Բարև բոլորին: Վերջին մի քանի ամիսների ընթացքում բլոգի հրապարակումները ամբողջությամբ վերաբերում էին հայկական ֆուտբոլին: Դա պատահական չէ, եթե հաշվի առնենք մեր ԶԼՄ-ներում հայկական ֆուտբոլի վերաբերյալ հրապարակումների պակասը: Նույնը վերաբերում է նաև Հայաստանի առաջնությանը, որի լուսաբանումը շատ հաճախ սահմանափակվում է միայն թվերի և փաստերի արձանագրումով: Այդ բացը լրացնելու համար, հաշվի առնելով նաև ընթերցողներից շատերի պահանջը, սկսած այսօրվանից, կփորձեմ ամեն տուրից հետո ամփոփել այն՝ ձգտելով հնարավորինս խուսափել չոր վիճակագրական տվյալներից և աշխատելով ներկայացնել տուրի ամենահետաքրքիր իրադարձությունները դինամիկ ու հետաքրքիր ոճով: Հուսով եմ, որ ժամանակս թույլ կտա շարունակական դարձնել այս նյութերի շարքը և հնարավորինս նպաստել մեր առաջնության նկատմամբ հետաքրքրության բարձրացմանը:
Տուրի իրադարձությունը
Այս տուրում միմյանց հետ մրցում էին մրցաշարային աղյուսակում առաջին և երկրորդ հորիզոնականները զբաղեցնող “Միկան” և “Շիրակը”: Հաղթելու դեպքում “Միկան” էլ ավելի կամրապնդվեր առաջին հորիզոնականում, իսկ եթե հաղթեր “Շիրակը”, ապա պայքարն առաջին տեղի համար խիստ կսրվեր: Արեգ Ազատյանի, Նարեկ Բեգլարյանի և Սեմյոն Մուրադյանի գոլերին “Շիրակը” կարողացավ պատասխանել միայն Արա Մկրտչյանի խփած գոլով, իսկ հանդիպումն ավարտվեց “Միկայի” հաղթանակով 3-1 հաշվով: Չնայած առաջնության սկզբից բոլորը սպասում են, որ “Միկան” չի կարողանա պահպանել այս տեմպը, թիմը շարունակում է հաղթել ու հաղթել: Այսօրվա խաղում իրենց կառուցողական գործողություններով հատկապես աչքի ընկան Արեգ Ազատյանը և Ռաֆայել Ղազարյանը: Հարձակման եզրերում խաղացող այս ֆուտբոլիստները երկուսն էլ համառ են, տեխնիկապես գրագետ և արագաշարժ: Առանձին պետք է նշել նաև Աղվան Մկրտչյանի խաղը, որը, ինչպես և նախորդ բոլոր խաղերում, դաշտում հասցնում էր ամենուրեք: “Միկան” խաղում էր 4-2-1-3 մարտավարությամբ, իսկ Աղվանը հաջողությամբ իրականացնում էր պաշտպանության և հարձակման գծերի միջև կապը: Անհրաժեշտության դեպքում Աղվանը հայտնվում էր նաև եզրերում և կատարում հիանալի փոխանցումներ, ինչպես որ 2-րդ գոլի ժամանակ էր: Շատերը կարող են չհամաձայնվել, բայց, հատկապես հաշվի առնելով Լևոն Հայրապետյանի՝ երկար ժամանակով շարքից դուրս մնալը, Աղվան Մկրտչյանը կարող է դառնալ այն ֆուտբոլիստը, ով թեկուզ կարճ ժամանակով, բայց կարող է օգտակար լինել հավաքականին: Հասկանալի է, որ Աղվանը արդեն երկար ժամանակ է, ինչ չի խաղում ձախ պաշտպանի դիրքում, բայց չեմ կարծում, թե կորցրել է այնտեղ խաղալու հմտությունները, իսկ այն, որ Աղվան Մկրտչյանը, թերևս, լավագույնն է մեր առաջնությունում եզրերից գրոհներին միանալու և ճշգրիտ փոխանցումներ կատարելու գործում, կասկածի ենթակա չէ:
Տուրի լավագույն ֆուտբոլիստը
Օրեցօր իր խաղը բարելավող “Արարատը” Աբովյանում հյուրընկալել էր “Գանձասարին” : Տիգրան Ոսկանյանը, որը ժամանակին համարվում էր մեր ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկը, շատ վաղուց չէր դարձել գոլի հեղինակ: Իսկ այս խաղում Տիգրանին հաջողվեց միանգամից 3 անգամ գրավել մրցակցի դարպասը: Այդ գոլերն ավելի արժևորվեցին նրանով, որ հնարավորություն տվեցին “Արարատին” կարևոր հաղթանակ տանել և ավելացնել վերջին տեղից խուսափելու հնարավորությունները:
Տուրի հայտնությունը:
Այն ֆուտբոլասերները, ովքեր ուշադրությամբ հետևում են Հայաստանի առաջնությանը և հատկապես “Միկայի” ելույթներին, տեղյակ են, որ թիմի կազմում աջ պաշտպանի պարտականությունները կատարում է Վարդան Մովսիսյանը: “Շիրակի” հետ մրցավեճում նրա բացակայությամբ աջ պաշտպանի դիրքում խաղում էր 19-ամյա Աշոտ Կարապետյանը, որը մինչ այդ հիմնականում դուրս էր գալիս փոխարինման: Առաջ անցնելով՝ ասեմ, որ Աշոտ Կարապետյանը լավագույններից մեկն էր այս խաղում: Հաջողությամբ կատարելով իր բուն պարտականությունները՝ նա հասցնում էր մասնակցել գրոհներին և կատարել սուր փոխանցումներ դեպի տուգանային հրապարակ: Ճիշտ է՝ խաղավերջում Կարապետյանը մի փոքր հոգնեց և փոխարինվեց, բայց իր կրակոտ և տարիքին ոչ բնորոշ վստահ խաղով ստիպեց մեզ հետագայում ավելի ուշադիր հետևել իր խաղին:
Տուրի վերադարձը
Մոտ 3 ամիս Վարազդատ Հարոյանը չէր մասնակցել Բարձրագույն խմբի հանդիպումներին: “Ուլիսի” դեմ այսօր կայացած մրցավեճում Հարոյանը դուրս եկավ փոխարինման: Զգացվում էր, որ Հարոյանը այնքան էլ լավ ֆունկցիոնալ վիճակում չէ, ինչը բնական է, բայց միաժամանակ ուրախալի է, որ շնորհալի ֆուտբոլիստը շարունակում է իր ֆուտբոլային կարիերան, չնայած տարածված այն լուրերին, որ նա այլևս չի վերադառնալու ֆուտբոլային խաղադաշտ:
Տուրի առանձնահատկությունը
Տուրի բոլոր 4 հանդիպումներում գրանցվեց 3 և ավելի գնդակ, ինչը այնքան էլ հաճախակի չի պատահում մեր առաջնություններում: Ընդ որում, դաշտի տերերից միայն “Իմպուլսն” էր, որ չկարողացավ հաղթանակ տանել՝ “Բանանցի” հետ մրցավեճն ավարտելով 2-2 հաշվով: Փոխարենը “Միկան” 3-1 հաշվով հաղթեց “Շիրակին”, “Արարատը”՝ նույն հաշվով “Գանձասարին”, իսկ “Ուլիսի” և “Փյունիկի” մրցավեճում ավելի հաջողակ գտնվեցին գործող չեմպիոնները, որոնք էլ հաղթեցին 3-0 հաշվով:
Տուրի զավեշտը
“Հանրապետական մարզադաշտում” ընթացող “Ուլիս”-“Փյունիկ” հանդիպումը իր դիտարժանությամբ զիջում էր մի քանի ժամ առաջ տեղի ունեցած “Միկա”-“Շիրակ” հանդիպմանը: Փոխարենը կար մի բան, որը չես հանդիպի ոչ մի տեղ և ոչ մի պարագայում: Գրեթե ամբողջ հանդիպման ընթացքում ֆուտբոլիստների գործողություններն ուղեկցվում էին շրջակա ինչ-որ մի վայրից ուղեկցվող կենդանի երաժշտության բարձր ելևէջներով: “Մոտ արի կամաց-կամաց”, “Ֆայտոն”, “Իմ ախպերս”, “Доля воровская”- սրանք միայն մի մասն են այն երգերից, որոնք գրեթե ամբողջ խաղի ընթացքում ստիպում էին ֆուտբոլիստներին շեղվել իրենց բուն զբաղմունքից, իսկ ֆուտբոլասերներին՝ “հետաքրքրությամբ” սպասել խորհրդավոր երգչի հերթական համարին: Ես դեռ կհասկանայի, եթե հանդիպումը տեղի ունենար “Հրազդան” մարզադաշտում, որի հարևանությամբ գործում են անորակ երաժշտություն մատուցող մի շարք ռեստորաններ, բայց թե որտեղից էր գալիս այդ երաժշտության ձայնը, և ով էր որոշել հենց Հայաստանի առաջնության հանդիպման ժամանակ տոնել իր առիթը, մեզ այդպես էլ անհասկանալի մնաց: Մնում է միայն հուսալ, որ միջազգային հանդիպումների ժամանակ “Հանրապետական” մարզադաշտում մարզասերների թիվն ու նրանց բարձր վանկարկումները հնարավորություն կտան հետագայում խուսափել նման տհաճ անակնկալներից:
Եվրոպական ակումբային մրցաշարերում մեկնարկած հայկական ակումբներից միայն Գյումրիի “Շիրակին” հաջողվեց հաղթանակ տանել որակավորման առաջին փուլի առաջին խաղում: Մյուս թիմերի խաղերը հիշեցրեցին նախորդ տարիների անմխիթար վիճակը, երբ մեր ակումբների մեծ մասը լքում էր եվրոպական ասպարեզը հենց առաջին փուլից: Այդուհանդերձ, մեր ակումբային ֆուտբոլի պատմության մեջ եղել են հանդիպումներ, որոնք տպավորվել են ֆուտբոլասերների հիշողության մեջ: Այսօր որոշել եմ առանձնացնել հայկական ակումբների՝ իմ կարծիքով 15 լավագույն հանդիպումները եվրագավաթների խաղարկություններում:
15-րդ տեղ – “Փյունիկ”-“Ռեյկյավիկ”` 1:0 (2003-2004 թթ. Չեմպիոնների Լիգա, Որակավորման առաջին փուլ)
Բազմաթիվ լեգիոներներով համալրված “Փյունիկը”, հանդիպման հենց սկզբից տիրելով առավելությանը, ստեղծում էր մեկը մյուսից վտանգավոր պահեր, սակայն գրոհի եզրափակիչ հատվածում ինչ-որ բան չէր ստացվում: “Փյունիկը” նույնիսկ ստացավ 11 մետրանոց հարվածի իրավունք, սակայն Ռաֆայել Նազարյանը չկարողացավ անվրեպ իրացնել այն: Ի վերջո “փյունիկցիների” համառությունը պսակվեց հաջողությամբ. Կառլ Լոմբեի` աջ եզրով կատարած անցումից հետո Լևոն Պաչաջյանը դարձավ միակ հաղթական գոլի հեղինակ: Պատասխան խաղում “Փյունիկը” 1-1 հաշվով ավարտեց հանդիպումը և 2-րդ տարին անընդմեջ դուրս եկավ Չեմպիոնների Լիգայի որակավորման 2-րդ փուլ:
14-րդ տեղ – “Զվարթնոց”-“Պրիմորիե”` 2:0 (2002-2003 թթ. ՈՒԵՖԱ-ի գավաթ, Որակավորման առաջին փուլ)
Ժամանակին գոյություն ունեցող ամենաինքնատիպ հայկական թիմերից մեկը` Երևանի “Զվարթնոցը”, եվրոպական մրցաշարում իր առաջին իսկ խաղում խայտառակ պարտություն կրեց` մրցակցի հարկի տակ 1-6 հաշվով զիջելով սլովենական “Պրիմորիեին”: Այդուհանդերձ, պատասխան խաղում “Զվարթնոցի” ֆուտբոլիստները կարողացան ինչ-որ չափով ուրախացնել իրենց ֆուտբոլասերներին: Սարգիս Նազարյանի և Մհեր Ավանեսյանի խփած գոլերի շնորհիվ “Զվարթնոցը” տարավ իր առաջին և վերջին հաղթանակը եվրոպական ակումբային մրցաշարերում:
13-րդ տեղ- “Միկա”-“Ռապիդ” Բուխարեստ` 1:0 (2000-2001 թթ. ՈՒԵՖԱ-ի գավաթ, Որակավորման առաջին փուլ)
Եվրոպական մրցաշարերին իր առաջին իսկ մասնակցության ժամանակ այդ տարիներին Աշտարակը ներկայացնող “Միկային” ծանր մրցակից էր բաժին ընկել` ի դեմս ռումինական “Ռապիդի”: Աշտարակցիները, առաջին խաղում պարտվելով 0-3 հաշվով, պատասխան խաղում կարողացան հասնել հաղթանակի 1-0 հաշվով: Խորհրդանշական է, որ իր հարազատ քաղաքում անցկացվող խաղում հաղթական գոլի հեղինակ դարձավ գյումրեցի Սամվել Նիկոլյանը:
12- “Շիրակ”-“ՀԻԿ” ` 1:0 (1999-2000 թթ. ՈՒԵՖԱ-ի գավաթ, Որակավորման առաջին փուլ)
Առաջին մրցավեճում պարտվելով հայ ֆուտբոլասերներին արդեն քաջածանոթ ֆիննական “ՀԻԿ”-ին 0:2 հաշվով` գյումրեցիները, այդուհանդերձ լի էին մրցակցի արգելքը հաղթահարելու վճռականությամբ: Ցավոք, “Հրազդան” մարզադաշտում վերակառուցումից առաջ եվրագավաթների շրջանակներում անցկացվող վերջին խաղում գյումրեցիները միայն մեկ անգամ կարողացան հասնել հաջողության: Գոլի հեղինակ դարձավ Արտյոմ Բեռնեցյանը:
11. “Շախտյոր” Դոնեցկ-“Փյունիկ”` 2:1 (2007-2008 թթ. Չեմպիոնների Լիգա, Որակավորման երկրորդ փուլ)
Շատերի համար կարող է զարմանալի թվալ, որ մեր ակումբների լավագույն խաղերի թվում ես նշում եմ մի հանդիպում, որտեղ մեր թիմը չի հաղթել: Սակայն նրանք, ովքեր տեսել և հիշում են այս հանդիպումը, կհաստատեն, որ այն, իրոք, մեր ակումբային ֆուտբոլի պատմության մեջ լավագույններից էր: Առաջին մրցավեճում պարտվելով “Շախտյորին” 0:2 հաշվով՝ “Փյունիկը”, որի կազմում մեծ ֆուտբոլում իրենց առաջին քայլերն էին անում Հայաստանի հավաքականի ներկայիս առաջատարներ Հենրիխ Մխիթարյանը, Գևորգ Ղազարյանը, Արթուր Եդիգարյանը, Կառլեն Մկրտչյանը, պատասխան մրցավեճում կարողացավ համառ դիմադրություն ցույց տալ հզոր մրցակցին, իսկ 31-րդ րոպեին Գևորգ Ղազարյանի խփած գոլի շնորհիվ նույնիսկ կարճ ժամանակով առաջ անցավ հաշվի մեջ: Չնայած “Փյունիկը” ի վերջո պարտվեց 1:2 հաշվով, սակայն հիանալի տպավորություն թողեց:
10. “Փյունիկ”-“Դերի սիթի”՝ 2:0 (2007-2008 թթ. Չեմպիոնների Լիգա, Որակավորման առաջին փուլ)
Որքան էլ որ դժվար լինի հավատալ, կար ժամանակ, երբ “Փյունիկը” պարբերաբար հաղթահարում էր Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլը: Վերջին անգամ դա տեղի ունեցավ 2007 թ.: Առաջին խաղում բավարարվելով գոլազուրկ ոչ-ոքիով՝ “Փյունիկը” հիանալի անցկացրեց իռլանդական “Դերի Սիթիի” հետ պատասխան հանդիպումը: Արսեն Ավետիսյանի և Գևորգ Ղազարյանի խփած գոլերի շնորհիվ “Փյունիկը” կարողացավ հերթական անգամ դուրս գալ որակավորման 2-րդ փուլ: “Փյունիկի” այս հաջողությունը շարունակում է մնալ վերջինը հայկական ակումբների համար Չեմպիոնների Լիգայի խաղարկություններում:
9. “Լոկոմոտիվ” Թբիլիսի, Վրաստան- “Բանանց” 0:2 (2005-2006 թթ. ՈՒԵՖԱ-ի գավաթ, Որակավորման առաջին փուլ)
Զգալիորեն թարմացված և լեգեոներներով համալրված կազմով հանդես եկող “Բանանցը”, առաջին խաղում սեփական հարկի տակ պարտվելով մրցակցին 2-3 հաշվով, Թբիլիսի էր մեկնում սասանված հեղինակությունը վերականգնելու նպատակով: Սակայն քչերն էին հավատում, որ “Բանանցը” կկարողանա հաղթահարել վրացական թիմի արգելքը: Հակառակ սպասումների՝ “Բանանցը” վերելքով անցկացրեց հանդիպումը՝ խաղաժամանակի մեծ մասի ընթացքում տիրելով խաղային առավելությանը: Առաջին խաղակեսում Արամ Հակոբյանի, իսկ 2-րդում՝ Արա Խաչատրյանի խփած գոլերի շնորհիվ “Բանանցը” կարողացավ հաղթանակ տանել “Լոկոմոտիվի” նկատմամբ և առաջին անգամ իր պատմության ընթացքում հաղթահարել եվրոպական ակումբային մրցաշարերից մեկի որակավորման փուլի արգելքը:
8. “Միկա”- “ՄՏԿ” Հունգարիա ՝ 1:0 (2007-2008 թթ. ՈւԵՖԱ-ի գավաթ, Որակավորման առաջին փուլ)
2007-2008 թթ. մրցաշրջանը մինչ օրս էլ համարվում է ամենահաջողը հայկական ակումբային ֆուտբոլի պատմության մեջ: Բացի “Փյունիկի”՝ արդեն հիշատակված հաջողությունից, այդ տարի գերազանց ելույթներ էր ունենում նաև “Միկան”: Առաջին մրցավեճում պարտվելով հունգարական “ՄՏԿ”-ին 1:2 հաշվով, “Միկան” հոյակապ անցկացրեց պատասխան հանդիպումը: Ամբողջ հանդիպման ընթացքում տիրելով առավելությանը՝ “Միկայի” ֆուտբոլիստները կարողացան Արտյոմ Ադամյանի խփած միակ գոլի շնորհիվ հաղթանակ տանել մրցակցի նկատմամբ և առաջին անգամ դուրս գալ եվրոպական ակումբային մրցաշարի որակավորման 2-րդ փուլ:
7. “Փյունիկ”-“Տամպերե” Ֆինլանդիա՝ 2:0 (2002-2003 թթ. Չեմպիոնների Լիգա, Որակավորման առաջին փուլ)
Այս թիմերի առաջին հանդիպմանը դեռ կանդրադառնանք, իսկ այս հանդիպումը հայկական ակումբային ֆուտբոլի պատմության մեջ ամենահիշարժան խաղերից մեկն էր: Առաջին մրցավեճում “Փյունիկի” խոշոր հաշվով հաղթանակից հետո “Հանրապետական” մարզադաշտը լեփ-լեցուն էր ֆուտբոլասերներով: Եվ Հայատանի չեմպիոն թիմի ֆուտբոլիստներն այս անգամ էլ հուսախաբ չարեցին երկրպագուներին: Ամբողջ հանդիպման ընթացքում “Փյունիկը” ցուցադրում էր գեղեցիկ, կոմբինացիոն ոճի ֆուտբոլ և արժանիորեն հասավ հաղթանակի: Մամադու Դիավարան և Միգել Անխել Սիստեռնան, մեկական անգամ գրավելով մրցակցի դարպասը ապահովեցին “Փյունիկի” հաղթանակը՝ մեծ ուրախություն պարգևելով հազարավոր ֆուտբոլասերների:
6.”Պոբեդա” Մակեդոնիա-“Փյունիկ”՝ 1:3 (2004-2005 թթ. Չեմպիոնների Լիգա, Որակավորման առաջին փուլ)
Ամբողջովին թարմացված կազմով հանդես եկող “Փյունիկը” կարողացավ գեղեցիկ ոճով հաղթանակ տանել Մակեդոնիայի չեմպիոնի նկատմամբ նրա իսկ հարկի տակ: 2 գոլի հեղինակ դարձավ Էդգար Մանուչարյանը, ևս մեկ գոլ հեղինակեց Ժորա Հովհաննիսյանը: Եվ չնայած պատասխան խաղում “փյունիկցիները” չկարողացան զարգացնել իրենց հաջողությունը՝ խաղն ավարտելով 1:1 հաշվով, այդուհանդերձ, ավանդույթը չխախտվեց, և “Փյունիկը” 3-րդ տարին անընդմեջ դուրս եկավ Չեմպիոնների Լիգայի խաղարկության 2-րդ փուլ:
5. “Միկա”-“Արտմեդիա” Սլովակիա 2:1 (2007-2008 թթ. ՈՒԵՖԱ-ի գավաթ, Որակավորման երկրորդ փուլ)
Ինչպես արդեն նշվեց, որակավորման առաջին փուլում “Միկան” կարողացավ հաղթահարել հունգարական “ՄՏԿ”-ի արգելքը: Երկրորդ փուլում մրցակիցն ավելի զորեղ էր՝ Սլովակիան ներկայացնող “Արտմեդիան”, որն ընդամենը 2 տարի առաջ իսկական իրարանցում առաջացրեց Եվրոպայում՝ մտնելով Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշար: Չնայած դրան, “Միկան” վերելքով անցկացրեց մրցավեճը: Ընդհանրապես այդ մրցաշրջանում “Միկան”, որը հանդես էր գալիս Արկադի Անդրեասյանի գլխավորությամբ և ուներ իր պատմության ընթացքում, թերևս, ուժեղագույն կազմը, առանձանում էր իր տպավորիչ խաղով: Բացառություն չեղավ նաև այս հանդիպումը: Արմեն Շահգելդյանի գոլի շնորհիվ “Միկան” արագորեն առաջ անցավ հաշվի մեջ: Սլովակներին հաջողվեց արագորեն վերականգնել հաշվի հավասարակշռությունը, սակայն հետզհետե ուժեղացնելով ճնշումը՝ “Միկան” ի վերջո կարողացավ Ալեքսի ջանքերով հաղթանակ տանել ծանրագույն մրցավեճում: Եվ չնայած “Միկան”, արտագնա մրցավեճում զիջելով 0-2 հաշվով, դուրս մնաց հետագա պայքարից, սակայն այդ մրցաշրջանում “Միկայի” ցուցացդրած խաղը մինչ օրս էլ գոհունակությամբ է հիշվում ֆուտբոլասերների կողմից:
4.”Արարատ”-“ԳԿՍ” Լեհաստան 2:0 (5:4՝11մ) (1995-1996 թթ. Գավաթակիրների գավաթ, Որակավորման առաջին փուլ)
Նոր սերնդի ֆուտբոլասերներից շատերին անծանոթ է այնպիսի մրցաշար, ինչպիսին է Գավաթակիրների գավաթի խաղարկությունը, իսկ այն, որ Երևանի “Արարատը” կարող է ոչ միայն մասնակցել եվրոպական մրցաշարի, այլև հաջողությամբ հաղթահարել առաջին փուլը, ուղղակի անհավանական է թվում: Այդուհանդերձ, մինչև 1999 թ., իրոք գոյություն ուներ այդպիսի մրցաշար, իսկ “Արարատն” էլ, համալրված լինելով դեռևս Խորհրդային Միության ֆուտբոլի դպրոցն անցած խաղացողներով, կարողանում էր արժանապատիվ ելույթներ ունենալ միջազգային ասպարեզում: “Արարատը” խիստ անհաջող էր անցկացրել առաջին մրցավեճը լեհական Կատովիցե քաղաքի “ԳԿՍ”-ի դեմ՝ մրցակցի հարկի տակ պարտվելով 0-2 հաշվով: Սակայն պատասխան մրցավեճում “Արարատը” ցուցադրեց այնպիսի խաղ, որ ուղղակի ոչ մի շանս չտվեց մրցակցին: Տիգրան Գսպեյանի և Արամայիս Տոնոյանի խփած գոլերին շնորհիվ “արարատցիները” դեռևս առաջին խաղակեսում երկու խաղերի արդյունքում հավասարեցրին դիմակայության արդյունքը: Խաղի հիմնական և լրացուցիչ ժամանակներն այդպես էլ չորոշեցին հաղթողին, և ամեն ինչ որոշվեց հետխաղյա 11-մետրանոցներով, որտեղ էլ ավելի հաջողակ գտնվեցին Երևանի “Արարատի” ֆուտբոլիստները՝ 2-րդ փորձից հաղթահարելով եվրոպական ակումբային մրցաշարերից մեկի որակավորման առաջին փուլի արգելքը:
3. “Փյունիկ”-“ՀԻԿ” Ֆինլանդիա՝3:1 (1996-1997 թթ. ՈՒԵՖԱ-ի գավաթ, Նախնական փուլ)
Հայաստանի ցածր վարկանիշի պատճառով երկրի նորընծա չեմպիոն “Փյունիկը” մեկնարկեց ոչ թե Չեմպիոնների Լիգայի, այլ ՈՒԵՖԱ-ի գավաթի մրցաշարում: Ոչ ոք չէր սպասում, որ միջազգային հանդիպումների լուրջ փորձ չունեցող “Փյունիկը” կկարողանա գերազանցել ֆիննական թիմին: Բայց “Փյունիկը” իսկական անակնկալ մատուցեց բոլորին՝ ցուցադրելով կրակոտ, հարձակողական ֆուտբոլ: Արսեն Ավետիսյանի 2 և Համլետ Մխիթարյանի 1 գնդակներին ֆիննական ակումբի ֆուտբոլիստները պատասխանեցին միայն մեկով: “Փյունիկը” հաղթեց 3:1 հաշվով և Ֆինլանդիա մեկնեց ամրության լավ պաշարով: Չնայած “Փյունիկը” երկու հանդիպումների արդյունքում ստիպված եղավ թողնել ասպարեզը, բայց առաջին մրցավեճում ցուցադրած փայլուն խաղը դեռ երկար ժամանակ հիշվում ու քննարկվում էր ֆուտբոլասերների կողմից:
2. “Փյունիկ”-“Դինամո” Կիև, Ուկրաինա՝ 2:2 (2002-2003 թթ. Չեմպիոնների լիգա, Որակավորման երկրորդ փուլ)
Դիմակայության առաջին խաղում պարտվելով մրցակցին 0:4 հաշվով՝ “Փյունիկը” գործնականում զրկվել էր հաջորդ փուլ դուրս գալու հնարավորություններից: Այդուհանդերձ, պատասխան մրցավեճում “Հանրապետական” մարզադաշտի տրիբունաներում ասեղ գցելու տեղ չկար: Իրենց պարտավորված էին զգում նաև “Փյունիկի” ֆուտբոլիստները, որոնք իրավունք չունեին հուսախաբ անել իրենց երկրպագուներին: Խաղասկիզբն անհաջող դասավորվեց մեր թիմի համար. ուկրաինացիներին հաջողվեց 2 անգամ գրավել “Փյունիկի” դարպասը: Սակայն դրանից հետո “Փյունիկը այնպիսի տեմպ հաղորդեց խաղին, որ չդիմացան նույնիսկ բազմափորձ կիևցիների նյարդերը: Նախ, Արտավազդ Քարամյանը տուգանային հիանալի հարվածով կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ 2-րդ խաղակեսում արդեն Արման Քարամյանը մոտ տարածությունից գլխի հարվածով վերականգնեց հաշվի հավասարակշռությունը: “Փյունիկը” կարող էր նույնիսկ կորզել հաղթանակը, բայց գրոհի եզրափակիչ հատվածում ինչ-որ բան չէր ստացվում: Չնայած “Փյունիկը” չկարողացավ հաղթել ոչ այդ խաղում, ոչ էլ ընդհանուր դիմակայությունում, բայց գերհզոր մրցակցի դեմ խաղում կարողացավ ցուցադրել համարձակ, հարձակողական ֆուտբոլ և ամրագրեց 2-րդ տեղը մեր դասակարգման մեջ:
1.”Տամպերե” Ֆինլանդիա-“Փյունիկ”՝ 0:4 (2002-2003 թթ. Չեմպիոնների լիգա, Որակավորման առաջին փուլ)
Այն, որ այս հանդիպումը լավագույնն է անկախ Հայաստանի ակումբային ֆուտբոլի պատմության մեջ, ուղղակի քննարկման ենթակա չէ: Եվ հարցը միայն գրանցված խոշոր հաշիվը չէ: Վերակազմավորումից հետո առաջին անգամ մասնակցելով Չեմպիոնների Լիգայի մրցաշարի՝ “Փյունիկը” ներկայացավ որպես գրագետ, լավ կոմպլեկտավորված, ժամանակակից ֆուտբոլ դավանող թիմ: Հանդիպման հենց մեկնարկից “Փյունիկը” ցույց տվեց, որ եկել է Ֆինլանդիա՝ միմիայն հաղթելու նպատակով, իսկ մահացու հակագրոհները դարձան այն հաղթաթուղթը, որի դեմ անզոր գտնվեցին ֆիննական ակումբի պաշտպանները: Արտավազդ և Արման Քարամյանները և Արթուր Մկրտչյանը դարձան մեկը մյուսից գեղեցիկ գոլերի հեղինակ՝ առաջին և վերջին անգամ հայկական ակումբային ֆուտբոլի պատմության մեջ ձևակերպելով խոշոր հաշվով հաղթանակ, այն էլ արտագնա մրցավեճում: Այսպիսով, ուղիղ 10 տարի առաջ կայացած “Տամպերե”-“Փյունիկ” մրցավեճը մինչ օրս էլ լավագույնն է հայկական ակումբների՝ եվրագավաթներում ունեցած ելույթներից:
Հուլիսի 5-ին հայկական 3 ակումբներ՝ “Փյունիկը”, “Շիրակը” և “Գանձասարը”, մեկնարկեցին Եվրոպա Լիգայի գավաթի խաղարկությունում: “Փյունիկը” սեփական հարկի տակ 0-3 հաշվով պարտվեց Մոնտենեգրոյի “Զետային”, “Շիրակը” հյուրընկալվելիս 1-0 հաշվով հաղթեց նույն երկիրը ներկայացնող մեկ այլ թիմի՝ “Ռուդարի”, իսկ “Գանձասարը” Ֆարերյան կղզիներում 1-3 հաշվով պարտվեց տեղի “Ստրեյմուրին”: Շատերը կարող են չհամաձայնել, բայց բոլոր արդյունքներն էլ օրինաչափ են: “Փյունիկի” ղեկավարությունն ինքն է ընտրել այնպիսի քաղաքականություն, որի պարագայում թիմից պահանջել դրական արդյունքներ այնքան էլ ճիշտ չի լինի: Որքան էլ որ մրցակիցը թույլ լինի, հիմնականում 17-20 տարեկան ֆուտբոլիստներով համալրված թիմը չի կարող հաջողության հասնել եվրոպական մրցասպարեզում:
Օրինաչափ է նաև “Շիրակի” հաջողությունը: “Շիրակն” այն եզակի թիմերից է մեր հանրապետությունում, որտեղ ամեն ինչ դրված է պրոֆեսիոնալ հիմքերի վրա: Ունենալով ամենաուժեղ կամզը մեր բոլոր ակումբների մեջ՝ “Շիրակը” պարտավոր էր ձգտել հաղթանակի հասնել նույնիսկ արտագնա մրցավեճում: Գյումրեցիները պատվով դուրս եկան այդ փորձությունից և պատասխան խաղից առաջ հիանալի հնարավորություններ ունեն դուրս գալու հաջորդ փուլ:
Որքան էլ որ ցավալի հնչի, օրինաչափ է նաև “Գանձասարի” խայտառակ պարտությունը Ֆարերյան կղզիներում: Ակումբը չունի հստակ քաղաքականություն և զարգացման ծրագիր: Ամեն տարի փոխելով կազմը և մարզչական շտաբը, հրավիրելով Զեեդորֆ, Դումբիա, Կեյտա, Գուստավո և այլ հնչեղ անուններով, բայց կասկածելի ունակությունների տեր լեգեոներների՝ թիմը չի կարող հավակնել լուրջ նվաճումների: Իհարկե, “Գանձասարը” տեսականորեն կարող է ցանկալի հաշվով հաղթել պատասխան խաղում, բայց փաստն այն է, որ “Գանձասարը” կրեց հայկական ակումբային ֆուտբոլի պատմության մեջ ամենախայտառակ պարտությունը՝ զիջելով սիրողական մակարդակի ակումբի, ընդ որում կապանցիները դեռ պետք է գոհ լինեն գրանցված հաշվից:
Բայց երեկվա գլխավոր հիասթափությունը ոչ միայն և ոչ այնքան մեր 2 ակումբների պարտություններն են, այլ “Հանրապետական” մարզադաշտի արևմտյան տրիբունայում հավաքված մի խումբ, նույնիսկ չեմ էլ համարձակվում ասել մարզասերների պահվածքը: Բավական չէ, որ “Փյունիկի”՝ առանց այդ էլ երիտասարդ ու հոգեբանորեն անկայուն ֆուտբոլիստների յուրաքանչյուր սխալ ուղեկցվում էր տրիբունայից հնչող հայհոյախառը արտահայտություններով, սկսած 2-րդ խաղակեսի միջնամասից, երբ մարզադաշտում հայտնի դարձավ, որ “Շիրակը” Մոնտենեգրոյում բացել է հաշիվը, արևմտյան տրիբունայի նշված հատվածն սկսեց վանկարկել “Շիրակ, Շիրակ”: Ես դեռ կհասկանայի, եթե այդ մարդկանց մեջ լինեին գյումրեցիներ, որոնք, չափից դուրս ուրախանալով իրենց հարազատ քաղաքի թիմի հաջողությամբ, այդ կերպ էին նշում իրենց զգացողությունները: Բայց ոչ, դատելով այդ մարդկանց խոսվածքից, նրանք Գյումրիից չէին, իսկ իրենց արածն էլ նման է ընկած և վիրավոր մարդուն ոտքերով հարվածելուն: Նմանատիպ պահվածքը նորություն չէ մեր ֆուտբոլում, ժամանակին նման բախտի արժանացել են “Բանանցը”, “Միկան”, շատ այլ թիմեր: Խայտառակ երևույթ, որը չունի ոչ մի բացատրություն: Մարդիկ, որոնք իրենց անվանում են երկրպագու, փոխանակ դժվար պահին քաջալերեն և սատար կանգնեն անփորձ ֆուտբոլիստներին, անում են ամեն ինչ՝ նրանց հոգեբանորեն վերջնականապես կոտրելու համար: Մի՞թե դժվար է հասկանալ, որ այդ տարիքի ֆուտբոլիստների համար դա է իրենց հնարավորությունների սահմանը: Ինչու՞մ են նրանք մեղավոր, եթե այդպիսին է իրենց ակումբի ղեկավարության քաղաքականությունը: Իսկ ամենաահավոր երևույթն այն է, երբ այդ նույն մարդիկ ուրախանում են մրցակցի խփած գոլերով, ծափահարում նրանց և հպարտանում, որ գումար են շահել՝ խաղադրույք կատարելով մրցակցի վրա: “Էս անգամ էլ տղեքը պադվադիտ չարին”,- ուրախացած բացականչում էր նրանցից մեկը, իսկ այն, որ իրենք են պարբերաբար “պադվադիտ” անում տղերքին, դա, իհարկե, նորմալ է: Աստված մի արասցե, եթե “Շիրակը” հանկարծ սկսի պարտվել Գյումրիում: Գյումրեցիները հաստատ չեն ների, եթե իրենց մարզադաշտում որևէ մեկը սկսի բացականչել “Փյունիկ, Փյունիկ”:
Ավարտին է մոտենում հերթական տարին, որն անչափ հագեցած էր ֆուտբոլային բազմապիսի իրադարձություններով: Ժամանակն է ամփոփել արդյունքները և անդրադառնալ անցնող տարվա ընթացքում տեղի ունեցած 10 ամենահիշարժան իրադարձություններին:
10-րդ տեղ-Հայկական ակումբների անփառունակ ելույթները եվրոպական ակումբային մրցաշարերում:
Վերջին տարիներին մենք սովորել ենք մեր ակումբների անհաջող մրցելույթներին Եվրոպական ակումբային մրցաշարերում: Այդ առումով այս տարին ևս բացառություն չեղավ: Մեր 4 ակումբները ոչ միայն չկարողացան հաղթահարել որակավորման գոնե մեկ փուլ, այլև այդպես էլ չճաշակեցին հաղթանակի բերկրանքը: Ընդհանուր առմամբ. 8 խաղում գրանցվեց 7 պարտություն և ընդամենը մեկ ոչ-ոքի: Մեր ակումբները խփեցին ընդամենը 2 գնդակ՝ սեփական դարպասն ընդունելով 18-ը: Ազգային հավաքականի հաջող ելույթների ֆոնի վրա այս անփառունակ ելույթները շատ շուտ մոռացության մատնվեցին, սակայն ապագայում որոշակի հետևություններ անելու համար գոնե տարեվերջում այդ մասին հիշել պարտավոր ենք:
9-րդ տեղ-Մինչև 19 տարեկանների հավաքականը դուրս եկավ էլիտ ռաունդ
Հոկտեմբերի 21-26-ը Երևանում տեղի ունեցավ Եվրոպայի մինչև տարեկանների առաջնության ընտրական փուլի խմբային մրցաշարը: Հայաստանի հավաքականն ընդգրկված էր Սլովակիայի, Հունաստանի և Անդորրայի հավաքականների հետ միևնույն խմբնում:, Ցուցադրելով ոչ այնքան համոզիչ և վստահ խաղ՝ մեր հավաքականը, այդուհանդերձ, կարողացավ խմբում գրավել 2-րդ տեղը և իրավունք ստացավ հաջորդ տարի մասնակցելու էլիտ-ռաունդի խմբային մրցաշարին:
8-րդ տեղ-Արաս Օզբիլիզը դարձավ Հայաստանի հավաքականի խաղացող:
Երկարատև բանակցություններից հետո Ամստերդամի “Այաքսի” հայազգի կիսապաշտպան Արաս Օզբիլիզը հոկտեմբերի 3-ին վերջապես ժամանեց Երևան: Հաջորդ օրը կայացած մամլո ասուլիսի ժամանակ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը Օզբիլիզին հանձնեց հայկական անձնագիր, ինչպես նաև Հայաստանի հավաքականի 23 համարի մարզաշապիկը: Այսպիսով, Օզբիլիզը վերջապես դարձավ Հայաստանի հավաքականի լիարժեք անդամ:
7-րդ տեղ-Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆ փուլին:
2010 թ. մասնակցելով Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի մրցաշարին՝ 2011 թ. Մխիթարյանը դարձավ առաջին հայ ֆուտբոլիստը, ով մասնակցեց նաև փլեյ-օֆֆ փուլին: “Ռոմայի” և “Բարսելոնայի” հետ բոլոր մրցավեճերում Մխիթարյանը խաղադաշտում անցկացրեց 90 րոպե: Արդեն 2011-2012 մրցաշրջանի խաղարկությունում Մխիթարյանն անցկացրեց ևս 6 հանդիպում՝ Չեմպիոնների Լիգայում իր անցկացրած խաղերի քանակը հասցնելով 13-ի:
6-րդ տեղ-“Ուլիսը” առաջին անգամ դարձավ Հայաստանի չեմպիոն
Իր գոյության ընդամենը 5-րդ տարում “Ուլիսը” կարողացավ առաջին անգամ նվաճել չեմպիոնի կոչումը՝ ընդհատելով “Փյունիկի” տասնամյա գերիշխանությունը մեր առաջնությունում: Թիմի հաջողության հիմքում ընկած է ինչպես մարզչական շտաբի, այնպես էլ ֆուտբոլիստների անչափ նվիրված աշխատանքը: Հանդիպումներից շատերում “Ուլիսը” կարողանում էր հաղթանակներ կորզել վերջին վայրկյաններին, ինչը վկայում է թիմի համառության և մինչև վերջ պայքարելու ձգտման մասին:
5-րդ տեղ-ՀՖՖ գործկոմը կայացրեց պատմական որոշումներ
Նոյեմբերի 14-ին կայացած ՀՖՖ գործկոմի նիստում ընդունվեցին որոշումներ, որոնք բուռն քննարկումների առարկա դարձան ֆուտբոլային հասարակության շրջանում: Ըստ այդ որոշումների՝ 2012 թ.-ից սկսած՝ արտասահմանցի դարպասապահներն իրավունք չեն ունենա հանդես գալ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում: Գործկոմի մեկ այլ որոշման համաձայն՝ արդեն 2013 թ.-ից Հայաստանի առաջնությունն անցում կկատարի աշուն-գարուն համակարգին: Հենց այդ կապակցությամբ 2012 թ-ի առաջնությունը կլինի միջանկյալ և կձգվի մինչև 2013 թ. մայիս ամիսը:
4-րդ տեղ-Հենրիխ Մխիթարյանը ճանաչվեց Հայաստանի 2011 թ. լավագույն ֆուտբոլիստ:
ՀՖՖ գործկոմի մեկ այլ որոշման համաձայն՝ փոփոխության ենթարկվեց մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի որոշման կարգը: Այսուհետ հավակնորդների թվում պետք է լինեին նաև արտերկրում հանդես եկող հայ ֆուտբոլիստները: Հենց այս որոշման շնորհիվ էլ Հենրիխ Մխիթարյանը իր կարիերայի ընթացքում 2-րդ անգամ դարձավ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ: Դեկտեմբերի 15-ին Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների մեծարման երեկոյի ժամանակ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը Մխիթարյանին հանձնեց լավագույն ֆուտբոլիստի մրցանակը: 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրին համապատասխանաբար Յուրա Մովսիսյանը և Ռոման Բերեզովսկին:
3-րդ տեղ-Հայաստանի հավաքականը ջախջախեց Սլովակիայի ընտրանուն
Սեպտեմբերի 6-ին Հայաստանի հավաքականը Ժիլինայում 4-0 հաշվով հաղթանակ տարավ Սլովակիայի հավաքականի նկատմամբ: Դա ամենախոշոր հաշվով արտագնա հաղթանակն էր մեր հավաքականի գրեթե 20-ամյա պատմության մեջ, որի շնորհիվ մեր ֆուտբոլիստները շարունակեցին պահպանել Եվրոպայի առաջնության եզրափակիչ դուրս գալու հնարավորությունները: Արդեն հաջորդ՝ Մակեդոնիայի հավաքականի հետ հանդիպման ժամանակ, “Հանրապետական” մարզադաշտը լեփ-լեցուն էր հանդիսականներով խաղից դեռևս 40 րոպե առաջ, ինչն աննախադեպ երևույթ էր մեր նորագույն պատմության ընթացքում:
2-րդ տեղ-Հայաստանի հավաքականն առաջին անգամ ընդգրկվեց աշխարհի 50 լավագույն թիմերի շարքում:
Սլովակիայի հավաքականի նկատմամբ տարած փառահեղ հաղթանակը չմնաց անհետևանք: Սեպտեմբերի 21-ին ՖԻՖԱ-ի հրապարակած վարկանիշային աղյուսակում Հայաստանի հավաքականը բարձրացավ միանգամից 27 տեղով և զբաղեցրեց իր համար աննախադեպ 44-րդ հորիզոնականը: Հետագա 3 ամիսների ընթացքում Հայաստանի հավաքականը կորցրեց ընդամենը 2 հորիզոնական և տարին եզրափակեց անչափ պատվաբեր 46-րդ հորիզոնականում:
1-ին տեղ-Եվրո-2012-ի ընտրական փուլի վերջին խաղում Հայաստանի հավաքականը զիջեց Իռլանդիայի հավաքականին մրցավարական ակնհայտ սխալների պատճառով
Ցավալի է, բայց մրցաշրջանի ամենահիշվող և ամենաքննարկված իրադարձությունը, բացասական երանգ ունի: Ընտրական այս շրջափուլում մեր հավաքականն իր խաղով արդեն ապացուցել էր բոլորին, որ կարող է իրապես հավակնել Եվրո-2012-ի ուղեգրին: Մեր երազանքի իրականացման ճանապարհին կանգնած վերջին՝ ամենադժվար արգելքը Իռլանդիայի հավաքականի հետ արտագնա հանդիպումն էր: Ցավոք, մեր երազանքները հօդս ցնդեցին մրցավարական կողմնակալության, միգուցե և մեր անփորձության պատճառով: Առաջին կեսի միջնամասում մրցավար Իտուրալդե Գոնսալեսը խաղադաշտից անտեղի կերպով հեռացրեց դարպասապահ Ռոման Բերեզովսկուն, իսկ արդեն խաղակեսի վերջում Վալերի Ալեքսանյանը, չդիմանալով լարվածությանը, գնդակը ուղարկեց սեփական դարպասը: 2-րդ խաղակեսում մեր հավաքականը 10 հոգով էլ վատ չէր խաղում, սակայն, ցավոք, զգացնել տվեց Բերեզովսկուն փոխարինած Արսեն Պետրոսյանի անփորձությունը: Մեր հավաքականն այդպես էլ չկարողացավ խաղի նժարը թեքել իր կողմը և պարտվեց 1-2 հաշվով: Չնայած դրան՝ բոլորը գոհ մնացին Հայաստանի հավաքականի խաղից: Մենք վերջապես ունեցանք կայացած, հասուն ու բարձրակարգ ֆուտբոլ խաղացող, անվախ ու հայրենասեր տղաներով համալրված հավաքական, որի հետ հետագայում էլ կարելի է մեծ հույսեր կապել:
Բարև բոլորին: Մի քանի օր առաջ արդեն անդրադարձել էի Հայաստանի առաջնությունում 5-8-րդ տեղերն զբաղեցրած թիմերին: Այսօր կխոսեմ 1-4-րդ տեղերում հանգրվանած թիմերի մասին:
“Բանանց”-4-րդ տեղ
Հանրապետությունում, թերևս, ամենալավ ենթակառուցվածքներով ակումբը հերթական անգամ ստիպված էր բավարարվել իր համար բավականին ցածր ցուցանիշով: “Բանանցը” միակ թիմն է, որ մրցաշրջանի որոշակի հատվածում ցուցադրում էր իսկապես չեմպիոնական խաղ: Ցավոք, “Բանանցը”, ինչպես ամեն տարի, շատ ուշ միացրեց արագությունը և չկարողացավ ետ բերել մրցաշրջանի ընթացքում կորցրածը: Մինչդեռ այդպիսի հավակնություններ և այդքան լավ կազմ ունեցող թիմն ուղղակի իրավունք չուներ ձախողել մրցաշրջանի մեկնարկը: Բավականին որակյալ ֆուտբոլիստների առկայությունը թիմում առիթ է տալիս մտածելու, որ հաջորդ մրցաշրջանում “Բանանցը” կարող է իրապես հավակնել շատ ավելի բարձր տեղերի:
Գանձասար-3-րդ տեղ
Կապանյան ակումբը չափազանց լավ սկսեց առաջնությունը և երկար ժամանակ ընթանում էր առաջին տեղում: Հատկապես գերազանց տպավորություն էր թողնում թիմի պաշտպանական գիծը, որի շնորհիվ թիմն առաջնության արդյունքներով ամենաքիչ գնդակը բաց թողեց բոլոր մասնակից թիմերի մեջ: Ցավոք, թե մրցավարական որոշ սխալների, թե թիմում առկա խնդիրների և անընդհատ վնասվածքների ու որակազրկումների պատճառով առաջնության միջնամասում թիմի խաղը խամրեց: “Գանձասարը” սկսեց աստիճանաբար զիջել իր դիրքերը և ի վերջո հանգրվանեց 3-րդ հորիզոնականում: Կարծում եմ՝ առկա պայմաններում “Գանձասարի” համար դժվար կլիներ իրապես պայքարել չեմպիոնության համար, իսկ 3-րդ հորիզոնականը բավականին լավ արտացոլում է այն հնարավորությունները, որ ուներ թիմն այս մրցաշրջանում: Սակայն հաջողությունը նաև պարտավորեցնող է: Հաջորդ տարի թիմը հանդես է գալու Եվրոպա լիգայի խաղարկությունում, ինչի կապակցությամբ, կարծում եմ, անհրաժեշտ կլինի ուժեղացնել թիմի որոշ խաղային օղակներ:
“Փյունիկ”-2-րդ տեղ
Դեռևս մրցաշրջանի մեկնարկում ակումբի ղեկավարներն ու մարզիչները հայտարարեցին, որ այս մրցաշրջանում թիմի համար գերխնդիր չէ չեմպիոն դառնալը, իսկ հիմնական նպատակը Հայաստանի տարբեր տարիքային հավաքականների համար խաղացողներ պատրաստելն է: “Փյունիկը” նախորդ տարիների համեմատ բավականին շուտ դուրս մնաց նաև գավաթի խաղարկությունից՝ հենց առաջին փուլում զիջելով Գյումրիի “Շիրակին”, իսկ երբ իրար հետևից թիմից հեռացան Կառլեն Մկրտչյանը, Գևորգ Ղազարյանը, Մարկոս Պիզելին և Էդգար Մանուչարյանը, պարզ դարձավ, որ “Փյունիկի” համար իրոք շատ դժվար կլինի կրկնել վերջին 10 տարիների հաջողությունը: Անկախ ամեն ինչից երիտասարդ և ավելի շատ նույնիսկ պատանի ֆուտբոլիստները խաղերից շատերում աչքի ընկան “Փյունիկի” համար արդեն այցեքարտ դարձած խաղաոճով: Բնականաբար, դժվար էր ակնկալել, որ ֆուտբոլային առումով ամբողջովին չհասունացած խաղացողները կկարողանան լրջորեն պայքարել չեմպիոնության համար: Այդուհանդերձ, “Փյունիկը” այս կազմով էլ առաջնությունից երեք տուր առաջ դեռ հավակնում էր չեմպիոնի կոչմանը: Կասկածից վեր է, որ եթե թիմը գոնե կարողանա պահպանել այս կազմը հաջորդ մրցաշրջանում, ակնկալիքները շատ ավելի մեծ կլինեն:
“Ուլիս”-1-ին տեղ
Իր գոյության ընդամենը 5-րդ տարում թիմը կարողացավ նվաճել չեմպիոնի կոչումը: Տարեցտարի “Ուլիսը” միայն ավելացրել է, իսկ վերջին 2 տարիների բրոնզե մեդալների նվաճումից հետո ուղղակի պարտավոր էր պայքարելու նաև չեմպիոնի կոչման համար: Շատերը նշում են, որ “Ոլիսը” չեմպիոնական ֆուտբոլ չէր ցուցադրում և կապում են նրա հաջողությունը մեր մյուս առաջատար թիմերի անհաջող ելույթների հետ: Սակայն իմ կարծիքով այդ տեսակետը միանշանակ սխալ է: Այո, “Ուլիսը” շատ հանդիպումներում խաղում էր բացառապես դրական արդյունքի հասնելու համար՝ երկրորդ պլան մղելով խաղի բովանդակությունը, այո, շատ հաճախ թիմին օգնում էր մարզական բախտը, բայց պատմության մեջ մնում են միայն թվերն ու փաստերը, իսկ դրանք վկայում են, որ “Ուլիսը” մրցաշրջանի արդյունքներով հավաքել է բոլորից շատ միավորներ, հետևաբար արժանի է չեմպիոնությանը: Թիմի հաջողության հիմքում ընկած է ինչպես մարզչական շտաբի, այնպես էլ ֆուտբոլիստների անչափ նվիրված աշխատանքը: Հանդիպումներից շատերում “Ուլիսը” կարողանում էր հաղթանակներ կորզել վերջին վայրկյաններին, ինչը վկայում է թիմի համառության և մինչև վերջ պայքարելու ձգտման մասին: Այդուհանդերձ, կարծում եմ, որ հաջորդ ամառ Չեմպիոնների լիգայում հաջող հանդես գալու համար ակումբին անհրաժեշտ կլինի որոշակիորեն ուժեղացնել թիմի կազմը և բարելավել խաղային օղակների միջև համագործակցությունը:
Մոտենում է ավարտին 2010 թվականը: Այն գերհագեցած էր ֆուտբոլային իրադարձություններով: Ֆուտբոլասերները տարին կհիշեն Չեմպիոնների Լիգայի եզրափակիչում Դիեգո Միլիտոյի երկու գոլերով, ՀԱՀ-ում կայացած աշխարհի առաջնության ժամանակ մշտապես հնչող վուվուզելների ձայներով, ուրուգվայցի Լուիս Սուարեսի ֆանտաստիկ “սեյվով” և Ինիեստայի “ոսկե” գոլով:
Հայ ֆուտբոլասերները նույնպես հիշելու շատ բան կունենան: 2010-ը հիշարժան և հուզումնառատ տարի էր, ուստի այսօր՝ 2011 թվականի նախաշեմին, որոշեցի առանձնացնել 2010 թվականի ընթացքում հայկական ֆուտբոլում տեղի ունեցած կարևորագույն 10 իրադարձությունները: Դրանց մեջ կային և դրական, և բացասական դեպքեր, բայց դրանք բոլորն էլ արժանի են հիշատակության:
1. Վարդան Մինասյանը՝ Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ
Եվրո-2012-ի ընտրական մրցաշարի արդյունքում պարզ դարձավ, որ Հայաստանի հավաքականն ընդգրկվել է նույն խմբում Ռուսաստանի, Սլովակիայի, Իռլանդիայի, Մակեդոնիայի և Անդորրայի հավաքականների հետ: Հենց վիճակահանությունից հետ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարեց, որ հավաքականի գլխավոր մարզչի պարտականությունները կկատարի Վարդան Մինասյանը, քանի որ նա գիտի, թե ինչպես պետք է խաղա մեր թիմը, և ունի հավաքականի զարգացման հստակ ծրագիր: Այդ որոշումն սկզբնական շրջանում ընդունվեց մեծ դժգոհությամբ: Այդ ժամանակ ոչ ոք դեռ չգիտեր, որ Մինասյանի օրոք մեր հավաքականը հասնելու է իր պատմության մեջ լավագույն արդյունքին առաջին 4 խաղերից հետո:
2.Երիտասարդական հավաքականի փայլուն խաղն ու հաղթանակները
Հայաստանի երիտասարդական հավաքականն ընտրական մրցաշարի առաջին 4 խաղերում միայն պարտություններ կրելուց հետո կտրուկ կերպարանափոխվեց և սկսեց մեկը մյուսի հետևից փայլուն հաղթանակներ տանել: 2009-ին Իռլանդիայի հավաքականին Երևանում հաղթելուց հետո, մեր տղաները կրկնեցին այդ հաջողությունը նաև մրցակցի հարկի տակ, այնուհետև գեղեցիկ ոճով առավելության հասան նաև Էստոնիայի հավաքականի նկատմամբ: Ճիշտ է օգօոստոս ամսին մեր հավաքականը պարտվեց իրենց վրացի հասակակիցներին Երևանում տեղի ունեցած մրցավեճում 2:3 հաշվով, բայց կարողացավ ռևանշի հասնել Վրաստանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ՝ հաղթելով 2:0 հաշվով:
3.Էդգար Մանուչարյանի վերադարձը
Գրեթե 5 տարի գտնվելով հոլանդական “Այաքսում” և տարբեր պատճառներով այդպես էլ չկարողանալով ամրապնդվել նրա հիմնական կազմում՝ Էդգար Մանուչարյանն այս ամառ վերադարձավ հարազատ “Փյունիկ”: Մանուչարյանի վերադարձը նշանակալից իրադարձություն դարձավ հայկական ֆուտբոլի համար: Կարճ ժամանակում ձեռք բերելով լավ մարզավիճակ՝ Մանուչարյանը դարձավ “Փյունիկի” առաջատարներից մեկը, իսկ հավաքականում աչքի ընկավ գեղեցիկ գոլով և բազմաթիվ օգտակար գործողություններով:
4.Հավաքականը վերջապես գտավ իրեն անհրաժեշտ հարձակվողին:
Տևական բանակցություններից հետո Յուրա Մովսիսյանը համաձայնվեց խաղալ Հայաստանի հավաքականի կազմում: Մեկնարկային հանդիպումը Իրանի հավաքականի դեմ այնքան էլ հաջող ընթացք չունեցավ, և Յուրան ստիպված եղավ փոխարինվել արդեն 10-րդ րոպեին, սակայն հետագա 4 խաղերում Յուրան դարձավ 3 գոլի հեղինակ՝ դառնալով մեր ընտրական խմբի գլխավոր ռմբարկու և միանգամից նվաճելով բոլոր հայ ֆուտբոլասերների սերն ու հարգանքը:
5. Ամենաթանկ հայ ֆուտբոլիստը և նրա նորամուտը Չեմպիոնների լիգայում
Ամառային տրանսֆերային պատուհանի վերջին օրերին Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի “Մետալուրգի” առաջատար կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայկական ֆուտբոլի համար ռեկորդային՝ 7.5 միլիոն դոլլարով տեղափոխվեց ուկրաինական գրանդ ակումբներից մեկը՝ Դոնեցկի “Շախտյոր”: Մխիթարյանն արագորեն հարմարվեց իր նոր թիմի խաղաոճին՝ դառնալով մի քանի անչափ կարևոր գոլերի և փոխանցումների հեղինակ: Մխիթարյանը դարձավ հայաստանցի առաջին ֆուտբոլիստը, ով լիարժեք մասնակցեց Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի հանդիպումներին՝ 2 անգամ հիմնական կազմում և մեկ անգամ էլ դուրս գալով փոխարինման:
6. Ֆուտբոլային ակադեմիայի բացումը
Երևանի Ավան թաղամասում սեպտեմբերի 1-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին եւ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը կտրեցին կարմիր ժապավենը, ու Հայաստանի հավաքականների տեխնիկական կենտրոնը պաշտոնապես բացվեց: Համալիրի վրա ծախսվել է 12 մլն ԱՄՆ դոլար: Հիմնական ներդրումները կատարվել են ՈՒԵՖԱ-ի կողմից` 7 մլն 475 հազար դոլար` ընդհանուր գումարի 62 տոկոսը, ՖԻՖԱ-ի կողմից` 400 հազար դոլար` 3 տոկոսը, եւ ՀՖՖ-ի կողմից` 4 մլն 125 հազար դոլար` 34.4 տոկոսը: Ֆուտբոլի ակադեմիան ունի հինգ խաղադաշտ, լողավազաններ, մարզասրահներ, հյուրանոցային համալիր և բոլոր հարմարությունները լիարժեք մարզվելու և խաղերին հնարավորինս լավ պատրաստվելու համար:
7. Հավաքականի փայլուն ելույթները:
Հայաստանի ազգային հավաքականն այս տարի անցկացրեց ընտրական 4 հանդիպում: Եթե առաջինում մեր հավաքականը համառ պայքարում պարտվեց Իռլանդիայի հավաքականին, ապա 2-ռդ խաղում մերոնք շատ մոտ էին հաղթանակին, սակայն ձեռքից բաց թողեցին այն վերջին րոպեին Արարատ Առաքելյանի ձեռքով խաղի և նշանակված 11 մետրանոցի պատճառով: Իսկ հոկտեմբերին տեղի ունեցած 2 խաղերում Հայաստանի հավաքականը նախ փայլուն ոճով հաղթեց խմբի առաջատար Սլովակիայի, ապա և Անդորրայի հավաքականներին: Վերջին հանդիպման ընթացքում հավաքականի պատմության ընթացքում 100-րդ գոլի հեղինակ դարձավ Գևորգ Ղազարյանը, իսկ Հանրապետական մարզադաշտ եկած մարզասերների թիվն էլ ռեկորդային էր վերջին 3 տարիների համար:
8. Մրցավարների որակազրկումը
Մի շարք խաղերում արձանագրված բազմաթիվ մրցավարական սխալներից հետո ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն ընդունեց աննախադեպ որոշում, ըս որի բարձրագույն խմբի բոլոր մրցավարները որակազրկվեցին, իսկ հետագա խաղերի սպասարկումը վստահվեց առաջին խմբի և պատանեկան առաջնությունները սպասարկող մրցավարներին: Ինչպես ցույց տվեցին հետագա իրադարձությունները, այս որոշումն արդարացրեց իրեն, քանի որ առաջնության մնացած խաղերը, մի քանի բացառություններով հանդերձ, անցան առավել անաչառ և հանգիստ մթնոլորտում:
9.”Փյունիկի” 10-րդ անընդմեջ չեմպիոնությունը
Այս անգամ չեմպիոնության համար պայքարն ընթացավ գրեթե մինչև վերջին տուրը: Երկար ժամանակ “Բանանցը” գլխավորում էր մրցաշարային աղյուսակը, սակայն աստիճանաբար ձեռքից բաց թողեց իր առավելությունը, իսկ 26-րդ տուրի “Փյունիկի” հետ մրցավեճում, չօգտագործելով բազմաթիվ գոլային հնարավորություններ, վերջին վայրկյաններին գնդակ ընդունեց սեփական դարպասը և զրկվեց չեմպիոն դառնալու հնարավորությունից: Խաղը նշանավորվեց նրանով, որ մոտ 2 տարվա ընդմիջումից հետո Հայաստանի առաջնության հանդիպմանը ներկա գտնվեցին ավելի քան 5000 հանդիսականներ:
10.Կառլեն Մկրտչյանը՝ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ
Ձայների բացարձակ մեծամասնությամբ 2010 թվականի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Կառլեն Մկրտչյանը, ով փայլուն մրցաշրջան անցկացրեց ինչպես հավաքականում, այնպես էլ “Փյունիկում”: Կառլենի նվաճումն արժեվորվոմ է հատկապես այն հանգամանքով, որ խաղադաշտում իր զբաղեցրած դիրքի պատճառով նա այնքան էլ մեծ հնարավորություններ չունի աչքի ընկնելու: Չնայած դրան, Կառլենը դարձավ մի շարք վճռական գոլերի հեղինակ և լուրջ քայլ կատարեց ավելի բարձրակարգ ակումբ տեղափոխվելու ուղղությամբ:
Այսքանը 2010 թվականի մասին: Հաշվի առնելով, որ այս տարվա ընթացքում սա վերջին հրապարակումն էր, կցանկանայի շնորհավորել բոլոր հայ ֆուտբոլասերներին և ընդհանրապես ողջ հայությանը գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան առթիվ, և մաղթել, որ գալիք տարին լինի էլ ավելի հաջողակ հայկական ֆուտբոլի համար և յուրաքանչյուր հայ ընտանիքի պարգևի համերաշխություն, սեր և անսահման երջանկություն:
Հետևեք թարմացումներին արդեն 2011 թվականին և առողջ եղեք:
Կառլեն Մկրտչյանի մասին ինչ-որ բան գրելու գաղափարը վաղուց էր պտտվում ուղեղումս, բայց համբերատար սպասում էի մրցաշրջանի ավարտին: Ներքուստ վստահ էի, որ հենց Կառլենն է դառնալու մրցաշրջան-2010-ի լավագույն ֆուտբոլիստ, բայց, այդուհանդերձ, որոշել էի չշտապել և համբերել մինչև պաշտոնական տվյալների հրապարակումը: Եվ ահա, երեկ պարզ դարձավ, որ Կառլեն Մկրտչյանը ճանաչվել է Հայաստանի 2010 թ. լավագույն ֆուտբոլիստ. մի կոչում, որի մասին երազում է յուրաքանչյուր հայ ֆուտբոլիստ, բայց քչերն են բախտ ունենում արժանանալ դրան:
Մի քանի տարի առաջ, երբ Կառլենն առաջին քայլերն էր անում “Փյունիկի” կազմում, արդեն երևում էր, որ այս ֆուտբոլիստին մեծ ապագա է սպասվում: Իրեն հատկացված խաղաժամանակում Կառլենը հստակորեն կատարում էր այն, ինչ իրենից պահանջում էին մարզիչները, և նույնիսկ ավելին: Թվում էր, թե Կառլենի համար կապ չունի, թե որտեղ և ինչ մակարդակի հանդիպման է մասնակցում, լիներ դա 1-ին կամ բարձրագույն խմբի, կամ երիտասարդական հավաքականի հանդիպում: Տարեցտարի Կառլենը միայն ավելացրել է, դարձել է ավելի փորձառու, ինքնավստահ, նվաճել ինչպես ֆուտբոլասերների, այնպես էլ խաղընկերների հարգանքը, իր հաստատուն տեղն զբաղեցրել նաև ազգային հավաքականում:
Կառլենն առօրյա կյանքում չափազանց համեստ և զուսպ անձնավորություն է, բայց խաղադաշտում նա կերպարանափոխվում է՝ դառնալով ագրեսիվ և անզիջում : “Հոգնելու” կամ “գլուխ պահելու” մասին Կառլենն անգամ մոտավոր պատկերացում չունի: Նա պարզապես այնտեղ է, որտեղ գնդակն է, կամ պետք է լինի:
Ինչպես իր ամպլուայի ցանկացած խաղացող, Կառլենի խաղն էլ հաճախ աչքի չի ընկնում, և միայն ֆուտբոլից իրապես գլուխ հանող մարդիկ են, որ մշտապես նշում են. առանց Կառլեն Մկրտչյանի մեր հավաքականը չէր ունենա այն հաջողությունները, որոնց հասավ այս տարվա ընթացքում: Թող չթվա, թե նպատակ ունեմ միայն գովերգել և մեծարել Կառլենին, բայց անձամբ իմ կարծիքով մեր հավաքականն իր գրեթե 20-ամյա պատմության ընթացքում այս մակարդակի հենակետային չի ունեցել: Ունեցել ենք այս դիրքի տարբեր կարգի խաղացողներ՝ բարձրահասակ և ոչ այնքան, տեխնիկապես գրագետ և արագ կամ դանդաղկոտ ու ֆիզիկապես թույլ, բայց ֆուտբոլիստ, որը և օժտված լինի առաջին փոխանցման բարձր կուլտուրայով, և գնդակ խլի, և միևնույն ժամանակ դառնա կարևորագույն գոլերի հեղինակ, հավատացեք՝ մենք չենք ունեցել:
2010-ը իսկապես փայլուն տարի էր Կառլեն Մկրտչյանի համար: Այս տարի նա վերջնականորեն ամրապնդվեց ազգային հավաքականի կազմում, որտեղ անցկածրած բոլոր հանդիպումներում աչքի ընկավ անչափ օգտակար խաղով: Հատկապես հիշարժան է Սլովակիայի հավաքականի հետ հանդիպումը, որտեղ Կառլենը պարզապես շնչելու հնարավորություն չտվեց սլովակների կենտրոնական գծի խաղացողներին: Միայն տեսեք, թե ինչպես է Կառլենը պայքարում գնդակի համար դաշտի կենտրոնում:
Կառլենն աչքի ընկավ նաև “Փյունիկում” : Անձամբ սկսելով գրոհը “Միկայի” հետ հանդիպման ընթացքում՝ Կառլենն ինքն էլ եզրափակում է այն գլխի գեղեցիկ հարվածով՝ հաշիվը դարձնելով 3:1:
Իսկ այսպիսի ֆանտաստիկ հարվածով Կառլենը գրավում է “Բանանցի” դարպասը 3-րդ խաղաշրջանի հանդիպման ժամանակ:
Իսկ ովքեր չգիտեն կամ մոռացել են, թե ում հաղթական հարվածի շնորհիվ “Փյունիկը” վճռական խաղում հաղթեց “Բանանցին”, կարող են դիտել Կառլենի՝ այս մրցաշրջանում խփած ամենակարևոր՝ “ոսկե” գոլը:
Հայաստանում Կառլենը 22 տարեկանում հասել է ամեն ինչի: Բնականաբար, հասունացել է այն պահը, երբ Կառլենը պետք է տեղափոխվի արտասահմանյան ավելի բարձրակարգ ակումբ: Լավ իմանալով Կառլենի թե ֆուտբոլային, թե մարդկային հատկանիշները՝ կասկած չունեմ, որ անհրաժեշտ մոտեցման դեպքում Կառլենը կարող է նույնատիպ հաջողությունների հասնել նաև արտերկրում: Մեկ անգամ ևս շնորհավորելով Կառլեն Մկրտչյանին Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի կոչմանն արժանանալու համար՝ մաղթում եմ նրան գալիք տարում ևս ուրախացնել մեզ նորանոր խլումներով, գեղեցիկ և վճռական գոլերով ու դրանց հաջորդող ակրոբատիկ հնարքներով:
Մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել ոչ վաղ անցյալի մեր հայտնի ֆուտբոլիստներից Վարազդատ Ավետիսյանը, իսկ Հայաստանն էլ իրավունք է ստացել ընդունելու Եվրոպայի առաջնության ընտրական փուլի մրցաշարը այստեղ՝ Երևանում: Կասկածից վեր է, որ ֆուտբոլում հաջողության հիմքը առաջին հերթին մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումն է, տարբեր տարիքային խմբերի հավաքականների համար որակյալ ֆուտբոլիստներ պատրաստելը, որոնք էլ հետագայում պետք է համալրեն ազգային հավաքականի շարքերը: Բայց արդյո՞ք մեզ մոտ անցումը փոքր տարիքային հավաքականներից դեպի ազգային տեղի է ունենում այնքան սահուն, որքան պետք է լիներ, պատանեկան տարիքում աչքի ընկած քանի ֆուտբոլիստ է հետագայում հայտնվում ազգային հավաքականում: Վերջին օրերին անընդհատ մտածում էի այն հարցի շուրջ, որը շատ հաճախ տալիս են մեր ֆուտբոլասերները: Ու՞ր են մեր մինչև 19 տարեկան հավաքականի այն փայլուն խաղացողները, ի՞նչ եղավ նրանց հետ: Այսօր կփորձենք պարզել այդ հարցի պատասխանը և հասկանալ, թե նրանցից ով որտեղ է և ինչով է զբաղվում :
1. Էդել Ապուլա Էդիմա Բետե
Մի քանի խաղ անցկացնելով Հայաստանի ազգային հավաքականում՝ սևամորթ դարպասապահը փախավ Հայաստանից՝ մինչև վերջ չկատարելով պայմանագրային պարտավորությունները: 2005-2007 թթ. նա 9 խաղ անցկացրեց ռումինական “Ռապիդում”, իսկ այնուհետև տեղափոխվեց ֆրանսիական “ՊՍԺ”: Այս տարվանից սկսած համարվում է թիմի հիմնական դարպասապահը:
2.Հայկ Չիլինգարյան
Չկարողանալով հաստատվել “Փյունիկի կազմում”՝ տեղափոխվեց “Գանձասար”, իսկ առաջիկա մրցաշրջանում արդեն կխաղա Դիլիջանի “Իմպուլսի” կազմում: Երբեմնի ամենահեռանկարային պաշտպաններից մեկը մի քանի անգամ հրավիրվեց նաև երիտասարդական հավաքական, սակայն այդպես էլ չկարողացավ ամրապնդվել նրա կազմում:
3.Միխեիլ Սիմոնյան
Այս ընթացքում Սիմոնյանը հասցրել է փոխել մի քանի ակումբ, իսկ ներկայումս հանդես է գալիս “Իմպուլսում”: Վարուժան Սուքիասյանի օրոք Սիմոնյանը նույնիսկ դարձավ երիտասարդական հավաքականի ավագ, սակայն ազգային հավաքականից այդպես էլ հրավեր չստացավ:
4.Արմեն Հովհաննիսյան
Կենտրոնական կիսապաշտպանի դիրքում հանդես եկող այս ֆուտբոլիստը դասվում է այս հավաքականի այն ֆուտբոլիստների թվին, որոնց մասին այժմ գրեթե ոչինչ հայտնի չէ:
5.Ռաֆայել Սաֆարյան
Շատ-շատերի նման չկարողանալով ամրապնդվել “Փյունիկում”՝ Սաֆարյանը տեղափոխվեց “Գանձասար”, այնուհետև “Միկա”, իսկ 2008 թվականից սկսած՝ հանդես է գալիս Երևանի “Արարատում”:
6.Նարեկ Մանուկյան
Արմեն Հովհաննիսյանի նման Նարեկ Մանուկյանից էլ ոչ մի տեղեկություն չկա: 2005 թ. մրցաշարից հետո Մանուկյանը մի որոշ ժամանակ հանդես եկավ հարազատ “Բանանցում”, իսկ այնուհետև կորավ տեսադաշտից:
7.Մխիթար Գրիգորյան
Այս հավաքականի ամենատաղանդավոր խաղացողներից էր: Մի քանի խաղ անցկացնելով նաև երիտասարդական հավաքականում՝ Գրիգորյանը, ցավոք, այդպես էլ չկարողացավ արժանանալ ազգային հավաքականի մարզիչների ուշադրությանը: Դուրս մնալով նաև “Փյունիկի” կազմից՝ Գրիգորյանը հանդես եկավ ”Արարատում”, “Շիրակում”, ապա՝ “Կիլիկիայում”: Խոսակցություններ կան, որ նա կրկին կարող է վերադառնալ “Շիրակ”
8.Գուրգեն Մելիքսեթյան
Այս խաղացողի մասին նույնպես ոչ մի տեղեկություն չկա:
9.Ալեքսանդր Պետրոսյան
Հավաքականի ամենախոստումնալից ֆուտբոլիստներից մեկն էր: Ցավոք նա էլ չկարողացավ հասնել ազգային հավաքականի մակարդակին՝ բավարարվելով երիտասարդական հավաքականում անցկացրած մի քանի խաղերով: “Փյունիկից” տեղափոխվելով “Գանձասար”՝ Պետրոսյանը այնուհետև տեղափոխվեց “Ուլիս”, որտեղ և անցկացրեց նախորդ մրցաշրջանը:
10.Ժորա Հովհաննիսյան
Հավաքականի 2 ամենատաղանդավոր խաղացողներից մեկը, “Փյունիկից” տեղափոխվելով հունական “Օլիմպիակոս”, այդպես էլ չկարողացավ հաստատվել թիմի հիմնական կազմում և ստիպված եղավ մի քանի մրցաշրջան վարձավճարով հանդես գալ հունական ավելի ցածր դիվիզիոնների թիմերում: Այս տարեսկզբին տեղափոխվեց մերձմոսկովյան “Սատուրն”, որտեղ համարվելով հիմնական կազմի ֆուտբոլիստ՝ այդուհանդերձ մասնակցեց միայն փոխարինողների կազմի հանդիպումներին:
11.Էդգար Մանուչարյան
Միակ ֆուտբոլիստը, ով արդեն այն ժամանակ խաղում էր ազգային հավաքականում, և որի մարզաշապիկը շարունակում է կրել մինչ օրս: Մանուչարյանը դարձավ հայաստանցի առաջին ֆուտբոլիստը, ով իր վրա բևեռեց եվրոպական ճանաչված ակումբներից մեկի ուշադրությունը: 2005 թ. Մանուչարյանը տեղափոխվեց հոլանդական “Այաքս”: Ցավոք վնասվածքները հնարավորություն չտվեցին Էդգարին ամբողջությամբ դրսևորել իր լավագույն որակները: Էդգարն ստիպված եղավ մի քանի մրցաշրջան անցկացնել “Այաքսի” 2-րդ թիմում, իսկ այնուհետև՝ “Հառլեմ” ակումբում: Այս ամառ վերադառնալով հարազատ “Փյունիկ”՝ Մանուչարյանը կրկին վերականգնեց իր մարզավիճակը, դարձավ նաև Հայաստանի ազգային հավաքականի առաջատար խաղացողներից մեկը՝ Մակեդոնիայի հավաքականի դեմ խաղում դառնալով նաև գոլի հեղինակ:
12.Արմեն Ֆիշյան
Այս դարպասապահը ներկայումս հանդես է գալիս “Միկայում”, բայց ժամանակ առ ժամանակ մասնակցում է նաև ֆուտզալի հանդիպումների:
13.Արթուր Ստեփանյան
Վերջին անգամ Արթուր Ստեփանյանին տեսել ենք 2008 թ. երիտասարդական հավաքականի կազմում: Դրանից հետո նրա կարիերան սկսեց անկում ապրել: Արթուրը հանդես եկավ ռուսական ցածր դիվիզիոնների մի քանի ակումբներում, իսկ այս մրցաշրջանում խաղում էր Նիժնեկամսկի “Նեֆտեխիմիկում”:
14.Արտակ Հովհաննիսյան
“Փյունիկի” մարզադպրոցի ամենատաղանդավոր ներկայացուցիչներից մեկը 2005 թ. մրցաշարից հետո աստիճանաբար կորցրեց իր լավագույն որակները, իսկ այժմ նրա մասին տեղեկություններ չկան:
15.Կառլ Լոմբե
Ինչպես և իր հայրենակից Էդելը, Լոմբեն նույնպես փախուստի դիմեց Հայաստանից՝ որոշ ժամանակ հանդես գալով ռումինական “Ռապիդում”: Ներկայումս, ըստ որոշ տեղեկությունների, Լոմբեն հանդես է գալիս կիպրոսական “Արիսում”:
16. Վահե Մեհրաբյան
Հեռանալով “Փյունիկից”՝ երկար ժամանակ հաջողությամբ խաղում էր “Արարատում”, իսկ վերջին 2 տարում ընդհանրապես չի խաղում: Վարուժան Սուքիասյանի օրոք մի քանի խաղ անցկացրեց նաև երիտասարդական հավաքականում:
17.Արտակ Օսեյան
Չկարողանալով ամրապնդվել “Բանանցի” կազմում՝ Օսեյանը տեղափոխվեց “Գանձասար”, այնուհետև կրկին վերադարձավ հարազատ թիմ, իսկ անցած մրցաշրջանում նորից հանդես եկավ ”Գանձասարում”:
18.Գևորգ Նռանյան
Նռանյանը, հեռանալով “Փյունիկից”, հանդես եկավ “Արարատում” և “Ուլիսում”, իսկ այս մրցաշրջանում հանդես էր գալիս “Իմպուլսում”:
Ամփոփելով այս տվյալները՝ ստանում ենք հետևյալ պատկերը.
18 ֆուտբոլիստներից 2-ը հեռացել են Հայաստանից և մեր երկրի հետ այլևս ոչ մի կապ չունեն, 4-ի մասին ոչ մի տեղեկություն չկա, 10-ը առանց մեծ հաջողությունների խաղացել կամ խաղում են մեր հանրապետության միջին թիմերում, մեկը խաղում է Ռուսաստանի առաջնությունում, և միայն Էդգար Մանուչարյանն է, որ մշտապես հրավիրվում է Հայաստանի հավաքական: 18-ից մեկը: Համաձայնեք՝ այնքան էլ ոգևորիչ վիճակագրություն չէ: Բայց, որպեսզի պատկերն ավելի ընդհանրական լինի, ես չզլացա ուսումնասիրել նույն վիճակագրությունը նաև 2005 թ. եզրափակիչ մրցաշարին մասնակցած առաջատար երկրների օրինակով: Խոստովանեմ՝ տվյալները բավականին զարմացրին ինձ:
Գերմանիայի հավաքականի կազմից միայն դարպասապահ Մանուել Նոյերն է անցել տարիքային բոլոր հավաքականներով և այժմ համարվում է ազգային հավաքականի դարպասապահներից մեկը: Անգլիայի հավաքականից ոչ մի խաղացող չի աճել ազգային հավաքականի մակարդակի, և միայն մրցաշարի հաղթող Ֆրանսիայի հավաքականն է ազգային թիմին տվել 3 խաղացող՝ դարպասապահ Ուգո Լյորիս, և կիսապաշտպաններ՝ Աբու Դիաբի և Յոան Գուրկյուֆ: Ահա այսպես: Բայց մխիթարվել այդ ցուցանիշներով, կնշանակի կրկնել անցյալի սխալները: Վերոնշյալ երկրներում այս վիճակագրությունը պայմանավորված է նրանով, որ տարիքային տարբեր խբերի հավաքականներում հանդես գալու համար նրանք ունեն 500-1000 թեկնածու, և կարող են իրենց թույլ տալ հետադիմած ֆուտբոլիստներին փոխարինել նրանցով, ովքեր աճ են ապրել վերջին տարիներին, իսկ մեր ընտրության շրջանակն ընդամենը 30-40 հոգի է: Հետևաբար, մենք իրավունք չունենք աչքաթող անել նրանցից և ոչ մեկին, որպեսզի ապագայում ազգային հավաքականում չունենանք այն պատկերն, ինչ հիմա, երբ թիմում գրեթե չկան 1985 և 1986 թթ. ծնված ֆուտբոլիստներ: