Շարունակելով ավանդույթները

Բարև բոլորին: Մոտ մեկ ամիս է, ինչ հարգելի պատճառներով չէի կարողանում գրել այստեղ: Հիմա այդպիսի հնարավորություն կա, իսկ առիթն էլ այնպիսին է, որ դրա մասին ինչ-որ բան գրելու գայթակղությանը դիմանալն այնքան էլ հեշտ չէ: Այսօր կայացավ Չեմպիոնների Լիգայի քառորդ-եզրափակիչի վիճակահանությունը, ուստի ավանդույթի համաձայն կփորձենք խորհել դիմակայությունների ելքերի մասին: Ասում են՝ կանխագուշակություններ անելն անշնորհակալ գործ է, բայց թե ինչպիսի արդյունք էր գրանցվել նախորդ փորձերի ժամանակ, կարող եք տեսնել այստեղ և այստեղ:  8-ից 7: Կարծում եմ՝ այնքան էլ վատ արդյունք չէ: Ուստի գնացինք առաջ:

 

“Ռեալ Մադրիդ”- “Տոտենհեմ”

Մադրիդցիները վերջապես կարողացան հաղթահարել փլէյ-օֆֆի առաջին փուլի արգելքը ՝ այն էլ հաղթելով իրենց մշտական ու անդուր մրցակիցներից “Լիոնին”: “Տոտենհեմը” իր հերթին իր նորագույն պատմության մեջ առաջին անգամ է այսպիսի հնարավորություն ստացել: Որքան էլ որ այս մրցաշրջանում “Տոտենհեմի” ցուցադրած ֆուտբոլը հաճույք է պատճառում շատերին, որքան էլ որ թիմն արդեն ապացուցել է, որ կարող է պատվով դուրս գալ համաշխարհային մակարդակի ակումբների հետ մրցակցությունից, այդուհանդերձ, կարծում եմ, որ այս զույգում ֆավորիտն, անկասկած Մադրիդի “Ռեալն” է: Մադրիդցիները վաղուց լուրջ հաջողության չեն հասել եվրոպական մրցասպարեզում և ուղղակի ծարավի են հաղթանակների, իսկ նախորդ փուլում տարած հաղթանակն էլ միմիայն վստահություն է ներշնչել սեփական ուժերի նկատմամբ: Այդ ամենը, ինչպես նաև Չեմպիոնների Լիգայում երկու անգամ հաղթած Ժոզե Մոուրինյոյի գործոնը, թերևս, վճռական կդառնա այս թիմերի դիմակայության մեջ: Եվ այսպես, եթե գնահատելու լինենք տոկոսային հարաբերությամբ, ապա կստանանք 60-ը 40-ի հօգուտ “Ռեալի”:

 

“Չելսի”-”Մանչեսթեր Յունայթեդ”

 

Չափազանց հետաքրքիր կլինի անգլիական ֆուտբոլի 2 գրանդների մրցակցությանը հետևել այս անգամ եվրոպական ամենահեղինակավոր ակումբային մրցաշարի շրջանակներում: Սա կլինի 2007-2008 թթ. մրցաշրջանի եզրափակիչի յուրօրինակ կրկնությունը: Այն ժամանակ “Մանչեսթեր Յունայթեդը” հաղթանակ տարավ հետխաղային 11 մետրանոց հարվածաշարում: Շատ բան է փոխվել այն ժամանակներից, սակայն մի բան անփոփոխ է: 2 թիմերն էլ ցանկացած մրցաշարի մասնակցում են միմիայն վերջնական հաղթանակի հասնելու մտայնությամբ: Այս մրցաշրջանում “Չելսին” առանձնակի չի փայլում ոչ խաղով, ոչ էլ արդյունքներով, իսկ “Մանչեսթեր Յունայթեդը”, չնայած չի ցուցադրում այն վառ ու կրակոտ խաղը, որը սովոր են տեսնել թիմի երկրպագուները, բայց, միևնույն է, կարողանում է ապահովել անհրաժեշտ արդյունք: Կարծում եմ՝ բոլոր 4 դիմակայություններից սա ամենաանկանխատեսելին է: Այդուհանդերձ, կհամարձակվեմ կանխագուշակել “Մանչեսթեր Յունայթեդի” վերջնական հաղթանակը 55-ը 45-ի հարաբերությամբ:

 

“Բարսելոնա”-”Շախտյոր”

 

Սա, թերևս, ամենահետաքրքիր և սպասված դիմակայությունը կլինի հայ ֆուտբոլասերների համար: Նախ, մեր հանրապետությունում “Բարսելոնան” հիմա երևի ամենաշատ երկրպագուներն ունի և երկրորդ՝ “Շախտյորի” կազմում հանդես է գալիս մեր հավաքականի առանցքային խաղացողներից Հենրիխ Մխիթարյանը: Համողված եմ, որ շատ-շատերը ափսոսում են, որ այս երկու թիմերը հանդիպելու են միմյանց այսքան վաղ, և նրանցից մեկն ստիպված է լինելու լքել ասպարեզը: “Բարսան” այս մրցաշրջանում շարունակում է ցուցադրել “այլմոլորակային” ֆուտբոլ: Եթե թիմի խաղն ստացվում է, ապա նրան դիմակայելն ուղղակի անհնար է: “Շախտյորն” արդեն ապացուցել է, որ կարող է հավասար հավասարի պայքարել ցանկացած ակումբի դեմ, բայց կարծում եմ թիմը դեռ չի հասունացել այն աստիճանի , որպեսզի կարողանա հաղթահարել ներկայիս “Բարսելոնայի” արգելքը:  Եթե ոչ մի արտասովոր բան չլինի, ապա “Բարսային” կտեսնենք կիսաեզրափակիչում: Իսկ հնարավորությունները տոկոսային հարաբերությամբ գնահատում եմ 70-ը 30-ի:

 

“Ինտեր”-”Շալկե-04″

 

1997 թ. ՈՒԵՖԱ-ի գավաթի եզրափակիչի մասնակիցները 14 տարի անց կհանդիպեն արդեն Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչում: “Ինտերի” վրա դրականորեն ազդեց մարզչի փոփոխությունը: Լեոնարդոյի գալուց հետո միլանցիները կրկին սկսեցին ցուցադրել խանդավառ և գրագետ ֆուտբոլ: Թիմի խաղն այնքան էլ անխոցելի չէ, որքան Մոուրինյոյի օրոք, բայց թիմի առաջատարներն իրենց խաղային դիրքերում աշխարհում լավագույններից են: Վերջիններիս մոտ անհրաժեշտ տրամադրվածության դեպքում նրանց դիմակայելը չափազանց դժվար է լինում, ինչն էլ իրենց մաշկի վրա զգացին “Բավարիայի” ֆուտբոլիստները: “Շալկե-04″-ը դեռ նոր պետք է հարմարվի նոր մարզչի պահանջներին և հայտնի չէ, թե ինչ վիճակում կներկայանա թիմն արդեն Ռալֆ Ռանգնիկի օրոք: Սակայն ինչ էլ որ լինի, գերմանական ակումբին չափազանց դժվար կլինի դիմագրավել “Ինտերին”: Կարծում եմ՝ ոչ այնքան հաջող դասավորվող մրցաշրջանում 1/4 եզրափակիչ դուրս գալն արդեն իսկ գերազանց արդյունք էր ”Շալկե-04″-ի համար, ուստի այս դիմակայության մեջ նախապատվությունը տալիս եմ “Ինտերին” 60-ը 40-ի տոկոսային հարաբերությամբ:

Չեմպիոնների Լիգա (թիմերի հնարավորությունները, մաս I)

Բարև բոլորին: Դեկտեմբերի 17-ին տեղի ունեցավ Չեմպիոնների լիգայի 1\8 եզրափակչի վիճակահանությունը: Ինչպես և խոստացել էի 2 օր առաջ, այսօր կխոսենք թիմերի հնարավորությունների մասին և կփորձենք կանխատեսել առաջին 4  դիմակայությունների արդյունքները:

“Ռոմա” -Շախտյոր”

“Հանքափորների” գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն դեռևս վիճակահանությունից առաջ հայտարարել էր, որ մեծ է հավանականությունը, որ իր թիմը կհանդիպի իտալական 3 ակումբներից որևէ մեկի հետ: Այդպես էլ եղավ: Այս թիմերի դիմակայությունում առաջին հայացքից ավելի նախընտրելի կարող են թվալ եվրոպական մրցաշարերի ավելի հարուստ փորձ ունեցող իտալացիների հնարավորությունները, սակայն “Շախտյորը” այս մրցաշրջանում արդեն ապացուցել է, որ չի վախենում հեղինակություններից:  Ուկրաինացիների օգտին կարող է լինել նաև այն հանգամանքը, որ թիմն առաջին հանդիպումն անցկացնելու է դրսում, ինչը մշտապես դիտվում է որպես առավելություն: Որքան էլ որ կանխատեսումներ անելն անշնորհակալ գործ է, այդուհանդերձ ես կարծում եմ, որ հաջորդ փուլ դուրս կգա  ”Շախտյորը”:

Միլան” - “Տոտենհեմ”

“Միլանը”՝ Չեմպիոնների լիգայի ամենափարձառու և տիտղոսակիր թիմերից մեկը, պետք է իր հարաբերությունները պարզի այս մրցաշարի նորեկ համարվող “Տոտենհեմի” հետ:  Հակառակ “Միլանի” երկրպագուների  կարծիքին, որոնք շտապեցին ուրախանալ վիճակահանության արդյունքներով, գտնում եմ, որ “Տոտենհեմը” բոլոր հնարավորներից մրցակիցներից ամենավտանգավորն է: Անգլիական ակումբը խաղում է արագ և ագրեսիվ ոճով, իսկ միլանցիները, անկախ թիմում տեղի ունեցած որոշակի փոփոխություններից, միևնույն է, համարվում են  ”ամենածեր” և դանդաղաշարժ թիմերից մեկը: Բացի այդ  ”Ւնտերի” հետ հանդիպումներում “Տոտենհեմը” արդեն ցույց է տվել, թե ինչպես կարող է խաղալ իտալական ակումբների դեմ: Եվ այսպես, այս դիմակայությունում նախապատվությունը տրվում է անգլիական ակումբին:

Վալենսիա” - “Շալկե-04″

Շատերի կարծիքով ամենաանհետաքրքիր դիմակայություններից մեկն իմ համար ամենաինտրիգայիններից է:  Եվ  ”Վալենսիան”, և  ”Շալկեն” չափազանց անկայուն են հանդես գալիս ներկայիս մրցրջանում: Գերմանական ակումբն ընդհանրապես միայն վերջին տուրում տարած հաղթանակի շնորհիվ վերադարձավ Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի առաջին տասնյակ, իսկ “չղջիկները”, ինչպես միշտ ունենալով հավակնոտ ծրագրեր, արդեն հիմա անհույս հետ են մնացել “Բարսելոնայից” և “Ռեալից” չեմպիոնական մրցավազքում, ուստի երկու թիմերի համար էլ առաջին պլան է մղվում եվրոպական մրցասպարեզում հաջող հանդես գալը: Իսպանական ակումբը հենց այս կազմով առաջին անգամ է մասնակցում Չեմպիոնների լիգայի մրցաշարին, խաղացողներից շատերը նորեկ են, իսկ այս կարգի մրցաշարերում հսկայական նշանակություն ունի փորձը: Գերմանացիները, որքան էլ որ նույնպես մշտապես չեն մասնակցում այս կարգի մրցաշարերի, բայց իրենց կազմում ունեն այնպիսի խաղացողներ, որոնք բազմիցս ճաշակել են մեծ հաղթանակների քաղցրությունը և ցանկացած մրցակցի հետ դիմակայությունում կարող են հաջողությունը թեքել իրենց կողմը: Եվ այսպես, այս դիմակայության մեջ, կոնկրետ այս պահի դրությամբ, աննշան առավելություն տալիս եմ գերմանական ակումբի ֆուտբոլիստներին, որոնց համար ամենակարևորը կլինի առաջին խաղում խոշոր հաշվով չպարտվելը:

“Ինտեր” - “Բավարիա”

Վերջին զույգը, որին կանդրադառնամ այսօր, կազմել են մրցաշարի գործող գավաթակիր “Ինտերը” և եզրափակիչում նրա մրցակից “Բավարիան”: “Ինտերն” ակնհայտորեն զիջել է դիրքերը նախորդ մրցաշրջանի համեմատ, իսկ գերմանական ակումբը, մեծ հաշվով ձախողելով իր ելույթները Գերմանիայի առաջնությունում, այդուհանդերձ կարողացավ Չեմպիոնների լիգայի իր խմբում վստահորեն գրավել առաջին տեղը, չնայած “Բազելին” կամ “Կլուժին” չես համեմատի “Ինտերի” մրցակիցների՝ “Վերդերի” կամ “Տվենտեի” հետ: Ինչևէ, գերմանացիները պարզապես այրվում են ռևանշի հասնելու ցանկությամբ: Բացի այդ, մինչև փետրվար պետք է որ շարք վերադարձած լինեն թիմի առանցքային խաղացողները: Իր հերթին “Ինտերը” հաղթեց աշխարհի ակումբային առաջնությունում՝ մի փոքր հետաձգելով Ռաֆայել Բենիտեսի հրաժարականը: Այդուհանդերձ, որքան էլ որ կանխատեսումս առաջին հայացքից դաժան թվա իտալական ֆուտբոլի երկրպագուների համար, կարծում եմ, որ իտալական վերջին ակումբն էլ չի կարողանա հաղթահարել այս փուլի արգելքը և աննշան առավելությունը տալիս եմ  ”Բավարիային”:

 

Մոտակա օրերի ընթացքում կքննարկենք նաև մյուս 4 զույգերում թիմերի հնարավորությունները:  Հետևեք թարմացումներին և առողջ եղեք:

 

Չեմպիոնների լիգա (վիճակահանություն)

Այսօր տեղի ունեցավ Չեմպիոնների լիգայի 1|8 եզրափակիչի վիճակահանությունը: Կազմվել են անչափ հետաքրքիր զույգեր:  Զբաղվածության պատճառով թիմերի հնարավորությունների մասին ավելի մանրամասն վերլուծությունը կլինի մի փոքր ավելի ուշ, իսկ առայժմ պարզապես ծանոթացեք կազմված զույգերին:

Ռոմա – Շախտյոր

Միլան – Տոտենհեմ

Վալենսիա – Շալկե-04

Ինտեր – Բավարիա

Լիոն – Ռեալ Մադրիդ

Արսենալ – Բարսելոնա

Օլիմպիկ – Մանչեսթեր Յունայթեդ

Կոպենհագեն – Չելսի