Հունվարի 21-ին մեկնարկում է Աֆրիկայի ազգերի գավաթի հերթական՝ թվով 28-րդ խաղարկությունը: Եթե Եվրոպայում այս մրցաշարն ընկալվում է առաջին հերթին որպես տաղանդների բացահայտման հերթական ստուգատես, ապա հենց իրենց՝ աֆրիկացների համար, այն իսկական տոն է, և հնարավորություն՝ թեկուզ մի քանի շաբաթով կտրվել առօրյա հոգսերից և վայելել մեծ ֆուտբոլի իսկական բերկրանքը:
2012 թ. Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությունն առանձնանում է իր նախորդներից: Առաջին անգամ մրցաշարն անցկացվելու է միանգամից 2 երկրում՝ Գաբոնում և Հասարակածային Գվինեայում: Բացի այդ երբեք մրցաշարը, թեկուզ և թղթի վրա, մասնակիցների այսքան թույլ կազմ չի ունեցել: Դատեք ինքներդ: Մրցաշարում հանդես չեն գա Աշխարհի վերջին առաջնության մասնակից երկրներից Կամերունի, Ալժիրի, ՀԱՀ-ի, Նիգերիայի հավաքականները, որոնք չկարողացան հաղթահարել ընտրական փուլի արգելքը: Սակայն ամենամեծ կորուստը, անկասկած, Աֆրիկայի վերջին 3 տարիների չեմպիոն և ամենատիտղոսակիր երկրի՝ Եգիպտոսի հավաքականի բացակայությունն է մասնակիցների շարքում: “Փարավոնները” չկարողացան դուրս գալ բավականին հեշտ ընտրական խմբից՝ Նիգերի, ՀԱՀ-ի և Սիեռա-Լիոնեի հավաքականների հետ մրցակցությունում գրավելով վերջին տեղը: Ընտրական մրցաշարի կարորագույն հատվածը ցավալիորեն համընկավ Եգիպտոսում ընթացող ներքաղաքական հուզումների շրջանի հետ, երբ, ինչպես ասում են, ֆուտբոլի ժամանակը չէր:
Մի շարք ուժեղ հավաքականների բացակայության պայմաններում մրցաշարի ֆավորիտը, անկասկած Կոտ դ՝իվուարի հավաքականն է: “Փղերը”, որոնք միայն մեկ անգամ են կարողացել հռչակվել Աֆրիկայի չեմպիոն, այն էլ հեռավոր 1992-ին, բոլոր վերջին խաղարկություններից առաջ համարվում էին հաղթողի գլխավոր հավակնորդը, սակայն ամեն անգամ նրանց ինչ-որ բան չէր հերիքում իրենց նպատակին հասնելու համար: Այս անգամ, կարծես թե ամեն ինչ նրանց օգտին է՝ համեմատաբար հեշտ խումբը, փլեյ-օֆֆ փուլում վտանգավոր մրցակիցներից խուսափելու մեծ հավանականությունը, բայց ամենակարևորը՝ Կոտ դ՝իվուարը մրցաշարին ներկայանում է ֆանտաստիկ կազմով, որը, անկասկած, ուժեղագույնն է մասնակից բոլոր թիմերի շարքում: Պաշտպանությունում տոն են տալիս Պրեմիեր Լիգայում խաղալու հսկայական փորձ ունեցող Կոլո Տուրեն ու Էմմանուել Էբուեն և “ՊՍԺ”-ի փորձառու պաշտպան Սիակա Տիենեն: Չափազանց ուժեղ է թիմի միջին օղակը, որտեղ հանդես են գալիս անչափ փորձառու Դիդիե Զոկորան, “Նյուքասլի” կազմում փայլուն մրցաշրջան անցկացնող Իսմայել Շեյխ Տիոտեն և, իհարկե, Աֆրիկայի 2011 թ. լավագույն ֆուտբոլիստ Յայա Տուրեն: Թե ինչ արժեք ունի այսպիսի ֆուտբոլիստի առկայությունը թիմում, ամենից լավ կարող է նկարագրել Ռոբերտո Մանչինին, որի գլխավորած “Մանչեսթեր Սիթին” Յայայի հետ և առանց նրա բոլորովին այլ խաղ է ցուցադրում: Դե իսկ առջևի գծում բազմաոճ հարձակվողների իսկական աստղաբույլ է՝ տեխնիկապես գրագետ ու անչափ արագ Ժերվինյոն և Սալոմոն Կալուն, Ռուսաստանի ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկու և Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի հայտնություն դարձած Սեյդու Դումբիան, և, իհարկե, թիմի ավագ ու իսկական առաջատար, համաշխարհային ֆուտբոլի վերջին տարիների լավագույն հարձակվողներից մեկը՝ Դիդիե Դրոգբան: Իհարկե, սրանք միայն անուններ են, իսկ թիմի իրական ուժը կերևա խաղադաշտում, սակայն գոնե այս պահի դրությամբ՝ քանի դեռ մրցաշարը չի մեկնարկել, իվուարցիները համարվում են հաղթողի ամենաիրական հավակնորդը:

Յայա Տուրեն, Դիդիե Դրոգբան և մյուսները ամեն ինչ կանեն՝ Կոտ դ՝ իվուարին չեմպիոնական բարձունքի հասցնելու համար
Ամենևին չնսեմացնելով մրցաշարի մասնակից մյուս հավաքականների ներուժը՝ կարծում եմ, որ միակ թիմը, ով կարող է խանգարել իվուարցիրներին հասնել իրենց նպատակին, Գանայի հավաքականն է, որը մրցաշարի մասնակիցներից ամենատիտղոսակիրն է (գանացիները 4 անգամ՝ 1963, 1965, 1978, 1982 թթ., արժանացել են Աֆրիկայի չեմպիոնի կոչմանը): “Սև աստղերը” իսկական իրարանցում առաջացրեցին 2010 թ. աշխարհի առաջնության ժամանակ՝ հասնելով մինչև ¼ եզրափակիչ և առաջնության ամենադրամատիկ մրցավեճում միայն 11 մետրանոցներով զիջելով Ուրուգվայի հավաքականին: Չնայած, որ Գանայի կազմն այնքան աստղային չէ, որքան Կոտ դ՝ Իվուարինը, բայց այստեղ էլ կան ֆուտբոլիստներ, որոնք կարող են զարմացնել բոլորին և հավակնել ամենաբարձր նպատակների: Ասամոա Գյանի, Կվադվո Ասամոայի, Սալի Մունտարիի, Անդրե և Ջորդան Այու եղբայրների անունները շատ հայտնի են Եվրոպայում: Բայց գանացիներն առաջին հերթին առանձնանում են թիմային խաղով, ֆիզիկական հիանալի պատրաստվածությամբ և մինչև վերջ պայքարելու ձգտումով: Վիճակահանության արդյունքում մրցաշարային ցանցը դասավորվել է այնպես, որ, եթե ոչ մի արտառոց բան տեղի չունենա, հենց այս երկու թիմերը կհանդիպեն եզրափակիչում:
Մրցաշարի մասնակից այլ թիմերից առաջ գնալու լավ հնարավորություններ ունի Սենեգալի հավաքականը, որի կազմում ընդգրկված մեկը մեկից վտանգավոր հարձակվողները՝ Մուսա Սոուն, Դեմբա Բան, Մամադու Նյանգը և Պապիս Դեմբա Սիսսեն, կարող են լուրջ դժվարություններ առաջացնել ցանկացած մրցակցի համար: Ինչպես միշտ, հավակնորդների թվում կարող է լինել Թունիսը, որը, չունենալով աստղային ֆուտբոլիստներ, այդուհանդերձ, մշտապես պայքարում է ամենաբարձր տեղերի համար: Արագաշարժ ու ֆիզիկապես ուժեղ ֆուտբոլիստներով համալրված Մալիի հավաքականը՝ Սեյդու Կեյտայի գլխավորությամբ, նույնպես կարող է խառնվել մեդալների համար պայքարին, իսկ ահա մայրցամաքի երբեմնի ուժեղագույն թիմերից Մարոկկոյի հավաքականը դժվար թե կարողանա կրկնել 1976 թ. իր նվաճումը, երբ թիմը հռչակվեց մայրցամաքի չեմպիոն, կամ գոնե մոտենալ դրան:
Կոնկրետ ինձ համար անչափ հետաքրքիր կլինի հետևել նաև Գվինեայի հավաքականի խաղին: Անկախ նրանից, որ թիմի ամենահայտնի ֆուտբոլիստ, ֆրանսիայի առաջնության երբեմնի աստղերից Պասկալ Ֆեյնդունոն ներկայումս թիմ չունի, իսկ մյուս խաղացողների անունները հայտնի չեն ֆուտբոլային լայն շրջանակներին, գվինեացիները կարող են զարմացնել շատերին, ինչպես 2006 և 2008 թ. խաղարկությունների ժամանակ: Չմոռանանք նաև, որ ընտրական մրցաշարում նրանք կարողացել են առաջ անցնել ոչ ավել, ոչ պակաս նախորդ առաջնության բրոնզե մեդալակիր Նիգերիայի հավաքականից:
Չնայած, որ Զամբիան, Անգոլան և Բուրկինա Ֆասոն վստահորեն զբաղեցրեցին առաջին տեղն իրենց ընտրական խմբերում, այդուհանդերձ, դժվար է ակնկալել, որ այս թիմերը կկարողանան լուրջ արդյունքներ գրանցել նաև եզրափակիչ մրցաշարում: Վերոնշյալ թիմերի, ինչպես նաև քաղաքական անկայուն իրավիճակում գտնվող Սուդանի և Լիբիայի համար խմբից դուրս գալն արդեն իսկ լուրջ նվաճում կհամարվի:
Էլ ավելի համեստ են գնահատվում մրցաշարին առաջին անգամ մասնակցող Բոտսվանայի և Նիգերի հավաքականների հնարավորությունները, որոնց համար արդեն իսկ ներկայությունը եզրափակիչ փուլում կարելի է համարել մեծ հաջողություն: Ինչ վերաբերում է մրցաշարի ևս մեկ նորեկ, մրցաշարի համակազմակերպիչ Հասարակածային Գվինեյի հավաքականին, ապա պարզից էլ պարզ է, որ այս թիմը երբեք չէր կարող հայտնվել եզրափակիչ փուլում, եթե ստիպված լիներ անցնել ընտրական մրցաշարի միջով: Մրցաշարն ընդունող մյուս երկիրը՝ Գաբոնը, ճիշտ է, արդեն 4 անգամ մասնակցել է Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությանը, սակայն լուրջ հաջողությունների չի հասել: Երկու երկրների համար էլ այս մրցաշարն առաջին հերթին ամբողջ Աֆրիկայի առջև ներկայանալու և տեղական ֆուտբոլի զարգացումը խթանելու հնարավորություն է, որի շնորհիվ էլ հետագայում կարելի է հավակնել ավելի լուրջ նվաճումների:
Իհարկե, սրանք միայն կանխատեսումներ են, իսկ թե ինչպես կզարգանան իրադարձությունները, արդեն ցույց կտա մրցաշարի ընթացքը: Սակայն ինչպես էլ որ լինի, վստահորեն կարելի է ասել, որ Աֆրիկայի ազգերի գավաթի հերթական խաղարկությունը կանցնի անզիջում պայքարում՝ մեզ պարգևելով գեղեցիկ ֆուտբոլ և բացահայտելով նոր աստղերի անուններ:
Աֆրիկայի ազգերի գավաթի մասին կարող եք կարդալ նաև այստեղ՝ http://ifootball.am/NewsDetails.aspx?NewsID=2096&CategoryID=4

