Բարև բոլորին: Վերջին մի քանի ամիսների ընթացքում բլոգի հրապարակումները ամբողջությամբ վերաբերում էին հայկական ֆուտբոլին: Դա պատահական չէ, եթե հաշվի առնենք մեր ԶԼՄ-ներում հայկական ֆուտբոլի վերաբերյալ հրապարակումների պակասը: Նույնը վերաբերում է նաև Հայաստանի առաջնությանը, որի լուսաբանումը շատ հաճախ սահմանափակվում է միայն թվերի և փաստերի արձանագրումով: Այդ բացը լրացնելու համար, հաշվի առնելով նաև ընթերցողներից շատերի պահանջը, սկսած այսօրվանից, կփորձեմ ամեն տուրից հետո ամփոփել այն՝ ձգտելով հնարավորինս խուսափել չոր վիճակագրական տվյալներից և աշխատելով ներկայացնել տուրի ամենահետաքրքիր իրադարձությունները դինամիկ ու հետաքրքիր ոճով: Հուսով եմ, որ ժամանակս թույլ կտա շարունակական դարձնել այս նյութերի շարքը և հնարավորինս նպաստել մեր առաջնության նկատմամբ հետաքրքրության բարձրացմանը:
Տուրի իրադարձությունը
Այս տուրում միմյանց հետ մրցում էին մրցաշարային աղյուսակում առաջին և երկրորդ հորիզոնականները զբաղեցնող “Միկան” և “Շիրակը”: Հաղթելու դեպքում “Միկան” էլ ավելի կամրապնդվեր առաջին հորիզոնականում, իսկ եթե հաղթեր “Շիրակը”, ապա պայքարն առաջին տեղի համար խիստ կսրվեր: Արեգ Ազատյանի, Նարեկ Բեգլարյանի և Սեմյոն Մուրադյանի գոլերին “Շիրակը” կարողացավ պատասխանել միայն Արա Մկրտչյանի խփած գոլով, իսկ հանդիպումն ավարտվեց “Միկայի” հաղթանակով 3-1 հաշվով: Չնայած առաջնության սկզբից բոլորը սպասում են, որ “Միկան” չի կարողանա պահպանել այս տեմպը, թիմը շարունակում է հաղթել ու հաղթել: Այսօրվա խաղում իրենց կառուցողական գործողություններով հատկապես աչքի ընկան Արեգ Ազատյանը և Ռաֆայել Ղազարյանը: Հարձակման եզրերում խաղացող այս ֆուտբոլիստները երկուսն էլ համառ են, տեխնիկապես գրագետ և արագաշարժ: Առանձին պետք է նշել նաև Աղվան Մկրտչյանի խաղը, որը, ինչպես և նախորդ բոլոր խաղերում, դաշտում հասցնում էր ամենուրեք: “Միկան” խաղում էր 4-2-1-3 մարտավարությամբ, իսկ Աղվանը հաջողությամբ իրականացնում էր պաշտպանության և հարձակման գծերի միջև կապը: Անհրաժեշտության դեպքում Աղվանը հայտնվում էր նաև եզրերում և կատարում հիանալի փոխանցումներ, ինչպես որ 2-րդ գոլի ժամանակ էր: Շատերը կարող են չհամաձայնվել, բայց, հատկապես հաշվի առնելով Լևոն Հայրապետյանի՝ երկար ժամանակով շարքից դուրս մնալը, Աղվան Մկրտչյանը կարող է դառնալ այն ֆուտբոլիստը, ով թեկուզ կարճ ժամանակով, բայց կարող է օգտակար լինել հավաքականին: Հասկանալի է, որ Աղվանը արդեն երկար ժամանակ է, ինչ չի խաղում ձախ պաշտպանի դիրքում, բայց չեմ կարծում, թե կորցրել է այնտեղ խաղալու հմտությունները, իսկ այն, որ Աղվան Մկրտչյանը, թերևս, լավագույնն է մեր առաջնությունում եզրերից գրոհներին միանալու և ճշգրիտ փոխանցումներ կատարելու գործում, կասկածի ենթակա չէ:
Տուրի լավագույն ֆուտբոլիստը
Օրեցօր իր խաղը բարելավող “Արարատը” Աբովյանում հյուրընկալել էր “Գանձասարին” : Տիգրան Ոսկանյանը, որը ժամանակին համարվում էր մեր ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկը, շատ վաղուց չէր դարձել գոլի հեղինակ: Իսկ այս խաղում Տիգրանին հաջողվեց միանգամից 3 անգամ գրավել մրցակցի դարպասը: Այդ գոլերն ավելի արժևորվեցին նրանով, որ հնարավորություն տվեցին “Արարատին” կարևոր հաղթանակ տանել և ավելացնել վերջին տեղից խուսափելու հնարավորությունները:
Տուրի հայտնությունը:
Այն ֆուտբոլասերները, ովքեր ուշադրությամբ հետևում են Հայաստանի առաջնությանը և հատկապես “Միկայի” ելույթներին, տեղյակ են, որ թիմի կազմում աջ պաշտպանի պարտականությունները կատարում է Վարդան Մովսիսյանը: “Շիրակի” հետ մրցավեճում նրա բացակայությամբ աջ պաշտպանի դիրքում խաղում էր 19-ամյա Աշոտ Կարապետյանը, որը մինչ այդ հիմնականում դուրս էր գալիս փոխարինման: Առաջ անցնելով՝ ասեմ, որ Աշոտ Կարապետյանը լավագույններից մեկն էր այս խաղում: Հաջողությամբ կատարելով իր բուն պարտականությունները՝ նա հասցնում էր մասնակցել գրոհներին և կատարել սուր փոխանցումներ դեպի տուգանային հրապարակ: Ճիշտ է՝ խաղավերջում Կարապետյանը մի փոքր հոգնեց և փոխարինվեց, բայց իր կրակոտ և տարիքին ոչ բնորոշ վստահ խաղով ստիպեց մեզ հետագայում ավելի ուշադիր հետևել իր խաղին:
Տուրի վերադարձը
Մոտ 3 ամիս Վարազդատ Հարոյանը չէր մասնակցել Բարձրագույն խմբի հանդիպումներին: “Ուլիսի” դեմ այսօր կայացած մրցավեճում Հարոյանը դուրս եկավ փոխարինման: Զգացվում էր, որ Հարոյանը այնքան էլ լավ ֆունկցիոնալ վիճակում չէ, ինչը բնական է, բայց միաժամանակ ուրախալի է, որ շնորհալի ֆուտբոլիստը շարունակում է իր ֆուտբոլային կարիերան, չնայած տարածված այն լուրերին, որ նա այլևս չի վերադառնալու ֆուտբոլային խաղադաշտ:
Տուրի առանձնահատկությունը
Տուրի բոլոր 4 հանդիպումներում գրանցվեց 3 և ավելի գնդակ, ինչը այնքան էլ հաճախակի չի պատահում մեր առաջնություններում: Ընդ որում, դաշտի տերերից միայն “Իմպուլսն” էր, որ չկարողացավ հաղթանակ տանել՝ “Բանանցի” հետ մրցավեճն ավարտելով 2-2 հաշվով: Փոխարենը “Միկան” 3-1 հաշվով հաղթեց “Շիրակին”, “Արարատը”՝ նույն հաշվով “Գանձասարին”, իսկ “Ուլիսի” և “Փյունիկի” մրցավեճում ավելի հաջողակ գտնվեցին գործող չեմպիոնները, որոնք էլ հաղթեցին 3-0 հաշվով:
Տուրի զավեշտը
“Հանրապետական մարզադաշտում” ընթացող “Ուլիս”-“Փյունիկ” հանդիպումը իր դիտարժանությամբ զիջում էր մի քանի ժամ առաջ տեղի ունեցած “Միկա”-“Շիրակ” հանդիպմանը: Փոխարենը կար մի բան, որը չես հանդիպի ոչ մի տեղ և ոչ մի պարագայում: Գրեթե ամբողջ հանդիպման ընթացքում ֆուտբոլիստների գործողություններն ուղեկցվում էին շրջակա ինչ-որ մի վայրից ուղեկցվող կենդանի երաժշտության բարձր ելևէջներով: “Մոտ արի կամաց-կամաց”, “Ֆայտոն”, “Իմ ախպերս”, “Доля воровская”- սրանք միայն մի մասն են այն երգերից, որոնք գրեթե ամբողջ խաղի ընթացքում ստիպում էին ֆուտբոլիստներին շեղվել իրենց բուն զբաղմունքից, իսկ ֆուտբոլասերներին՝ “հետաքրքրությամբ” սպասել խորհրդավոր երգչի հերթական համարին: Ես դեռ կհասկանայի, եթե հանդիպումը տեղի ունենար “Հրազդան” մարզադաշտում, որի հարևանությամբ գործում են անորակ երաժշտություն մատուցող մի շարք ռեստորաններ, բայց թե որտեղից էր գալիս այդ երաժշտության ձայնը, և ով էր որոշել հենց Հայաստանի առաջնության հանդիպման ժամանակ տոնել իր առիթը, մեզ այդպես էլ անհասկանալի մնաց: Մնում է միայն հուսալ, որ միջազգային հանդիպումների ժամանակ “Հանրապետական” մարզադաշտում մարզասերների թիվն ու նրանց բարձր վանկարկումները հնարավորություն կտան հետագայում խուսափել նման տհաճ անակնկալներից:
Առողջ եղեք և հետևեք թարմացումներին: