Դեկտեմբերի 10-ին՝ ուշ երեկոյան, տեղի կունենա տարվա ամենասպասված հանդիպումներից մեկը: “Սանտիագո Բեռնաբեու” մարզադաշտում ուժերը կչափեն Մադրիդի “Ռեալը” և “Բարսելոնան”: Այդ կարևորագույն իրադարձությունից առաջ ներկայացնում եմ մտորումներ երկու թիմերում տիրող տրամադրությունների, ուժեղ և թույլ կողմերի և այս խաղում հաղթելու հնարավորությունների մասին: “Ռեալի” շահերը պաշտպանում եմ ես, իսկ “Բարսելոնայինը”՝ Անդրանիկ Գրիգորյանը:
Հ. Կ.- Այս հանդիպումը դժվար թե որոշի չեմպիոնության հարցը, սակայն կարող է տալ շատ կարևոր հարցի պատասխան. արդյոք Ռեալը աճե՞լ է վերջին տարիների համեմատ և հասունացել Բարսային հաղթելու համար: Երկու թիմերը վաղուց այսքան մոտ չեն եղել իրենց խաղամակարդակներով, իսկ “Ռեալն” էլ վաղուց չի մոտեցել “սուպերկլասիկոյին”՝ միավորների առավելություն ունենալով մրցակցի նկատմամբ: Ի տարբերություն նախորդ մրցաշրջանի, երբ Մոուրինյոն մի քանի տուր առաջ սկսում էր նախապատրաստվել Բարսայի հետ խաղերին՝ ըստ այդմ հարմարեցնելով նաև թիմի մարտավարությունը և կազմը, այս անգամ թիմը մոտենում է այս խաղին շատ ավելի հանգիստ, ինչը վկայում է , որ “Ռեալը” վստահ է իր ուժերին և պատրաստ է հասնել իր նպատակին:
Ա. Գ.- Ես նույնպես կարծում եմ, որ այս “սուպերկլասիկոն” երկու թիմերի համար էլ շատ կարևոր է: “Բարսելոնան” հնարավորություն ունի հաղթանակի դեպքում միանգամից մոտենալ առաջնությունում իր հիմնական մրցակցին, իսկ “Ռեալի” համար սա իրական ներուժը ցույց տալու հնարավորություն է: Սակայն կարծում եմ, որ “Բարսան” հաղթելու ավելի մեծ շանսեր ունի, քանի որ թիմի ֆուտբոլիստները այս մակարդակի խաղերում հանդես գալու ավելի հարուստ փորձ ունեն: Բացի այդ վերջին տարիներին թիմը, Գուարդիոլայի գլխավորությամբ, շատ հաջող է խաղում “Ռեալի” դեմ:
Հ.Կ.- Քանի որ դու միանգամից խոսեցիր կողմերի հնարավորությունների մասին, փորձեմ արտահայտել իմ կարծիքը, թե հատկապես ինչի հաշվին “Ռեալը” կարող է հաղթել “Բարսային”: Նախևառաջ, որքան էլ որ դա առաջին հայացքից տարօրինակ թվա, “Ռեալը” չպետք է փորձի հարմարվել մրցակցին, ինչպես որ դա անում էր նախորդ մրցաշրջանի հանդիպումների ընթացքում, այլ պետք է փորձի խաղալ իր խաղը: Ես ակնկալում եմ, որ Մոուրինյոն վերջապես կհրահանգի իր ֆուտբոլիստներին խաղալ բաց հարձակողական ֆուտբոլ՝ փորձելով “Բարսելոնային” հաղթել իր իսկ զենքով։ Բացի այդ, եթե “Ռեալը” անընդհատ պաշտպանվի, “Բարսան”, միևնույն է, կգտնի ճեղքերը և կօգտագործի իր հնարավորությունները: Այս մրցաշրջանում “Բարսայի” պաշտպանությունը անթերի չէ, ինչը երևաց հատկապես ուժեղ մրցակիցների՝ “Միլանի” և “Վալենսիայի” հետ հանդիպումներում: Եվ եթե Ռեալը հարձակման գծում խաղա այնպես, ինչպես նախորդ խաղերում, հավանաբար կլինեն նաև գոլ խփելու լավ հնարավորություններ:
Ա.Գ.- Այս մրցաշրջանի առանձին հանդիպումներում եղած ձախողումները “Բարսելոնայի” պաշտպանությունում հիմնականում կապված են մոտիվացիայի պակասի, դրա արդյունքում առաջացող թույլ կենտրոնացվածության, կադրային խնդիրների, ինչպես նաև Գուարդիոլայի կողմից խաղային նոր մոդելի ներմուծման հետ կապված դժվարությունների հետ: Սակայն այսօրվա խաղում բոլոր հիմնական ֆուտբոլիստները կազմ ու պատրաստ են, իսկ Գուարդիոլան էլ հավանաբար գոնե պաշտպանությունում կփորձի ապավինել ավանդական մոտեցմանը: Ինչ վերաբերում է մոտիվացվածությանը և կենտրոնացվածությանը, ապա “կլասիկոներում” դրանք միշտ էլ բարձր մակարդակի վրա են լինում:

Երկու թիմերի առաջատարներ Լիոնել Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդուն ինչպես միշտ կլինեն հակադիր ճամբարներում
Հ.Կ.- Անկասկած, այս հանդիպումներում երկու թիմերի մոտ էլ մոտիվացիայի պակասի մասին խոսք անգամ լինել չի կարող: Դա հատկապես վերաբերում է “Ռեալին”, որը, բնականաբար, կցանկանա ապացուցել, որ պատահականորեն չի գլխավորում մրցաշարային աղյուսակը, ինչպես նաև վրեժխնդիր լինել նախորդ մրցաշրջանի ցավալի պարտությունների դիմաց: Ի տարբերություն Գուարդյոլայի, Մոուրինյոն այս մրցաշրջանում չի դիմում ռոտացիայի և խաղացնում է հիմնականում նույն ֆուտբոլիստներին: Այս խաղում էլ հիմնական կազմը կարելի է գուշակել 90 տոկոսանոց հավանականությամբ: Միակ կասկածելի օղակը կարող է համարվել աջ պաշտպանի դիրքը, որտեղ Արբելոայի բացակայությամբ կարող են խաղալ և Լասը, և, ինչպես տեսանք վերջին հանդիպումներից մեկում՝ Կոենտրաոն: Իսկ մնացած դիրքերում ամեն ինչ սովորական է: Կասկածից վեր է, որ 4-2-3-1 մարտավարության պարագայում հարձակվողից ետ գործող ինսայդների դերում կլինեն Օզիլը, Դի Մարիան և Ռոնալդուն, իսկ Բենզեմա-Իգուային երկյակից Մոուրինյոն հավանաբար նախապատվությունը կտա ֆրանսիացուն՝ հաշվի առնելով թե վերջինիս ունիվերսալիզմը և թե ավելի լավ պաշտպանվելու կարողությունը:
Ա.Գ. Կարծում եմ՝ այսպիսի հանդիպումներում շատ կարևոր է նաև, թե մարզիչներից ով կարող է տակտիկապես գերազանցել իր մրցակցին: Քո կողմից նշած հանգամանքը՝ կապված “Ռեալի” կազմի հետ որոշակիորեն կանխատեսելի է դարձնում Մոուրինյոյի տակտիկական զինանոցը: Ինչ վերաբերում է “Բարսային”, ապա պետք է նշեմ, որ պահեստայինների նստարանին բազմակողմանի ֆուտբոլիստների առկայությունը թույլ է տալիս Գուարդիոլային մի քանի խաղային մոդելներ ունենալ` ավելի ճկուն և անկանխատեսելի դարձնելով թիմը մրցակցի համար: Օրինակ, “Բարսան” կարող է խաղալ երկու ընդգծված եզրային ֆուտբոլիստներով` Պեդրո և Վիլյա, կամ էլ նրանցից մեկի փոխարեն կարող է խաղալ Ֆաբրեգասը` ապահովելով թվային առավելություն խաղադաշտի կենտրոնում, իսկ ազատ մնացած աջ եզրը կփակի Դանի Ալվեշը:
Հ.Կ. Չեմ կարծում, թե Գուարդիոլան ի վիճակի է ինչ-որ բանով զարմացնել Մոուրինյոյին, որը ինքը կարող է տակտիկական առումով գերազանցել ցանկացած մարզչի: Ընդհակառակը, հենց Գուարդիոլայի համար կարող է անակնկալ լինել, եթե “Ռեալը” հենց սկզբից մեծ թափ հաղորդի խաղին: Միայն այդ պարագայում հնարավոր կլինի առավելություն ստանալ “Բարսայի” նկատմամբ: “Ռեալի” գրոհներում առկա իմպրովիզացիայի բարձր մակարդակը և արագ հարձակման գիծ ունեցող թիմերի դեմ խաղերում “Բարսայի” պաշտպանների ունեցած խնդիրները թույլ են տալիս ենթադրել, որ արագ գոլ խփելու դեպքում “Ռեալը” կարող է լուրջ առավելություն ստանալ մրցակցի նկատմամբ: “Բարսան” ստիպված կլինի բացվել, իսկ որ “Ռեալը” կարողանում է օգտագործել արագ հակագրոհները, կարծում եմ, ոչ ոք չի կասկածում: Ըստ այդմ, խաղի վերջնական հաշիվը կլինի 2-1 հօգուտ “Ռեալի”:
Ա.Գ. Ես նույնպես կարծում եմ, որ այսօր շատ գոլեր կխփվեն, սակայն չեմ կիսում այն տեսակետը, թե արագ գոլը կերաշխավորի “Ռեալի” հաղթանակը: Կարծում եմ՝ խաղը կավարտվի 3:1 կամ 3:2 հաշվով հօգուտ կապտանռնագույնների: