Շարունակելով ավանդույթները

Բարև բոլորին: Մոտ մեկ ամիս է, ինչ հարգելի պատճառներով չէի կարողանում գրել այստեղ: Հիմա այդպիսի հնարավորություն կա, իսկ առիթն էլ այնպիսին է, որ դրա մասին ինչ-որ բան գրելու գայթակղությանը դիմանալն այնքան էլ հեշտ չէ: Այսօր կայացավ Չեմպիոնների Լիգայի քառորդ-եզրափակիչի վիճակահանությունը, ուստի ավանդույթի համաձայն կփորձենք խորհել դիմակայությունների ելքերի մասին: Ասում են՝ կանխագուշակություններ անելն անշնորհակալ գործ է, բայց թե ինչպիսի արդյունք էր գրանցվել նախորդ փորձերի ժամանակ, կարող եք տեսնել այստեղ և այստեղ:  8-ից 7: Կարծում եմ՝ այնքան էլ վատ արդյունք չէ: Ուստի գնացինք առաջ:

 

“Ռեալ Մադրիդ”- “Տոտենհեմ”

Մադրիդցիները վերջապես կարողացան հաղթահարել փլէյ-օֆֆի առաջին փուլի արգելքը ՝ այն էլ հաղթելով իրենց մշտական ու անդուր մրցակիցներից “Լիոնին”: “Տոտենհեմը” իր հերթին իր նորագույն պատմության մեջ առաջին անգամ է այսպիսի հնարավորություն ստացել: Որքան էլ որ այս մրցաշրջանում “Տոտենհեմի” ցուցադրած ֆուտբոլը հաճույք է պատճառում շատերին, որքան էլ որ թիմն արդեն ապացուցել է, որ կարող է պատվով դուրս գալ համաշխարհային մակարդակի ակումբների հետ մրցակցությունից, այդուհանդերձ, կարծում եմ, որ այս զույգում ֆավորիտն, անկասկած Մադրիդի “Ռեալն” է: Մադրիդցիները վաղուց լուրջ հաջողության չեն հասել եվրոպական մրցասպարեզում և ուղղակի ծարավի են հաղթանակների, իսկ նախորդ փուլում տարած հաղթանակն էլ միմիայն վստահություն է ներշնչել սեփական ուժերի նկատմամբ: Այդ ամենը, ինչպես նաև Չեմպիոնների Լիգայում երկու անգամ հաղթած Ժոզե Մոուրինյոյի գործոնը, թերևս, վճռական կդառնա այս թիմերի դիմակայության մեջ: Եվ այսպես, եթե գնահատելու լինենք տոկոսային հարաբերությամբ, ապա կստանանք 60-ը 40-ի հօգուտ “Ռեալի”:

 

“Չելսի”-”Մանչեսթեր Յունայթեդ”

 

Չափազանց հետաքրքիր կլինի անգլիական ֆուտբոլի 2 գրանդների մրցակցությանը հետևել այս անգամ եվրոպական ամենահեղինակավոր ակումբային մրցաշարի շրջանակներում: Սա կլինի 2007-2008 թթ. մրցաշրջանի եզրափակիչի յուրօրինակ կրկնությունը: Այն ժամանակ “Մանչեսթեր Յունայթեդը” հաղթանակ տարավ հետխաղային 11 մետրանոց հարվածաշարում: Շատ բան է փոխվել այն ժամանակներից, սակայն մի բան անփոփոխ է: 2 թիմերն էլ ցանկացած մրցաշարի մասնակցում են միմիայն վերջնական հաղթանակի հասնելու մտայնությամբ: Այս մրցաշրջանում “Չելսին” առանձնակի չի փայլում ոչ խաղով, ոչ էլ արդյունքներով, իսկ “Մանչեսթեր Յունայթեդը”, չնայած չի ցուցադրում այն վառ ու կրակոտ խաղը, որը սովոր են տեսնել թիմի երկրպագուները, բայց, միևնույն է, կարողանում է ապահովել անհրաժեշտ արդյունք: Կարծում եմ՝ բոլոր 4 դիմակայություններից սա ամենաանկանխատեսելին է: Այդուհանդերձ, կհամարձակվեմ կանխագուշակել “Մանչեսթեր Յունայթեդի” վերջնական հաղթանակը 55-ը 45-ի հարաբերությամբ:

 

“Բարսելոնա”-”Շախտյոր”

 

Սա, թերևս, ամենահետաքրքիր և սպասված դիմակայությունը կլինի հայ ֆուտբոլասերների համար: Նախ, մեր հանրապետությունում “Բարսելոնան” հիմա երևի ամենաշատ երկրպագուներն ունի և երկրորդ՝ “Շախտյորի” կազմում հանդես է գալիս մեր հավաքականի առանցքային խաղացողներից Հենրիխ Մխիթարյանը: Համողված եմ, որ շատ-շատերը ափսոսում են, որ այս երկու թիմերը հանդիպելու են միմյանց այսքան վաղ, և նրանցից մեկն ստիպված է լինելու լքել ասպարեզը: “Բարսան” այս մրցաշրջանում շարունակում է ցուցադրել “այլմոլորակային” ֆուտբոլ: Եթե թիմի խաղն ստացվում է, ապա նրան դիմակայելն ուղղակի անհնար է: “Շախտյորն” արդեն ապացուցել է, որ կարող է հավասար հավասարի պայքարել ցանկացած ակումբի դեմ, բայց կարծում եմ թիմը դեռ չի հասունացել այն աստիճանի , որպեսզի կարողանա հաղթահարել ներկայիս “Բարսելոնայի” արգելքը:  Եթե ոչ մի արտասովոր բան չլինի, ապա “Բարսային” կտեսնենք կիսաեզրափակիչում: Իսկ հնարավորությունները տոկոսային հարաբերությամբ գնահատում եմ 70-ը 30-ի:

 

“Ինտեր”-”Շալկե-04″

 

1997 թ. ՈՒԵՖԱ-ի գավաթի եզրափակիչի մասնակիցները 14 տարի անց կհանդիպեն արդեն Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչում: “Ինտերի” վրա դրականորեն ազդեց մարզչի փոփոխությունը: Լեոնարդոյի գալուց հետո միլանցիները կրկին սկսեցին ցուցադրել խանդավառ և գրագետ ֆուտբոլ: Թիմի խաղն այնքան էլ անխոցելի չէ, որքան Մոուրինյոյի օրոք, բայց թիմի առաջատարներն իրենց խաղային դիրքերում աշխարհում լավագույններից են: Վերջիններիս մոտ անհրաժեշտ տրամադրվածության դեպքում նրանց դիմակայելը չափազանց դժվար է լինում, ինչն էլ իրենց մաշկի վրա զգացին “Բավարիայի” ֆուտբոլիստները: “Շալկե-04″-ը դեռ նոր պետք է հարմարվի նոր մարզչի պահանջներին և հայտնի չէ, թե ինչ վիճակում կներկայանա թիմն արդեն Ռալֆ Ռանգնիկի օրոք: Սակայն ինչ էլ որ լինի, գերմանական ակումբին չափազանց դժվար կլինի դիմագրավել “Ինտերին”: Կարծում եմ՝ ոչ այնքան հաջող դասավորվող մրցաշրջանում 1/4 եզրափակիչ դուրս գալն արդեն իսկ գերազանց արդյունք էր ”Շալկե-04″-ի համար, ուստի այս դիմակայության մեջ նախապատվությունը տալիս եմ “Ինտերին” 60-ը 40-ի տոկոսային հարաբերությամբ:

Չեմպիոնների լիգա (վիճակահանություն)

Այսօր տեղի ունեցավ Չեմպիոնների լիգայի 1|8 եզրափակիչի վիճակահանությունը: Կազմվել են անչափ հետաքրքիր զույգեր:  Զբաղվածության պատճառով թիմերի հնարավորությունների մասին ավելի մանրամասն վերլուծությունը կլինի մի փոքր ավելի ուշ, իսկ առայժմ պարզապես ծանոթացեք կազմված զույգերին:

Ռոմա – Շախտյոր

Միլան – Տոտենհեմ

Վալենսիա – Շալկե-04

Ինտեր – Բավարիա

Լիոն – Ռեալ Մադրիդ

Արսենալ – Բարսելոնա

Օլիմպիկ – Մանչեսթեր Յունայթեդ

Կոպենհագեն – Չելսի

Չեմպիոնների Լիգա . Խմբային մրցաշարի ամփոփում

Ավարտվեց Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարը: Արդեն հայտնի են բոլոր 16 թիմերը, որոնք կշարունակեն պայքարը փլէյ-օֆֆ փուլում: Եթե այնպիսի թիմերի համար, ինչպիսիք են “Ռեալը”, “Բարսելոնան”, “Միլանը” կամ “Մանչեսթեր Յունայթեդը”, սա սովորական իրադարձություն է, ապա  3 ակումբներ, հաղթահարելով խմբային փուլի արգելքը, հասան իրենց պատմության ընթացքում մեծագույն հաջողության : Եվ այսպես, այսօր կխոսենք մրցաշարի իսկական հայտնություն դարձած “Շախտյորի”, “Տոտենհեմի” և “Կոպենհագենի” մասին:

“Շախտյոր”

“Շախտյորը” Չեմպիոնների Լիգայում իր նորամուտը նշել է դեռևս 2000/2001 մրցաշրջանում: Այն ժամանակ դա անփորձ և հիմնականում տեղացի ֆուտբոլիստներով համալրված թիմ էր, որը հայտնվել էր բավականին բարդ խմբում “Լացիոյի” և “Արսենալի” հետ: Թիմի համար մեծագույն նվաճումը այդ խմբային մրցաշարում “Արսենալի”  նկատմամբ տարած հաղթանակն էր 3:0 հաշվով, չնայած վերջիններիս համար մարզական տեսանկյունից խաղը հետաքրքրություն չէր ներկայացնում: Վերջին տարիներին “Շախտյորը” խմբային մրցաշարերի մշտական մասնակիցն է: Տարեցտարի թիմը միայն աճել է և մշտապես անչափ մոտ է եղել խմբային փուլի արգելքը հաղթահարելուն, սակայն վերջին պահին ինչ-որ բան խանգարել է: Եվ ուրախալի է, որ “Շախտյորը” կարողացավ հաջողության հասնել հենց այս տարի, երբ թիմում սկսեց հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականի առաջատար խաղացող Հենրիխ Մխիթարյանը: Սեպտեմբերի սկզբներին տեղափոխվելով թիմ՝ Մխիթարյանը նաև այսպիսի գոլերի և փոխանցումների շնորհիվ կարողացավ ամրապնդվել թիմի հիմնական կազմում:

 

 

Մխիթարյանն իր նորամուտը Չեմպիոների Լիգայում նշեց “Բրագայի” դեմ արտագնա մրցավեճում, որտեղ աչքի ընկավ մի քանի նուրբ և գեղեցիկ փոխանցումներով և հեռահար հարվածով, իսկ հաջորդ՝ “Արսենալի” հետ խաղում, չնայած թիմի 1-5 հաշվով պարտությանը, Մխիթարյանն ամենաակտիվներից էր և վազել էր 12 կմ-ից էլ ավելի շատ (այդ խաղային օրվա 3-րդ ցուցանիշը բոլոր մասնակից թիմերի ֆուտբոլիստների մեջ): Դրանից հետո, ցավոք, Մխիթարյանը վնասվածք ստացավ և ստիպված եղավ բաց թողել ավելի քան մեկ ամիս ՝ միայն փոխարինման դուրս գալով վերջին տուրի “Բրագայի” հետ հանդիպման ընթացքում: Թվում էր, թե “Արսենալից” ստացած ապտակից հետո “Շախտյորը” դժվար թե վերականգնվի, սակայն այդ ցավալի պարտությանը հաջորդեցին հաղթանակները նույն “Արսենալի”, “Պարտիզանի” և “Բրագայի նկատմամբ, և “Շախտյորը” դուրս եկավ փլէյ-օֆֆ խմբի հաղթողի կարգավիճակով:

 

“Շախտյորի” այս հաջողության հիմքերն անկասկած դրվել են վաղուց: Ակումբի ենթակառուցվածքները լավագույնն են Արևելյան Եվրոպայում, իսկ “Դոնբաս Արենան” , ընդհանրապես Եվրոպայի գեղեցկագույն մարզադաշտերից մեկն է: Բացի այդ, 2003 թվականից թիմը մարզում է Միրչա Լուչեսկուն, որը ժամանակին դարձել է ՈՒԵՖԱ-ի գավաթակիր՝ գլխավորելով թուրքական “Գալաթասարայը”, և հաջողությամբ աշխատել Իտալիայում: Իսկ թիմի սեփականատեր Ռինատ Ախմետովը չի խնայում միջոցներ տաղանդավոր արտասահմանցի խաղացողներ ձեռք բերելու համար: Բայց “Շախտյորի” գլխավոր հաղթաթուղթը այս Չեմպիոնների լիգայում, անկասկած վստահությունն էր սեփական ուժերի նկատմամբ, խաղացողների լայն ընտրությունը և գծերի միջև հստակ համագործակցությունը: Այո, թիմն ունի նաև ընդգծված առաջատարներ՝ դարպասապահ Պյատովը, թիմի ավագ Դարիո Սռնան, կամ հարձակվող Լուիս Ադրիանոն, բայց կարևորը մարզչի ընտրած մարտավարությանը մշտապես հավատարիմ մնալն է և փոխօգնությամբ խաղալը:

 

Խոսելով առավելությունների մասին՝ անկասկած պետք է նշել նաև թերությունները, որոնք առկա են թիմի խաղում: Մասնավորապես, “Շախտյորը”, որը ներքին առաջնությունում պարզապես մրցակցությունից դուրս է, սովոր է խաղի թելը իր ձեռքում պահելուն: Իհարկե լավ է, երբ թիմը խաղում է՝ ելնելով իր, այլ ոչ թե մրցակցի հնարավորություններից, բայց միևնույն ժամանակ այն պետք է պատրաստ լինի  մրցակցի մատուցած անակնկալներին և փորձի լուծել նրա առաջադրած բարդ խնդիրները: Մասնավորապես, “Արսենալի” հետ լոնդոնյան խաղը ցույց տվեց, որ արագ տեմպի և մշտական ճնշման պայմաններում պաշտպանական գիծը կարող է և չդիմանալ լարվածությանը, ինչի հետևանքն էլ եղավ միշտ հուսալի Պյատովի կողմից թույլ տրված սխալը: Իսկ երբ խաղն սկսեց չընթանալ նախանշված սցենարով, պարզվեց, որ առջևի գծի խաղացողները անկարող են ինչ-որ բան փոխել: Այստեղից սահուն կերպով անցնում ենք մյուս խնդրին, որն առկա է ակումբում: Դա բրազիլացիների մեծաքանակ ներկայացուցչությունն է “հանքափորների” կազմում: Երբ թիմը հաղթում է և գոլեր է խփում, կարծես թե ամեն ինչ կարգին է, բայց երբ գործերն այնքան էլ հաջող չեն ընթանում, բրազիլացիներն ուղղակի մոռանում են խաղային կարգապահության մասին: Նույն “Արսենալի” հետ խաղի ընթացքում կային բազմաթիվ օրինակներ, երբ Դուգլաս Կոստան, Վիլիանը կամ Ժադսոնը անհարկի տարվում էին անհատական խաղով, կորցնում գնդակը և հնարավորություն տալիս մրցակցին սուր հակագրոհելու: Բացի այդ, նրանք շատ հաճախ ուղղակի չեն նկատում ավելի նպաստավոր դիրքում հայտնված խաղընկերներին՝ նախընտրելով խաղալ իրար հետ: Սրանք այն խնդիրներն են, որոնց վրա անկասկած պետք է աշխատել, եթե թիմը ցանկանում է հասնել նոր հաջողության: Այն, ինչ անցնում է “Բրագայի” կամ “Պարտիզանի” կարգի թիմերի դեմ խաղալիս, հաստատ չի ներվի “Միլանի” կամ “Ինտերի” մակարդակի ակուկբների կողմից:

 

“Տոտտենհեմ”

“Տոտտենհեմը” Անգլիայի հնագույն ակումբներից է և հիմնադրվել է 1882 թ, երբ աշխարհի տարբեր անկյուններում դեռ պատկերացում էլ չունեին, թե ինչ բան է ֆուտբոլը: Թիմը 2 անգամ հռչակվել է Անգլիայի չեմպիոն, բայց դա հեռավոր 1950-1951 և 1960-1961 մրցաշրջաններում էր, իսկ նորագույն պատմության մեջ “Տոտենհեմը” առաջին անգամ է մասնակցում Չեմպիոնների լիգային և միանգամից կարողացավ առաջին տեղը զբաղեցնել բավականին բարդ խմբում:

Մինչև ներկայիս խաղամակարդակին հասնելը  ”Տոտտենհեմը” ստիպված եղավ փոխել մի քանի մարզիչների՝ Ժակ Սանտինի, Մարտին Յոլ, Խուանդե Ռամոս: Հարի Ռեդնապը գլխավորեց ակումբը 2008 թվականին, երբ թիմը գտնվում էր մրցաշարային աղյուսակի 19-րդ հորիզոնականում, և հենց այդ ժամանակից սկսեց թիմի աստիճանական աճը: “Տոտտենհեմը խաղում է իսկական բրիտանական ֆուտբոլ՝ դասական 4-4-2 կամ մոդիֆիկացված 4-4-1-1 սխեմայով: Սա այն ֆուտբոլն է, որ դավանում է Հարի Ռեդնապը, հավանաբար միակ անգլիացի մարզիչը, ով արժանի է գլխավորել նաև ազգային հավաքականը: Այդ ֆուտբոլի հիմնական բաղկացուցիչներն են պրեսինգը և ուժային պայքարը դաշտի ցանկացած հատվածում, գերակտիվ եզրերը,  և անչափ մոբիլ ու “մտածող” կենտրոնը:

Մայքլ Դոուսոնի և Լեդլի Քինքի վնասվածքների պայմաններում, թվում էր, “Տոտտենհեմը” մեծ խնդիրներ կունենա պաշտպանության կենտրոնում, սակայն ակումբը աչքի ընկավ նաև տրանսֆերային ճկուն քաղաքականությամբ՝ ձեռք բերելով Ուիլիամ Գալասին, որի կողքին խաղալով՝ մի նոր մակարդարկի բարձրացավ նաև Յունես Քաբուլը, իսկ “Սանդերլենդից” տեղափոխված Ալան Հաթթոնը և թիմի հնաբնակներից Բենուա Ասու-Էկոտոն լրացրեցին առանց այդ էլ ուժեղ պաշտպանական գիծը: Կենտրոնում գլխավոր դեմքը, անկասկած, Լուկա Մոդրիչն է, որը տիրապետում է ինչպես նրբանկատ փոխանցումների, այնպես էլ հուժկու հարվածների: Նա թիմի իսկական դիրիժորն է, խաղի ռիթմը կարգավորողը: Անկասկած, թիմին նոր որակներ հաղորդեց Ռաֆայել Վան դեր Վարտի տեղափոխությունը “Ռեալից”: Խաղացողը, որի վրա հասցրել էին խաչ քաշել Իսպանիայում, նոր որակներով փայլեց Անգլիայում: Նրա գալով՝ Ռեդնապը հնարավորություն ստացավ նոր տարբերակներ մշակել առջևի գծում: Այսուհետ մարզիչն ստիպված չէ խաղացնել 2 մաքուր հարձակվող՝ մի փոքր թուլացնելով խաղը կենտրոնում: Վան դեր Վարտի ունիվերսալիզմը թույլ է տալիս մարզչին օգտագործել նրան թե որպես ետ քաշված հարձակվող, թե որպես փլեյմեյքեր, բացի այդ պետք եղած ժամանակ հոլանդացին մասնակցում է նաև պաշտպանական գործողություններին: Բայց թիմի գլխավոր աստղը և չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի գլխավոր հայտնությունն անկասկած ուելսցի 21-ամյա ֆուտբոլիստ Գարետ Բեյլն է: Իր խաղաոճով նա ինչ-որ տեղ հիշեցնում է իր լեգենդար հայրենակից Ռայան Գիգգզին: Գիգգզի նման Բեյլն էլ տիրապետում է փայլուն խաբկերի և անցումների, բայց ավելի դիմացկուն է և նույնիսկ ավելի արագ, անհավատալի արագ: Միայն տեսեք, թե ինչպես է մի քանի րոպեի ընթացքում Բեյլը նույն ձևով “ստորացնում” բազմափորձ Խավիեր Ձանետիին “Ինտերի” հետ մրցավեճում:

 

 

Բեյլը կրկնեց գրեթե նույնը նաև “Ինտերի հետ պատասխան խաղում: Այս անգամ զոհի դերում  շատերի կարծիքով աշխարհի լավագույն աջ պաշտպան Մայկոնն է, իսկ Բեյլն էլ աչքի է  ընկնում երկու ֆանտաստիկ փոխանցումներով:

 

 

Դրականը “Տոտտենհեմի” խաղում անկասկած ավելի շատ է, բայց կան խնդիրներ, որոնց լուծման վրա կարելի է և պետք է աշխատել: “Տոտտենհեմը” զուգորդում է փայլուն խաղերը անատամ և կամազուրկ հանդիպումների հետ: Թիմի ցուցադրած “ուրախ” ֆուտբոլը, (“Տոտտենհեմի համար լրիվ սովորական են 4:4 կամ 5:4 հաշիվները) իհարկե դուր է գալիս շատ երկրպագուների, բայց նրանք նաև պահանջում են արդյունք, մանավանդ, որ թիմը վերջապես վերադարձել է Անգլիայի ուժեղագույն ակումբների շարքը և առավել քան երբևէ մոտ է նաև եվրոպական ֆուտբոլում ճանաչման հասնելուն: Կայունությունն ու սեփական ուժերի նկատմամբ վստահությունը հենց այն հատկանիշներն են, որոնք պակասում են “խթաններին” և թույլ չեն տալիս նրանց դասել եվրոպական ֆուտբոլի գրանդների շարքին: Բայց թիմը ճիշտ ճանապարհին է, նրա ցուցադրած ֆուտբոլը գրավիչ է նույնիսկ անտարբեր ֆուտբոլասերի համար, թիմի կազմում են ինչպես երիտասարդ տաղանդավոր խաղացողներ, այնպես էլ փորձառու ու ճանաչված աստղեր, իսկ այդ համաձուլվածքը անկասկած այն հիմքն է, որը կարող է նպաստել “Տոտտենհեմի” հաջողություններին նաև Չեմպիոնների լիգայում:

 

“Կոպենհագեն”

Դանիական ակումբը Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երրորդ և ամենամեծ  հայտնությունն է: Այսպիսի նվաճում թիմից ոչ ոք չէր սպասում: Ամենալավատեսները “առյուծների” համար կանխագուշակում էին պայքար 3-րդ տեղի համար “Ռուբինի” կամ “Պանատինաիկոսի” հետ, բայց թիմը ոչ միայն վստահորեն առաջ անցավ վերը նշված թիմերից, այլև հավասար հավասարի պայքարեց “Բարսելոնայի” դեմ: Դանիական ակումբը, որն իր ֆինանսական հնարավորություններով զգալիորեն զիջում էի իր բոլոր մրցակիցներին, աչքի ընկավ թիմային այնպիսի հստակ խաղով և վստահությամբ, ինչպիսին բնորոշ է մրցաշարային փորձ ունեցող թիմերին: Սա այն դեպքում, երբ թիմի կազմում միակ քիչ թե շատ հայտնի ֆուտբոլիստը դանիական ֆուտբոլի վետերան Յեսպեր Գրոնկյաերն է, որը ժամանակին հանդես է եկել “Այաքսում” և “Չելսիում”: Բայց միայն Գրոնկյաերը անկասկած չէր կարող ապահովել այսպիսի հաջողություն: Իրենց փայլուն դրսևորեցին դարպասապահ Յոհան Վիլանդը, պաշտպան Զդենեկ Պոսպեխը, թիմի ավագ Ուիլիամ Քվիստը, սևամորթ հարձակվող Դամե Ն՝դոյեի հետևից արդեն հիմա իսկական որս են սկսել եվրոպական մի շարք ակումբներ, իսկ բրազիլացի Կլաուդեմիրը ընդհանրապես մտավ պատմության մեջ: Ամեն մեկը չէ, որ կարող է հպարտանալ “Բարսելոնայի” դարպասը խփած այսպիսի գոլով:

 

 

Նորվեգացի Ստոլե Սոլբակենին հաջողվել է ստեղծել մի թիմ, որը ոչ միայն գերակայող դիրքեր կզբաղեցնի Դանիայի առաջնությունում, այլև հավասարը հավասարի պես կպայքարի եվրոպական ֆուտբոլի գրանդների դեմ: Սոլբակենը կարողացել է իր խաղացողների մեջ սերմանել հենց այն հատկանիշները, որոնցով օժտված էր ինքը ֆուտբոլիստ եղած ժամանակ՝ աշխատասիրություն, համառություն, խաղային ցանկացած դրվագում մինչև վերջ պայքարելու ձգտում: ”Կոպենհագենի” հաջողությունը արժևորվում է նաև նրանով, որ սա առաջին նմանատիպ նվաճումն է ընդհանրապես դանիական ակումբային ֆուտբոլի պատմության մեջ:
Անկասկած, “Կոպենհագենը” արդեն իսկ գերակատարել է իր խնդիրը և հաստատ չի հաղթելու Չեմպիոնների լիգայում, բայց նրա առավելությունը մյուս թիմերի նկատմամբ կարող է լինել հենց դրանում: Առանց այդ էլ մատուցելով մրցաշարի գլխավոր անակնկալներից մեկը՝ “Կոպենհագենը” այլևս կորցնելու ոչինչ չունի և կարող է խաղալ իր հաճույքի համար՝ փորձելով վայելել պահը: Այսպիսի հնարավորություն կարող է այլևս չլինել և քանի դեռ չի կայացել վիճակահանությունը և չի սկսել առաջիկա հանդիպումը, ոչ ոք չի կարող արգելել Անդերսենի հայրենիքը ներկայացնող ակումբին հավատալ բարի հեքիաթի շարունակությանը:

«Բարսա» – «Ռեալ»` 5:0

Ի սկզբանե մտահղանալով ֆուտբոլի մասին սեփական բլոգ ունենալու գաղափարը` նպատակ ունեի խոսել առավելապես հայկական ֆուտբոլի մասին, անդրադառնալ մեր ֆուտբոլային կյանքում տեղի ունեցող իրադարձություններին: Ասեմ, որ նպատակները չեն փոխվել, պարզապես երեկ տեղի ունեցավ այնպիսի իրադարձություն, որի մասին չխոսել ուղղակի անհնար է:Ոչ ոք չի կարող անտարբեր անցնել համաշխարհային ֆուտբոլի թիվ 1 դիմակայության կողքով:
Չեմ կարծում, թե կարիք կա մոտենալ այս խաղին, որպես սովորական իրադարձություն և ուղղակի մեկ-մեկ թվարկել խաղային դրվագներն ըստ իրենց հերթականության: Սուպերկլասսիկոն ֆուտբոլային սովորական հակամարտություն չէ, այն ավելին է, քան ֆուտբոլ, դա տարբեր փիլիսոփայությունների, տարբեր գաղափարախոսությունների, պարզ ու հասարակ  գաղափարները կյանքի կոչելու տարբեր ձևերի հակամարտություն է: Ասել, որ “Բարսելոնան” ջախջախեց “Ռեալին”, կնշանակի ոչինչ չասել: Խաղի հաշիվն առանց այն էլ դրա անմիջական վկայությունն է: Ավելի լավ է փորձենք հասկանալ այդ ամենի պատճառները` դրանք արտահայտելով խորհրդանշական 5 կետերով:

5 թիվն ընդհանրապես գերակայող դերակատարություն ուներ երկու թիմերի ներկայիս հակամարտության մեջ: 5 անգամ անընդմեջ “Բարսան” հաղթեց “Ռեալին” “սուպերկլասսիկոյում”, նույնպիսի հաջողության հասավ նաև կապտանռնագույնների գլխավոր մարզիչ Խոսեպ Գուարդյոլան, վերջիվերջո չմոռանանք նաև երեկ գրանցված 5 գոլերի մասին: Եվ այսպես, ուղղամիտ մարդիկ կնշեն, որ “Ռեալի” պարտության 5 պատճառները “Բարսայի” խփած 5 գոլերն են, իսկ մենք, ի հեճուկս նրանց պարզամտության,  կփորձենք հասկանալ “Բարսայի” էյֆորիայի և “Ռեալի” կատարյալ ֆիասկոյի 5 պատճառները:

1.Անփորձ Մոուրինյոն

Առաջին հայացքից վերը նշված արտահայտությունը կարող է թյուրիմացության մեջ գցել շատերին: Մարդիկ կշտապեն հակադարձել ինձ` նշելով, որ երբ Մոուրինյոն սկսել էր իր մարզչական կարիերան, ընդ որում հենց “Բարսայում”, Պեպը դեռ շարունակում էր խաղացողի իր կարիերան: Բացի այդ Ժոզեն չեմպիոն է դարձել 3 տարբեր երկրներում, 2 անգամ տարբեր թիմերի հետ հաղթել Չեմպիոնների լիգայում, մինչդեռ Գուարդյոլային դա հաջողվել է ընդամենը մեկ անգամ: Այս ամենը, անկասկած անհերքելի ճշմարտություն է, սակայն այստեղ կա մեկ, բայց շատ ակնհայտ առարկում: “Սուպերկլասսիկոն” ինքն իրենով առանձին մրցախաղ է, այն կարծես չի տեղավորվում առաջնության շրջանակներում, այն խաղերի խաղն է, եզրափակիչների եզրափակիչը: Այն նման է թանկարժեք կոնյակի, մեկ անգամ համտեսողը ուզում է անել դա նաև 2-րդ անգամ և երբեք չի մոռանում նրա համը: Որքան շատ ես խմում, այնքան ավելի լավ ես հասկանում խմելու ճիշտ ձևը: Այս` առաջին հայացքից կենցաղային օրինակը առավելագույնս է արտացոլում այն, ինչ կարող է տալ ցանկացած մարզչի կամ ֆուտբոլիստի  մասնակցությունը “սուպերկլասսիկոյին” : Այո, Մոուրինյոն, բազմիցս հաղթել է “Բարսային” և “Չելսիի” , և “Ինտերի” հետ, բայց հենց “սուպերկլասսիկոյում” սա նրա առաջին փորձն էր: Ամբողջ խաղի ընթացքում ֆուտբոլասերները տեսան դրա հետևանքները խաղադաշտում, իսկ խաղավերջում` նաև լուսատախտակի վրա : “Յուրահատուկը” ուղղակի չգիտեր, թե ինչ էր պետք  անել, նա ինքն իրեն պարզապես նման չէր: Մշտապես վստահ, գաղափարներով լի, իր խանդավառությամբ իր թիմերին վարակող մարզչից հետք անգամ չէր մնացել: Եթե սկզբում և նույնիսկ 2-0-ի ժամանակ Մոուրինյոն, ինչպես միշտ գրառումներ էր անում, ապա 2-րդ խաղակեսում նա ուղղակի անշարժ հետևում էր, թե ինչպես է կապտանռնագույն հարիչը ծեփում “սերուցքայիններին” եռացող “Կամպ Նոու”-ի պատերին: Մոուրինյոն անընդունակ գտնվեց որևէ կերպ միջամտել իր սաների դաժան ջարդին: Նրա կատարած փոփոխություններն ավելի նման էին արագահոս ջրի մեջ խեղդվող մարդու` փրկվելու անհույս փորձերին, քան աշխարհի լավագույն մարզչի հմուտ միջամտության: Եվ այսպես, առաջին պատճառը “սուպերկլասսիկոներում” Մոուրինյոյի անփորձությունն էր: Եթե նախորդ բոլոր խաղերում, անկախ գեղագիտական որակից, պարզ էր, թե ինչ ֆուտբոլ են խաղում Մոուրինյոյի թիմերը, ապա երեկ դա ուղղակի անհասկանալի էր:
2. “Բարսան“` որպես անխափան մեխանիզմ:

Թվում է, թե առաջին կետի մեջ ամբողջովին ամփոփված են այն պատճառները, որոնք հիմք հանդիսացան երեկվա “եղեռնի” համար, բայց ես այդպես չեմ կարծում: Հիմնական պատճառներից մեկը կայանում էր նրանում, որ երեկ խաղադաշտ էր դուրս եկել մի կողմից թիմ, որը հստակ գիտեր իր անելիքը, որի կորիզը կազմող ֆուտբոլիստները առաջին տարին չէ, ինչ խաղում են միասին, և փակ աչքերով հասկանում են միմյանց մտահղացումները, մյուս կողմից՝ մի խումբ շատ տաղանդավոր խաղացողներ, որոնք, սակայն, պահեցին իրենց այնպես, ինչպես փոքր երեխան առաջին անգամ հրավառություն տեսնելիս. մի քիչ վախեցած, մի քիչ էլ զարմացած: Սակայն կա հստակ տարբերություն, երեկ սպիտակ մարզահագուստով հանդես եկած խաղացողներից և ոչ մեկը, ի տարբերություն երեխայի, երբեք չի ուզի կրկին ականատես լինել այդ հրավառությանը: Ինչևէ, “Ռեալը” իրոք նոր թիմ է, գտնվում է կայացման փուլում և ինչպես Մոուրինյոն է սիրում նշել, իր թիմերը հաջողության են հասնում իր մարզչական գործունեության միայն 2-րդ տարում, բայց “Ռեալը” այն կարգի թիմ է, որ երկրպագուները ցանկանում են արդյունք հիմա և այստեղ: Բարսելոնյան խաղը երեկ եթե կատարյալ էր չէր, ապա շատ մոտ էր դրան: Խաղի ընթացքում չզլացա և մի քանի անգամ հաշվեցի, թե քանի անգամ անընդմեջ էին “Բարսայի” խաղացողները գնդակը փոխանցում միմյանց: Հավատացնում եմ, որ այդ կարգի ցուցանիշ այս կարգի թիմերի մրցավեճում հաճախ չի հանդիպում: “Բարսան” խաղում էր կարծես առաց մրցակցին նկատելու, ինչպես հոլիվուդյան ֆիլմի հերոսներն են իրենց մեքենայով անցնում ցանկացած խոչընդոտի վրայով ու միջով, իսկ  ”Ռեալի” խաղացողները նմանվում էին մարզման ժամանակ դաշտում տեղակայված “ֆիշկաների”, որոնց չդիպչելուց զատ “Բարսայի” խաղացողներն ունեին նաև “Ռեալի” դարպասը ժամանակ առ ժամանակ գրավելու խնդիր:

3. Համակարգային տարբերությունները

“Բարսան” չէր կարող գործել արտասահմանյան լավագույն մեքենայի անվտանգությամբ և արագությամբ, եթե չլիներ այն, ինչ հանդիսանում է երեկ տեղի ունեցած դեպքերի 3-րդ պատճառը: “Բարսելոնան”, որպես համակարգ ավելի կայուն է, ավելի կայացած, ավելի հզոր և հեռանկարային, քան “Ռեալը”: Միայն երեկ “Բարսայի” կազմում հանդես էր գալիս թիմի 8 սան(Վալդես, Պույոլ, Պիկե, Չավի, Ինյեստա, Բուսկետս, Մեսսի, Պեդրո ): Սա ժամանակակից ֆուտբոլում արտասովոր երևույթ է, եթե նկատի ունենանք մեծ ակումբները և նրանց ներկայիս ֆինանսական հնարավորությունները: Յուրաքանչյուր խաղացող, անցնելով պատանեկան թիմից 2-րդ իսկ այնտեղից էլ` հիմնական թիմ, հստակ գիտի, թե իրենից ինչ է պահանջվում, ինչպես պետք է խաղալ այս կամ այն դրվագում, խաղային փիլիսոփայությունը ֆուտբոլիստները յուրացնում են դեռևս դպրոցում և կատարելագործում` հանդես գալով գլխավոր թիմում: Ի հակադրություն դրան, “Ռեալում” ամեն տարի փոխվում է թիմի կազմը, հրավիրվում են արդեն կայացած աստղեր, որոնք “Ռեալում” չեն կարողանում հանդես գալ իրենց նախկին մակարդակի վրա: Նրանցից շատերը դրանից հետո տեղափոխվում են կարգով ավելի ցածր թիմեր և միայն բախտավորներն են դառնում այլ թիմերի առաջատարներ: Իսկ ով կարող է ասել, թե քանի՞ “կանտերանո” է խաղում “Ռեալի” հիմնական կազմում հիմա, կամ քանիսն են խաղացել վերջին տարիներին: Հաճելի բացառություն է միայն Իկեր Կասիլյասը, իսկ Ալվարո Արբելոան, համաձայնվեք, ներկայիս մակարդակին հասել է` խաղալով այլ թիմերում: Պավոն, Մինյամբրես, Խուանֆրան, Հայմե, Ռաուլ Բրավո, Մեխյա, Պորտիլյո….. Որտեղ են այս խաղացողները, գիտեն, թերևս, միայն նրանց հարազատները: Արդեն մեկ տասնամյակից ավելի է, ինչ “Ռեալում” չի հայտնվում տաղանդավոր սեփական խաղացող: Նույնսիկ թիմի լեգենդ Ռաուլը մինչև 15 տարեկան հանդես էր գալիս “Ատլետիկոյի” կազմում: Եվ այսպես, ակնհայտ է, որ “Բարսայի” ուժը նրա միասնականության, նույնաոճ խաղացողների պատրաստման և աճեցման, զարգացման ավանդական գիծը պահպանելու մեջ է, մինչդեռ “Ռեալի” ղեկավարության որդեգրած ներկայիս քաղաքականության պայմաններում թիմի լավագույն ցուցանիշը այդպես էլ կմնա “Լևանտեի” և “Սարագոսայի” կարգի թիմերի նկատմամբ տարած տպավորիչ հաղթանակները:

4.”Կամպ Նոուն՝ ավելին քան 12-րդ խաղացող

Թվում է՝ ժամանակակից ֆուտբոլում սեփական խաղադաշտի գործոնը պետք է մղվեր 2-րդական պլան: Շատ դեպքերում դա իրոք այդպես է, միայն ոչ “Բարսայի” պարագայում: Իսպանիայի շատ ու շատ մարզադաշտերում “Ռեալի” խաղացողներին սուլում են, անպատվում, բայց ոչ մի տեղ “Ռեալը” չի ընդունվում այնպիսի ատելությամբ ինչպես “Կամպ Նոու”-ում:Ամեն անգամ, խաղից առաջ և խաղի ընթացքում դիտելով, թե ինչպես են տրիբունաները աջակցում “Բարսային”, մտածում ես, որ այս թիմն ուղղակի այլընտրանք չունի, քան հաղթել, սրբել-անցնել մրցակցի վրայով: Երեկվա խաղն էլ բացառություն չէր: Այնպիսի խաղացողների համար, ինչպիսիք են Օզիլը, Խեդիրան, Դի Մարիան, որոնք դեռ մի քանի ամիս առաջ հանդես էին գալիս “Նյուրնբերգի”, “Քյոլնի” կամ “Նասիոնալի” կարգի թիմերի դեմ, խաղալ “Կամպ Նոու”-ում մի նոր փորձ է, դժվարին քննության նման մի բան: Հաջողվելու դեպքում քեզ կաստվածացնեն, կմեծարեն, բայց  տապալվելու վտանգն այնուամենայնիվ ավելի մեծ է, մանավանդ եթե քննություն ընդունողն էլ օժտված է անխիղճ մարդասպանի բնազդով և առանձնակի ջերմ զգացմունքներ չի տածում ուսանողի նկատմամբ: Այո, երեկ “Ռեալի” խաղացողները նման էին վախեցած ուսանողների, ամբողջ կիսամյակի ընթացքում նրանց թվում էր, թե կատարելությամբ գիտեն առարկան և խնդիրներ չեն ունենա, բայց փորձը ցույց տվեց, որ սեփական լսարանում տնային առաջադրանքներն անելը մի բան է, իսկ կենտրոնացված քննություն հանձնելը՝ մեկ այլ: “Ռեալի” խաղացողները, անկասկած դեռ փորձ կկուտակեն, այդ թվում “Կամպ Նոու”-ում խաղալու, իսկ առայժմ միակ դեղամիջոցը ստացած կապտուկներին սառը թրջոցներ դնելն ու առարկան ավելի եռանդուն սերտելու մեջ է: Չես բարձրանա, մինչև չընկնես:

5.Մեղավորներն ու դատավորները կամ մեղավորը դատավորն է

Վերջին կետում կուզեի անդրադառնալ “Ռեալի” խաղացողների պահվածքին և մրցավար Իտուրալդե Գոնսալեսին: Ֆուտբոլում, բացի խաղային որակներից, կարևորագույն բաղադրիրներից մեկն էլ դարձել է խաղադաշտում ֆուտբոլիստների պահվածքը: Իսկական արհեստավարժները սովոր են և ընկնել ու թավալվել և բարձրանալ ու վազել, կարծես ոչինչ չէր եղել, դա ֆուտբոլի անբաժանելի մասն է: Բայց վերը նշվածները պետք է կարողանան տիրապետել իրենց: Այն, ինչ երեկ անում էին “Ռեալի” խաղացողները, ուղղակի անընդունելի էր:
Եվ այսպես, պարտության պատճառներից վերջինն ըստ իս խաղային կարգապահության պակասն էր “Ռեալի” խաղացողների մոտ: Սկզբից Կարվալյոն արմունկով հարվածեց Մեսսիի դեմքին և անպատիժ մնաց, դա երևի ոգևորեց մյուսներին,դրդեց նմանատիպ քայլերի: Այլապես ինչպես՞ բացատրել Ռոնալդուի անշնորհք պահվածքը Գուարդիոլայի, կամ Ռամոսի անմարդկային վերաբերմունքը Պույոլի ու Չավիի հանդեպ: Ոչ մի ֆուտբոլիստ իրավունք չունի հրել որևէ մարզչի այնպես, ինչպես դա արեց Ռոնալդուն երեկ, դա անթույլատրելի է, եթե նույնիսկ այդ մարզիչը գլխավորում է  քո ոխերիմ մրցակից-թիմը, կամ խաղային դրվագում ուշացնում է գնդակի հանձնումը: Իսկ Ռամոսի մասին ուղղակի չեմ էլ ուզում խոսել: Նրա փոխարեն հավաքականի խաղերին ես կգայի խաղից միայն մի քանի րոպե առաջ և ինձ հատկացված աջ եզրից ուրիշ տեղ չէի գնա: Չմոռանանք, թե քանի կատալոնացի էին խաղում աշխարհի չեմպիոն Իսպանիայի հավաքականի կազմում և հուսանք, որ նրանք օժտված են ներողամտությամբ այնպես, ինչպես ֆուտբոլային տաղանդով:
Ինչ վերաբերում է մրցավարին, ապա ես, ի տարբերություն իսպանական կենտրոնամետ թերթերի, հակված չեմ կարծել, որ մրցավարը ձախողեց հանդիպումը:Ընդհակառակը, մրցավարը կարողացավ, անկախ իր որոշ թերացումների, ընդհանուր առմամբ խաղի թելը պահել իր ձեռքում: Չնշանակված 11 մետրանոցը, (եթե այն կար), կամ Վիլյայի առաջին գոլի ժամանակ խաղից դուրս վիճակի չարձանագրումը, համոզված եմ, էական ազդեցություն չունեցան խաղի ընթացքի վրա: Մրցավարներին մեղադրելը ընդհանրապես թույլերի  զբաղմունքն է, իսկ կողմնապահության որևէ դրսևորում անձամբ ես չտեսա:

Կյանքը կլասսիկոյից հետո շարունակվում է, հիմա դասեր քաղելու ժամանակն է: Եթե Բարսայից պահանջվում է չթուլացնել տեմպերը և շարունակել նույն ոճով, ապա Ռեալը խնդիր ունի աշխատելու նշված պատճառներից յուրաքանչյուրի վերացման վրա: Երբ Մոուրինյոն կզգա սուպերկլասսիկոյի և շարքային հանդիպման տարբերությոնը, երբ թիմը կներկայանա որպես անթերի համաձուլվածք, երբ ակումբում կլինեն այնպիսի խաղացողներ, որոնք փոքր տարիքից կհասկանան “Բարսելոնայի” հետ դիմակայության էությունը, երբ թիմը պատրաստ կլինի հոգեբանորեն և չի խախտի խաղային կարգապահությունը, այդ ժամանակ մենք կտեսնենք լրիվ ուրիշ սուպերկլասսիկո՝ հավասար հնարավորություններով և ֆուտբոլասերներին մինչև վերջ լարվածության մեջ պահող: