Բարև բոլորին: Վերջին մի քանի ամիսների ընթացքում բլոգի հրապարակումները ամբողջությամբ վերաբերում էին հայկական ֆուտբոլին: Դա պատահական չէ, եթե հաշվի առնենք մեր ԶԼՄ-ներում հայկական ֆուտբոլի վերաբերյալ հրապարակումների պակասը: Նույնը վերաբերում է նաև Հայաստանի առաջնությանը, որի լուսաբանումը շատ հաճախ սահմանափակվում է միայն թվերի և փաստերի արձանագրումով: Այդ բացը լրացնելու համար, հաշվի առնելով նաև ընթերցողներից շատերի պահանջը, սկսած այսօրվանից, կփորձեմ ամեն տուրից հետո ամփոփել այն՝ ձգտելով հնարավորինս խուսափել չոր վիճակագրական տվյալներից և աշխատելով ներկայացնել տուրի ամենահետաքրքիր իրադարձությունները դինամիկ ու հետաքրքիր ոճով: Հուսով եմ, որ ժամանակս թույլ կտա շարունակական դարձնել այս նյութերի շարքը և հնարավորինս նպաստել մեր առաջնության նկատմամբ հետաքրքրության բարձրացմանը:
Տուրի իրադարձությունը
Այս տուրում միմյանց հետ մրցում էին մրցաշարային աղյուսակում առաջին և երկրորդ հորիզոնականները զբաղեցնող “Միկան” և “Շիրակը”: Հաղթելու դեպքում “Միկան” էլ ավելի կամրապնդվեր առաջին հորիզոնականում, իսկ եթե հաղթեր “Շիրակը”, ապա պայքարն առաջին տեղի համար խիստ կսրվեր: Արեգ Ազատյանի, Նարեկ Բեգլարյանի և Սեմյոն Մուրադյանի գոլերին “Շիրակը” կարողացավ պատասխանել միայն Արա Մկրտչյանի խփած գոլով, իսկ հանդիպումն ավարտվեց “Միկայի” հաղթանակով 3-1 հաշվով: Չնայած առաջնության սկզբից բոլորը սպասում են, որ “Միկան” չի կարողանա պահպանել այս տեմպը, թիմը շարունակում է հաղթել ու հաղթել: Այսօրվա խաղում իրենց կառուցողական գործողություններով հատկապես աչքի ընկան Արեգ Ազատյանը և Ռաֆայել Ղազարյանը: Հարձակման եզրերում խաղացող այս ֆուտբոլիստները երկուսն էլ համառ են, տեխնիկապես գրագետ և արագաշարժ: Առանձին պետք է նշել նաև Աղվան Մկրտչյանի խաղը, որը, ինչպես և նախորդ բոլոր խաղերում, դաշտում հասցնում էր ամենուրեք: “Միկան” խաղում էր 4-2-1-3 մարտավարությամբ, իսկ Աղվանը հաջողությամբ իրականացնում էր պաշտպանության և հարձակման գծերի միջև կապը: Անհրաժեշտության դեպքում Աղվանը հայտնվում էր նաև եզրերում և կատարում հիանալի փոխանցումներ, ինչպես որ 2-րդ գոլի ժամանակ էր: Շատերը կարող են չհամաձայնվել, բայց, հատկապես հաշվի առնելով Լևոն Հայրապետյանի՝ երկար ժամանակով շարքից դուրս մնալը, Աղվան Մկրտչյանը կարող է դառնալ այն ֆուտբոլիստը, ով թեկուզ կարճ ժամանակով, բայց կարող է օգտակար լինել հավաքականին: Հասկանալի է, որ Աղվանը արդեն երկար ժամանակ է, ինչ չի խաղում ձախ պաշտպանի դիրքում, բայց չեմ կարծում, թե կորցրել է այնտեղ խաղալու հմտությունները, իսկ այն, որ Աղվան Մկրտչյանը, թերևս, լավագույնն է մեր առաջնությունում եզրերից գրոհներին միանալու և ճշգրիտ փոխանցումներ կատարելու գործում, կասկածի ենթակա չէ:
Տուրի լավագույն ֆուտբոլիստը
Օրեցօր իր խաղը բարելավող “Արարատը” Աբովյանում հյուրընկալել էր “Գանձասարին” : Տիգրան Ոսկանյանը, որը ժամանակին համարվում էր մեր ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկը, շատ վաղուց չէր դարձել գոլի հեղինակ: Իսկ այս խաղում Տիգրանին հաջողվեց միանգամից 3 անգամ գրավել մրցակցի դարպասը: Այդ գոլերն ավելի արժևորվեցին նրանով, որ հնարավորություն տվեցին “Արարատին” կարևոր հաղթանակ տանել և ավելացնել վերջին տեղից խուսափելու հնարավորությունները:
Տուրի հայտնությունը:
Այն ֆուտբոլասերները, ովքեր ուշադրությամբ հետևում են Հայաստանի առաջնությանը և հատկապես “Միկայի” ելույթներին, տեղյակ են, որ թիմի կազմում աջ պաշտպանի պարտականությունները կատարում է Վարդան Մովսիսյանը: “Շիրակի” հետ մրցավեճում նրա բացակայությամբ աջ պաշտպանի դիրքում խաղում էր 19-ամյա Աշոտ Կարապետյանը, որը մինչ այդ հիմնականում դուրս էր գալիս փոխարինման: Առաջ անցնելով՝ ասեմ, որ Աշոտ Կարապետյանը լավագույններից մեկն էր այս խաղում: Հաջողությամբ կատարելով իր բուն պարտականությունները՝ նա հասցնում էր մասնակցել գրոհներին և կատարել սուր փոխանցումներ դեպի տուգանային հրապարակ: Ճիշտ է՝ խաղավերջում Կարապետյանը մի փոքր հոգնեց և փոխարինվեց, բայց իր կրակոտ և տարիքին ոչ բնորոշ վստահ խաղով ստիպեց մեզ հետագայում ավելի ուշադիր հետևել իր խաղին:
Տուրի վերադարձը
Մոտ 3 ամիս Վարազդատ Հարոյանը չէր մասնակցել Բարձրագույն խմբի հանդիպումներին: “Ուլիսի” դեմ այսօր կայացած մրցավեճում Հարոյանը դուրս եկավ փոխարինման: Զգացվում էր, որ Հարոյանը այնքան էլ լավ ֆունկցիոնալ վիճակում չէ, ինչը բնական է, բայց միաժամանակ ուրախալի է, որ շնորհալի ֆուտբոլիստը շարունակում է իր ֆուտբոլային կարիերան, չնայած տարածված այն լուրերին, որ նա այլևս չի վերադառնալու ֆուտբոլային խաղադաշտ:
Տուրի առանձնահատկությունը
Տուրի բոլոր 4 հանդիպումներում գրանցվեց 3 և ավելի գնդակ, ինչը այնքան էլ հաճախակի չի պատահում մեր առաջնություններում: Ընդ որում, դաշտի տերերից միայն “Իմպուլսն” էր, որ չկարողացավ հաղթանակ տանել՝ “Բանանցի” հետ մրցավեճն ավարտելով 2-2 հաշվով: Փոխարենը “Միկան” 3-1 հաշվով հաղթեց “Շիրակին”, “Արարատը”՝ նույն հաշվով “Գանձասարին”, իսկ “Ուլիսի” և “Փյունիկի” մրցավեճում ավելի հաջողակ գտնվեցին գործող չեմպիոնները, որոնք էլ հաղթեցին 3-0 հաշվով:
Տուրի զավեշտը
“Հանրապետական մարզադաշտում” ընթացող “Ուլիս”-“Փյունիկ” հանդիպումը իր դիտարժանությամբ զիջում էր մի քանի ժամ առաջ տեղի ունեցած “Միկա”-“Շիրակ” հանդիպմանը: Փոխարենը կար մի բան, որը չես հանդիպի ոչ մի տեղ և ոչ մի պարագայում: Գրեթե ամբողջ հանդիպման ընթացքում ֆուտբոլիստների գործողություններն ուղեկցվում էին շրջակա ինչ-որ մի վայրից ուղեկցվող կենդանի երաժշտության բարձր ելևէջներով: “Մոտ արի կամաց-կամաց”, “Ֆայտոն”, “Իմ ախպերս”, “Доля воровская”- սրանք միայն մի մասն են այն երգերից, որոնք գրեթե ամբողջ խաղի ընթացքում ստիպում էին ֆուտբոլիստներին շեղվել իրենց բուն զբաղմունքից, իսկ ֆուտբոլասերներին՝ “հետաքրքրությամբ” սպասել խորհրդավոր երգչի հերթական համարին: Ես դեռ կհասկանայի, եթե հանդիպումը տեղի ունենար “Հրազդան” մարզադաշտում, որի հարևանությամբ գործում են անորակ երաժշտություն մատուցող մի շարք ռեստորաններ, բայց թե որտեղից էր գալիս այդ երաժշտության ձայնը, և ով էր որոշել հենց Հայաստանի առաջնության հանդիպման ժամանակ տոնել իր առիթը, մեզ այդպես էլ անհասկանալի մնաց: Մնում է միայն հուսալ, որ միջազգային հանդիպումների ժամանակ “Հանրապետական” մարզադաշտում մարզասերների թիվն ու նրանց բարձր վանկարկումները հնարավորություն կտան հետագայում խուսափել նման տհաճ անակնկալներից:
Օգոստոսի 25-ին Հայաստանի առաջնության 20-րդ տուրի շրջանակներում “Բանանցը” հյուրընկալել էր “Արարատին”: Ներկա գտնվելով հանդիպմանը՝ համոզվեցի, որ այս մրցաշրջանի 2 ետնապահների՝ առաջին հայացքից անհրապույր թվացող խաղում էլ կարելի է նկատել հետաքրքիր դրվագներ, որոնք էլ կներկայացնեմ ձեր ուշադրությանը:
1.”Բանանցի” մարզադաշտը. Առավելություններն ու թերությունները:
Մարզադաշտը բավականին հարմարավետ է հանդիպումներ դիտելու համար, տրիբունաները մոտ են խաղադաշտին, և ի տարբերություն, օրինակ, “Միկայի” մարզադաշտի, ցանկացած հատվածից կարելի է տեսնել խաղադաշտի անկյունները, բավականին լավ վիճակում է նաև խոտը: Սրանով, թերևս, ավարտվում են մարզադաշտի հետ կապված դրական կողմերը: Առաջին անգամ այցելեով այս մարզադաշտ՝ չեմ կարող ասել, թե ինչպես է սովորաբար լինում այստեղ անցկացվող խաղերի ժամանակ, բայց այսօր հաղորդավարի ձայնը պարզապես չէր լսվում հանդիպակաց տրիբունայում: Այդ պատճառով խաղացողներին դեմքերով չճանաչող մարդկանց համար շատ դժվար էր հասկանալ, թե ովքեր են խաղադաշտում կամ ովքեր են դառնում գոլերի հեղինակներ: Եվս մեկ խնդիր կապված է լուսատախտակի հետ: Այն շատ փոքր է և ամրացված է դարպասներից մեկի ետևում գտնվող վարչական շենքի վրա՝ այնպիսի դիրքում, որ չիմացող մարդն այդպես էլ կարող է չնկատել այն ամբողջ խաղի ընթացքում: Եվս մեկ անհարմարություն կապված է հանդերձարանների հեռու գտնվելու հետ: Դրանք ոչ թե խաղադաշտի անմիջական հարևանությամբ են, այլ խաղադաշտից դուրս, որտեղ հասնելու համար ֆուտբոլիստներն ստիպված են նաև բարձրանալ աստիճաններով կամ անցնել ծառերի արանքով: Ինչևէ, այսքանով հանդերձ էլ, ինչպես որ նշեցի, մարզադաշտը բավականին հարմարավետ է և մեր չափանիշներով գեղեցիկ:
2.Ետնապահների խաղը գրեթե ոչ մեկին չի հետաքրքրում:
Եվ նույնիսկ այդպիսի պայմաններում մարզադաշտ եկած ֆուտբոլասերների թիվը հազիվ էր հասնում 150-200-ի: Պատճառները, անկասկած, հասկանալի են. մարզադաշտի հեռավորությունը քաղաքի կենտրոնից, թիմերի զբաղեցրած դիրքերը մրցաշարային աղյուսակում, “Բանանցի” անհաջող ելույթները ընթացիկ մրցաշրջանում, միգուցե նաև շոգ եղանակը: Այդուհանդերձ, հաճելի էր, որ “Արարատի”՝ թեկուզ ոչ շատ մեծ թվով երկրպագուներ ներկա էին խաղին, և իրենց հնարավորության սահմաններում աջակցում էին թիմին: Հաճելի էր նաև նրանց մեջ տեսնել այնպիսի ֆուտբոլասեների, որոնք թիմի կողքին էին դեռևս 90-ականներին: Խաղին ներկա էր նաև “Միկայի” գլխավոր մարզիչ Ժոլտ Հոռնյակը: Իսկ “Բանանցի” պարագայում կարելի է պարզապես ափսոսանք ապրել, որ այդպիսի լավ պայմաններ ունեցող ակումբը չունի երկրպագուների ձևավորված բանակ:
3.Խաշմանյանի գալով Արարատը կերպարանափոխվել է:
Առաջնության առաջին շրջանում մի քանի անգամ հնարավորություն եմ ունեցել հետևել “Արարատի” խաղերին, և ամեն անգամ զարմացել, թե ինչպիսի քաոս է տիրում թիմի խաղում: Արդեն գրել եմ այն մասին, թե հատկապես ինչ խառնաշփոթ էր տիրում “Արարատում” “Փյունիկի հետ հանդիպման ժամանակ, երբ միայն Տիգրան Ղարաբաղցյանը խաղի ընթացքում 4-5 անգամ փոխեց իր խաղային դիրքը՝ հանդես գալով գրեթե բոլոր դիրքերում, բացի դարպասապահից: Այժմ աչքի է զարնում, որ Խաշմանյանը, գալով թիմ, իր հետ բերել է իրեն բնորոշ կարգապահությունը: Թիմի խաղում կամաց-կամաց սկսում է խաղային ձեռագիր նկատվել, իսկ խաղացողներն էլ գոնե փորձում են հստակորեն կատարել մարզչի հրահանգները:
4. Թիմերի ցուցադրած խաղը ուղիղ համեմատական է մարզիչների խառնվածքին:
Եթե Խաշմանյանը խաղի սկզբից մինչև վերջ անընդհատ ոտքի վրա էր և փորձում էր ակտիվ հուշումներով կարգավորել իր թիմի խաղը, ապա Ռաֆայել Նազարյանը հիմնականում հանգիստ էր և շատ հազվադեպ էր միջամտում խաղին: Դա անդրադառնում էր նաև երկու թիմերի վրա: Եթե “Արարատը” հաճախակի տիրում էր գնդակին և փորձում էր իր կամքը թելադրել, ապա “Բանանցը” հիմնականում սառնասրտորեն պաշտպանվում էր և ապավինում հեռահար փոխանցումների և հարվածների:
5. Արարատ Առաքելյանին պետք է ևս մեկ շանս տալ:
Ես հասկանում եմ, որ որքան էլ “Արարատը” աստիճանաբար կարգավորի իր խաղը, չի կարող համարվել այն մրցակիցը, որի հետ մեկ հանդիպումից կարելի լինի հեռու գնացող եզրակացություններ անել, բայց Արարատ Առաքելյանի մասին առանձին չխոսելը ճիշտ չի լինի: Արարատ Առաքելյանը, ինչպես միշտ, հաղթող էր դուրս գալիս երկրորդ հարկում, գրագետ էր գործում նաև մրցակցի դիրքային գրոհների, ինչպես նաև անհատական հակամարտությունների ժամանակ: Մեկ այլ հաճելի անակնկալ կայանում էր նրանում, որ Առաքելյանը սկսել է ավելի արագ բաժանվել գնդակից և շատ հաճախ փորձում է առաջին փոխանցմամբ ինքը սկսել իր թիմի գրոհները: Բացի այդ, կրելով նաև թիմի ավագի թևկապը, Առաքելյանը, իրոք, ստանձնել է թիմի առաջատարի պարտականությունները և հաշվետու խաղում նույնիսկ իրացնում էր տուգանային հարվածները: Հաշվի առնելով հավաքականի պաշտպանության կենտրոնում ունեցած խնդիրները՝ հավանաբար կարելի էր ևս մեկ շանս տալ Արարատ Առաքելյանին իրեն դրսևորելու համար:
6. Սարգիս Հովսեփյանն ունի ևս մեկ արժանի փոխարինող:
Շատ հաճախ խոսելով Սարգիս Հովսեփյանի՝ հավաքականից հեռանալու դեպքում նրան փոխարինողների մասին՝ ֆուտբոլասերները նրան պոտենցիալ փոխարինողների դերում նշում են Արտակ Եդիգարյանի կամ Կամո Հովհաննիսյանի անունը՝ մոռանալով, որ “Բանանցում” խաղում է ևս մեկ ֆուտբոլիստ, ով արդեն վաղուց երիտասարդական հավաքականի առաջատարներից մեկն է և ունի նաև ազգային հավաքականում խաղալու փորձ: Խոսքը, բնականաբար, Հովհաննես Համբարձումյանի մասին է: Որքան էլ որ “Բանանցը” շատ վատ է հանդես գալիս ընթացիկ մրցաշրջանում, կա մեկ ֆուտբոլիստ, ով զգալիորեն աճել է և բարձրացրել իր խաղամակարդակը: Բացի իր բուն պարտականությունները պատշաճ մակարդակով կատարելուց, Համբարձումյանը նաև ակտիվորեն մասնակցում է գրոհներին՝ միանալով թե իր եզրով, թե փորձելով եզրափակել ստանդարտ դիրքերից կատարված փոխանցումները: Կասկածից վեր է, որ անհրաժեշտ աշխատանքի դեպքում, հանձին Հովհաննես Համբարձումյանի, մենք կունենանք ևս մեկ որակյալ եզրային պաշտպան: Չմոռանանք նաև, որ Համբարձումյանը ընդամենը մի քանի օր առաջ մտավ պատմության մեջ, որպես առաջին հայ ֆուտբոլիստ, ով 11 մետրանոցն իրացրեց Պանենկայի հարվածով:
7. “Արարատը” մի փոքր առավելություն ուներ կենտրոնում:
“Արարատի” համար կարևորագույն ձեռքբերումներից մեկը “Գանձասարից” Անդրանիկ Սարգսյանի տեղափոխությունն է: Փորձառու կիսապաշտպանը բավականին ամրապնդել է միջին գիծը, իսկ գրոհների մեծ մասը զարգանում էր հենց նրա միջոցով: Լայն ծավալի աշխատանք էր տանում նաև փորձառու Ավետիք Կիրակոսյանը, իսկ Խորեն Վերանյանն ու Կարեն Նավոյանը անընդհատ փորձում էին սրել խաղը եզրերով: Դրան հակառակ “Բանանցի” ֆուտբոլիստներն անընդհատ դժվարություններ էին ունենում դաշտի կենտրոնն անցնելիս: Որքան էլ ցավալի լինի խոստովանել, Արտակ Դաշյանը, Վալտեր Պողոսյանը և Սարգիս Կարապետյանը ժամանակի ընթացքում միայն հետընթաց են ապրել և չեն կարողանում իրենց հետևից տանել խաղընկերներին, իսկ Լևոն Անանյանն ու Նարեկ Գյոզալյանն էլ չափազանց երիտասարդ են դա անելու համար:
8. “Մինասի” կարգի ֆուտբոլիստներ մեր առաջնությունում գրեթե չեն մնացել:
Անկախ “Արարատի” ցուցադրած խաղից և զբաղեցրած դիրքից, միշտ հաճելի է հետևել թիմի ավագ Արթուր Մինասյանի (Մինաս) խաղին: Արթուրը այն եզակի ֆուտբոլիստներից է, ովքեր հանդես են եկել Հայաստանի առաջնություններում դեռևս 90-ականներին և միշտ հավատարիմ են մնացել իրենց սիրելի թիմին: Բնականաբար, տարիքի հետ Մինասյանը կորցրել է արագությունը, սակայն տեխնիկան, խաղի ընկալումը և դաշտը լավ տեսնելու ունակությունը ոչ մի տեղ չի անհետացել: Ահա և այս խաղում էլ Մինասյանը մի քանի անգամ հրաշալի կողմնորոշվեց խաղային դրվագներում՝ գրագետ փոխանցումներ կատարելով խաղընկերներին: Եվ չնայած Արթուր Մինասյանի ֆուտբոլային կարիերան անխուսափելիորեն մոտենում է ավարտին, սակայն այն ինտելեկտուալ ֆուտբոլը, որի լավագույն իրագործողներից մեկը մեր ֆուտբոլում համարվում է Արթուրը, չի կարող անտարբեր թողնել միլիոնների խաղն իրապես գնահատող մարդկանց:
9.”Արարատին” հարկավոր է ավելի բազմակողմանի հարձակվող:
Գևորգ Նռանյանը, որ կրկին հրավիրվել է “Արարատ” և հանդիսանում է թիմի հիմնական հարձակվողը, բավականին փորձառու է, սակայն հաշվետու խաղում չկարողացավ աչքի ընկնել օգտակար գործողություններով: Նռանյանը, իհարկե, բավականին բարձրահասակ է և ամրակազմ, բայց քիչ է մանևրում և տարածություններ չի ստեղծում խաղընկերների համար՝ հարձակմանն օժանդակելու: Բացի այդ, Նռանյանին հաշվետու խաղում չէր հերիքում նաև արագությունն ու սառնասրտությունը գրոհների եզրափակիչ փուլում: Նռանյանի վնասվածքից հետո նրան փոխարինած Ալեքսանդր Պետրոսյանը նույնպես աչքի չընկավ հնարամիտ գործողություններով: Զգացվում է, որ երկար ժամանակով խաղալով կենտրոնական պաշտպանի դիրքում՝ Ա. Պետրոսյանը կորցրել է ինչպես հարձակվողին բնորոշ հոտառությունը, այնպես էլ ճիշտ դիրք ընտրելու կարողությունը: Այս ամենը հաշվի առնելով՝ կարծում եմ՝ “Արարատը” կարիք ունի ավելի շարժունակ և լավ մարզավիճակում գտնվող հարձակվողի, որը, հաշվի առնելով Խաշմանյանի դավանած խաղաոճը, կկարողանա ավելի շատ օգուտ բերել թիմին:
10. “Բանանցը” այդպես էլ չգտավ կենտրոնական հարձակվողի:
Ինչպես նշեցի “Արարատը” խնդիրներ ունի հարձակման գծում, բայց “Բանանցի” խնդիրներն էլ ավելի ակնառու են: Դու Բալայի հեռանալուց հետո “Բանանցում” այդպես էլ չհայտնվեց կարող հարձակվող, որը ի վիճակի կլինի հարց լուծել տարբեր խաղային դրվագներում: Հետևելով Անդրեյ Աթանասովի խաղին՝ պարզապես զարմանք ես ապրում, թե ինչ հատկանիշների համար են նրան ձեռք բերել “Բանանցի” ղեկավարները: Բուլղարացին աչքի չի ընկնում բացառապես ոչնչով: Չունի արագություն, չի կարողանում կառչել գնդակից կամ սառնասրտորեն վերջացնել խաղընկերների փոխանցումները: Որքան էլ որ կրկնվելու լինենք, ստիպված ենք անընդհատ շեշտել. լեգիոները պետք է առնվազն մի գլուխ բարձր լինի տեղացի խաղացողից, որպեսզի նրա ձեռքբերումը գոնե ինչ-որ չափով արդարացված լինի: Իսկ եթե նա չի համապատասխանում իմ կողմից նշված չափանիշներից և ոչ մեկին, ապա բնականաբար ավելի լավ է խաղացնել երիտասարդ հայ հարձակվողի, մանավանդ որ ակումբի քաղաքականությունը կայանում է հենց երիտասարդ խաղացողներին վստահելու մեջ:
Եվրոպական ակումբային մրցաշարերում մեկնարկած հայկական ակումբներից միայն Գյումրիի “Շիրակին” հաջողվեց հաղթանակ տանել որակավորման առաջին փուլի առաջին խաղում: Մյուս թիմերի խաղերը հիշեցրեցին նախորդ տարիների անմխիթար վիճակը, երբ մեր ակումբների մեծ մասը լքում էր եվրոպական ասպարեզը հենց առաջին փուլից: Այդուհանդերձ, մեր ակումբային ֆուտբոլի պատմության մեջ եղել են հանդիպումներ, որոնք տպավորվել են ֆուտբոլասերների հիշողության մեջ: Այսօր որոշել եմ առանձնացնել հայկական ակումբների՝ իմ կարծիքով 15 լավագույն հանդիպումները եվրագավաթների խաղարկություններում:
15-րդ տեղ – “Փյունիկ”-“Ռեյկյավիկ”` 1:0 (2003-2004 թթ. Չեմպիոնների Լիգա, Որակավորման առաջին փուլ)
Բազմաթիվ լեգիոներներով համալրված “Փյունիկը”, հանդիպման հենց սկզբից տիրելով առավելությանը, ստեղծում էր մեկը մյուսից վտանգավոր պահեր, սակայն գրոհի եզրափակիչ հատվածում ինչ-որ բան չէր ստացվում: “Փյունիկը” նույնիսկ ստացավ 11 մետրանոց հարվածի իրավունք, սակայն Ռաֆայել Նազարյանը չկարողացավ անվրեպ իրացնել այն: Ի վերջո “փյունիկցիների” համառությունը պսակվեց հաջողությամբ. Կառլ Լոմբեի` աջ եզրով կատարած անցումից հետո Լևոն Պաչաջյանը դարձավ միակ հաղթական գոլի հեղինակ: Պատասխան խաղում “Փյունիկը” 1-1 հաշվով ավարտեց հանդիպումը և 2-րդ տարին անընդմեջ դուրս եկավ Չեմպիոնների Լիգայի որակավորման 2-րդ փուլ:
14-րդ տեղ – “Զվարթնոց”-“Պրիմորիե”` 2:0 (2002-2003 թթ. ՈՒԵՖԱ-ի գավաթ, Որակավորման առաջին փուլ)
Ժամանակին գոյություն ունեցող ամենաինքնատիպ հայկական թիմերից մեկը` Երևանի “Զվարթնոցը”, եվրոպական մրցաշարում իր առաջին իսկ խաղում խայտառակ պարտություն կրեց` մրցակցի հարկի տակ 1-6 հաշվով զիջելով սլովենական “Պրիմորիեին”: Այդուհանդերձ, պատասխան խաղում “Զվարթնոցի” ֆուտբոլիստները կարողացան ինչ-որ չափով ուրախացնել իրենց ֆուտբոլասերներին: Սարգիս Նազարյանի և Մհեր Ավանեսյանի խփած գոլերի շնորհիվ “Զվարթնոցը” տարավ իր առաջին և վերջին հաղթանակը եվրոպական ակումբային մրցաշարերում:
13-րդ տեղ- “Միկա”-“Ռապիդ” Բուխարեստ` 1:0 (2000-2001 թթ. ՈՒԵՖԱ-ի գավաթ, Որակավորման առաջին փուլ)
Եվրոպական մրցաշարերին իր առաջին իսկ մասնակցության ժամանակ այդ տարիներին Աշտարակը ներկայացնող “Միկային” ծանր մրցակից էր բաժին ընկել` ի դեմս ռումինական “Ռապիդի”: Աշտարակցիները, առաջին խաղում պարտվելով 0-3 հաշվով, պատասխան խաղում կարողացան հասնել հաղթանակի 1-0 հաշվով: Խորհրդանշական է, որ իր հարազատ քաղաքում անցկացվող խաղում հաղթական գոլի հեղինակ դարձավ գյումրեցի Սամվել Նիկոլյանը:
12- “Շիրակ”-“ՀԻԿ” ` 1:0 (1999-2000 թթ. ՈՒԵՖԱ-ի գավաթ, Որակավորման առաջին փուլ)
Առաջին մրցավեճում պարտվելով հայ ֆուտբոլասերներին արդեն քաջածանոթ ֆիննական “ՀԻԿ”-ին 0:2 հաշվով` գյումրեցիները, այդուհանդերձ լի էին մրցակցի արգելքը հաղթահարելու վճռականությամբ: Ցավոք, “Հրազդան” մարզադաշտում վերակառուցումից առաջ եվրագավաթների շրջանակներում անցկացվող վերջին խաղում գյումրեցիները միայն մեկ անգամ կարողացան հասնել հաջողության: Գոլի հեղինակ դարձավ Արտյոմ Բեռնեցյանը:
11. “Շախտյոր” Դոնեցկ-“Փյունիկ”` 2:1 (2007-2008 թթ. Չեմպիոնների Լիգա, Որակավորման երկրորդ փուլ)
Շատերի համար կարող է զարմանալի թվալ, որ մեր ակումբների լավագույն խաղերի թվում ես նշում եմ մի հանդիպում, որտեղ մեր թիմը չի հաղթել: Սակայն նրանք, ովքեր տեսել և հիշում են այս հանդիպումը, կհաստատեն, որ այն, իրոք, մեր ակումբային ֆուտբոլի պատմության մեջ լավագույններից էր: Առաջին մրցավեճում պարտվելով “Շախտյորին” 0:2 հաշվով՝ “Փյունիկը”, որի կազմում մեծ ֆուտբոլում իրենց առաջին քայլերն էին անում Հայաստանի հավաքականի ներկայիս առաջատարներ Հենրիխ Մխիթարյանը, Գևորգ Ղազարյանը, Արթուր Եդիգարյանը, Կառլեն Մկրտչյանը, պատասխան մրցավեճում կարողացավ համառ դիմադրություն ցույց տալ հզոր մրցակցին, իսկ 31-րդ րոպեին Գևորգ Ղազարյանի խփած գոլի շնորհիվ նույնիսկ կարճ ժամանակով առաջ անցավ հաշվի մեջ: Չնայած “Փյունիկը” ի վերջո պարտվեց 1:2 հաշվով, սակայն հիանալի տպավորություն թողեց:
10. “Փյունիկ”-“Դերի սիթի”՝ 2:0 (2007-2008 թթ. Չեմպիոնների Լիգա, Որակավորման առաջին փուլ)
Որքան էլ որ դժվար լինի հավատալ, կար ժամանակ, երբ “Փյունիկը” պարբերաբար հաղթահարում էր Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլը: Վերջին անգամ դա տեղի ունեցավ 2007 թ.: Առաջին խաղում բավարարվելով գոլազուրկ ոչ-ոքիով՝ “Փյունիկը” հիանալի անցկացրեց իռլանդական “Դերի Սիթիի” հետ պատասխան հանդիպումը: Արսեն Ավետիսյանի և Գևորգ Ղազարյանի խփած գոլերի շնորհիվ “Փյունիկը” կարողացավ հերթական անգամ դուրս գալ որակավորման 2-րդ փուլ: “Փյունիկի” այս հաջողությունը շարունակում է մնալ վերջինը հայկական ակումբների համար Չեմպիոնների Լիգայի խաղարկություններում:
9. “Լոկոմոտիվ” Թբիլիսի, Վրաստան- “Բանանց” 0:2 (2005-2006 թթ. ՈՒԵՖԱ-ի գավաթ, Որակավորման առաջին փուլ)
Զգալիորեն թարմացված և լեգեոներներով համալրված կազմով հանդես եկող “Բանանցը”, առաջին խաղում սեփական հարկի տակ պարտվելով մրցակցին 2-3 հաշվով, Թբիլիսի էր մեկնում սասանված հեղինակությունը վերականգնելու նպատակով: Սակայն քչերն էին հավատում, որ “Բանանցը” կկարողանա հաղթահարել վրացական թիմի արգելքը: Հակառակ սպասումների՝ “Բանանցը” վերելքով անցկացրեց հանդիպումը՝ խաղաժամանակի մեծ մասի ընթացքում տիրելով խաղային առավելությանը: Առաջին խաղակեսում Արամ Հակոբյանի, իսկ 2-րդում՝ Արա Խաչատրյանի խփած գոլերի շնորհիվ “Բանանցը” կարողացավ հաղթանակ տանել “Լոկոմոտիվի” նկատմամբ և առաջին անգամ իր պատմության ընթացքում հաղթահարել եվրոպական ակումբային մրցաշարերից մեկի որակավորման փուլի արգելքը:
8. “Միկա”- “ՄՏԿ” Հունգարիա ՝ 1:0 (2007-2008 թթ. ՈւԵՖԱ-ի գավաթ, Որակավորման առաջին փուլ)
2007-2008 թթ. մրցաշրջանը մինչ օրս էլ համարվում է ամենահաջողը հայկական ակումբային ֆուտբոլի պատմության մեջ: Բացի “Փյունիկի”՝ արդեն հիշատակված հաջողությունից, այդ տարի գերազանց ելույթներ էր ունենում նաև “Միկան”: Առաջին մրցավեճում պարտվելով հունգարական “ՄՏԿ”-ին 1:2 հաշվով, “Միկան” հոյակապ անցկացրեց պատասխան հանդիպումը: Ամբողջ հանդիպման ընթացքում տիրելով առավելությանը՝ “Միկայի” ֆուտբոլիստները կարողացան Արտյոմ Ադամյանի խփած միակ գոլի շնորհիվ հաղթանակ տանել մրցակցի նկատմամբ և առաջին անգամ դուրս գալ եվրոպական ակումբային մրցաշարի որակավորման 2-րդ փուլ:
7. “Փյունիկ”-“Տամպերե” Ֆինլանդիա՝ 2:0 (2002-2003 թթ. Չեմպիոնների Լիգա, Որակավորման առաջին փուլ)
Այս թիմերի առաջին հանդիպմանը դեռ կանդրադառնանք, իսկ այս հանդիպումը հայկական ակումբային ֆուտբոլի պատմության մեջ ամենահիշարժան խաղերից մեկն էր: Առաջին մրցավեճում “Փյունիկի” խոշոր հաշվով հաղթանակից հետո “Հանրապետական” մարզադաշտը լեփ-լեցուն էր ֆուտբոլասերներով: Եվ Հայատանի չեմպիոն թիմի ֆուտբոլիստներն այս անգամ էլ հուսախաբ չարեցին երկրպագուներին: Ամբողջ հանդիպման ընթացքում “Փյունիկը” ցուցադրում էր գեղեցիկ, կոմբինացիոն ոճի ֆուտբոլ և արժանիորեն հասավ հաղթանակի: Մամադու Դիավարան և Միգել Անխել Սիստեռնան, մեկական անգամ գրավելով մրցակցի դարպասը ապահովեցին “Փյունիկի” հաղթանակը՝ մեծ ուրախություն պարգևելով հազարավոր ֆուտբոլասերների:
6.”Պոբեդա” Մակեդոնիա-“Փյունիկ”՝ 1:3 (2004-2005 թթ. Չեմպիոնների Լիգա, Որակավորման առաջին փուլ)
Ամբողջովին թարմացված կազմով հանդես եկող “Փյունիկը” կարողացավ գեղեցիկ ոճով հաղթանակ տանել Մակեդոնիայի չեմպիոնի նկատմամբ նրա իսկ հարկի տակ: 2 գոլի հեղինակ դարձավ Էդգար Մանուչարյանը, ևս մեկ գոլ հեղինակեց Ժորա Հովհաննիսյանը: Եվ չնայած պատասխան խաղում “փյունիկցիները” չկարողացան զարգացնել իրենց հաջողությունը՝ խաղն ավարտելով 1:1 հաշվով, այդուհանդերձ, ավանդույթը չխախտվեց, և “Փյունիկը” 3-րդ տարին անընդմեջ դուրս եկավ Չեմպիոնների Լիգայի խաղարկության 2-րդ փուլ:
5. “Միկա”-“Արտմեդիա” Սլովակիա 2:1 (2007-2008 թթ. ՈՒԵՖԱ-ի գավաթ, Որակավորման երկրորդ փուլ)
Ինչպես արդեն նշվեց, որակավորման առաջին փուլում “Միկան” կարողացավ հաղթահարել հունգարական “ՄՏԿ”-ի արգելքը: Երկրորդ փուլում մրցակիցն ավելի զորեղ էր՝ Սլովակիան ներկայացնող “Արտմեդիան”, որն ընդամենը 2 տարի առաջ իսկական իրարանցում առաջացրեց Եվրոպայում՝ մտնելով Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշար: Չնայած դրան, “Միկան” վերելքով անցկացրեց մրցավեճը: Ընդհանրապես այդ մրցաշրջանում “Միկան”, որը հանդես էր գալիս Արկադի Անդրեասյանի գլխավորությամբ և ուներ իր պատմության ընթացքում, թերևս, ուժեղագույն կազմը, առանձանում էր իր տպավորիչ խաղով: Բացառություն չեղավ նաև այս հանդիպումը: Արմեն Շահգելդյանի գոլի շնորհիվ “Միկան” արագորեն առաջ անցավ հաշվի մեջ: Սլովակներին հաջողվեց արագորեն վերականգնել հաշվի հավասարակշռությունը, սակայն հետզհետե ուժեղացնելով ճնշումը՝ “Միկան” ի վերջո կարողացավ Ալեքսի ջանքերով հաղթանակ տանել ծանրագույն մրցավեճում: Եվ չնայած “Միկան”, արտագնա մրցավեճում զիջելով 0-2 հաշվով, դուրս մնաց հետագա պայքարից, սակայն այդ մրցաշրջանում “Միկայի” ցուցացդրած խաղը մինչ օրս էլ գոհունակությամբ է հիշվում ֆուտբոլասերների կողմից:
4.”Արարատ”-“ԳԿՍ” Լեհաստան 2:0 (5:4՝11մ) (1995-1996 թթ. Գավաթակիրների գավաթ, Որակավորման առաջին փուլ)
Նոր սերնդի ֆուտբոլասերներից շատերին անծանոթ է այնպիսի մրցաշար, ինչպիսին է Գավաթակիրների գավաթի խաղարկությունը, իսկ այն, որ Երևանի “Արարատը” կարող է ոչ միայն մասնակցել եվրոպական մրցաշարի, այլև հաջողությամբ հաղթահարել առաջին փուլը, ուղղակի անհավանական է թվում: Այդուհանդերձ, մինչև 1999 թ., իրոք գոյություն ուներ այդպիսի մրցաշար, իսկ “Արարատն” էլ, համալրված լինելով դեռևս Խորհրդային Միության ֆուտբոլի դպրոցն անցած խաղացողներով, կարողանում էր արժանապատիվ ելույթներ ունենալ միջազգային ասպարեզում: “Արարատը” խիստ անհաջող էր անցկացրել առաջին մրցավեճը լեհական Կատովիցե քաղաքի “ԳԿՍ”-ի դեմ՝ մրցակցի հարկի տակ պարտվելով 0-2 հաշվով: Սակայն պատասխան մրցավեճում “Արարատը” ցուցադրեց այնպիսի խաղ, որ ուղղակի ոչ մի շանս չտվեց մրցակցին: Տիգրան Գսպեյանի և Արամայիս Տոնոյանի խփած գոլերին շնորհիվ “արարատցիները” դեռևս առաջին խաղակեսում երկու խաղերի արդյունքում հավասարեցրին դիմակայության արդյունքը: Խաղի հիմնական և լրացուցիչ ժամանակներն այդպես էլ չորոշեցին հաղթողին, և ամեն ինչ որոշվեց հետխաղյա 11-մետրանոցներով, որտեղ էլ ավելի հաջողակ գտնվեցին Երևանի “Արարատի” ֆուտբոլիստները՝ 2-րդ փորձից հաղթահարելով եվրոպական ակումբային մրցաշարերից մեկի որակավորման առաջին փուլի արգելքը:
3. “Փյունիկ”-“ՀԻԿ” Ֆինլանդիա՝3:1 (1996-1997 թթ. ՈՒԵՖԱ-ի գավաթ, Նախնական փուլ)
Հայաստանի ցածր վարկանիշի պատճառով երկրի նորընծա չեմպիոն “Փյունիկը” մեկնարկեց ոչ թե Չեմպիոնների Լիգայի, այլ ՈՒԵՖԱ-ի գավաթի մրցաշարում: Ոչ ոք չէր սպասում, որ միջազգային հանդիպումների լուրջ փորձ չունեցող “Փյունիկը” կկարողանա գերազանցել ֆիննական թիմին: Բայց “Փյունիկը” իսկական անակնկալ մատուցեց բոլորին՝ ցուցադրելով կրակոտ, հարձակողական ֆուտբոլ: Արսեն Ավետիսյանի 2 և Համլետ Մխիթարյանի 1 գնդակներին ֆիննական ակումբի ֆուտբոլիստները պատասխանեցին միայն մեկով: “Փյունիկը” հաղթեց 3:1 հաշվով և Ֆինլանդիա մեկնեց ամրության լավ պաշարով: Չնայած “Փյունիկը” երկու հանդիպումների արդյունքում ստիպված եղավ թողնել ասպարեզը, բայց առաջին մրցավեճում ցուցադրած փայլուն խաղը դեռ երկար ժամանակ հիշվում ու քննարկվում էր ֆուտբոլասերների կողմից:
2. “Փյունիկ”-“Դինամո” Կիև, Ուկրաինա՝ 2:2 (2002-2003 թթ. Չեմպիոնների լիգա, Որակավորման երկրորդ փուլ)
Դիմակայության առաջին խաղում պարտվելով մրցակցին 0:4 հաշվով՝ “Փյունիկը” գործնականում զրկվել էր հաջորդ փուլ դուրս գալու հնարավորություններից: Այդուհանդերձ, պատասխան մրցավեճում “Հանրապետական” մարզադաշտի տրիբունաներում ասեղ գցելու տեղ չկար: Իրենց պարտավորված էին զգում նաև “Փյունիկի” ֆուտբոլիստները, որոնք իրավունք չունեին հուսախաբ անել իրենց երկրպագուներին: Խաղասկիզբն անհաջող դասավորվեց մեր թիմի համար. ուկրաինացիներին հաջողվեց 2 անգամ գրավել “Փյունիկի” դարպասը: Սակայն դրանից հետո “Փյունիկը այնպիսի տեմպ հաղորդեց խաղին, որ չդիմացան նույնիսկ բազմափորձ կիևցիների նյարդերը: Նախ, Արտավազդ Քարամյանը տուգանային հիանալի հարվածով կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ 2-րդ խաղակեսում արդեն Արման Քարամյանը մոտ տարածությունից գլխի հարվածով վերականգնեց հաշվի հավասարակշռությունը: “Փյունիկը” կարող էր նույնիսկ կորզել հաղթանակը, բայց գրոհի եզրափակիչ հատվածում ինչ-որ բան չէր ստացվում: Չնայած “Փյունիկը” չկարողացավ հաղթել ոչ այդ խաղում, ոչ էլ ընդհանուր դիմակայությունում, բայց գերհզոր մրցակցի դեմ խաղում կարողացավ ցուցադրել համարձակ, հարձակողական ֆուտբոլ և ամրագրեց 2-րդ տեղը մեր դասակարգման մեջ:
1.”Տամպերե” Ֆինլանդիա-“Փյունիկ”՝ 0:4 (2002-2003 թթ. Չեմպիոնների լիգա, Որակավորման առաջին փուլ)
Այն, որ այս հանդիպումը լավագույնն է անկախ Հայաստանի ակումբային ֆուտբոլի պատմության մեջ, ուղղակի քննարկման ենթակա չէ: Եվ հարցը միայն գրանցված խոշոր հաշիվը չէ: Վերակազմավորումից հետո առաջին անգամ մասնակցելով Չեմպիոնների Լիգայի մրցաշարի՝ “Փյունիկը” ներկայացավ որպես գրագետ, լավ կոմպլեկտավորված, ժամանակակից ֆուտբոլ դավանող թիմ: Հանդիպման հենց մեկնարկից “Փյունիկը” ցույց տվեց, որ եկել է Ֆինլանդիա՝ միմիայն հաղթելու նպատակով, իսկ մահացու հակագրոհները դարձան այն հաղթաթուղթը, որի դեմ անզոր գտնվեցին ֆիննական ակումբի պաշտպանները: Արտավազդ և Արման Քարամյանները և Արթուր Մկրտչյանը դարձան մեկը մյուսից գեղեցիկ գոլերի հեղինակ՝ առաջին և վերջին անգամ հայկական ակումբային ֆուտբոլի պատմության մեջ ձևակերպելով խոշոր հաշվով հաղթանակ, այն էլ արտագնա մրցավեճում: Այսպիսով, ուղիղ 10 տարի առաջ կայացած “Տամպերե”-“Փյունիկ” մրցավեճը մինչ օրս էլ լավագույնն է հայկական ակումբների՝ եվրագավաթներում ունեցած ելույթներից:
Մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել ոչ վաղ անցյալի մեր հայտնի ֆուտբոլիստներից Վարազդատ Ավետիսյանը, իսկ Հայաստանն էլ իրավունք է ստացել ընդունելու Եվրոպայի առաջնության ընտրական փուլի մրցաշարը այստեղ՝ Երևանում: Կասկածից վեր է, որ ֆուտբոլում հաջողության հիմքը առաջին հերթին մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումն է, տարբեր տարիքային խմբերի հավաքականների համար որակյալ ֆուտբոլիստներ պատրաստելը, որոնք էլ հետագայում պետք է համալրեն ազգային հավաքականի շարքերը: Բայց արդյո՞ք մեզ մոտ անցումը փոքր տարիքային հավաքականներից դեպի ազգային տեղի է ունենում այնքան սահուն, որքան պետք է լիներ, պատանեկան տարիքում աչքի ընկած քանի ֆուտբոլիստ է հետագայում հայտնվում ազգային հավաքականում: Վերջին օրերին անընդհատ մտածում էի այն հարցի շուրջ, որը շատ հաճախ տալիս են մեր ֆուտբոլասերները: Ու՞ր են մեր մինչև 19 տարեկան հավաքականի այն փայլուն խաղացողները, ի՞նչ եղավ նրանց հետ: Այսօր կփորձենք պարզել այդ հարցի պատասխանը և հասկանալ, թե նրանցից ով որտեղ է և ինչով է զբաղվում :
1. Էդել Ապուլա Էդիմա Բետե
Մի քանի խաղ անցկացնելով Հայաստանի ազգային հավաքականում՝ սևամորթ դարպասապահը փախավ Հայաստանից՝ մինչև վերջ չկատարելով պայմանագրային պարտավորությունները: 2005-2007 թթ. նա 9 խաղ անցկացրեց ռումինական “Ռապիդում”, իսկ այնուհետև տեղափոխվեց ֆրանսիական “ՊՍԺ”: Այս տարվանից սկսած համարվում է թիմի հիմնական դարպասապահը:
2.Հայկ Չիլինգարյան
Չկարողանալով հաստատվել “Փյունիկի կազմում”՝ տեղափոխվեց “Գանձասար”, իսկ առաջիկա մրցաշրջանում արդեն կխաղա Դիլիջանի “Իմպուլսի” կազմում: Երբեմնի ամենահեռանկարային պաշտպաններից մեկը մի քանի անգամ հրավիրվեց նաև երիտասարդական հավաքական, սակայն այդպես էլ չկարողացավ ամրապնդվել նրա կազմում:
3.Միխեիլ Սիմոնյան
Այս ընթացքում Սիմոնյանը հասցրել է փոխել մի քանի ակումբ, իսկ ներկայումս հանդես է գալիս “Իմպուլսում”: Վարուժան Սուքիասյանի օրոք Սիմոնյանը նույնիսկ դարձավ երիտասարդական հավաքականի ավագ, սակայն ազգային հավաքականից այդպես էլ հրավեր չստացավ:
4.Արմեն Հովհաննիսյան
Կենտրոնական կիսապաշտպանի դիրքում հանդես եկող այս ֆուտբոլիստը դասվում է այս հավաքականի այն ֆուտբոլիստների թվին, որոնց մասին այժմ գրեթե ոչինչ հայտնի չէ:
5.Ռաֆայել Սաֆարյան
Շատ-շատերի նման չկարողանալով ամրապնդվել “Փյունիկում”՝ Սաֆարյանը տեղափոխվեց “Գանձասար”, այնուհետև “Միկա”, իսկ 2008 թվականից սկսած՝ հանդես է գալիս Երևանի “Արարատում”:
6.Նարեկ Մանուկյան
Արմեն Հովհաննիսյանի նման Նարեկ Մանուկյանից էլ ոչ մի տեղեկություն չկա: 2005 թ. մրցաշարից հետո Մանուկյանը մի որոշ ժամանակ հանդես եկավ հարազատ “Բանանցում”, իսկ այնուհետև կորավ տեսադաշտից:
7.Մխիթար Գրիգորյան
Այս հավաքականի ամենատաղանդավոր խաղացողներից էր: Մի քանի խաղ անցկացնելով նաև երիտասարդական հավաքականում՝ Գրիգորյանը, ցավոք, այդպես էլ չկարողացավ արժանանալ ազգային հավաքականի մարզիչների ուշադրությանը: Դուրս մնալով նաև “Փյունիկի” կազմից՝ Գրիգորյանը հանդես եկավ ”Արարատում”, “Շիրակում”, ապա՝ “Կիլիկիայում”: Խոսակցություններ կան, որ նա կրկին կարող է վերադառնալ “Շիրակ”
8.Գուրգեն Մելիքսեթյան
Այս խաղացողի մասին նույնպես ոչ մի տեղեկություն չկա:
9.Ալեքսանդր Պետրոսյան
Հավաքականի ամենախոստումնալից ֆուտբոլիստներից մեկն էր: Ցավոք նա էլ չկարողացավ հասնել ազգային հավաքականի մակարդակին՝ բավարարվելով երիտասարդական հավաքականում անցկացրած մի քանի խաղերով: “Փյունիկից” տեղափոխվելով “Գանձասար”՝ Պետրոսյանը այնուհետև տեղափոխվեց “Ուլիս”, որտեղ և անցկացրեց նախորդ մրցաշրջանը:
10.Ժորա Հովհաննիսյան
Հավաքականի 2 ամենատաղանդավոր խաղացողներից մեկը, “Փյունիկից” տեղափոխվելով հունական “Օլիմպիակոս”, այդպես էլ չկարողացավ հաստատվել թիմի հիմնական կազմում և ստիպված եղավ մի քանի մրցաշրջան վարձավճարով հանդես գալ հունական ավելի ցածր դիվիզիոնների թիմերում: Այս տարեսկզբին տեղափոխվեց մերձմոսկովյան “Սատուրն”, որտեղ համարվելով հիմնական կազմի ֆուտբոլիստ՝ այդուհանդերձ մասնակցեց միայն փոխարինողների կազմի հանդիպումներին:
11.Էդգար Մանուչարյան
Միակ ֆուտբոլիստը, ով արդեն այն ժամանակ խաղում էր ազգային հավաքականում, և որի մարզաշապիկը շարունակում է կրել մինչ օրս: Մանուչարյանը դարձավ հայաստանցի առաջին ֆուտբոլիստը, ով իր վրա բևեռեց եվրոպական ճանաչված ակումբներից մեկի ուշադրությունը: 2005 թ. Մանուչարյանը տեղափոխվեց հոլանդական “Այաքս”: Ցավոք վնասվածքները հնարավորություն չտվեցին Էդգարին ամբողջությամբ դրսևորել իր լավագույն որակները: Էդգարն ստիպված եղավ մի քանի մրցաշրջան անցկացնել “Այաքսի” 2-րդ թիմում, իսկ այնուհետև՝ “Հառլեմ” ակումբում: Այս ամառ վերադառնալով հարազատ “Փյունիկ”՝ Մանուչարյանը կրկին վերականգնեց իր մարզավիճակը, դարձավ նաև Հայաստանի ազգային հավաքականի առաջատար խաղացողներից մեկը՝ Մակեդոնիայի հավաքականի դեմ խաղում դառնալով նաև գոլի հեղինակ:
12.Արմեն Ֆիշյան
Այս դարպասապահը ներկայումս հանդես է գալիս “Միկայում”, բայց ժամանակ առ ժամանակ մասնակցում է նաև ֆուտզալի հանդիպումների:
13.Արթուր Ստեփանյան
Վերջին անգամ Արթուր Ստեփանյանին տեսել ենք 2008 թ. երիտասարդական հավաքականի կազմում: Դրանից հետո նրա կարիերան սկսեց անկում ապրել: Արթուրը հանդես եկավ ռուսական ցածր դիվիզիոնների մի քանի ակումբներում, իսկ այս մրցաշրջանում խաղում էր Նիժնեկամսկի “Նեֆտեխիմիկում”:
14.Արտակ Հովհաննիսյան
“Փյունիկի” մարզադպրոցի ամենատաղանդավոր ներկայացուցիչներից մեկը 2005 թ. մրցաշարից հետո աստիճանաբար կորցրեց իր լավագույն որակները, իսկ այժմ նրա մասին տեղեկություններ չկան:
15.Կառլ Լոմբե
Ինչպես և իր հայրենակից Էդելը, Լոմբեն նույնպես փախուստի դիմեց Հայաստանից՝ որոշ ժամանակ հանդես գալով ռումինական “Ռապիդում”: Ներկայումս, ըստ որոշ տեղեկությունների, Լոմբեն հանդես է գալիս կիպրոսական “Արիսում”:
16. Վահե Մեհրաբյան
Հեռանալով “Փյունիկից”՝ երկար ժամանակ հաջողությամբ խաղում էր “Արարատում”, իսկ վերջին 2 տարում ընդհանրապես չի խաղում: Վարուժան Սուքիասյանի օրոք մի քանի խաղ անցկացրեց նաև երիտասարդական հավաքականում:
17.Արտակ Օսեյան
Չկարողանալով ամրապնդվել “Բանանցի” կազմում՝ Օսեյանը տեղափոխվեց “Գանձասար”, այնուհետև կրկին վերադարձավ հարազատ թիմ, իսկ անցած մրցաշրջանում նորից հանդես եկավ ”Գանձասարում”:
18.Գևորգ Նռանյան
Նռանյանը, հեռանալով “Փյունիկից”, հանդես եկավ “Արարատում” և “Ուլիսում”, իսկ այս մրցաշրջանում հանդես էր գալիս “Իմպուլսում”:
Ամփոփելով այս տվյալները՝ ստանում ենք հետևյալ պատկերը.
18 ֆուտբոլիստներից 2-ը հեռացել են Հայաստանից և մեր երկրի հետ այլևս ոչ մի կապ չունեն, 4-ի մասին ոչ մի տեղեկություն չկա, 10-ը առանց մեծ հաջողությունների խաղացել կամ խաղում են մեր հանրապետության միջին թիմերում, մեկը խաղում է Ռուսաստանի առաջնությունում, և միայն Էդգար Մանուչարյանն է, որ մշտապես հրավիրվում է Հայաստանի հավաքական: 18-ից մեկը: Համաձայնեք՝ այնքան էլ ոգևորիչ վիճակագրություն չէ: Բայց, որպեսզի պատկերն ավելի ընդհանրական լինի, ես չզլացա ուսումնասիրել նույն վիճակագրությունը նաև 2005 թ. եզրափակիչ մրցաշարին մասնակցած առաջատար երկրների օրինակով: Խոստովանեմ՝ տվյալները բավականին զարմացրին ինձ:
Գերմանիայի հավաքականի կազմից միայն դարպասապահ Մանուել Նոյերն է անցել տարիքային բոլոր հավաքականներով և այժմ համարվում է ազգային հավաքականի դարպասապահներից մեկը: Անգլիայի հավաքականից ոչ մի խաղացող չի աճել ազգային հավաքականի մակարդակի, և միայն մրցաշարի հաղթող Ֆրանսիայի հավաքականն է ազգային թիմին տվել 3 խաղացող՝ դարպասապահ Ուգո Լյորիս, և կիսապաշտպաններ՝ Աբու Դիաբի և Յոան Գուրկյուֆ: Ահա այսպես: Բայց մխիթարվել այդ ցուցանիշներով, կնշանակի կրկնել անցյալի սխալները: Վերոնշյալ երկրներում այս վիճակագրությունը պայմանավորված է նրանով, որ տարիքային տարբեր խբերի հավաքականներում հանդես գալու համար նրանք ունեն 500-1000 թեկնածու, և կարող են իրենց թույլ տալ հետադիմած ֆուտբոլիստներին փոխարինել նրանցով, ովքեր աճ են ապրել վերջին տարիներին, իսկ մեր ընտրության շրջանակն ընդամենը 30-40 հոգի է: Հետևաբար, մենք իրավունք չունենք աչքաթող անել նրանցից և ոչ մեկին, որպեսզի ապագայում ազգային հավաքականում չունենանք այն պատկերն, ինչ հիմա, երբ թիմում գրեթե չկան 1985 և 1986 թթ. ծնված ֆուտբոլիստներ: