարկիսովն իր եզրային անցումներով հաճախակի լարվածություն էր ստեղծում մրցակցի պաշտպանության ձախ եզրում: Ակնհայտ է, որ հատկապես այնպիսի խաղերում, որտեղ մեր հավաքականին չի բավարարում արագությունը, Սարկիսովը կարող է դառնալ այն հաղթաթուղթը, որը պետք է պարզապես ճիշտ ժամանակին օգտագործվի մեր մարզիչների կողմից:

7.Կարողանում ենք հաղթել կարգի հաշվին

Այս կետը կարող է ամենակասկածելին թվալ բոլոր կետերից, սակայն ամեն ինչ այնքան էլ միանշանակ չի: Հիշենք, թե քանի ընտրական մրցաշարերում ենք մենք հավասար հավասարի պայքարել ուժեղագույն հավաքականների դեմ, ցուցադրել լավ որակի ֆուտբոլ, բայց պարտված թողել խաղադաշտը: Այո, մեր հավաքականի խաղը մեղմ ասած չտպավորեց, այո, մեր սահմանած նշաձողին հարիր չէ խաղի վերջին վայրկյաններին ատամներով պահել հաշիվը Մալթայի կարգի հավաքականի հետ մրցավեճում, բայց դրականն այն է, որ ընտրական շրջափուլը սկսում ենք թեկուզև այսպիսի հաղթանակով մի հավաքականի հետ խաղում, որը, համոզված եմ, դեռ շատերի տրամադրություն կգցի: 3 միավորը կա, իսկ դա այս պահին ամեակարևորն է: