Ֆուտբոլը Աֆրիկայում էլ է ֆուտբոլ

Հունվարի 21-ին մեկնարկում է Աֆրիկայի ազգերի գավաթի հերթական՝ թվով 28-րդ խաղարկությունը: Եթե Եվրոպայում այս մրցաշարն ընկալվում է առաջին հերթին որպես տաղանդների բացահայտման հերթական ստուգատես, ապա հենց իրենց՝ աֆրիկացների համար, այն իսկական տոն է, և հնարավորություն՝ թեկուզ մի քանի շաբաթով կտրվել առօրյա հոգսերից և վայելել մեծ ֆուտբոլի իսկական բերկրանքը: 

2012 թ. Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությունն առանձնանում է իր նախորդներից: Առաջին անգամ մրցաշարն անցկացվելու է միանգամից 2 երկրում՝ Գաբոնում և Հասարակածային Գվինեայում: Բացի այդ երբեք մրցաշարը, թեկուզ և թղթի վրա, մասնակիցների այսքան թույլ կազմ չի ունեցել: Դատեք ինքներդ: Մրցաշարում հանդես չեն գա Աշխարհի վերջին առաջնության մասնակից երկրներից Կամերունի, Ալժիրի, ՀԱՀ-ի, Նիգերիայի հավաքականները, որոնք չկարողացան հաղթահարել ընտրական փուլի արգելքը:  Սակայն ամենամեծ կորուստը, անկասկած, Աֆրիկայի վերջին 3 տարիների չեմպիոն և ամենատիտղոսակիր երկրի՝ Եգիպտոսի հավաքականի բացակայությունն է մասնակիցների շարքում: “Փարավոնները” չկարողացան դուրս գալ բավականին հեշտ ընտրական խմբից՝ Նիգերի, ՀԱՀ-ի և Սիեռա-Լիոնեի հավաքականների հետ մրցակցությունում գրավելով վերջին տեղը: Ընտրական մրցաշարի կարորագույն հատվածը ցավալիորեն համընկավ Եգիպտոսում ընթացող ներքաղաքական հուզումների շրջանի հետ, երբ, ինչպես ասում են, ֆուտբոլի ժամանակը չէր:

Աֆրիկայի վերջին տարիների անփոփոխ չեմպիոն Եգիպտոսի հավաքականն այս անգամ չի մասնակցի մրցաշարին

   Մի շարք ուժեղ հավաքականների բացակայության պայմաններում մրցաշարի ֆավորիտը, անկասկած Կոտ դ՝իվուարի հավաքականն է: “Փղերը”, որոնք միայն մեկ անգամ են կարողացել հռչակվել Աֆրիկայի չեմպիոն, այն էլ հեռավոր 1992-ին, բոլոր վերջին խաղարկություններից առաջ համարվում էին հաղթողի գլխավոր հավակնորդը, սակայն ամեն անգամ նրանց ինչ-որ բան չէր հերիքում իրենց նպատակին հասնելու համար: Այս անգամ, կարծես թե ամեն ինչ նրանց օգտին է՝ համեմատաբար հեշտ խումբը, փլեյ-օֆֆ փուլում վտանգավոր մրցակիցներից խուսափելու մեծ հավանականությունը, բայց ամենակարևորը՝ Կոտ դ՝իվուարը մրցաշարին ներկայանում է ֆանտաստիկ կազմով, որը, անկասկած, ուժեղագույնն է մասնակից բոլոր թիմերի շարքում: Պաշտպանությունում տոն են տալիս Պրեմիեր Լիգայում խաղալու հսկայական փորձ ունեցող Կոլո Տուրեն ու Էմմանուել Էբուեն և “ՊՍԺ”-ի փորձառու պաշտպան Սիակա Տիենեն: Չափազանց ուժեղ է թիմի միջին օղակը, որտեղ հանդես են գալիս անչափ փորձառու Դիդիե Զոկորան, “Նյուքասլի” կազմում փայլուն մրցաշրջան անցկացնող Իսմայել Շեյխ Տիոտեն և, իհարկե, Աֆրիկայի 2011 թ. լավագույն ֆուտբոլիստ Յայա Տուրեն: Թե ինչ արժեք ունի այսպիսի ֆուտբոլիստի առկայությունը թիմում, ամենից լավ կարող է նկարագրել Ռոբերտո Մանչինին, որի գլխավորած “Մանչեսթեր Սիթին” Յայայի հետ և առանց նրա բոլորովին այլ խաղ է ցուցադրում:  Դե իսկ առջևի գծում բազմաոճ հարձակվողների  իսկական աստղաբույլ է՝ տեխնիկապես գրագետ ու անչափ արագ Ժերվինյոն և Սալոմոն Կալուն, Ռուսաստանի ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկու և Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի հայտնություն դարձած Սեյդու Դումբիան, և, իհարկե, թիմի ավագ ու իսկական առաջատար, համաշխարհային ֆուտբոլի վերջին տարիների լավագույն հարձակվողներից մեկը՝ Դիդիե Դրոգբան: Իհարկե, սրանք միայն անուններ են, իսկ թիմի իրական ուժը կերևա խաղադաշտում, սակայն գոնե այս պահի դրությամբ՝ քանի դեռ մրցաշարը չի մեկնարկել, իվուարցիները համարվում են հաղթողի ամենաիրական հավակնորդը:

Յայա Տուրեն, Դիդիե Դրոգբան և մյուսները ամեն ինչ կանեն՝ Կոտ դ՝ իվուարին չեմպիոնական բարձունքի հասցնելու համար

  Ամենևին չնսեմացնելով մրցաշարի մասնակից մյուս հավաքականների ներուժը՝ կարծում եմ, որ միակ թիմը, ով կարող է խանգարել իվուարցիրներին հասնել իրենց նպատակին, Գանայի հավաքականն է, որը մրցաշարի մասնակիցներից ամենատիտղոսակիրն է (գանացիները 4 անգամ՝ 1963, 1965, 1978, 1982 թթ., արժանացել են Աֆրիկայի չեմպիոնի կոչմանը): “Սև աստղերը” իսկական իրարանցում առաջացրեցին 2010 թ. աշխարհի առաջնության ժամանակ՝ հասնելով մինչև ¼  եզրափակիչ և առաջնության ամենադրամատիկ մրցավեճում միայն 11 մետրանոցներով զիջելով Ուրուգվայի հավաքականին: Չնայած, որ Գանայի կազմն այնքան աստղային չէ, որքան Կոտ դ՝ Իվուարինը, բայց այստեղ էլ կան ֆուտբոլիստներ, որոնք կարող են զարմացնել բոլորին և հավակնել ամենաբարձր նպատակների: Ասամոա Գյանի, Կվադվո Ասամոայի, Սալի Մունտարիի, Անդրե և Ջորդան Այու եղբայրների անունները շատ հայտնի են Եվրոպայում: Բայց գանացիներն առաջին հերթին առանձնանում են թիմային խաղով, ֆիզիկական հիանալի պատրաստվածությամբ և մինչև վերջ պայքարելու ձգտումով: Վիճակահանության արդյունքում մրցաշարային ցանցը դասավորվել է այնպես, որ, եթե ոչ մի արտառոց բան տեղի չունենա, հենց այս երկու թիմերը կհանդիպեն եզրափակիչում:

Գանայի հավաքականի ֆուտբոլիստները տոնում են հերթական գոլը

   Մրցաշարի մասնակից այլ թիմերից առաջ գնալու լավ հնարավորություններ ունի Սենեգալի հավաքականը, որի կազմում ընդգրկված մեկը մեկից վտանգավոր հարձակվողները՝ Մուսա Սոուն, Դեմբա Բան, Մամադու Նյանգը և Պապիս Դեմբա Սիսսեն, կարող են լուրջ դժվարություններ առաջացնել ցանկացած մրցակցի համար: Ինչպես միշտ, հավակնորդների թվում կարող է լինել Թունիսը, որը, չունենալով աստղային ֆուտբոլիստներ, այդուհանդերձ, մշտապես պայքարում է ամենաբարձր տեղերի համար: Արագաշարժ ու ֆիզիկապես ուժեղ ֆուտբոլիստներով համալրված Մալիի հավաքականը՝ Սեյդու Կեյտայի գլխավորությամբ, նույնպես կարող է խառնվել մեդալների համար պայքարին, իսկ ահա մայրցամաքի երբեմնի ուժեղագույն թիմերից Մարոկկոյի հավաքականը դժվար թե կարողանա կրկնել 1976 թ. իր նվաճումը, երբ թիմը հռչակվեց մայրցամաքի չեմպիոն, կամ գոնե մոտենալ դրան:

    Կոնկրետ ինձ համար անչափ հետաքրքիր կլինի հետևել նաև Գվինեայի հավաքականի խաղին: Անկախ նրանից, որ թիմի ամենահայտնի ֆուտբոլիստ, ֆրանսիայի առաջնության երբեմնի աստղերից Պասկալ Ֆեյնդունոն ներկայումս թիմ չունի, իսկ մյուս խաղացողների անունները հայտնի չեն ֆուտբոլային լայն շրջանակներին, գվինեացիները կարող են զարմացնել շատերին, ինչպես 2006 և 2008 թ. խաղարկությունների ժամանակ: Չմոռանանք նաև, որ ընտրական մրցաշարում նրանք կարողացել են առաջ անցնել ոչ ավել, ոչ պակաս նախորդ առաջնության բրոնզե մեդալակիր Նիգերիայի հավաքականից:

      Չնայած, որ Զամբիան, Անգոլան և Բուրկինա Ֆասոն վստահորեն զբաղեցրեցին առաջին տեղն իրենց ընտրական խմբերում, այդուհանդերձ, դժվար է ակնկալել, որ այս թիմերը կկարողանան լուրջ արդյունքներ գրանցել նաև եզրափակիչ մրցաշարում:   Վերոնշյալ թիմերի, ինչպես նաև քաղաքական անկայուն իրավիճակում գտնվող Սուդանի և Լիբիայի համար խմբից դուրս գալն արդեն իսկ լուրջ նվաճում կհամարվի:

   Էլ ավելի համեստ են գնահատվում մրցաշարին առաջին անգամ մասնակցող Բոտսվանայի և Նիգերի հավաքականների հնարավորությունները, որոնց համար արդեն իսկ ներկայությունը եզրափակիչ փուլում կարելի է համարել մեծ հաջողություն: Ինչ վերաբերում է մրցաշարի ևս մեկ նորեկ, մրցաշարի համակազմակերպիչ Հասարակածային Գվինեյի հավաքականին, ապա պարզից էլ պարզ է, որ այս թիմը երբեք չէր կարող հայտնվել եզրափակիչ փուլում, եթե ստիպված լիներ անցնել ընտրական մրցաշարի միջով: Մրցաշարն ընդունող մյուս երկիրը՝ Գաբոնը, ճիշտ է, արդեն 4 անգամ մասնակցել է Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությանը, սակայն լուրջ հաջողությունների չի հասել: Երկու երկրների համար էլ այս մրցաշարն առաջին հերթին ամբողջ Աֆրիկայի առջև ներկայանալու և տեղական ֆուտբոլի զարգացումը խթանելու հնարավորություն է, որի շնորհիվ էլ հետագայում կարելի է հավակնել ավելի լուրջ նվաճումների:

   Իհարկե, սրանք միայն կանխատեսումներ են, իսկ թե ինչպես կզարգանան իրադարձությունները, արդեն ցույց կտա մրցաշարի ընթացքը: Սակայն ինչպես էլ որ լինի, վստահորեն կարելի է ասել, որ Աֆրիկայի ազգերի գավաթի հերթական խաղարկությունը կանցնի անզիջում պայքարում՝ մեզ պարգևելով գեղեցիկ ֆուտբոլ և բացահայտելով նոր աստղերի անուններ:

Աֆրիկայի ազգերի գավաթի մասին կարող եք կարդալ նաև այստեղ՝ http://ifootball.am/NewsDetails.aspx?NewsID=2096&CategoryID=4

“Ֆենոմենը” հեռանում է

Երեկ համաշխարհային ֆուտբոլի երբեմնի ամենավառ աստղերից մեկը՝ բրացիլացի Լուիս Նազարիո դե Լիման, որն աշխարհին ավելի հայտնի է որպես Ռոնալդո, հայտարարեց կարիերան ավարտելու մասին: Կարծում եմ՝ աններելի կլիներ ինչ-որ կերպ չանդրադառնալ այս իրադարձությանը: Ռոնալդոն խաղադաշտում կարողանում էր ամեն ինչ: Այս տեսաշարը ապացույցն է այն բանի, թե որքան բազմակողմանի օժտված խաղացող էր Ռոնալդոն:

 

 

Ռոնալդոն իր կարիերայի ընթացքում նվաճել է հնարավոր և անհնարին բոլոր մրցանակներն ու տիտղոսները: Բրազիլացին տարբեր թիմերի կազմում դարձել է Հոլանդիայի և Իսպանիայի գավաթակիր, երկուական անգամ նվաճել է Բրազիլիայի գավաթը և Իսպանիայի սուպերգավաթը,  ևս 2 անգամ դարձել Իսպանիայի չեմպիոն, մեկական անգամ դարձել ՈւԵՖԱ-ի գավաթի, Գավաթակիրների գավաթի և միջմայրցամաքային գավաթի հաղթող, մեկ անգամ հաղթել Կոնֆեդերացիաների գավաթի, 2 անգամ Ամերիկայի գավաթի խաղարկություններում: Վերջապես Ռոնալդոն աշխարհի կրկնակի չեմպիոն է: Նրա նվաճումներն անկասկած ավելի շատ կլինեին, եթե չլինեին նմանատիպ վնասվածքները, որոնք ամեն անգամ ստիպում էին Ռոնալդոյին ամեն ինչ սկսել նորից:

 

 

Պակաս տպավորիչ չեն նաև Ռոնալդոյի անհատական նվաճումները: Ռոնալդոն դարձել է Լիբերտադորեսի գավաթի, Հոլանդիայի, Իսպանիայի և Իտալիայի առաջնությունների գլխավոր ռմբարկու, մի քանի անգամ ճանաչվել է տարբեր առաջնությունների լավագույն ֆուտբոլիստ, 2 անգամ դարձել է “Ոսկե Գնդակի” դափնեկիր, ևս 3 անգամ ճանաչվել ՖԻՖԱ-ի վարկածով աշխարհի լավագույն ֆուտբոլիստ: Քչերը գիտեն, որ Ռոնալդոն միակ ֆուտբոլիստն է աշխարհում, ով խաղացել է իսպանական և իտալական 2 գրանդ ակումբներում՝ “Բարսելոնայում”, “Ռեալում”, “Ինտերում” և “Միլանում: Եվ ոչ միայն խաղացել, այլև գոլերի հեղինակ է դարձել ինչպես “սուպերկլասսիկոյի”, այնպես էլ միլանյան “դերբիի” ժամանակ՝ ընդ որում բոլոր 4 թիմերի կազմում:  Բայց Ռոնալդոյի մեծագույն նվաճումը անկասկած նրա խփած գոլերն են Աշխարհի առաջնությունների ժամանակ: Ռոնալդոն մինչև օրս էլ համարվում է Աշխարհի առաջնությունների  պատմության ընթացքում ամենաշատ գոլեր խփած ֆուտբոլիստը (15 գոլ): Ահա բոլոր այդ գոլերը :

 

 

Նրա հրաժեշտի մամուլի ասուլիսն ստացվեց նույնքան հուզումնառատ, որքան և ողջ կարիերան:

 

 

Ռոնալդոյի նմանները ծնվում են 100 տարին մեկ անգամ: Պատահական չէ, որ դեռ երիտասարդ տարիքից Ռոնալդոն ստացավ “ֆենոմեն” մականունը:Նրանք, ովքեր գոնե մեկ անգամ տեսել են Ռոնալդոյի խաղը, այն երբեք չեն մոռանա: Ռոնալդոն հեռացավ մեծ ֆուտբոլից, բայց նրա փայլուն խաղը դեռ երկար կմնա աշխարհի բոլոր ծայրերի ֆուտբոլասերների հիշողության մեջ:

Չեմպիոնների Լիգա (թիմերի հնարավորությունները, մաս II)

Բարև բոլորին: Երեկ արդեն քննարկել ենք Չեմպիոնների լիգայի 1|8 եզրափակչի առաջին 4 զույգերում միմյանց հետ մրցող  թիմերի հնարավորությունները: Ուստի այսօր կխոսենք մյուս 4 հանդիպումների մասին:

“Լիոն” – “Ռեալ”

Այս երկու թիմերը վերջին տարիներին այնքան հաճախ են մրցել, որ թվում է՝ իրար մասին գիտեն ամեն ինչ: “Ռեալն” արդեն 7 տարի է, ինչ չի կարողանում հաղթահարել Չեմպիոնների լիգայի 1|8 եզրափակչի արգելքը, ընդ որում, այդ իրողության մեջ իրենց գործուն մասնակցությունն ունեն նաև ֆրանսիական ակումբի ֆուտբոլիստները, որոնք մի քանի անգամ անձամբ են խաչ քաշել “սերուցքայինների”՝ հեռու գնացող ծրագրերի վրա: Ներկայիս դիմակայության մեջ, ինչպես և միշտ, ֆավորիտ է համարվում արքայական ակումբը, ինչն օրինաչափ է, եթե հաշվի առնենք, որ “Ռեալն” այս մրցաշրջանում ձախողվել է միայն մեկ անգամ, այն էլ “Բարսելոնայի” հետ մրցավեճում: Դրան գումարած՝ “Լիոնն” այսօր ակնհայտորեն ավելի թույլ է քան մի քանի ամիս առաջ, ինչի վկայություննն է նաև անկայուն խաղը Ֆրանսիայի առաջնությունում: Եվ այսպես, անկախ վերջին տարիների վիճակագրությունից, կարծում եմ, որ այս անգամ “Ռեալը” վերջապես կհաղթահարի այս արգելքը և կանցնի հաջորդ փուլ:

“Արսենալ” – “Բարսելոնա”

Որքան էլ ցավալի լինի, բայց անչափ գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրող այս երկու թիմերը 2-րդ տարին անընդմեջ հանդիպելու են միմյանց, և նրանցից մեկն ստիպված է  լինելու լքել ասպարեզը: “Բարսելոնան”, հատկապես վերջին շրջանում, ուղղակի այլմոլորակային ֆուտբոլ է խաղում՝ իր ճանապարհից մաքրելով ցանկացած մրցակցի: Կոնկրետ այս պահի դրությամբ դժվար է պատկերացնել, որ կգտնվի մի թիմ, որը կկարողանա դիմակայել “կապտանռնագույններին”: Իրենց հերթին “զինագործները” զուգորդում են փայլուն հանդիպումները կամազուրկ խաղերի հետ: Բոլորն էլ գիտեն, որ միանման ֆուտբոլ խաղացող թիմերի մրցավեճում շատ հաճախ հաղթում է այն թիմը, որը պարզապես ավելի բարձր է կարգով: Հենց այս պատճառով “Բարսելոնայի” հաղթանակն այս դիմակայությունում գրեթե կասկած չի հարուցում:

“Մարսել” – “Մանչեսթեր Յունայթեդ”

“Մարսելը”, որոշակի ընդմիջումից հետո վերադառնալով Չեմպիոնների լիգա, կարողացավ մեծ հեշտությամբ դուրս գալ խմբից և այժմ պետք է մրցի մրցաշարի մշտական և ամենակայուն մասնակից թիմերից “Մանչեսթեր Յունայթեդի” հետ: “Մանկունիացիները” ավանդաբար այնքան էլ հեշտ չեն խաղում ֆրանսիական թիմերի հետ: Բավական է հիշել ժամանակին “Լիլլից” կամ “Բորդոյից” կրած պարտությունները, սակայն ներկայումս թիմի ներուժը թույլ է տալիս խուսափել տհաճ անակնկալներից: Որքան էլ որ խմբային փուլում Դիդիե Դեշանի սաները ամուր և հասուն թիմի տպավորություն թողեցին, դժվար է ենթադրել, որ նրանք կկարողանան հաղթահարել “Մանչեսթեր Յունայթեդի” արգելքը:

“Կոպենհագեն” – “Չելսի”

Վերջին զույգը կազմել են խմբային մրցաշարի գլխավոր անակնկալ դանիական ակումբը և մրցաշարային հսկայական փորձ ունեցող “Չելսին”: Շտապեմ նախօրոք հիասթափեցնել անակնկալների սիրահարներին: Այս զույգը միակն է, որտեղ կա ավելի քան ակնհայտ ֆավորիտ: Ոչ խաղային ճգնաժամը, ոչ առաջատար ֆուտբոլիստների վնասվածքները, և ոչ էլ Կառլո Անչելոտիի հնարավոր հրաժարականի մասին լուրերը չեն կարող խանգարել “ազնվականներին” հաղթահարել դանիական թիմի արգելքը: “Կոպենհագենը” մոբիլ և ամուր թիմ է, բայց նրան չափազանց դժվար կլինի ևս մեկ անգամ անել անհնարինը ու դուրս գալ հաջորդ փուլ: Եվ այսպես, 1|4 եզրափակչի վերջին մասնակիցը կլինի “Չելսին”:

Չեմպիոնների Լիգա . Խմբային մրցաշարի ամփոփում

Ավարտվեց Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարը: Արդեն հայտնի են բոլոր 16 թիմերը, որոնք կշարունակեն պայքարը փլէյ-օֆֆ փուլում: Եթե այնպիսի թիմերի համար, ինչպիսիք են “Ռեալը”, “Բարսելոնան”, “Միլանը” կամ “Մանչեսթեր Յունայթեդը”, սա սովորական իրադարձություն է, ապա  3 ակումբներ, հաղթահարելով խմբային փուլի արգելքը, հասան իրենց պատմության ընթացքում մեծագույն հաջողության : Եվ այսպես, այսօր կխոսենք մրցաշարի իսկական հայտնություն դարձած “Շախտյորի”, “Տոտենհեմի” և “Կոպենհագենի” մասին:

“Շախտյոր”

“Շախտյորը” Չեմպիոնների Լիգայում իր նորամուտը նշել է դեռևս 2000/2001 մրցաշրջանում: Այն ժամանակ դա անփորձ և հիմնականում տեղացի ֆուտբոլիստներով համալրված թիմ էր, որը հայտնվել էր բավականին բարդ խմբում “Լացիոյի” և “Արսենալի” հետ: Թիմի համար մեծագույն նվաճումը այդ խմբային մրցաշարում “Արսենալի”  նկատմամբ տարած հաղթանակն էր 3:0 հաշվով, չնայած վերջիններիս համար մարզական տեսանկյունից խաղը հետաքրքրություն չէր ներկայացնում: Վերջին տարիներին “Շախտյորը” խմբային մրցաշարերի մշտական մասնակիցն է: Տարեցտարի թիմը միայն աճել է և մշտապես անչափ մոտ է եղել խմբային փուլի արգելքը հաղթահարելուն, սակայն վերջին պահին ինչ-որ բան խանգարել է: Եվ ուրախալի է, որ “Շախտյորը” կարողացավ հաջողության հասնել հենց այս տարի, երբ թիմում սկսեց հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականի առաջատար խաղացող Հենրիխ Մխիթարյանը: Սեպտեմբերի սկզբներին տեղափոխվելով թիմ՝ Մխիթարյանը նաև այսպիսի գոլերի և փոխանցումների շնորհիվ կարողացավ ամրապնդվել թիմի հիմնական կազմում:

 

 

Մխիթարյանն իր նորամուտը Չեմպիոների Լիգայում նշեց “Բրագայի” դեմ արտագնա մրցավեճում, որտեղ աչքի ընկավ մի քանի նուրբ և գեղեցիկ փոխանցումներով և հեռահար հարվածով, իսկ հաջորդ՝ “Արսենալի” հետ խաղում, չնայած թիմի 1-5 հաշվով պարտությանը, Մխիթարյանն ամենաակտիվներից էր և վազել էր 12 կմ-ից էլ ավելի շատ (այդ խաղային օրվա 3-րդ ցուցանիշը բոլոր մասնակից թիմերի ֆուտբոլիստների մեջ): Դրանից հետո, ցավոք, Մխիթարյանը վնասվածք ստացավ և ստիպված եղավ բաց թողել ավելի քան մեկ ամիս ՝ միայն փոխարինման դուրս գալով վերջին տուրի “Բրագայի” հետ հանդիպման ընթացքում: Թվում էր, թե “Արսենալից” ստացած ապտակից հետո “Շախտյորը” դժվար թե վերականգնվի, սակայն այդ ցավալի պարտությանը հաջորդեցին հաղթանակները նույն “Արսենալի”, “Պարտիզանի” և “Բրագայի նկատմամբ, և “Շախտյորը” դուրս եկավ փլէյ-օֆֆ խմբի հաղթողի կարգավիճակով:

 

“Շախտյորի” այս հաջողության հիմքերն անկասկած դրվել են վաղուց: Ակումբի ենթակառուցվածքները լավագույնն են Արևելյան Եվրոպայում, իսկ “Դոնբաս Արենան” , ընդհանրապես Եվրոպայի գեղեցկագույն մարզադաշտերից մեկն է: Բացի այդ, 2003 թվականից թիմը մարզում է Միրչա Լուչեսկուն, որը ժամանակին դարձել է ՈՒԵՖԱ-ի գավաթակիր՝ գլխավորելով թուրքական “Գալաթասարայը”, և հաջողությամբ աշխատել Իտալիայում: Իսկ թիմի սեփականատեր Ռինատ Ախմետովը չի խնայում միջոցներ տաղանդավոր արտասահմանցի խաղացողներ ձեռք բերելու համար: Բայց “Շախտյորի” գլխավոր հաղթաթուղթը այս Չեմպիոնների լիգայում, անկասկած վստահությունն էր սեփական ուժերի նկատմամբ, խաղացողների լայն ընտրությունը և գծերի միջև հստակ համագործակցությունը: Այո, թիմն ունի նաև ընդգծված առաջատարներ՝ դարպասապահ Պյատովը, թիմի ավագ Դարիո Սռնան, կամ հարձակվող Լուիս Ադրիանոն, բայց կարևորը մարզչի ընտրած մարտավարությանը մշտապես հավատարիմ մնալն է և փոխօգնությամբ խաղալը:

 

Խոսելով առավելությունների մասին՝ անկասկած պետք է նշել նաև թերությունները, որոնք առկա են թիմի խաղում: Մասնավորապես, “Շախտյորը”, որը ներքին առաջնությունում պարզապես մրցակցությունից դուրս է, սովոր է խաղի թելը իր ձեռքում պահելուն: Իհարկե լավ է, երբ թիմը խաղում է՝ ելնելով իր, այլ ոչ թե մրցակցի հնարավորություններից, բայց միևնույն ժամանակ այն պետք է պատրաստ լինի  մրցակցի մատուցած անակնկալներին և փորձի լուծել նրա առաջադրած բարդ խնդիրները: Մասնավորապես, “Արսենալի” հետ լոնդոնյան խաղը ցույց տվեց, որ արագ տեմպի և մշտական ճնշման պայմաններում պաշտպանական գիծը կարող է և չդիմանալ լարվածությանը, ինչի հետևանքն էլ եղավ միշտ հուսալի Պյատովի կողմից թույլ տրված սխալը: Իսկ երբ խաղն սկսեց չընթանալ նախանշված սցենարով, պարզվեց, որ առջևի գծի խաղացողները անկարող են ինչ-որ բան փոխել: Այստեղից սահուն կերպով անցնում ենք մյուս խնդրին, որն առկա է ակումբում: Դա բրազիլացիների մեծաքանակ ներկայացուցչությունն է “հանքափորների” կազմում: Երբ թիմը հաղթում է և գոլեր է խփում, կարծես թե ամեն ինչ կարգին է, բայց երբ գործերն այնքան էլ հաջող չեն ընթանում, բրազիլացիներն ուղղակի մոռանում են խաղային կարգապահության մասին: Նույն “Արսենալի” հետ խաղի ընթացքում կային բազմաթիվ օրինակներ, երբ Դուգլաս Կոստան, Վիլիանը կամ Ժադսոնը անհարկի տարվում էին անհատական խաղով, կորցնում գնդակը և հնարավորություն տալիս մրցակցին սուր հակագրոհելու: Բացի այդ, նրանք շատ հաճախ ուղղակի չեն նկատում ավելի նպաստավոր դիրքում հայտնված խաղընկերներին՝ նախընտրելով խաղալ իրար հետ: Սրանք այն խնդիրներն են, որոնց վրա անկասկած պետք է աշխատել, եթե թիմը ցանկանում է հասնել նոր հաջողության: Այն, ինչ անցնում է “Բրագայի” կամ “Պարտիզանի” կարգի թիմերի դեմ խաղալիս, հաստատ չի ներվի “Միլանի” կամ “Ինտերի” մակարդակի ակուկբների կողմից:

 

“Տոտտենհեմ”

“Տոտտենհեմը” Անգլիայի հնագույն ակումբներից է և հիմնադրվել է 1882 թ, երբ աշխարհի տարբեր անկյուններում դեռ պատկերացում էլ չունեին, թե ինչ բան է ֆուտբոլը: Թիմը 2 անգամ հռչակվել է Անգլիայի չեմպիոն, բայց դա հեռավոր 1950-1951 և 1960-1961 մրցաշրջաններում էր, իսկ նորագույն պատմության մեջ “Տոտենհեմը” առաջին անգամ է մասնակցում Չեմպիոնների լիգային և միանգամից կարողացավ առաջին տեղը զբաղեցնել բավականին բարդ խմբում:

Մինչև ներկայիս խաղամակարդակին հասնելը  ”Տոտտենհեմը” ստիպված եղավ փոխել մի քանի մարզիչների՝ Ժակ Սանտինի, Մարտին Յոլ, Խուանդե Ռամոս: Հարի Ռեդնապը գլխավորեց ակումբը 2008 թվականին, երբ թիմը գտնվում էր մրցաշարային աղյուսակի 19-րդ հորիզոնականում, և հենց այդ ժամանակից սկսեց թիմի աստիճանական աճը: “Տոտտենհեմը խաղում է իսկական բրիտանական ֆուտբոլ՝ դասական 4-4-2 կամ մոդիֆիկացված 4-4-1-1 սխեմայով: Սա այն ֆուտբոլն է, որ դավանում է Հարի Ռեդնապը, հավանաբար միակ անգլիացի մարզիչը, ով արժանի է գլխավորել նաև ազգային հավաքականը: Այդ ֆուտբոլի հիմնական բաղկացուցիչներն են պրեսինգը և ուժային պայքարը դաշտի ցանկացած հատվածում, գերակտիվ եզրերը,  և անչափ մոբիլ ու “մտածող” կենտրոնը:

Մայքլ Դոուսոնի և Լեդլի Քինքի վնասվածքների պայմաններում, թվում էր, “Տոտտենհեմը” մեծ խնդիրներ կունենա պաշտպանության կենտրոնում, սակայն ակումբը աչքի ընկավ նաև տրանսֆերային ճկուն քաղաքականությամբ՝ ձեռք բերելով Ուիլիամ Գալասին, որի կողքին խաղալով՝ մի նոր մակարդարկի բարձրացավ նաև Յունես Քաբուլը, իսկ “Սանդերլենդից” տեղափոխված Ալան Հաթթոնը և թիմի հնաբնակներից Բենուա Ասու-Էկոտոն լրացրեցին առանց այդ էլ ուժեղ պաշտպանական գիծը: Կենտրոնում գլխավոր դեմքը, անկասկած, Լուկա Մոդրիչն է, որը տիրապետում է ինչպես նրբանկատ փոխանցումների, այնպես էլ հուժկու հարվածների: Նա թիմի իսկական դիրիժորն է, խաղի ռիթմը կարգավորողը: Անկասկած, թիմին նոր որակներ հաղորդեց Ռաֆայել Վան դեր Վարտի տեղափոխությունը “Ռեալից”: Խաղացողը, որի վրա հասցրել էին խաչ քաշել Իսպանիայում, նոր որակներով փայլեց Անգլիայում: Նրա գալով՝ Ռեդնապը հնարավորություն ստացավ նոր տարբերակներ մշակել առջևի գծում: Այսուհետ մարզիչն ստիպված չէ խաղացնել 2 մաքուր հարձակվող՝ մի փոքր թուլացնելով խաղը կենտրոնում: Վան դեր Վարտի ունիվերսալիզմը թույլ է տալիս մարզչին օգտագործել նրան թե որպես ետ քաշված հարձակվող, թե որպես փլեյմեյքեր, բացի այդ պետք եղած ժամանակ հոլանդացին մասնակցում է նաև պաշտպանական գործողություններին: Բայց թիմի գլխավոր աստղը և չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի գլխավոր հայտնությունն անկասկած ուելսցի 21-ամյա ֆուտբոլիստ Գարետ Բեյլն է: Իր խաղաոճով նա ինչ-որ տեղ հիշեցնում է իր լեգենդար հայրենակից Ռայան Գիգգզին: Գիգգզի նման Բեյլն էլ տիրապետում է փայլուն խաբկերի և անցումների, բայց ավելի դիմացկուն է և նույնիսկ ավելի արագ, անհավատալի արագ: Միայն տեսեք, թե ինչպես է մի քանի րոպեի ընթացքում Բեյլը նույն ձևով “ստորացնում” բազմափորձ Խավիեր Ձանետիին “Ինտերի” հետ մրցավեճում:

 

 

Բեյլը կրկնեց գրեթե նույնը նաև “Ինտերի հետ պատասխան խաղում: Այս անգամ զոհի դերում  շատերի կարծիքով աշխարհի լավագույն աջ պաշտպան Մայկոնն է, իսկ Բեյլն էլ աչքի է  ընկնում երկու ֆանտաստիկ փոխանցումներով:

 

 

Դրականը “Տոտտենհեմի” խաղում անկասկած ավելի շատ է, բայց կան խնդիրներ, որոնց լուծման վրա կարելի է և պետք է աշխատել: “Տոտտենհեմը” զուգորդում է փայլուն խաղերը անատամ և կամազուրկ հանդիպումների հետ: Թիմի ցուցադրած “ուրախ” ֆուտբոլը, (“Տոտտենհեմի համար լրիվ սովորական են 4:4 կամ 5:4 հաշիվները) իհարկե դուր է գալիս շատ երկրպագուների, բայց նրանք նաև պահանջում են արդյունք, մանավանդ, որ թիմը վերջապես վերադարձել է Անգլիայի ուժեղագույն ակումբների շարքը և առավել քան երբևէ մոտ է նաև եվրոպական ֆուտբոլում ճանաչման հասնելուն: Կայունությունն ու սեփական ուժերի նկատմամբ վստահությունը հենց այն հատկանիշներն են, որոնք պակասում են “խթաններին” և թույլ չեն տալիս նրանց դասել եվրոպական ֆուտբոլի գրանդների շարքին: Բայց թիմը ճիշտ ճանապարհին է, նրա ցուցադրած ֆուտբոլը գրավիչ է նույնիսկ անտարբեր ֆուտբոլասերի համար, թիմի կազմում են ինչպես երիտասարդ տաղանդավոր խաղացողներ, այնպես էլ փորձառու ու ճանաչված աստղեր, իսկ այդ համաձուլվածքը անկասկած այն հիմքն է, որը կարող է նպաստել “Տոտտենհեմի” հաջողություններին նաև Չեմպիոնների լիգայում:

 

“Կոպենհագեն”

Դանիական ակումբը Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երրորդ և ամենամեծ  հայտնությունն է: Այսպիսի նվաճում թիմից ոչ ոք չէր սպասում: Ամենալավատեսները “առյուծների” համար կանխագուշակում էին պայքար 3-րդ տեղի համար “Ռուբինի” կամ “Պանատինաիկոսի” հետ, բայց թիմը ոչ միայն վստահորեն առաջ անցավ վերը նշված թիմերից, այլև հավասար հավասարի պայքարեց “Բարսելոնայի” դեմ: Դանիական ակումբը, որն իր ֆինանսական հնարավորություններով զգալիորեն զիջում էի իր բոլոր մրցակիցներին, աչքի ընկավ թիմային այնպիսի հստակ խաղով և վստահությամբ, ինչպիսին բնորոշ է մրցաշարային փորձ ունեցող թիմերին: Սա այն դեպքում, երբ թիմի կազմում միակ քիչ թե շատ հայտնի ֆուտբոլիստը դանիական ֆուտբոլի վետերան Յեսպեր Գրոնկյաերն է, որը ժամանակին հանդես է եկել “Այաքսում” և “Չելսիում”: Բայց միայն Գրոնկյաերը անկասկած չէր կարող ապահովել այսպիսի հաջողություն: Իրենց փայլուն դրսևորեցին դարպասապահ Յոհան Վիլանդը, պաշտպան Զդենեկ Պոսպեխը, թիմի ավագ Ուիլիամ Քվիստը, սևամորթ հարձակվող Դամե Ն՝դոյեի հետևից արդեն հիմա իսկական որս են սկսել եվրոպական մի շարք ակումբներ, իսկ բրազիլացի Կլաուդեմիրը ընդհանրապես մտավ պատմության մեջ: Ամեն մեկը չէ, որ կարող է հպարտանալ “Բարսելոնայի” դարպասը խփած այսպիսի գոլով:

 

 

Նորվեգացի Ստոլե Սոլբակենին հաջողվել է ստեղծել մի թիմ, որը ոչ միայն գերակայող դիրքեր կզբաղեցնի Դանիայի առաջնությունում, այլև հավասարը հավասարի պես կպայքարի եվրոպական ֆուտբոլի գրանդների դեմ: Սոլբակենը կարողացել է իր խաղացողների մեջ սերմանել հենց այն հատկանիշները, որոնցով օժտված էր ինքը ֆուտբոլիստ եղած ժամանակ՝ աշխատասիրություն, համառություն, խաղային ցանկացած դրվագում մինչև վերջ պայքարելու ձգտում: ”Կոպենհագենի” հաջողությունը արժևորվում է նաև նրանով, որ սա առաջին նմանատիպ նվաճումն է ընդհանրապես դանիական ակումբային ֆուտբոլի պատմության մեջ:
Անկասկած, “Կոպենհագենը” արդեն իսկ գերակատարել է իր խնդիրը և հաստատ չի հաղթելու Չեմպիոնների լիգայում, բայց նրա առավելությունը մյուս թիմերի նկատմամբ կարող է լինել հենց դրանում: Առանց այդ էլ մատուցելով մրցաշարի գլխավոր անակնկալներից մեկը՝ “Կոպենհագենը” այլևս կորցնելու ոչինչ չունի և կարող է խաղալ իր հաճույքի համար՝ փորձելով վայելել պահը: Այսպիսի հնարավորություն կարող է այլևս չլինել և քանի դեռ չի կայացել վիճակահանությունը և չի սկսել առաջիկա հանդիպումը, ոչ ոք չի կարող արգելել Անդերսենի հայրենիքը ներկայացնող ակումբին հավատալ բարի հեքիաթի շարունակությանը:

Մեսսի, Ինիեստա, Չավի….

ՖԻՖԱ-ն և ֆրանսիական “France Football” հանդեսը հրապարակեցին այն 3 ֆուտբոլիստների անունները, որոնք հավակնում են տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը: Առաջին անգամ նրանք երեքն էլ ներկայացնում են մեկ ակումբ՝ “Բարսելոնա”-ն : Երևի դժվար չէ կռահել, որ խոսքը գնում է Լիոնել Մեսսիի, Անդրես Ինիեստայի և Չավիի մասին: Որքանո՞վ է արդար հենց այս երեքի ընտրությունը  և արդյո՞ք իմաստ կա արդարություն փնտրել այնտեղ, որտեղ առկա է մարդկային գործոնը: Թեկնածուները որոշվել են տասնյակ մարդկանց՝ լրագրողների, ֆուտբոլիստների, մարզիչների քվեարկության արդյունքում: Նախկինում գործող երկու մրցույթները՝ “Ոսկե գնդակ”-ը և ՖԻՖԱ-ի վարկածով լավագույն ֆուտբոլիստի որոշման մրցույթը այսուհետ միավորվել են, իսկ դափնեկրի անունը պարզ կդառնա միայն հունվարի 10-ին:

Չեմ ուզում նշել այն ֆուտբոլիստների անունները, ում ես կբացառեի այս ցուցակից, այդ մասին դեռ կխոսենք:  Անձամբ ես գտնում եմ, որ այս եռյակում պետք է լինեին Դիեգո Ֆոռլանի և Ուեսլի Սնեյդերի անունները:

Ֆոռլանը արտակարգ մրցաշրջան անցկացրեց, անկասկած, լավագույնն իր կարիերայում: Ֆոռլանը իր ուսերի վրա հասցրեց Մադրիդի “Ատլետիկոյին” մինչև Եվրոպայի Լիգայի եզրափակիչ և այնտեղ ևս վճռորոշ դեր խաղաց իր թիմի վերջնական հաջողության մեջ, իսկ Աշխարհի առաջնության ժամանակ նրա ցուցադրած խաղն ուղղակի ֆանտաստիկ էր: Ֆոռլանը խաղում էր համարյա մոռացված, դասական 10 համարի դիրքում, անընդհատ հարվածում էր հեռվից, փոխանցում խաղընկերներին, պետք եղած ժամանակ իր վրա վերցնում խաղը: Նա թիմի իսկական առաջատարն էր,: Անկեղծ ասած, չէի հավատում, որ ներկայիս ֆուտբոլում հնարավոր է այսպիսի խաղացողի հայտնվելը: Այս ամպլուայի խաղացողները, թվում էր, այլևս անելիք չունեն ժամանակակից ֆուտբոլում, բայց Ֆոռլանը ապացուցեց հակառակը՝ ինչ-որ առումով հիշեցնելով Բաջջոյի՝ 1994 թվականի խաղը: Եվ այսպես, եթե ես ունենայի քվեարկելու իրավունք, Դիեգո Ֆոռլանը իմ ցուցակում առնվազն կլիներ 3-րդ տեղում:

Դժվար է հիշել մի ֆուտբոլիստի, որը նույն տարում մասնակցի և Չեմպիոնների Լիգայի, և Աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպումներին՝ ընդ որում երկու մրցաշարերում էլ համարվելով իր թիմի իսկական առաջատարը: Ուեսլի Սնեյդերը մաքուր “փլեյմեյքեր” չէ, և ոչ էլ քանդող հենակետային: Նա այդ երկուսի փայլուն համաձուլվածքն է: Սնեյդերը դաշտում ամենուրեք է՝ թե վերջին փոխանցում կատարելիս, թե տուգանային իրացնելիս, թե մրցակցի գրոհները խափանելիս: Այսպիսի ունիվերսալ խաղացողն իսկական ադամանդ է ցանկացած մարզչի համար: Բացի այդ նա իսկական մարտիկ է: Շատ-շատ ֆուտբոլիստներ “Ռեալից” հեռանալուց հետո չեն կարողանում վերականգնել իրենց նախկին մակարդակը, իսկ Սնեյդերը այն նույնիսկ գերազանցեց՝ “Ինտերում” ցուցադրելով իր լավագույն խաղը: Եվ այսպես, Սնեյդերը իմ ցուցակում հաստատ կլիներ 2-րդ հորիզոնականում:

Նոր կանոնների համաձայն տեղի ունեցած միավորված ընտրությունն անկասկած շատ-շատերին անակնկալի բերեց: 3 խաղացողներն էլ մեկ թիմից են: Սա ավելի շատ նման է այն իրավիճակին, երբ Հանրային Հեռուստատեսությունը, անկախ թե ինչպիսի խաղեր են ընթանում զուգահեռաբար, միևնույն է ցուցադրում է “Բարսելոնայի” և “Ռեալի”՝ երբեմն բավականին անհետաքրքիր խաղերը: Նույնն այստեղ է: Ինչքան էլ այլ թիմերի խաղացողները նույնպես քիչ նվաճումների չեն հասել այս մրցաշրջանում, բոլոր խաղացողներն ընտրված են “Բարսելոնայից”: Ինչի՞ մասին է խոսքը, երբ նույնսիկ Չեմպիոնների Լիգայի գլխավոր հերոս Դիեգո Միլիտոյի անունը չկար հավակնորդների ընդհանուր ցուցակում: Ինչևէ, ընտրությունը կատարված է, և մեզ մնում է միայն բացասման կարգով փորձել գտնել մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստին: Եվ այսպես, Մեսսի, Ինիեստա, Չավի…

Ոչ Մեսսին

Մեսսին ֆանտաստիկ խաղացող է, որ կարողանում է ամեն ինչ: Հնարավոր է տարիներ հետո նրա մասին խոսեն այնպիսի հիացմունքով, ինչպես հիմա խոսում են Մարադոնայի մասին: Մեսսին, շատերի կարծիքով, արդեն հիմա էլ արժանի է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստի կոչմանը: Ես չեմ հերքում, որ Մեսսին ներկայումս գործող ֆուտբոլիստներից, հնարավոր է, ուժեղագույնն է, բայց… Այստեղ կա մեկ կարևոր նրբություն, որը բոլորին էլ հայտնի է , բայց  դրանից պակաս կարևոր չի դառնում: Աշխարհի առաջնության տարում լավագույնն է դառնում այն խաղացողը, որը իրեն լավագույն կողմերով դրսևորել է հենց Աշխարհի առաջնության ժամանակ: Իսկ ի՞նչ արեց Մեսսին այս ամառ ՀԱՀ-ում: Ոչինչ: Մի քանի փոխանցում և ոչ մի գոլ : Լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնող խաղացողը, որն ամպլուայով հարձակվող է, ոչ մի գոլ չի խփել 5 խաղում: Համաձայնեք՝ այնքան էլ լավ ցուցանիշ չէ: Այո, Մեսսին ֆանտաստիկ մրցաշրջան անցկացրեց “Բարսայի” կազմում, բայց նույնպիսի մրցաշրջան անցկացրել էր նաև Ռոնալդինյոն 2006-ին, իսկ թե ում բաժին հասավ Ոսկե գնդակը 4 տարի առաջ, շատերը, կարծում եմ, հիշում են:

Ոչ Ինիեստան

Ինիեստան արտակարգ խաղացող է, տեխնիկապես ոչ պակաս օժտված քան նույնիսկ Մեսսին: Նա դեռ երիտասարդ տարիքից մշտապես եղել է Չավիի թիկունքում, նրան ընդունել են, որպես Չավիի փոխարինող, նա ինքն էլ սիրում էր խաղալ հենց այդ դիրքում և միայն Ռայկարդի գալուց հետո Ինիեստան սկսեց խաղալ, իսկ Գուարդյոլայի գալով վերջնականապես ամրապնդվեց այն դիրքում, որտեղ խաղում է: Հենց այս երկու ֆուտբոլիստների համատեղ օգտագործումը “Բարսային” հասցրեց ներկայիս մակարդակին, հենց Չավիի ստվերից ձերբազատումը Ինիեստային դարձրեց համաշխարհային մակարդակի գերաստղ: Ինիեստան պատկանում է այն ֆուտբոլիստների թվին, ովքեր կարող էն ամբողջ խաղի ժամանակ ոչնչով աչքի չընկնել, իսկ հետո մեկ հարվածով դառնալ գերկարևոր գոլի հեղինակ: Այդպես էր 2009-ի “Չելսիի” դեմ կիսաեզրափակչում, իսկ Աշխարհի առաջնության եզչափակիչում նրա խփած գնդակը հենց այն հիմքն է, որի շնորհիվ Ինիեստան այսօր այս ցուցակում է: Բայց արդյո՞ք դա բավական է տարվա լավագույն ֆուտբոլիստ դառնալու համար: Շարժվելով այդ տրամաբանությամբ՝ լավագույնների մեջ կարող էին լինել նաև Պույոլը կամ Պիկեն, եթե միայն դառնային հաղթական գոլի հեղինակ: Համաձայնեք, որ նրանք նույնպես անցկացրին փայլուն մրցաշրջան և պակաս արժանի չէին տիտղոսներ նվաճելուն: Բացի այդ, Ինիեստան չէր խաղում գրեթե մինչև մայիս, իսկ Աշխարհի առաջնության տարում լավագույն ֆուտբոլիստ դառնում է այն խաղացողը, ով կամ փայլատակել է Աշխարհի առաջնության ժամանակ, կամ աչքի է ընկել կայուն ելույթներով ամբողջ տարվա ընթացքում: Եվ ինչքան էլ շատ լրատվամիջոցներ նշեն, որ տարվա լավագույն ֆուտբոլիստի անունը Անդրես Ինիեստա է, ես դրա հետ համաձայն չեմ, մանավանդ, որ կա մեկը, ով համապատասխանում է վերը նշված չափանիշներին….

Չավին

Եվ այսպես, տարվա լավագույն ֆուտբոլիստը, անկասկած Չավին է: Չավին երկար ճանապարհ է անցել այսօրվան հանսելու համար:Չավին հայտնվել է “Բարսելոնայում” այն ժամանակ, երբ թիմի ներկայիս մոլի ֆաների մեծ մասը նույնիսկ չգիտեին այդ թիմի գոյության մասին: Չավին հենց ինքը “Բարսելոնան” է՝ ռոմանտիկ, կրակոտ, նրբագեղ: Նա խաղում է այնպիսի դիրքում, որտեղ աչքի ընկնելու համար առանձնահատուկ շնորհ է պետք: Չավին օժտված է դրանով: Հարցրեք ֆուտբոլից իրապես հասկացող ցանկացած մարդու, թե ով է ավելի կարևոր խաղացող “Բարսելոնայի” համար, Մեսսի՞ն, թե Չավի՞ն.:Պատասխանը միանշանակ կլինի  վերջինիս օգտին: Նա թիմի ամեն ինչն է, անվանեք դա ողնաշար, արյունատար խողովակ, կամ մեկ այլ բան, առանց որի չի կարող գոյատևել ոչ մի կենդանի օրգանիզմ:  Նրա փոխանցումները արվեստի իսկական գլուխգործոցներ են: Դրանք նման են սիրած աղջկա հետ հանդիպումներին, որոնց միշտ սպասում ես, բայց ամեն անգամ  նոր զգացողություններ  ստանում դրանցից, որոնցով  հիանում ես, բայց բառերով նկարագրել դժվարանում : Չավին իսկական դիրիժոր է, ֆուտբոլային մաեստրո, բոլոր խաղընկերներին հազարավոր թելերով միմյանց կապող-համակցող: Չավին  այդ ֆանտաստիկ հատկանիշներով աչքի ընկավ նաև Իսպանիայի հավաքականում՝ դառնալով Աշխարհի չեմպիոն: Եթե մի ֆուտբոլիստ ամբողջ տարվա ընթացքում աչքի է ընկել կայուն ելույթներով, եղել աշխարհի լավագույն թիմերից մեկի իսկական առաջատարը, իսկ այնուհետև նպաստել նաև իր երկրի ազգային հավաքականի՝ ֆուտբոլային օլիմպոսը նվաճելուն, ապա  այն խաղացողը,  ով պետք է դառնա տարվա լավագույն ֆուտբոլիստ, հենց ինքն է՝ Չավին: