Մանոյանը ձախից և հավաքականի մարզիչների ևս 9 հետաքրքիր որոշում

Իտալիայի հավաքականի հետ մրցավեճում Վարդան Մինասյանը Դավիթ Մանոյանին առաջին անգամ խաղացրեց իր համար անսովոր՝ ձախ կիսապաշտպանի դիրքում: Դա ստիպեց ինձ հիշել նաև այլ դեպքեր, երբ հավաքականի մարզիչներն անսպասելիորեն հայտավորել են այս կամ այն ֆուտբոլիստին հիմնական կազմում կամ խաղացրել են իրենց համար անսովոր դիրքերում: Փորձարկումները եղել են հաջող և ոչ այնքան, բայց դրանք բոլորն էլ եղել են հետաքրքիր և անսպասելի:

 Եղիշե Մելիքյանը՝ ձախ եզրայինի դիրքում

 2003 թ. Հայաստանի հավաքականը գլխավորեց Միխայ Ստոյկիցան: Ռումինացի մասնագետի գլխավորությամբ պաշտոնական առաջին հանդիպումը Հյուսիսային Իռլանդիայի հավաքականի դեմ երևանյան մրցավեճն էր: Շատերի համար անսպասելիրեն Հայաստանի հավաքականը խաղադաշտ դուրս եկավ 3-4-2-1 դասավորությամբ: Պետք էր մի ֆուտբոլիստ, ով կկարողանար “ծածկել” ամբողջ ձախ եզրը։ Արտավազդ Քարամյանն այնքան էլ հարմար տարբերակ չէր պաշտպանությունում աշխատելու համար, բացի այդ, ստիպելով նրան վազել ամբողջ եզրով, Ստոյկիցան կտրուկ կնվազեցներ Արտավազդի արդյունավետությունն առջևի գծում: Կար նաև Աղվան Մկրտչյանի տարբերակը, ով նախորդ շրջափուլում երիտասարդական հավաքականի առաջատարներից էր և մի քանի անգամ հրավիրվել էր ազգային հավաքական: Բայց ընտրությունը կանգնեց ընդհանուր առմամբ անփորձ Եղիշե Մելիքյանի վրա, որը մինչ այդ երբեք չէր խաղացել հավաքականի հիմնական կազմում: Մելիքյանը գերազանց անցկացրեց ինչպես այդ հանդիպումը, այնպես էլ Եվրո-2004-ի ամբողջ ընտրական մրցաշարը՝ դառնալով անփոխարինելի խաղացող հավաքականի համար: Հետագայում հավաքականը կրկին վերադարձավ 4 պաշտպանով խաղիւն, իսկ Մելիքյանն էլ մոտ 5 տարի հաջողությամբ կատարեց ձախ պաշտպանի պարտականությունները:

Ալբերտ Սարգսյանը՝ ձախ եզրային  

Նույն Եվրո-2004-ի ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի հավաքականը պետք է հանդիպեր Ուկրաինայի հավաքականի հետ: Եղիշե Մելիքյանը որակազրկված էր, իսկ ձախ եզրային խաղացողի դիրքը կրկին թափուր էր մնացել: Եվ կրկին հիմնական թեկնածուն Աղվան Մկրտչյանն էր, և կրկին Ստոյկիցան զարմացրեց բոլորին իր որոշմամբ: Ռոմիկ Խաչատրյանի հետ միասին հենակետային կիսապաշտպանների զույգը կազմեց Էդուարդ Պարցիկյանը, Արթուր Ոսկանյանը տեղափոխվեց աջ, իսկ Ալբերտ Սարգսյանը՝ ձախ: Հանդիպման ընթացքը ցույց տվեց, որ Ստոյկիցան կարողացել էր նաև այս անգամ ճիշտ որոշում կայացնել։ Ալբերտ Սարգսյանն իր եզրում ակտիվ էր ամբողջ առաջին կեսի ընթացքում, իսկ 2-րդ կեսում, հենց ձախ եզրից տեղափոխվելով կենտրոն, Սարգսյանը խփեց իր՝ առանց չափազանցության լեգենդար գոլը, որը, իմ կարծիքով մինչ օրս  էլ ամենագեղեցիկն է հավաքականի պատմության մեջ: Դրանից հետո Ալբերտ Սարգսյանն այլևս չխաղաց ձախ եզրայինի դիրքում, սակայն հենց Ուկրաինայի հավաքականի հետ մրցավեճը, որում նա խաղում էր իր համար անսովոր դիրքում, մնաց Ալբերտի համար լավագույնը հավաքականի կազմում:

 Ռոբերտ Արզումանյանը հիմնական կազմում

 Աշխարհի 2006 թ. առաջնության ընտրական փուլի Անդորրայի հավաքականի հետ հանդիպումից առաջ Հայաստանի հավաքականը հայտնվել էր աննախանձելի վիճակում: Հարություն Վարդանյանն այլևս չէր հրավիրվում հավաքական: Կարեն Դոխոյանը մնացել էր միակ փորձառու կենտրոնական պաշտպանը: Այդ դժվարին իրավիճակում Հայաստանի հավաքականի այն ժամանակվա գլխավոր մարզիչ Բեռնար Կազոնին կայացրեց որոշում, որը կարելի է իրավամբ համարել պատմական և համարել միակ դրական բանը, որ Կազոնին արեց հայկական ֆուտբոլի համար: Ֆրանսիացին հիմնական կազմում խաղադաշտ դուրս բերեց 19-ամյա Ռոբերտ Արզումանյանին, որը մինչ այդ մասնակցել էր միայն Քուվեյթի հավաքականի դեմ ընկերական հանդիպմանը: Ռոբերտը հիանալի անցկացրեց ինչպես այդ, այնպես էլ հաջորդ՝ Հոլանդիայի հավաքականի հետ հանդիպումը և կարճ ժամանակում դարձավ հավաքականի առաջատար խաղացողներից մեկը: Դժվար է ասել, թե ինչպես կզարգանար Ռոբերտ Արզումանյանի կարիերան, եթե այն ժամանակ Բեռնար Կազոնին չհավատար և չվստահեր նրան:

 Կարեն Ալեքսանյանը՝ աջ պաշտպան

 Անդորրայի հավաքականի դեմ արդեն հիշատակված մրցավեճում Հայաստանի հավաքականն ուներ ևս մեկ խնդիր պաշտպանությունում: Որակազրկման պատճառով խաղին չէր կարող մասնակցել նաև Սարգիս Հովսեփյանը: Եթե կենտրոնական պաշտպանի դիրքում Կազոնին կարողացավ գտնել թեկուզ և անփորձ, բայց գոնե հաստիքային կենտրոնական պաշտպան, ապա աջ եզրում ընտրություն ուղղակի չկար: Այդուհանդերձ, հիմնական կազմում տեսնելով Կարեն Ալեքսանյանին, ավելի հեշտ էր կարծել, որ հավաքականը կխաղա 3 պաշտպանով, քան այն, որ ձախլիկ Կարեն Ալեքսանյանը կխաղա աջ պաշտպանի դիրքում: Բայց, հակառակ կանխատեսումների, հավաքականը խաղաց 4 պաշտպանով, իսկ Ալեքսանյանն էլ՝ աջ պաշտպանի դիրքում: Ալեքսանյանը վատ չխաղաց, չնայած նույնիսկ Անդորրայի կարգի հավաքականի հետ մրցավեճում երևում էր, որ ֆուտբոլիստի համար դժվար է խաղալ աշխատանքային ոտքին անհարմար եզրում: Բարեբախտաբար, հետագայում հավաքականի հիմնական պաշտպանները վերադարձան շարք, Ալեքսանյանը տեղափոխվեց իր համար սովորական՝ կենտրոնական կիսապաշտպանի դիրք, իսկ նման կարգի փորձարկում, որին դեռ կանդրադառնամ, եղավ միայն 5 տարի հետո:

 Վահագն Մինասյանը՝ հիմնական կազմում

 Եվրոպայի 2008 թ. առաջնության ընտրական փուլի առաջին 5 խաղերում, Յան Պորտերֆիլդի գլխավորությամբ, Հայաստանի հավաքականը վաստակել էր ընդամենը 1 միավոր: Ղազախստանի հավաքականի հետ խաղից առաջ անհրաժեշտ էր ինչ-որ բան փոխել հավաքականի համարյա բոլոր օղակներում: Եվ ահա, հենց այդ խաղում Պորտերֆիլդը խաղադաշտ դուրս բերեց Երևանի “Արարատի” ֆուտբոլիստ Վահագն Մինասյանին, որն այնքան էլ հայտնի չէր ֆուտբոլային լայն շրջանակներում: Ընդ որում, Մինասյանը խաղաց իր համար անսովոր՝ աջ կիսապաշտպանի դիրքում, խաղաց այնքան լավ, որ հիմնական կազմում սկսեց նաև հաջորդ հանդիպումը՝ Լեհաստանի հավաքականի հետ: Հետագայում Վահագն Մինասյանը խաղաց տարբեր դիրքերում՝ կենտրոնական պաշտպանից մինչև հենակետային կիսապաշտպան, բայց հենց Պորտերֆիլդի օրոք աջ կիսապաշտպանի դիրքում խաղալու շնորհիվ դարձավ հայտնի և մի քանի տարի շարունակ հրավիրվեց ազգային հավաքական:

 Սամվել Մելքոնյանը՝ առաջ քաշված հարձակվող

 Պորտերֆիլդի գլխավորությամբ առաջին խաղերում խայտառակ վիճակում էր ոչ միայն պաշտպանությունը, այլ նաև հարձակման գիծը: Չկար մի խաղացող, որ կկարողանար սրություն ստեղծել կամ արագություն հաղորդել գրոհներին: Հենց այդ նկատառումներից ելնելով՝ շոտլանդացի մասնագետը առաջ քաշված հարձակվողի դիրքում սկսեց օգտագործել մինչ այդ միայն աջ եզրում հանդես եկած Սամվել Մելքոնյանին: Եվ դա անմիջապես տվեց իր պտուղները: Մի շարք հանդիպումներում Մելքոնյանը իր արագության և պաշտպաններին անընդհատ պրեսինգի ենթարկելու շնորհիվ կարողացավ օգտակար լինել հավաքականին: Չնայած Մելքոնյանն այդպես էլ գոլ չխփեց հավաքականի կազմում, բայց Պորտերֆիլդի որոշումը միանգամայն արդարացված էր: Հենց կենտրոնական հարձակվողի դիրքում Մելքոնյանն անցկացրեց իր լավագույն հանդիպումները հավաքականի կազմում:

 Կառլեն Մկրտչյանը՝ աջ պաշտպան

 2008 թ. Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ նշանակվեց դանիացի Յան Պոուլսենը: Նրա գլխավորությամբ առաջին ընկերական խաղերում աջ պաշտպանի դիրքում մի քանի հանդիպում անցկացրեց նոմինալ կենտրոնական կիսապաշտպան, այն ժամանակ չափազանց անփորձ Կառլեն Մկրտչյանը: Կառլենի մեջ Պոուլսենը տեսնում էր ֆուտբոլիստի, որ կարող էր ժամանակի ընթացքում փոխարինել Սարգիս Հովսեփյանին, սակայն ժամանակը ցույց տվեց, որ դանիացի մասնագետը, մեղմ ասած, սխալվում էր Կառլեն Մկրտչյանի խաղային դիրքի հարցում: Բայց փորձարկումները չավարտվեցին: Կադրային խնդիրները պաշտպանությունում ստիպեցին արդեն երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ֆլեմինգ Սերիցլևին 2009 թ. Թուրքիայի երիտասարդական հավաքականի հետ մրցավեճում Կառլեն Մկրտչյանին խաղացնել աջ պաշտպանի դիրքում: Եվ միայն այն բանից հետո, երբ Կառլեն Մկրտչյանն անցկացրեց իր կարիերայի, թերևս, վատագույն հանդիպումը, մարզիչները “հանգիստ թողեցին” նրան՝ վերջնական տեղափոխելով հենակետային կիսապաշտպանի գոտի:

 Արտակ Եդիգարյանը՝ ձախ պաշտպան

 Եվրոպայի 2012 թ. առաջնության ընտրական փուլից առաջ հավաքականի մարզիչները հանտնվել էին բարդ խնդրի առջև: Աղվան Մկրտչյանն այլևս չէր հրավիրվում հավաքական, իսկ Լևոն Հայրապետյանը, որին դիտարկում էին որպես պաշտպանության ձախ եզրում խաղալու հիմնական թեկնածու, վնասվածք ուներ: Հենց այդպիսի հանգամանքներում մինչ այդ հիմնականում հենակետային կիսապաշտպանի և աջ պաշտպանի դիրքում խաղացած Արտակ Եդիգարյանը զբաղեցրեց ձախ պաշտպանի դիրքը: Առաջին 4-5 հանդիպումները վատ չստացվեցին, և Արտակն սկսեց դիտարկվել միմիյան որպես ձախ պաշտպան: 2011-ին Արտակը գրեթե չխաղաց հիմնական կազմում, քանի որ այդ դիրքում ամրապնդվեց Լևոն Հայրապետյանը, իսկ 2012 թ., ցավոք, չափազանց անհաջող է դասավորվում Արտակ Եդիգարյանի համար, որն այս տարի մեկը մյուսից վատ հանդիպումներ է անցկացնում հավաքականի կազմուևմ: Ակնհայտ է, որ ֆուտբոլիստը, լինելով աջլիկ, դժվարանում է խաղալ ձախ պաշտպանի դիրքում: Բայց, ինչպես և 2010-ին, Լևոն Հայրապետյանի վնասվածքը և այդ դիրքում խաղացող ավելի բարձրակարգ ֆուտբոլիստների բացակայությունը հավաքականում ստիպում են մարզիչներին հենց Արտակ Եդիգարյանին դիտարկել որպես ձախ պաշտպանի դիրքի հիմնական թեկնածու:

 Հենրիխ Մխիթարյանը՝ աջ կիսապաշտպան  

 Այս փորձարկումը, անկասկած լավագույնն ու ամենահիշարժանն է հավաքականի պատմության մեջ: Սլովակիայի հավաքականի հետ հանդիպումից առաջ անխտիր բոլորը մեղադրում էին Վարդան Մինասյանին տակտիկական միօրինակության և կազմի ընտրության հարցում պահպանողականության մեջ: Վարդան Մինասյանն էլ վերցրեց ու աջ կիսապաշտպանի դիրքում հայտավորեց Հենրիխ Մխիթարյանին: Հանդիպման ընթացքը ցույց տվեց, որ դա կարևորագույն որոշումն էր, որը մեծապես նպաստեց մեր հաղթանակին: Առաջին խաղակեսում Մխիթարյանը հիանալի կերպով օգնեց Սարգիս Հովսեփյանին պաշտպանությունում, իսկ 2-րդ խաղակեսում, երբ սլովակների գրոհների թափը նվազեց, Մխիթարյանը, անընդհատ աջից տեղափոխվելով կենտրոն, ուղղակի բզկտեց սլովակների պաշտպանությունը: Մեր 4 գոլերից 3-ը խփվեց հենց Մխիթարյանի անմիջական մասնակցությամբ: Դրանից հետո Մխիթարյանն այլևս չի խաղացել աջ կիսապաշտպանի դիրքում, բայց հետաքրքիր է, որ նրան աջից խաղացնելու փորձարկումը համընկավ Հայաստանի հավաքականի պատմության մեջ առայժմ ամենահիշարժան հաղթանակի հետ: