Ապագան միայն մեր ձեռքերում է

Հոկտեմբերի 26-ին Երևանում ավարտվեց Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության ընտրական փուլի խմբային մրցաշարը: Հայաստանի հավաքականը, մրցելով Սլովակիայի, Հունաստանի և Անդորրայի հավաքականների հետ, խմբում գրավեց 2-րդ տեղը և իրավունք ստացավ մասնակցելու էլիտ ռաունդի խմբային մրցաշարին: Մի կողմից, մեր պատանեկան հավաքականը հասավ դրական արդյունքի, մյուս կողմից, ազգային և երիտասարդական հավաքականները վերջին շրջանում այնքան են բարձրացրել նշաձողը, որ հիմա ֆուտբոլասերները ցանկացած տարիքային հավաքականից ակնկալում են ոչ միայն դրական արդյունք, այլև գեղեցիկ և դիտարժան խաղ:

Անկասկած, միամտություն կլիներ սպասել, որ դեռ 19 տարեկանը չբոլորած պատանիները կկարողանան մշտապես բարձր մակարդակի ֆուտբոլ ցուցադրել: Նաև սխալ կլիներ անթերի համագործակցություն ակնկալել մի հավաքականից, որն առաջին անգամ էր այսպիսի կազմով մասնակցում պաշտոնական մրցաշարի (չնայած հավաքականի կորիզը կազմում են “Փյունիկի” խաղացողները, որոնք մշտապես մարզվում ու խաղում են կողք կողքի): Վերոնշյալ փաստերը, անկասկած կարող են ծառայել որպես մեղմացուցիչ հանգամանք, սակայն չմոռանանք, որ հավաքականի մարզիչները իրենք էին միաբերան հայտարարել, որ մեր բոլոր տարիքային հավաքականները պետք է սովորեն խաղալ նույն ոճով, ինչ որ ազգային հավաքականը, ուստի մենք էլ, մեր հերթին, իրավունք ունենք նրանցից պահանջել մի խաղ, որը գոնե ոճային առումով մոտ կլինի ֆուտբոլի զարգացման՝մեր ընտրած ճանապարհին:

Հավաքականի խաղում կան ակնհայտ խնդիրներ, որոնք տեսանելի են և որոնց շտկվելու դեպքում մենք կկարողանանք ավելին ակնկալել  այս տղաներից:

Թիմի գլխավոր խնդիրներից մեկը դարպասապահի հարցն է, որն արդեն վերածվում է հայկական ֆուտբոլի “աքիլեսյան գարշապարի”: Մինչև 19 տարեկանների հավաքականում առաջին 2  խաղերում հանդես եկած Ալբերտ Օհանյանը, ինչպես և նոր սերնդի գրեթե բոլոր դարպասապահները, ցավոք, չունեն դարպասապահին անհրաժեշտ տարրական հատկանիշներից մեկը՝ բարձր հասակ: Բացի այդ դրվագներից մի քանիսում մեր հավաքականը գոլ ընդունեց սեփական դարպասը բացառապես Օհանյանի ուշացած ռեակցիայի պատճառով: Պահեստային դարպասապահ Գոռ Մանուկյանը ավելի բարձրահասակ է, սակայն վերջին հանդիպումը խմբի ակնհայտ ետնապահ Անդորրայի հավաքականի հետ հնարավորություն չտվեց լիարժեք պատկերացում կազմել նրա ունակությունների մասին: Եվ այսպես, այս, ինչպես և մյուս հավաքականների հիմնական խնդիրներից մեկը որակյալ դարպասապահի բացակայությունն է: Այս խնդրի լուծման համար հավանաբար անհրաժեշտ է փոքր տարիքից պատրաստել համեմատաբար բարձրահասակ և լավ ռեակցիայով դարպասապահների:

Ընդհանրապես, հասակի խնդիրը կարծես թե գլխավորն է այս տարիքային հավաքականի համար: Մեր տղաների մեծամասնությունը չափազանց կարճահասակ և նրբակազմ է: Շատերը կնշեն, որ այն ֆուտբոլը, որ դավանում է, մեր հավաքականը, չի էլ պարտադրում հսկաների առկայություն թիմում: Համաձայն եմ, բայց այդ ֆուտբոլը դեռ պետք է կարողանալ խաղալ: Գրեթե բոլոր խաղերը ցույց տվեցին, որ, երբ մեր հավաքականի մրցակիցները դիմում են խորը պրեսինգի, այսինքն դիմավորում են մեր ֆուտբոլիստներին արդեն մեր կիսադաշտում, մեր խաղացողները չափազանց մեծ դժվարությամբ են կարողանում դուրս գալ պաշտպանությունից: Մեկ-երկու կարճ փոխանցումներն անհապաղ ավարտվում են գնդակի կորստով, իսկ երկար օդային փոխանցման դեպքում մեր ֆուտբոլիստներին տարրականորեն չեն հերիքում արդեն վերոնշյալ հասակը և ֆիզիկական տվյալները: Հետևաբար, եթե մեր ֆուտբոլիստները ցանկանում են գոնե հետագայում խաղալ ինչպես ազգային հավաքականը, արդեն հիմա պետք է աշխատեն բարելավել համագործակցությունը և փոխանցումների որակը:

Մեկ այլ խնդիր է մեր պաշտպանական և հարձակման գծի խաղացողների միջև կտրտվածությունը: Պաշտպանությունից արագ անցումը հարձակման պետք է կարողանան ապահովել հենակետային կիսապաշտպանները: Ցավոք, այս հավաքականում առայժմ չկան այնպիսի որակներով օժտված ֆուտբոլիստներ, ինչպիսիք են ազգայինում՝ Հենրիխ Մխիթարյանը, կամ երիտասարդականում՝ Արտակ Եդիգարյանն ու Մասիս Ոսկանյանը:

Եվ վերջապես, հոգեբանական խնդիրը: Հայաստանի հավաքականը, պարտվելով և բոլոր առումներով զիջելով Հունաստանի հավաքականին առաջին խաղակեսում, երկրորդում կերպարանափոխվեց և իր ձեռքը վերցրեց խաղի թելը, ինչի հետևանքն էլ եղավ Հովհաննես Հովհաննիսյանի խփած գնդակը: Ցավոք, ինչպես որ նախորդ շրջափուլում հաճախ պատահում էր ազգային հավաքականի հետ, պատանեկան հավաքականն էլ հաջորդ իսկ րոպեին գնդակ ընդունեց սեփական դարպասը և այլևս չկարողացավ  խաղի նժարը թեքել իր կողմը: Այս խնդրի իրական պատճառները, թերևս, կիմանան միայն մարզիչները և իրենք՝ ֆուտբոլիստները: Մեր կողմից կարող ենք ուղղակի խորհուրդ տալ չկորցնել զգոնությունը ոչ մի պարագայում և փորձել արագ վերադասավորել խփած գոլից հետո. մեկ գոլը ֆուտբոլում դեռ հաղթանակ չէ:

Թող տպավորություն չստեղծվի, թե հավաքականում ամեն ինչ վատ է և մենք էլ նպատակ ունենք դաժան քննադատության ենթարկել մեր պատանի խաղացողներին: Ամենևին ոչ: Հավաքականի ֆուտբոլիստներից Ղուկաս Պողոսյանը, Աղվան Պապիկյանը, Արման Հովհաննիսյանը, Հովհաննես Հովհաննիսյանը և էլի մի քանի խաղացողներ ունեն բարձրակարգ ֆուտբոլիստ դառնալու շատ լավ տվյալներ, իսկ հավաքականն էլ տեղ-տեղ իրոք փորձում էր խաղալ հաճելի և դուրեկան ֆուտբոլ:  Պարզապես, որքան շուտ մարզիչներն աշխատեն վերոնշյալ խնդիրների շտկման վրա, այնքան շուտ մենք կկարողանանք ունենալ այն հավաքականը, որն ուզում ենք: Ապագան միայն մեր ձեռքերում է:

Leave a comment