Բարև բոլորին: Դեկտեմբերի 17-ին տեղի ունեցավ Չեմպիոնների լիգայի 1\8 եզրափակչի վիճակահանությունը: Ինչպես և խոստացել էի 2 օր առաջ, այսօր կխոսենք թիմերի հնարավորությունների մասին և կփորձենք կանխատեսել առաջին 4 դիմակայությունների արդյունքները:
“Ռոմա” - “Շախտյոր”
“Հանքափորների” գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն դեռևս վիճակահանությունից առաջ հայտարարել էր, որ մեծ է հավանականությունը, որ իր թիմը կհանդիպի իտալական 3 ակումբներից որևէ մեկի հետ: Այդպես էլ եղավ: Այս թիմերի դիմակայությունում առաջին հայացքից ավելի նախընտրելի կարող են թվալ եվրոպական մրցաշարերի ավելի հարուստ փորձ ունեցող իտալացիների հնարավորությունները, սակայն “Շախտյորը” այս մրցաշրջանում արդեն ապացուցել է, որ չի վախենում հեղինակություններից: Ուկրաինացիների օգտին կարող է լինել նաև այն հանգամանքը, որ թիմն առաջին հանդիպումն անցկացնելու է դրսում, ինչը մշտապես դիտվում է որպես առավելություն: Որքան էլ որ կանխատեսումներ անելն անշնորհակալ գործ է, այդուհանդերձ ես կարծում եմ, որ հաջորդ փուլ դուրս կգա ”Շախտյորը”:
“Միլան” - “Տոտենհեմ”
“Միլանը”՝ Չեմպիոնների լիգայի ամենափարձառու և տիտղոսակիր թիմերից մեկը, պետք է իր հարաբերությունները պարզի այս մրցաշարի նորեկ համարվող “Տոտենհեմի” հետ: Հակառակ “Միլանի” երկրպագուների կարծիքին, որոնք շտապեցին ուրախանալ վիճակահանության արդյունքներով, գտնում եմ, որ “Տոտենհեմը” բոլոր հնարավորներից մրցակիցներից ամենավտանգավորն է: Անգլիական ակումբը խաղում է արագ և ագրեսիվ ոճով, իսկ միլանցիները, անկախ թիմում տեղի ունեցած որոշակի փոփոխություններից, միևնույն է, համարվում են ”ամենածեր” և դանդաղաշարժ թիմերից մեկը: Բացի այդ ”Ւնտերի” հետ հանդիպումներում “Տոտենհեմը” արդեն ցույց է տվել, թե ինչպես կարող է խաղալ իտալական ակումբների դեմ: Եվ այսպես, այս դիմակայությունում նախապատվությունը տրվում է անգլիական ակումբին:
“Վալենսիա” - “Շալկե-04″
Շատերի կարծիքով ամենաանհետաքրքիր դիմակայություններից մեկն իմ համար ամենաինտրիգայիններից է: Եվ ”Վալենսիան”, և ”Շալկեն” չափազանց անկայուն են հանդես գալիս ներկայիս մրցրջանում: Գերմանական ակումբն ընդհանրապես միայն վերջին տուրում տարած հաղթանակի շնորհիվ վերադարձավ Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի առաջին տասնյակ, իսկ “չղջիկները”, ինչպես միշտ ունենալով հավակնոտ ծրագրեր, արդեն հիմա անհույս հետ են մնացել “Բարսելոնայից” և “Ռեալից” չեմպիոնական մրցավազքում, ուստի երկու թիմերի համար էլ առաջին պլան է մղվում եվրոպական մրցասպարեզում հաջող հանդես գալը: Իսպանական ակումբը հենց այս կազմով առաջին անգամ է մասնակցում Չեմպիոնների լիգայի մրցաշարին, խաղացողներից շատերը նորեկ են, իսկ այս կարգի մրցաշարերում հսկայական նշանակություն ունի փորձը: Գերմանացիները, որքան էլ որ նույնպես մշտապես չեն մասնակցում այս կարգի մրցաշարերի, բայց իրենց կազմում ունեն այնպիսի խաղացողներ, որոնք բազմիցս ճաշակել են մեծ հաղթանակների քաղցրությունը և ցանկացած մրցակցի հետ դիմակայությունում կարող են հաջողությունը թեքել իրենց կողմը: Եվ այսպես, այս դիմակայության մեջ, կոնկրետ այս պահի դրությամբ, աննշան առավելություն տալիս եմ գերմանական ակումբի ֆուտբոլիստներին, որոնց համար ամենակարևորը կլինի առաջին խաղում խոշոր հաշվով չպարտվելը:
“Ինտեր” - “Բավարիա”
Վերջին զույգը, որին կանդրադառնամ այսօր, կազմել են մրցաշարի գործող գավաթակիր “Ինտերը” և եզրափակիչում նրա մրցակից “Բավարիան”: “Ինտերն” ակնհայտորեն զիջել է դիրքերը նախորդ մրցաշրջանի համեմատ, իսկ գերմանական ակումբը, մեծ հաշվով ձախողելով իր ելույթները Գերմանիայի առաջնությունում, այդուհանդերձ կարողացավ Չեմպիոնների լիգայի իր խմբում վստահորեն գրավել առաջին տեղը, չնայած “Բազելին” կամ “Կլուժին” չես համեմատի “Ինտերի” մրցակիցների՝ “Վերդերի” կամ “Տվենտեի” հետ: Ինչևէ, գերմանացիները պարզապես այրվում են ռևանշի հասնելու ցանկությամբ: Բացի այդ, մինչև փետրվար պետք է որ շարք վերադարձած լինեն թիմի առանցքային խաղացողները: Իր հերթին “Ինտերը” հաղթեց աշխարհի ակումբային առաջնությունում՝ մի փոքր հետաձգելով Ռաֆայել Բենիտեսի հրաժարականը: Այդուհանդերձ, որքան էլ որ կանխատեսումս առաջին հայացքից դաժան թվա իտալական ֆուտբոլի երկրպագուների համար, կարծում եմ, որ իտալական վերջին ակումբն էլ չի կարողանա հաղթահարել այս փուլի արգելքը և աննշան առավելությունը տալիս եմ ”Բավարիային”:
Մոտակա օրերի ընթացքում կքննարկենք նաև մյուս 4 զույգերում թիմերի հնարավորությունները: Հետևեք թարմացումներին և առողջ եղեք: