10 ամենաթերագնահատված հայ ֆուտբոլիստները անկախությունից հետո

Բարև բոլորին: Անցյալ շաբաթ անդրադարձել էի 20 հայ ֆուտբոլիստների, որոնք այդպես էլ չարդարացրին սպասելիքները: Շարունակելով հայկական TOP-դասակարգումների էջը` այսօր որոշել եմ առանձնացնել անկախությունից հետո 10 ամենաթերագնահատված հայ ֆուտբոլիստներին.

10-րդ տեղ – Հայկ Հարությունյան

Իր կարիերայի ընթացքում բազմաթիվ հայկական ակումբներում խաղացած այս ֆուտբոլիստն առանձնանում էր կառուցողական խաղով, ձախ ոտքի հուժկու հարվածներով և ստանդարտների գրագետ իրացմամբ: Հարությունյանն անփոխարինելի խաղացող էր համարվում իր խաղացած գրեթե բոլոր թիմերում: Ցավոք, իր ողջ կարիերայի ընթացքում հավաքականում նրան տեղ էին հատկացնում միայն 2 մարզիչներ` Սուրեն Բարսեղյանը և Վարուժան Սուքիասյանը: Բայց թե մեկի, թե մյուսի գլխավորած հավաքականներում էլ Հարությունյանն այդպես էլ չկարողացավ դառնալ հիմնական կազմի խաղացող` ընդհանուր առմամբ մասնակցելով ընդամենը 6 հանդիպման:

9-րդ տեղ – Հովհաննես Թահմազյան

“Շիրակի” երկարամյա ավագը միակ ֆուտբոլիստն է, որ մասնակցել է Հայաստանի` մինչ այժմ կայացած բոլոր առաջնություններին և համարվում է Հայաստանի առաջնությունում անցկացրած խաղերի քանակով ռեկորդակիր: Թահմազյանը, ով ոչ միայն ամենաերկարակյաց, այլև ամենակայուն խաղացողներից մեկն է մեր ֆուտբոլում, իր ողջ կարիերան անցկացրել է ընդամենը 2 թիմում` “Շիրակում” և “Միկայում”: Օժտված լինելով առաջատարի վառ հատկանիշներով` Թահմազյանը, այդուհանդերձ, իր այդքան երկար ֆուտբոլային կարիերայի ընթացքում ըստ արժանվույն չի գնահատվել հավաքականի մարզիչների կողմից: Հավաքական հրավիրվելով 22 տարեկանում` Թահմազյանը մասնակցել է միայն 6 հանդիպման, այն էլ խաղալով կիսապաշտպանի դիրքում (երիտասարդ տարիքում Թահմազյանը երկար ժամանակ խաղում էր կենտրոնական կիսապաշտպանի դիրքում):

8-րդ տեղ –Հովհաննես Դեմիրճյան

Գյումրիի ֆուտբոլային դպրոցի մեկ այլ ներկայացուցիչ, ով երկար տարիներ համարվում էր մեր առաջնության լավագույն կենտրոնական պաշտպաններից մեկը: ԴեմիրՃյանը գրագետ էր դիրքի ընտրության ժամանակ, լավ էր խաղում 2-րդ հարկում և տիրապետում էր բավականին ուժեղ հարվածների: Չնայած այս ամենին` նա վայելում էր հավաքականի մարզիչներից միայն մեկի` Վարուժան Սուքիասյանի վստահությունը, որի օրոք էլ Դեմիրճյանն անցկացրեց իր 7 հանդիպումները ազգային հավաքականի կազմում:

 7-րդ տեղ- Արմեն Տատինցյան

Կապանի ֆուտբոլի պատմության մեջ լավագույն խաղացողներից մեկը, ով երկար տարիներ հանդիսանում է “Գանձասարի” ավագը, իր ողջ կարիերայի ընթացքում մեծ նվիրավածությամբ ծառայել և ծառայում է իր հայրենի քաղաքի թիմին: Տատինցյանն առանձանում է գրագետ դիրքային խաղով և առաջին փոխանցման բարձր կուլտուրայով: Վերջին տարիներին մշտապես համարվելով մեր առաջնության լավագույն կենտրոնական պաշտպաններից մեկը` Տատինցյանը, չնայած կապանցի ֆուտբոլասերների հսկայական ցանկությանը, այդպես էլ չստացավ և դժվար թե ստանա հավաքականում գոնե փորձարկվելու հնարավորություն:

6-րդ տեղ – Նշան Էրզրումյան

Եթե հիշում եք, այս ֆուտբոլիստն ընդգրկվել էր նաև այն խաղացողների ցուցակում, որոնք այդպես էլ չարդարացրին հույսերը: Այդուհանդերձ, մինչ օրս էլ համոզված եմ, որ Հայաստանի առաջնություններում ռմբարկուական հատկանիշներով աչքի ընկնող այս ֆուտբոլիստը կարող էր տարբեր ժամանակահատվածներում օգտակար լինել բարձրակարգ հարձակվողների մշտական պակաս ունեցող մեր ազգային հավաքականին: Այդուհանդերձ, գոլային բարձր հոտառությամբ օժտված Նշան Էրզրումյանը այդպես էլ չստացավ իրեն հավաքականում դրսևորելու լիարժեք հնարավորություն` մասնակցելով ընդամենը 2 խաղի:

5-րդ տեղ- Արտյոմ Ադամյան

Հայաստանի առաջնության բոլոր ժամանակների ամենաարդյունավետ հարձակվողներից մեկը երկար տարիներ մեծ հաջողությամբ խաղացել է “Միկայում”, իսկ վերջին տարիներին համարվում է “Ոլիսի” առաջատարներից մեկը: Առանձնանալով բարձր մեկնարկային արագությամբ և ուժեղ հարվածներով` Ադամյանն արժանիորեն համարվում է Հայաստանի վերջին տարիների առաջնությունների լավագույն հարձակվողներից մեկը: Չնայած դրան` իր ողջ կարիերայի ընթացքում Ադամյանն այդպես էլ հրավեր չստացավ խաղալու ազգային հավաքականում:

4-րդ տեղ- Արթուր Քոչարյան

Մեր առաջնությունների ամենատարեց ֆուտբոլիստներից մեկը, ով միաժամանակ զբաղեցնում է 2-րդ տեղը Հայաստանի առաջնությունների բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների ցանկում, հրավիրվում էր հավաքական հիմնականում 90-ականների 2-րդ կեսին, երբ հանդես էր գալիս կիսապաշտպանությունում: Քոչարյանն առանձնանում էր բարձր արագությամբ, տեխնիկական հիանալի պատաստվածությամբ և հուժկու հարվածներով: Իր խաղացած գրեթե բոլոր թիմերում աչքի ընկնելով բարձր արդյունավետությամբ և մինչև օրս էլ համարվելով մեր առաջնության ամենավտանգավոր հարձակվողներից մեկը` Քոչարյանը, այդուհանդերձ, 2000-ականներին այդպես էլ չհրավիրվեց հավաքական` դառնալով ամենաթերագնատված խաղացողներից մեկը և բավարարվելով հավաքականում անցկացրած ընդամենը 4 խաղով:

3-րդ տեղ – Վարդան Մինասյան

Հայաստանի ազգային հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչը, ով իր կարիերայի լավագույն տարիներն անցկացրել է “Փյունիկում”, խաղ կառուցելու բացառիկ հատկությամբ և խաղային բարձր ինտելեկտով օժտված եզակի ֆուտբոլիստներից մեկն էր անկախությունից հետո: Չունենալով ֆիզիկական հզոր տվյալներ և լինելով բավականին դանդաղ` մոտավորապես Անդրեա Պիռլոյի դիրքում խաղացող  Մինասյանն աչքի էր ընկնում դիսպետչերի հատկանիշներով և ստանդարտ դիրքերն իրացնելու փայլուն վարպետությամբ: Նրանք, ովքեր տեսել են Մինասյանի խաղը, կհամաձայնեն, որ ազգային հավաքականի ներկայիս խաղաոճի հիմքում ընկած է հենց այն նրբագեղ, խելացի և ռոմանտիկ ֆուտբոլը, որ դավանում էր Վարդան Մինասյանը իր խաղալու տարիներին: Եվ չնայած այս ցուցակում Մինասյանն այն եզակիներից է, որ մյուսների համեմատ հավաքականի կազմում (հիմնականում` Խորեն Հովհաննիսյանի և Օսկար Լոպեսի օրոք) մասնակցել է բավականին մեծ թվով հանդիպումների (15), այդուհանդերձ, կարծում եմ, որ նրա խաղային որակների տեր ֆուտբոլիստը, շատ հաճախ անտեսվելով հավաքականի մարզիչների կողմից, այդպես էլ չկարողացավ իրեն լիովին դրսևորել հավաքականի կազմում:

2-րդ տեղ Արթուր Հ. Մինասյան

“Արարատի” երկարամյա ավագը, ով համարվում է վերջին տարիների Հայաստանի լավագույն կիսապաշտպաններից մեկը, նույնպես օժտված է խաղային բարձր ինտելեկտով և խաղ կառուցելու բացառիկ կարողությամբ: Արթուրը, որն իր խաղային որակներով բավականին նման է Վարդան Մինասյանին, ադյուհանդերձ, իր լավագույն տարիներին ավելի արագ էր, ավելի դիմացկուն և խաղում էր ավելի մոտ հարձակմանը: 2006-2007 թվականներին Արթուր Մինասյանը, գտնվելով իր կարիերայի գագաթնակետին և պարբերաբար հրավիրվելով ազգային հավաքական, այդուհանդերձ, այդպես էլ մնաց այնպիսի ֆուտբոլիստների թիկունքում, ինչպիսիք են Ռոմիկ Խաչատրյանը, Կարեն Ալեքսանյանը, Ռաֆայել Նազարյանը և Արթուր Ոսկանյանը: Իսկ երբ հավաքականի մարզիչները սկսեցին Արթուր Մինասյանին դիտարկել` որպես հավաքականում Համլետ Մխիթարյանի իրական փոխարինող, Արթուրը ցավալի վնասվածք ստացավ և չկարողացավ օգտագործել իրեն ընձեռված հնարավորությունը: Այդպես, անկախությունից հետո մեր առաջնության ամենախելացի խաղացողներից մեկը բավարարվեց հավաքականում անցկացրած ընդամենը 5 խաղով` չկարողանալով լիովին ցուցադրել իր մեծ պոտենցիալը:

1-ին տեղ- Արմեն Պետիկյան

Գրագետ, սառնասիրտ, տեխնիկապես հիանալի պատրաստված: Այս ամենը Հայաստանի առաջնությունների բոլոր ժամանակների լավագույն կենտրոնական պաշտպաններից մեկի` Արմեն Պետիկյանի մասին է: Իր խաղացած բոլոր թիմերում Պետիկյանը եղել է իսկական առաջատար և իր հետևից տարել խաղընկերներին: Կատարելով կենտրոնական պաշտպանի պարտականություն` Պետիկյանը տիրապետում էր առաջին փոխանցման բարձր կուլտուրային, կարողանում էր ժամանակին ապահովագրել խաղընկերներին, ինչպես նաև հիանալի էր խաղում 2-րդ հարկում և հաջողությամբ իրացնում էր ստանդարտ դիրքերը: Ցավոք, Պետիկյանի կարիերայի լավագույն տարիները համընկան այն ժամանակաշրջանի հետ, երբ հավաքականի պաշտպանությունում տոն էին տալիս Վարդան Խաչատրյանը, Հարություն Վարդանյանը, Սարգիս Հովսեփյանը և Կարեն Դոխոյանը, որոնք անփոխարինելի էին հավաքականի համար: Հենց այդ պատճառով խաղային բարձր ինտելեկտով և դիրքային գրագիտությամբ օժտված Պետիկյանը, որը կարող էր հոյակապ կարիերա ունենալ նաև ազգային հավաքականում, այդպես էլ չմասնակցեց որևէ պաշտոնական հանդիպման` բավարարվելով հավաքականում անցկացրած ընդամենը 4 ընկերական հանդիպումներով:

Սապսում եմ նաև ձեր արձագանքներին, հետևեք թարմացումներին և առողջ եղեք: