Ռոմիկ Խաչատրյանը Հայաստանի հավաքականի պատմության մեջ լավագույն խաղացողներից մեկն է: Նա երկար տարիներ խաղացել է հենակետային կիսապաշտպանի դիրքում՝ մեծապես օգտակար լինելով մեր հավաքականին: Երկար ժամանակ է՝ նրանից տեղեկություն չկար, ուստի որոշեցի կապվել նրա հետ և պարզել, թե որտեղ է և ինչով է զբաղվում: Հարցազրույցը բավականին հետաքրքիր ստացվեց:
- Ռոմիկ, երկար ժամանակ է, ինչ տեղեկություն չկար քեզնից, որտե՞ղ ես և ինչո՞վ ես զբաղվում :
- Կիպրոսում եմ, խաղում եմ առաջին լիգայում, բայց նպատակը բարձրագույն խումբ դուրս գալն է:
- Ո՞ր թիմում ես խաղում և ի՞նչ դիրքեր է զբաղեցնում քո թիմը :
- «Օմոնիա Արադիպու», մեր թիմը 3-րդ տեղում է:
- Հայաստանում տեղեկություն էր տարածվել, որ զուգահեռաբար նաև մարզչական աշխատանք ես կատարում, դա ճի՞շտ է, թե՞ դեռ շարունակելու ես խաղալ:
- Ես ունեմ իմ սեփական գործակալական ընկերությունը, զբաղվում եմ ֆուտբոլիստների տրանսֆերների հետ կապված հարցերով, միաժամանակ խաղում եմ և շարունակելու եմ խաղալ այնքան, որքան կների առողջությունս:
- Իսկ ովքե՞ր են քո հաճախորդները՝ հիմնականում կիպրոսցիներ, թե՞ համագործակցում ես նաև հայ խաղացողների հետ:
- Ինձ համար նշանակություն չունի, թե ինչ ազգություն ունի ֆուտբոլիստը: Կարևորը, որ նա լինի բարձրակարգ խաղացող: Կոնկրետ այս պահին զբաղվում եմ Ռոբերտ Արզումանյանի հարցով:
- Այսինքն հնարավո՞ր է, որ Ռոբերտ Արզումանյանը տեղափոխվի Կիպրոս, թե՞ կա նաև այլ տարբերակ:
- Կան տարբերակներ Հունաստանում և Բելգիայում, բայց Կիպրոսի թիմը ավելի լավն է: Շուտով հանդիպելում եմ ակումբի նախագահի և մարզչի հետ, այդ ժամանակ ամեն ինչ պարզ կդառնա:
- Հավաքականի վերջին հանդիպումներին հետևելու հնարավորություն ունեցե՞լ ես:
- Ես դիտում եմ հավաքականի բոլոր խաղերը և կարող եմ ասել, որ տղաները շատ լավ են խաղում: Երևի վերջին 10 տարիներին հավաքականն այսպիսի մակարդակի ֆուտբոլ չի խաղացել: Շատ հաճելի է հետևել տղաների խաղին, ես իրենց բոլորին շնորհավորում եմ:
- Հաճելի է նման կարծիք լսել խաղացողից, որը հավաքականի կարևորագույն ֆուտբոլիստներից է եղել երկար տարիներ շարունակ: Քո կարծիքով հավաքականը կարո՞ղ է իրապես հավակնել Եվրո-2012-ի ուղեգրին:
- Հավաքականի շանսերը շատ մեծ են: Ես շատ կուրախանամ, եթե մեր հավաքականը կարողանա դուրս գալ եզրափակիչ փուլ: Եթե ես այլևս հավաքականում չեմ, դա չի նշանակում, որ ես պետք է վատ տրամադրվեմ: Ինչի՞ համար: Մենք բոլորս մեկ ազգ ենք ներկայացնում և պետք է լավատես լինենք հավաքականի հարցում, օգնենք, ինչով կարող ենք:
- Վերջում ի՞նչ կմաղթես մեր ֆուտբոլասերներին գալիք տոների կապակցությամբ
- Շնորհավորում եմ բոլոր ֆուտբոլասերներին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան առթիվ, մաղթում եմ բոլոր իղձերի իրականացում և կոչ եմ անում միշտ լինել մեր հավաքականի կողքին թե լավ, թե վատ պահերին:
Զրուցեց Հայկ Կարապետյանը
