Ի՞նչ կլինի Եվրոպայում

Եվրոպական առաջատար երկրների (TOP-5) ֆուտբոլի ազգային առաջնություններում արդեն կայացել է 5-6 տուր, և կարելի է թեկուզ նախնական, բայց որոշակի կանխատեսումներ անել նրանց հետագա ընթացքի վերաբերյալ:

Եվրոպայում լավագույնը համարվող Անգլիայի առաջնությունում երկար տարիներ շարունակ չեմպիոնության համար պայքարում էին, այսպես կոչված “մեծ քառյակի” թիմերը՝ “Մանչեսթեր Յունայթեդը”, “Չելսին”, “Արսենալը” և “Լիվերպուլը”: Միայն վերջին երկու տարիներին նրանց պայքարին միջամտեցին “Տոտենհեմը” և արաբական նավթադոլարներով հարստացած “Մանչեսթեր Սիթին”: Իսկ արդեն այս տարի առաջին տուրերի հանդիպումները ցույց տվեցին, որ հիմնական պայքարը, թերևս, ընթանալու է “Մանչեսթեր Յունայթեդի” և “Մանչեսթեր Սիթիի” միջև, որոնց լավագույն դեպքում կարող է խանգարել միայն “Չելսին”: Կազմը հիմնովին թարմացրած “Լիվերպուլին” և Ֆաբրեգասի ու Նասրիի հեռանալուց հետո “որբացած” “Արսենալին” չափազանց դժվար կլինի միջամտել չեմպիոնական պայքարին:

Իսպանիայում ամեն ինչ նման է վերջին մի քանի տարիներին: “Բետիսի”, “Լևանտեի” կամ “Սևիլյայի” հաջող մեկնարկը չի կարող մոլորության մեջ գցել երկրպագուներին: Բոլորի համար պարզ է՝ “Բարսելոնան” ու “Ռեալը” մի գլուխ բարձր են մյուս բոլոր թիմերից, և հերթական անգամ չեմպիոնության հարցը կվճռվի հենց նրանց անմիջական դիմակայության արդյունքում: Եթե, այդուհանդերձ, փորձենք ինչ-որ ինտրիգներ փնտրել Իսպանիայի առաջնության այլ թիմերի հետ կապված, ապա հարցերը, միևնույն է, այդքան էլ շատ չեն լինի. ինչպե՞ս կխաղա Բիլբաոյի “Ատլետիկը”  երկար տարիների ընթացքում ձևավորված իր խաղաոճի հետ անհամատեղելի Մարսելո Բիելսայի գլխավորությամբ, կկարողանա՞ անսպասելիորեն հարստացած և թիմի կազմը ուժեղացրած “Մալագան” միանգամից ձեռնոց նետել երկրի ուժեղագույն թիմերին, և  վերջապես ի՞նչ կկարողանա ցույց տալ վերջին տարիների իր առաջատարներին կորցրած, բայց լավ համալրում ստացած Մադրիդի “Ատլետիկոն”:

Գերմանիայում վերջին տարիներին ձևավորված ավանդույթը, երբ ոչ մի թիմի չի հաջողվում երկու տարի անընդմեջ դառնալ չեմպիոն, կարծես թե կրկնվելու է նաև այս անգամ: Դորտմունդի “Բորուսիան”, ֆանտաստիկ կերպով նվաճելով չեմպիոնի կոչումը նախորդ մրցաշրջանում, հիմա իր կաշվի վրա է զգում “երկրորդ սեզոնի” սինդրոմի ողջ ծանրությունը: Թիմի անհաջող մեկնարկը հերթական անգամ ապացուցում է այն պարզ ճշմարտությունը, որ չեմպիոնական բարձունքը նվաճելն ավելի հեշտ է, քան այն պահպանելը:: Դրան հակառակ, երկրի ամենատիտղոսակիր ակումբը՝ Մյունխենի “Բավարիան” անչափ վստահ է սկսել առաջնությունը՝ հենց սկզբից հասկացնելով, որ մտադիր է վերադարձնել չեմպիոնական տիտղոսը: Լավ մեկնարկած, բայց ֆինանսական հնարավորություններով չփայլող Մյունխենգլադբախի “Բորուսիան” դժվար թե կարողանա լուրջ մրցակցություն ցուցաբերել մյունխենցիներին: “Բավարիայի” հիմնական մրցակիցները հավանաբար կլինեն “Վերդերը”, “Բայերը” և “Շալկե-04-ը”:

Իտալիայի առաջնությունը, կարծես թե լիովին ապաքինվելով “Կալչիոպոլիի”  հետևանքներից, աստիճանաբար վերականգնում է իր անկանխատեսելիությունը: Համենայնդեպս, հաշվի առնելով նախորդ առաջնության ցուցանիշները, թիմերի համալրումները և արդեն այս մրցաշրջանում գրանցված արդյունքները, չափազանց դժվար է ենթադրություններ անել թիմերի վերջնական դասավորության վերաբերյալ: Այդուհանդերձ, կարելի է չկասկածել, որ չեմպիոնության հիմնական հավակնորդներից մեկը կլինի գործող չեմպիոն “Միլանը”: Չնայած այն հանգամանքին, որ “Յուվենթուսը” զգալիորեն թարմացրել է կազմը, “Ծեր սինյորան” նույնպես հավակնում է չեմպիոնական մեդալներին: Ինչպես միշտ հավակնոտ է “Ինտերը”, չնայած հայտնի չէ, թե ինչպես կընթանան թիմի գործերը՝ Ռանիերիի գլխավորությամբ: Վերջապես, չեմպիոնության չորրորդ հավանական թեկնածուն “Նապոլին” է, որն անցյալ տարի ցուցադրում էր, թերևս, ամենավառ ֆուտբոլը “Ուդինեզեի” հետ միասին: Հռոմեական 2 թիմերը՝ “Ռոման” և “Լացիոն”, ինչպես նաև “Ֆիորենտինան” նույնպես կպայքարեն բարձր տեղերի համար, բայց դժվար թե կարողանան միջամտել Սկուդետտոյի համար մղվող պայքարին:

Վերջապես Ֆրանսիայում, ինչպես միշտ, ամեն ինչ անկանխատեսելի է: Լիոնի “Օլիմպիկի” երկարամյա հեգեմոնիան մնացել է անցյալում, և վերջին 3 տարիներին անընդմեջ Ֆրանսիան ունենում է նոր չեմպիոն: Գործող չեմպիոն “Լիլլի” համար, թվում է, չափազանց դժվար կլինի պահպանել նվաճած բարձունքը՝ հաշվի առնելով, որ թիմը հանդես է գալու նաև Չեմպիոնների Լիգայի մրցաշարում, բայց “Մոնպելիեի”, “Ռեննի” և “Թուլուզի” հետ միասին “Լիլլը” կարող է միջամտել մրցանակային տեղերի համար մղվող պայքարին: Իսկ առաջնությունոմ հաղթելու ամենահավանական թեկնածուները, թերևս, կլինեն, չեմպիոնության քաղցրությանը կարոտած Լիոնի “Օլիմպիկը”, վատ մեկնարկած, բայց փորձառու և բալանսավորված կազմ ունեցող Մարսելի “Օլիմպիկը” և ամենալավ համալրումն ստացած ու հարստացած “ՊՍԺ”-ն:

Չեմպիոնների Լիգա (թիմերի հնարավորությունները, մաս II)

Բարև բոլորին: Երեկ արդեն քննարկել ենք Չեմպիոնների լիգայի 1|8 եզրափակչի առաջին 4 զույգերում միմյանց հետ մրցող  թիմերի հնարավորությունները: Ուստի այսօր կխոսենք մյուս 4 հանդիպումների մասին:

“Լիոն” – “Ռեալ”

Այս երկու թիմերը վերջին տարիներին այնքան հաճախ են մրցել, որ թվում է՝ իրար մասին գիտեն ամեն ինչ: “Ռեալն” արդեն 7 տարի է, ինչ չի կարողանում հաղթահարել Չեմպիոնների լիգայի 1|8 եզրափակչի արգելքը, ընդ որում, այդ իրողության մեջ իրենց գործուն մասնակցությունն ունեն նաև ֆրանսիական ակումբի ֆուտբոլիստները, որոնք մի քանի անգամ անձամբ են խաչ քաշել “սերուցքայինների”՝ հեռու գնացող ծրագրերի վրա: Ներկայիս դիմակայության մեջ, ինչպես և միշտ, ֆավորիտ է համարվում արքայական ակումբը, ինչն օրինաչափ է, եթե հաշվի առնենք, որ “Ռեալն” այս մրցաշրջանում ձախողվել է միայն մեկ անգամ, այն էլ “Բարսելոնայի” հետ մրցավեճում: Դրան գումարած՝ “Լիոնն” այսօր ակնհայտորեն ավելի թույլ է քան մի քանի ամիս առաջ, ինչի վկայություննն է նաև անկայուն խաղը Ֆրանսիայի առաջնությունում: Եվ այսպես, անկախ վերջին տարիների վիճակագրությունից, կարծում եմ, որ այս անգամ “Ռեալը” վերջապես կհաղթահարի այս արգելքը և կանցնի հաջորդ փուլ:

“Արսենալ” – “Բարսելոնա”

Որքան էլ ցավալի լինի, բայց անչափ գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրող այս երկու թիմերը 2-րդ տարին անընդմեջ հանդիպելու են միմյանց, և նրանցից մեկն ստիպված է  լինելու լքել ասպարեզը: “Բարսելոնան”, հատկապես վերջին շրջանում, ուղղակի այլմոլորակային ֆուտբոլ է խաղում՝ իր ճանապարհից մաքրելով ցանկացած մրցակցի: Կոնկրետ այս պահի դրությամբ դժվար է պատկերացնել, որ կգտնվի մի թիմ, որը կկարողանա դիմակայել “կապտանռնագույններին”: Իրենց հերթին “զինագործները” զուգորդում են փայլուն հանդիպումները կամազուրկ խաղերի հետ: Բոլորն էլ գիտեն, որ միանման ֆուտբոլ խաղացող թիմերի մրցավեճում շատ հաճախ հաղթում է այն թիմը, որը պարզապես ավելի բարձր է կարգով: Հենց այս պատճառով “Բարսելոնայի” հաղթանակն այս դիմակայությունում գրեթե կասկած չի հարուցում:

“Մարսել” – “Մանչեսթեր Յունայթեդ”

“Մարսելը”, որոշակի ընդմիջումից հետո վերադառնալով Չեմպիոնների լիգա, կարողացավ մեծ հեշտությամբ դուրս գալ խմբից և այժմ պետք է մրցի մրցաշարի մշտական և ամենակայուն մասնակից թիմերից “Մանչեսթեր Յունայթեդի” հետ: “Մանկունիացիները” ավանդաբար այնքան էլ հեշտ չեն խաղում ֆրանսիական թիմերի հետ: Բավական է հիշել ժամանակին “Լիլլից” կամ “Բորդոյից” կրած պարտությունները, սակայն ներկայումս թիմի ներուժը թույլ է տալիս խուսափել տհաճ անակնկալներից: Որքան էլ որ խմբային փուլում Դիդիե Դեշանի սաները ամուր և հասուն թիմի տպավորություն թողեցին, դժվար է ենթադրել, որ նրանք կկարողանան հաղթահարել “Մանչեսթեր Յունայթեդի” արգելքը:

“Կոպենհագեն” – “Չելսի”

Վերջին զույգը կազմել են խմբային մրցաշարի գլխավոր անակնկալ դանիական ակումբը և մրցաշարային հսկայական փորձ ունեցող “Չելսին”: Շտապեմ նախօրոք հիասթափեցնել անակնկալների սիրահարներին: Այս զույգը միակն է, որտեղ կա ավելի քան ակնհայտ ֆավորիտ: Ոչ խաղային ճգնաժամը, ոչ առաջատար ֆուտբոլիստների վնասվածքները, և ոչ էլ Կառլո Անչելոտիի հնարավոր հրաժարականի մասին լուրերը չեն կարող խանգարել “ազնվականներին” հաղթահարել դանիական թիմի արգելքը: “Կոպենհագենը” մոբիլ և ամուր թիմ է, բայց նրան չափազանց դժվար կլինի ևս մեկ անգամ անել անհնարինը ու դուրս գալ հաջորդ փուլ: Եվ այսպես, 1|4 եզրափակչի վերջին մասնակիցը կլինի “Չելսին”: