Հետախուզությունն սկսված է

Մարտի 26-ին Եվրո-2012-ի ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի հավաքականը հյուրընկալելու է Ռուսաստանի հավաքականին: Կարծում եմ՝ իսկական ժամանակն է մեր մոտակա մրցակցի ուսումնասիրությունն սկսելու համար: Եվ այսպես, ինչպես և խոստացել էի ավելի վաղ, այսօր կանդրադառնանք Ռուսաստանի հավաքականի խնդիրներին և հեռանկարներին:

Փետրվարի 9-ին Հայաստան-Վրաստան ընկերական հանդիպումից ընդամենը մեկ ժամ հետո ընկերական հանդիպում էր անցկացնում նաև Ռուսաստանի հավաքականը: Չափազանց հետաքրքիր և օգտակար էր հետևել ռուսների խաղին, հատկապես հաշվի առնելով, որ դեռ թարմ էին մեր խաղից ստացված տպավորությունները, և հնարավորություն ունեինք համեմատելու երկու թիմերի խաղը անձնական հանդիպումից առաջ:

Միանգամից ասեմ, որ շատերի նման հակված չեմ այն տեսակետին, որ ռուսների անատամ և դժգույն խաղի պատճառը մրցակցի թերագնահատումն էր, կամ մի քանի առանցքային խաղացողների բացակայությունը: Համոզված եմ, որ եթե դա լիներ նույնիսկ պաշտոնական հանդիպում, ամեն ինչ կարող էր ավարտվել նույն կերպ: Միաժամանակ չեմ կարծում, թե Իրանի հավաքականից կրած պարտությունը կապված է այն հանգամանքի հետ, որ ռուս խաղացողներից շատերը զրկված են խաղային պրակտիկայից: Անցած նոյեմբերին այդ բոլոր խաղացողները մշտապես խաղում էին իրենց ակումբներում, բայց դա չխանգարեց ռուսներին պարտվել Բելգիայի հավաքականին: Ուղղակի իմ կարծիքով Ռուսաստանի հավաքականը՝ այս խաղացողներով և մարզչով, եթե նույնիսկ ի վիճակի է խաղալ ավելի լավ, ապա շատ հազվադեպ: Հավաքականի ֆուտբոլիստներից շատերի կարիերայի լավագույն տարիներն արդեն ետևում են, իսկ մարզիչը շարունակում է համառորեն արհամարհել եզակի տաղանդավոր խաղացողներին, որոնք հայտնվում են ռուսական ֆուտբոլային երկնակամարում:

Դա, անշուշտ, չի նշանակում, որ ռուսներին պետք է թերագնահատել կամ մտածել, որ կարող ենք հեշտությամբ հաղթել այդ հավաքականին: Ընդհակառակը, Ռուսաստանի հավաքականը տրամադրության թիմ է և անհրաժեշտ շարժառիթներ ունենալու դեպքում կարող է հաղթել ցանկացած մրցակցի: Իսկ որ այդ շարժառիթները Հայաստանի հավաքականի հանդիպման ժամանակ լինելու են, դա փաստ է: Ոչ ոք Ռուսաստանում չի հասկանա և չի ների 3-րդ անընդմեջ պարտությունը, այն էլ իրենցից վարկանիշով շատ ցածր հավաքականներից:

Շատերը կարող են չհամաձայնել ինձ հետ, բայց Ռուսաստանի և մեր  հավաքականի խաղի մեջ կան բազմաթիվ նմանություններ: Ընդ որում առկա խնդիրնեը գրեթե նույնն են: Եթե համարենք, որ Ակինֆեևը եվրոպական մակարդակի դարպասապահ է, իսկ նրան փոխարինող Մալոֆեևը և Գաբուլովը նույնպես ունեն համապատասխան բարձր որակավորում, ապա պաշտպանությունում, չնայած երկարամյա խաղակցվածությանը, խնդիրներն ավելի քան ակնառու են: Վասիլի Բերեզուցկին և Սերգեյ Իգնաշևիչը անհատական պայքարում Եվրոպայում էլ քչերին կզիջեն, բայց դիրքային պաշտպանության ժամանակ շատ հաճախ պարզապես խուճապի են մատնվում: Էլ չեմ խոսում հակագրոհների ժամանակ նրանց դանդաղկոտության մասին, ինչի արդյունքն էլ եղավ, օրինակ, իրանցիների խփած գնդակը: Առավել մտահոգիչ վիճակում են գտնվում եզրերը: Եթե Անյուկովին փոխարինող Շիշկինը քիչ թե շատ կարողանում է կատարել իր պարտականությունները, ապա ձախ եզրը Ժիրկովի բացակայությամբ ուղղակի անհավասարակշիռ տեսք ունի: Ալեքսեյ  Բերեզուցկին ավելի շատ կենտրոնական պաշտպան է և ընդհանրապես չի մասնակցում թիմի եզրային գրոհներին, իսկ Դինյար Բիլյալետդինովի ունակությունների տեր ֆուտբոլիստին, որը նույնիսկ կիսապաշտպանության եզրում իրեն այնպես չի զգում, ինչպես կենտրոնում, ստիպել կատարել եզրային պաշտպանի պարտականություններ,  նույնիսկ վիրավորական է առաջին հերթին հենց իր՝ ֆուտբոլիստի համար: Պատահական չէ, որ նրա խաղադաշտ դուրս գալով՝ 2-րդ կեսում ռուսների խաղն առջևի գծում ակտիվացավ: Փոխարենը հակագրոհների 90 տոկոսը իրանցիները կազմակերպում էին աջ եզրով, որտեղ չէին հանդիպում նույնիսկ աննշան դիմադրության: Մի խոսքով, եթե Ժիրկովը չկարողանա վերականգնվել մինչև մեր հավաքականի հետ հանդիպումը, մեր ֆուտբոլիստները պետք է ամեն ինչ անեն Ռուսաստանի հավաքականի ձախ եզրում առկա խնդիրներն օգտագործելու համար:

Կենտրոնում ռուսների խաղը նույնպես նմանվում էր մեր հավաքականի ցուցադրած խաղին: Անընդհատ մանր փոխանցումներ, գնդակի երկար խաղարկում և վերջին սուր փոխանցման իսպառ բացակայություն: Անդրեյ Արշավինը՝ միակ ֆուտբոլիստը, որ փորձում էր աչքի ընկնել հնարամիտ գործողություններով, շատ հաճախ մոռանում էր, որ իր խաղընկերները ոչ թե Ուոլքոթն ու Վան Պերսին են, այլ Բիստրովն ու Կերժակովը: Ռուսների կենտրոնը, բացառությամբ թերևս Դենիսովի, դանդաղաշարժ է և չափազանց նյարդային է դառնում առանց գնդակի երկար ժամանակ վազելու դեպքում: Մի գործոն ևս, որը հաշվի առնելու դեպքում մեր ֆուտբոլւստները կարող են առավելություն ստանալ ռուսների նկատմամբ:

Վերջապես հարձակման գծում ռուսների գործերը մի փոքր ավելի լավ են, քան մեր հավաքականում: Ռուսներն ունեն Ալեքսանդր Կերժակով, Ռոման Պավլյուչենկո և Պավել Պոգրեբնյակ: Բայց կա մեկ անժխտելի հանգամանք: Ադվոկաատը, ի տարբերություն Հիդդինկի, չգիտի ինչպես ճիշտ օգտագործել նրանց: Երբ Պավլյուչենկոն գոլեր էր խփում իր ակումբի կազմում, Ադվոկաատն անընդհատ խաղացնում էր խաղային պրակտիկա չունեցող Պոգրեբնյակին: Հիմա երբ իր ակումբում խաղում է միայն Պոգրեբնյակը, իրանցիների հետ հանդիպումը մեկնարկային կազմում սկսեց ֆունկցիոնալ առումով անպատրաստ Կերժակովը: Եվս մի հանգամանք, որով բացասականորեն տարբերվում է Ադվոկաատը Հիդդինկից: Նա բացարձակապես չի կարողանում միջամտել խաղի ընթացքին, իսկ նրա կատարած փոփոխությունները ուղղակիորեն խոսում են խաղի անհաջող ընթացքի դեպքում պլան Բ-ի բացակայության մասին: 4-3-3-ը յուրահատուկ և արդյունավետ մարտավարություն է, բայց այն կիրառելու համար պետք են համապատասխան մարզավիճակում գտնվող և մարզչի ցուցումներն անշեղորեն իրականացնող ֆուտբոլիստներ:

Ռուսաստանի հավաքականը իհարկե կարող է համախմբվել և կերպարանափոխվել: Մինչ մեր հավաքականի հետ հանդիպումը, հնարավոր է շարք վերադառնան Ալան Ձագոևը, Ռոման Շիրոկովը և Յուրի Ժիրկովը, որոնք, անկասկած, կուժեղացնեն թիմի խաղը: Բացի այդ մինչև մարտի 26-ը օպտիմալ մարզավիճակ ձեռք բերելու հնարավորություն ունեն բոլոր այն խաղացողները, որոնք իրենց ակումբների կազմում մասնակցելու են Եվրոպայի լիգայի խաղարկությանը: Սակայն մեկ բան անհերքելի է: Ռուսաստանի այսպիսի հավաքականին մեր ընտրանին կարող է և որքան էլ բարձրագոչ հնչի, պարտավոր է հաղթել Երևանում: Ռուսաստանի հավաքականում հիմա չկան 1999 թ. մեր դեմ խաղացած Կարպինի, Ալենիչևի, Տիխոնովի, Տիտովի նման աստղային խաղացողներ: Մյուս կողմից, մեր հավաքականն էլ իր պատմության մեջ այսպիսի կազմ երևի չի ունեցել և այսքան մոտ չի եղել բաղձալի երազանքի իրականացմանը: Հավաքականի ներկայիս սերնդի  խաղացողների համար դա միանշանակ ամենակարևոր հանդիպումն է լինելու և առաջին քայլը ավելի մեծ բարձունքներ նվաճելու ճանապարհին: Հույսով և հավատով սպասենք մարտի 26-ին: Հայաստան-Ռուսաստան հանդիպմանը մնաց ընդամենը 42օր:

Առանց նոր ռուսների

Բարև բոլորին: Ինչպես հայտնի է,  մարտի 26-ին Հայաստանի հավաքականը Եվրո-2012-ի ընտրական փուլի շրջանակներում հանդիպելու է Ռուսաստանի հավաքականի հետ: Մինչ այդ՝ փետրվարի 9-ին, երկու երկրների հավաքականներն էլ անցկացնելու են ընկերական հանդիպումներ: Մենք մրցելու են Վրաստանի, իսկ ռուսները՝ Իրանի հավաքականի հետ: Եվ ահա Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկաատը հրապարակել է այն 20 ֆուտբոլսիտների ցուցակը, ովքեր կպատրաստվեն Իրանի հավաքականի հետ հանդիպմանը:

Դարպասապահներ` Իգոր Ակինֆեև (ԲԿՄԱ), Վյաչեսլավ Մալաֆեև (“Զենիթ”):

Պաշտպաններ` Ալեքսանդր Անյուկով («Զենիթ»), Ալեքսեյ Բերեզուցկի, Վասիլի Բերեզուցկի, Սերգեյ Իգնաշևիչ (բոլորը` ԲԿՄԱ), Ռոման Շիշկին («Լոկոմոտիվ»):

Կիսապաշտպաններ` Վլադիմիր Բիստրով, Իգոր Դենիսով, Կոնստանտին Զիրյանով,Ռոման Շիրոկով (բոլորը`  «Զենիթ»), Դինյար Բիլյալետդինով («Էվերտոն» Անգլիա), Ալան Ձագոև, Պավել Մամաև (երկուսն էլ` ԲԿՄԱ), Դմիտրի Տորբինսկի («Լոկոմոտիվ»), Իգոր Սեմշով («Դինամո»):

Հարձակվողներ` Անդրեյ Արշավին («Արսենալ» Անգլիա), Ալեքսանդր Կերժակով («Զենիթ»), Ռոման Պավլյուչենկո («Տոտենհեմ» Անգլիա), Պավել Պոգրեբնյակ («Շտուտգարտ» Գերմանիա):


Նախապես մտածում էի, որ Ադվոկաատը գոնե այս խաղին կհրավիրի մի շարք նոր խաղացողների և մեզ համար էլ դժվար կլինի գուշակել թիմի հիմնական կազմը, սակայն հայացք գցելով թիմի հայտացուցակի վրա՝ պարզ է դառնում, որ այնտեղ իսպառ բացակայում են նորեկները: Համենայնդեպս, այդպիսինների թվին դժվար է դասել Ռոման Շիշկինին և Պավել Մամաևին, որոնք արդեն հասցրել են մասնակցել անցած տարի Բելգիայի հավաքականի հետ ընկերական հանդիպմանը և ընդհանրապես, վաղուց մտնում են հավաքականի թեկնածուների ընդլայնված շրջանակի մեջ: Նշանակում է, որ Ադվոկաատը, որն առանց այն էլ փոփոխությունների մեծ սիրահար չէ, կարևորում է Իրանի հավաքականի հետ հանդիպումը  և չի ցանկանում մեր հավաքականի հետ խաղից առաջ դիմել փորձարկումների: Հավանաբար Ադվոկաատի համար շատ ավելի կարևոր է խաղային օղակների միջև համագործակցության ամրապնդումը: Սակայն, այդ ամենով հանդերձ, առնվազն զարմանալի է հաստիքային ձախ պաշտպանի բացակայությունը ռուսների հայտացուցակում՝ մանավանդ հաշվի առնելով, որ Յուրի Ժիրկովը վնասվածք ունի և հայտնի չէ, թե արդյո՞ք կկարողանա վերականգնվել մինչև մեր հավաքականի հետ հանդիպումը: Ցանկություն չունենալով միջամտել մեր ապագա մրցակցի մարզչի գործունեությանը՝ այդուհանդերձ, առնվազն տարօրինակ եմ համարում մարզչի կողմից Մոսկվայի ԲԿՄԱ-ի պաշտպան Գեորգի Շեննիկովի արհամարհումը: Վերջինս իր տարիքին ոչ բնորոշ հասուն խաղով վաղուց արժանացել է գլխավոր թիմում գոնե փորձարկվելու հնարավորություն ստանալուն: Ինչևէ, ևս մի անհասկանալի որոշում կապված է Ալեքսանդր Անյուկովին հրավիրելու հետ: Ի՞նչ իմաստ ունի հավաքական հրավիրել մի խաղացողի, որը բաց է թողելու մոտակա պաշտոնական հանդիպումը որակազրկման պատճառով:

Մի խոսքով, եթե դարպասապահների հարցում ամեն ինչ քիչ թե շատ օրինաչափ է, ապա պաշտպանության գծի խաղացողների ընտրությունն առնվազն զարմանալի է: Ամենևին մեր խնդիրը չէ մեր մրցակցի կազմի ընտրությանը միջամտելը, սակայն իրավիճակին մոտիկից ծանոթանալը, կարծում եմ, այնքան էլ վատ չի լինի մեզ համար:

Կիսապաշտպանությունում և հարձակման գծում նույնպես անսովոր դեմքեր չկան: Հրավիրվել են հիմնականում այն խաղացողները, որոնք դեռևս Հիդդինկի օրոք տոն էին տալիս հավաքականի խաղին, կամ արդեն վաղուց համարվում են հավաքականի թեկնածուներ: Բացակայում են, թերևս, միայն Սիչյովն ու Բուխարովը, սակայն դա էլ այնքան զարմանալի չէ՝ հաշվի առնելով առաջինի ներկայիս մարզավիճակը, իսկ Բուխարովն էլ ուղղակի ավելորդ է, քանի որ թիմում արդեն կան նույն ոճի Պավլյուչենկոն և Պոգրեբնյակը:

Այսպիսով, եթե ոչ մի արտասովոր բան տեղի չունենա, Իրանի հավաքականի հետ հանդիպմանը ռուսների կազմը հնարավորինս մոտ կլինի այն կազմին, որը հավանաբար կտեսնենք նաև Երևանում: Դարպասապահը կլինի Ակինֆեևը: Պաշտպանությունում ձախից աջ կխաղան Ա.Բերեզուցկին, Իգնաշևիչը, Վ. Բերեզուցկին և Անյուկովը: Կիսապաշտպանությունում՝ որպես հենակետային կգործի Դենիսովը, նրանից մի փոքր առաջ՝ Շիրոկովն ու Զիրյանովը: Երկու ինսայդների դերում կլինեն ձախից Արշավինը, աջից՝ Ձագոևը և միակ հարձակվողի պարտականություններ կկատարի Պոգրեբնյակը:

Այլ տարբերակներն այնքան էլ շատ չեն: Թերևս, հնարավոր է՝ պաշտպանության ձախ թևում Բիլյալետդինովի հայտնվելը, որը, չնայած ամպլուայով կիսապաշտպան է, բայց այս դիրքում խաղալու փորձ ևս ունի: Իսկ հարձակման գծում Պավել Պոգրեբնյակի հայտնվելը պայմանավորված է նրա ավելի շատ խաղային պրակտիկայով և ուղղակի այն հանգամանքով, որ Ադվոկատը սիրում է այս հարձակվողին:

Մեր հավաքականի հետ հանդիպման ժամանակ կարելի է ակնկալել միայն երկու փոփոխություն, այն էլ եթե Յուրի Ժիրկովը հասցնի վերականգնվել վնասվածքից: Իսկ մյուս փոփոխությունը հարկադրական է և կապված է Անյուկովի որակազրկման հետ: Այդ գոտում “Զենիթի” ավագին հավաբանար կփոխարինի Ռոման Շիշկինը: Ինչևէ, Հայաստան-Ռուսաստան հանդիպմանը դեռ շատ ժամանակ կա և այդ խաղի մասին խոսելու առիթներ, անկասկած, կունենանք, իսկ առայժմ պետք է սպասել նաև Վարդան Մինասյանի կողմից մեր կազմի հրապարակմանը, որից հետո էլ կարելի կլինի անել որոշակի հետևություններ մեր մարտավարության մասին: